HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քարաբերդի դպրոցը ձմեռը կդիմավորի նորացված տանիքով

21-րդ դարում դպրոցական դասասենյակները կողպելու այլընտրանքային միջոցի՝ կողպեքների կիրառումն, ինչպես ասում են, լավ օրից չէ: Շիրակի մարզի Քարաբերդ համայնքի միջնակարգ դպրոց առաջին անգամ այցելողի մոտ խոնավությունից քայքայված պատերը, մոխրագույն մանրահատակը, քարապատ հատակով միջանցքները միայն հուսահատության զգացում են ծնում: Տխուր պատկերն ամբողջացնում է շենքից դուրս գտնվող քարաշեն, սակայն անտանիք զուգարանը:

Քարաբերդի միջնակարգ դպրոցի 40-ամյա կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ հիմնանորոգումների պատմությամբ: Դպրոցի տնօրեն Ալեքսան Ասատրյանի փոխանցմամբ՝ 1977-ից շահագործվող տիպային դպրոցի շենքում երբեւէ հիմնովին վերանորոգում չի իրականացվել: 2000թ. մասնակի նորոգում իրականացրել է «Փրկեցեք երեխաներին» ֆրանսիական կազմակերպությունը: «Շեն» բարեգործական կազմակերպությունը մոտ 70 պատուհան է փոխել, ինչպես նաեւ իրականացրել նախակրթարանի խաղասենյակի եւ դասասենյակի հիմնանորոգման աշխատանքները: 2014թ. պետական աջակցությամբ մարզին հատկացված հրատապ ծրագրով կառուցվել է ջեռուցման համակարգը, դրա հետ միասին 30 հին պատուհան փոխարինվել է նորերով:

«Շինարարի մասնագիտություն չունեմ, բայց մոտավոր հաշվարկ ենք արել, որ եթե դպրոցն ամբողջովին նորացվի, հավանաբար մոտ 40 մլն դրամի կարիք կլինի, դրա համար էլ փորձում ենք մաս-մաս՝ տարբեր ծրագրերի դիմելով առաջնային հարցերը լուծել,-ասում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ասատրյանը,-այս տարվա լուրջ ձեռքբերումը վերանորոգման առումով եղել է «Հայկական Կարիտաս»-ի կողմից դպրոցի տանիքի հիմնանորոգումը»:

315 աշակերտի համար նախատեսված դպրոցում ներկայում սովորում է 124 աշակերտ: 2000թ. դպրոցում սովորել է 250 աշակերտ, անցած 15 տարում երեխաների թիվը նվազել է ծնելիության եւ արտագաղթի պատճառով: Դպրոցում գործող նախակրթարան հաճախում է 12 երեխա: Դպրոցի երկու մասնաշենքերից շահագործվում է միայն մեկը: Տնօրենն ասում է, որ արդեն երկու տարի է հարմարվել են կառույցի մի հատվածում՝ կապված տարածքի ջեռուցման հետ, սակայն այստեղ եւս պրոբլեմներից չեն ձերբազատվել: Գործող մասնաշենքի դասասենյակները վերջին տարիներին անձրեւի եւ ձյան հալոցքի մշտական ազդեցության տակ են: Տանիքի 800 քմ հատվածն ամբողջությամբ այս տարվա նոյեմբեր ամսին հնարավոր է եղել նորացնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Գերմանական բարեկամություն» ծրագրի շնորհիվ:

Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆիրնգզի անվան գիմնազիայի ուսուցչական կազմի եւ աշակերտների հանգանակության շնորհիվ է հնարավոր եղել Քարաբերդի դպրոցի տանիքի նորոգումը: Քարաբերդ համայնքը եւս մասնակցել է ծրագրին՝ ներդրված գումարի 16 տոկոսի (750 հազար դրամ) չափով: Աշխատուժի տեսքով իրենց ներդրումն ունեցել են նաեւ դպրոցական կոլեկտիվի անդամները: Հին տանիքի քանդման, տեղափոխման աշխատանքներն իրականացրել են տնօրենը, փոխտնօրենը, զինղեկն ու բարձր դասարանի աշակերտները: Հաջորդ քայլը սպրոտդահլիճի տանիքի նորոգումն ու դպրոցում նորմալ սանհանգույցի ապահովումն է:

Ձախից՝ չգործող մասնաշենքի զուգարանը, եւ գործող սանհանգույցը

«Դպրոցում միայն նախակրթարան հաճախող փոքրիկների համար կա նորոգված սանհանգույց, որից մնացած աշակերտները չեն օգտվում, նրանք շարունակում են գնալ դրսում գտնվող հորային տիպի զզուգարան, քանի որ շենքում առկա դպրոցական զուգարաններն ամբողջությամբ շարքից դուրս են եկած,-ասում է դպրոցի տնօրենն ու խնդրում չլուսանկարել զուգարան կոչված խայտառակությունը,-պիտի փորձենք որեւէ ծրագրով կամ պետական աջակցությամբ այդ հարցը լուծել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter