HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ահազանգում է «Անի» ֆոտոսրահի տնօրենը. «Չեմ ցանկանում գումար աշխատել երեխաների բթացման հաշվին»

 Գյումրիում գործող «Անի» ֆոտոսրահի տնօրեն Գագիկ Մխիթարյանը համակարգչի էկրանին ցուցադրում է անցած երեք տարիների ընթացքում ստացած պատվերների բոլոր հնարավոր նմուշները՝ «Իմ սիրելի ուսուցիչը», «Իմ խաղաղ ընտանիքը», «Մեր տոհմածառը», «Իմ մասին», «Ոսկեծամիկ աշուն», «Իմ մանկությունը», «Ուղերձ», «Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց» եւ այլն:

«Էս գործընթացը սկսվել է երեւի մի 5 տարի առաջ,-ասում է Գագիկ Մխիթարյանը,-տարրական՝ 1-ից 4-րդ դասարանցիների ծնողներից դասվարները պահանջում են գնել A4 ֆորմատի 100 թղթից բաղկացած մի հատ թղթապանակ, որն ամբողջությամբ պիտի նկարազարդվի ու լրացվի համակարգչով: Սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցու ծնողը գալիս է, թե պիտի մի հատ ուղերձ տպեք, նկարազարդեք, որ երեխան տանի դպրոց: Հետո նույն ծնողը հայտնվում է 5 օր անց մեկ այլ պահանջով՝ «Իմ սիրելի ուսուցչուհին» վերնագրով, ուսուցչի նկարով թուղթ պետք է տպվի էն դեպքում, որ էդ երեխան դեռ մի կարգին չի էլ հասցրել ծանոթանալ դասատուի հետ, ուր մնաց թե սիրի: Սկզբում մտածում էի, թե սա երեւի ծրագրային ինչ որ բան է, որ պարտադիր է բոլոր դպրոցների համար, բայց պարզվեց՝ չէ»:

Ըստ «Անի» ֆոտոսրահի տնօրենի դիտարկումների, Գյումրու ոչ բոլոր դպրոցներում են տարրական դասարանների երեխաներին նման պահանջներ ներկայացնում: Կոնկրետ  «Անի» ֆոտոսրահ դիմել եւ դիմում են թիվ 40, 41, 11, 20, 19 դպրոցներ հաճախող երեխաների ծնողները: Գագիկ Մխիթարյանը հստակ տեղեկություններ ունի, որ նման պահանջներով հանդես չեն գալիս օրինակ թիվ 7 եւ թիվ 15 դպրոցներում: 

Գյումրիում գործող մնացած դպրոցներում տիրող վիճակին ծանոթ չէ, սակայն ասում է, որ բավական հեշտ է պարզելը: Նաեւ նկատել է, որ նման պահանջներ ներկայացնում են հիմնականում երիտասարդ ուսուցիչները: Միջին եւ բարձր տարիքի մանկավարժները, ովքեր բուհական կրթությունը ստացել են դեռ խորհրդային տարիներին, հիմնականում գերադասում են հանձնարարել աշխատանք, որը կզարգացնի երեխայի երեւակայությունն ու հաղորդակցվելու ունակությունները:

«Նշանակում է, որ կամայական պահանջներ են դրվում ծնողների առաջ դասվարների կողմից, ավելի ճիշտ պարտադրվում է՝ առանց հաշվի առնելու վերջինների սոցիալական վիճակը: Բացի այդ էլ, իմ կարծիքով դա երեխային ոչինչ չի տալիս՝ զրկելով նրան սեփական ուղեղն աշխատեցնելու հնարավորությունից, որովհետեւ պարզ է չէ՞, որ աշխատանքն անում ենք ես ու ծնողը: Ես սկզբում նման ծառայություններ մատուցելուց հրաժարվում էի, ծնողին էլ հորդորում էի, որ չանեն: Ինձ ասում էին, որ դա պարտադիր է, եթե չանեն, երեխան դպրոց չտանի՝ գնահատական չի ստանա,-պատմում է զրուցակիցս,-հետո, երբ դիմողների հոսքը մեծացավ՝ որոշեցի ամեն դեպքում սրահի ծառայությունների ցանկի մեջ ներառել ու նվազագույն գին սահմանել, որովհետեւ պարզ էր, որ մեկ է անելու են, բայց մտածում էի գոնե էժան գնով անեն»:

Գագիկ Մխիթարյանն ասում է, որ գին սահմանելիս նկատի է ունեցել մարդկանց սոցիալական վիճակը: Գնի մեջ չի ներառել իր աշխատանքը, այլ միայն տպագրության գինը: Մեկ էջի արժեքը 200-400 դրամ է՝ կախված թղթի որակից, քանի որ լինում են դեպքեր, երբ ծնողը ցանկություն է հայտնում տպագրությունը կատարել բարձր որակ ունեցող ֆոտոթղթի վրա: Գագիկի հաշվարկով 20-40 հազար դրամ ընտանիքի բյուջեից ծախսվում է այդ թղթապանակի կազմման վրա: Զրուցակցիս զարմացրել է նաեւ փաստը, որ այբբենարանի առկայության պարագայում անգամ երեխաներից պահանջում են պարտադիր դպրոց տանել տպված ու նկարազարդված 39 տառերը: Պահանջը վերաբերում է ոչ միայն հայոց այբուբենին՝ նաեւ ռուսերեն եւ անգլերեն:

«Լինում են դեպքեր, որ ծնողը գալիս խնդրում է, թե արեք՝ նպաստին կամ թոշակին փողը կբերեմ: Եղել է դեպք, որ մարդն ասենք գումար չի ունեցել ու էդ հանձնարարությունները կուտակվել հասել են մինչեւ տարեվերջ: Մայիս ամսին գալիս են մի օրինակ ձեռքերին՝ նստում-սարքում ենք: Այսինքն ստացվում է, որ տարբերակ չունեն, մեկ է էդ թղթապանակը պիտի ունենան, էդ գումարը մեկ է պիտի ծախսեն: Էն օրը եկել էին՝ հայրը, մայրը, երեխան, մեր սրահում իրանք երեւի մի ժամ նստեցին, հետո 5000 դրամ վճարեցին էդ թղթերի համար ու գնացին: Ինձ անհանգստացնում փաստը, որ ով ինչպես պատկերացնում՝ կրթում է մեր երեխաներին: Ես ինքս ծնող եմ եւ հաջորդ տարի աղջկաս դպրոց եմ ուղարկելու: Ես հիմիկվանից փնտրում եմ նորմալ դպրոց ու եթե պարզեմ, որ նման պահանջներ են դրվելու տվյալ հաստատությունում՝ դպրոցը կփոխեմ»:

Գագիկ Մխիթարյանն ասում է, որ չէր ցանկանա գումար աշխատել երեխաների բթացման հաշվին: Հասկանում է, որ ներկա սերնդի մոտ գրքին փոխարինել է ինտերնետային «գուգլ» որոնողական համակարգը: Պարզից էլ պարզ է, որ գիտելիքների բացը լրացնելու համար հանրագիտարան թերթելու կամ լրացուցիչ գրականություն կարդալու ցանկությունն իսպառ բացակայում է դպրոցականների մոտ, բայց անթույլատրելի է համարում մանկավարժի կողմից այդ ամենի խրախուսումը նմանօրինակ պահանջներով:

«Շատ դեպքերում էդ պահանջները բավական անգրագետ ձեւակերպումներ էլ են ունենում: Մի անգամ ծնողն եկել էր ամառային էքսկուրսիայի մասին ինչ որ ֆայլ էր ուզում: Ասում է՝ դասատուն հանձնարարել է գրել Մեսրոպ Մաշտոցի տուն-թանգարանի մասին: Ես զարմացած կնայեմ երեսին, կհարցնեմ՝ էդ ձեւով գրե՞մ, որովհետեւ պարզ է, որ չկա տուն-թանգարան, ես դա ասում եմ ծնողին, ինքն էլ թե՝ լավ, գրի՝ Օշականի ձոր: Սա անգրագիտություն չէ՞, երբ դասատուն հանձնարարում է գրել «Այց Մաշտոցի տուն-թանգարան կամ Օշականի ձոր»: Ցավոք գիտելիքն ամբողջությամբ մղված է երկրորդ պլան, առաջ է եկել ինչ որ ժամանցային մի բան: Եվ ասեմ, որ նման անմխիթար վիճակ է նաեւ բարձր դասարաններում: Գալիս է դպրոցականը ձեռքին մի նկար ու ասում է՝ ըսօր մասին մե հատըմ տեղեկություն տպեք: Ու ինքը պատկերացում չունի անգամ, որ իր ուզած տեղեկությունը վերաբերում է Ալբերտ Էյնշտեյնին»,-հավելում է զրուցակիցս:

Հրայր Կարապետյան. «Ամեն ինչ արվում է կամավորության սկզբունքով՝ պարտադրանք չկա»

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն, ով 2008-16թթ-ին ղեկավարել է Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցը, ծանոթ էր բարձրացված հարցին՝ նշված մեթոդաբանությունը կիրառելի է եղել նրա ղեկավարման տարիներին: «Ամեն ինչ արվում է կամավորության սկզբունքով՝ պարտադրանք չկա,-ասում է Հրայր Կարապետյանը,-ընդհանրապես ցանկացած դասապրոցեսի ժամանակ, ցանկացած առարկայի մասնագետ փորձում է կրթության պարտադիր պայմաններից դուրս լրացուցիչ հանձնարարություններ տալ կրթության որակը բարելավելու համար: Սակայն դեմ եմ այն արտահայտությանը, թե ձեր նշած պահանջը պարտադրված է»:

Ըստ Հրայր Կարապետյանի դա ընդամենը տվյալ մանկավարժի ցանկությունն է, եւ այո՛, դա է պատճառը, որ Գյումրու ոչ բոլոր դպրոցներում է ընդունված, այսինքն ծրագրային, համակարգված բնույթ չի կրում: «Եթե մարդիկ կան, որ նեղվում են, չեմ կարծում, թե նրանց կամքին հակառակ ինչ որ մեկը կարող է դա պարտադրել: Նորից եմ կրկնում, հիմնականում լրացուցիչ գիտելիքներ ստանալու նպատակով է դա արվում եւ կամավորության սկզբունքով»,-նկատում է կրթության վարչության պետը:

Դիտարկմանը, թե նման «կամավոր-պարտադրված» պահանջները մանկավարժի կողմից լրացուցիչ ֆինանսական բեռ են սոցիալապես անապահով ընտանիքների համար, միանշանակորեն չընդունվեց Հրայր Կարապետյանի կողմից: Նրա կարծիքով տարվա ընթացքում 3-4 թղթի տպագրումը չի կարող էական ազդեցություն ունենալ տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների վրա: Ստիպված էինք հիշեցնել, որ առաջին դասարան հաճախող երեխայից այբուբենի 39 տառը, սեպտեմբերմեկյան ուղերձը, սեփական անձը բնութագրող տվյալները, իր խաղաղ ընտանիքն ու տոհմածառը ներկայացնելու պարագայում ծնողը տարվա կտրվածքով ծախսում է լրացուցիչ մոտ 10 հազար դրամ:

«Ես ամեն դեպքում հորդորում եմ դասվարներին, որ ծնողներին չպարտադրեն, եթե կարող են իրենք ապահովել տվյալ նյութերը, թող դա անեն անվճար, եթե ոչ, ապա պարտադրանք չկա»,-նշում է զրուցակիցս:

Մեկնաբանություններ (2)

նենե
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունքը;Եվ ընդհանրապես դպրոցը վերածվել է թղթաբանական կենտրոնի։
Վահե
Ես էլ եմ նմանատիպ երևույթների հանդիպել: Ընկերս փոքրիկ համակարգչային ծառայությունների սերվիս ունի, որը գտնվում է դպրոցից ոչ շատ հեռու, ես հաճախ եմ լինում այնտեղ: Շատ անգամ գալիսեն տարական դասարանի երեխաներ և խնդրում ինտերնետից տարբեր տեսակի տեղեկություններ տպել: Մի քանի անգամ այդ երեխաներին հարցրել եմ - սա որ վերցնում եք կարդում ե՞ք, պատասխանը, որ չէ, պարզապես տալիսենք ուսուցչին և վեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter