HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

10 հոգով՝ մեկ տնակում, 50 հազար դրամ նպաստի և լավ օրվա հույսով

«Վանաձորում ծնվեցի, Վանաձորում մեծացա, Վանաձորում... »,- փորձում է վարժ արտասանել բանաստեղծությունը 3 տարեկան Միլենան: «Շատ կան ուրիշ քաղաքներ...»,- հուշում է նրան մայրը, ու փոքրիկը շարունակում է իր քաղաքի մասին վառ գույներով պատմող մանկական պոեզիան:

Մկրտչյանների ու Սարգսյանների տասը հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում՝ «նաբերեժնիի դոմիկներ»-ում, ինչպես ընդունված է այստեղ ասել: Չնայած անհարմարավետությանն ու տարածքի փոքրությանը, տնակում երկու ընտանիքով են ապրում:

Նրանց հիմնական եկամուտը երեխաների 50 հազար դրամ նպաստն է ու անտառից հավաքած հատապտուղից գոյացած գումարը:

«Մեր 10 անձից 6-ը անչափահաս են՝ 3-ը՝ դպրոցական, 2-ը մանկապարտեզ են գնում, մեկն էլ մի տարի 8 ամսական ա: Տղես (Արմեն Մկրտչյանը-հեղ.) 12 տարի կամավորական էր, բայց ապրիլից չի գնում, որովհետև էտ ձնհալների հետը, էտ զավալը որ եղել էր, ընկել էր ձյունի տակ: Չորս հոգի էին, մեկը մահացավ, երեքը փրկվեցին աստծո կամքով, տղուս ձեռքն էր մնացել ձյան տակ, ընկերը փրկել էր: Հունվարի 4-ին տղուս ծնունդն ա, բայց ասավ՝ մամ ջան, արդեն ապրիլի 5-ին ա իմ ծնունդը, որովհետև մահն աչքի առաջ տեսել էր»,-պատմում է Ռիտա Գոքորյանը: 

Անժելան ու Տիգրանը

Արմենն ու Անժելան երեք երեխա ունեն. Ռիտան ու Միլենան մանկապարտեզ են գնում, Տիգրանի երկու տարեկանը դեռ չի լրացել:

Ռիտան, Դարինկան ու Միլենան

Նույն տնակում է ապրում նաև Արմենի քույրը՝ Դարինկան իր երեք տղաների՝ Արտակի, Արամի ու Արմանի հետ. երեքն էլ դպրոցական են: Մեծն Արտակն է, ընտանիքի անդամները հպարտությամբ ցույց են տալիս նրա մեդալներն ու պատվոգրերը, որոնք նա ստացել է՝ հաղթելով կարատեի մրցումներում: Արմանն էլ արդեն կարաետի մի քանի պարապմունքի է գնացել. ոգևորվել է՝ տեսնելով մեծ եղբոր հաջողությունները:

Տիկին Ռիտան, Միլենան, Անժելան ու Տիգրանը, Ռիտան, Դարինկան, Արտակը

«Հիմնական գործ եթե լինի, ես էլ կաշխատեմ, ջահել կնիկ եմ հիսուն տարեկան, ուզում եմ ասել՝ շատ մեծ չեմ, էլի, ինձ թվում ա գործի կընդունեն, եթե հարմար մի բան լինի- ասում է տիկին Ռիտան ու ավելացնում,- մեր անտառում ամեն ինչ կա, մարտից սկսած մինչև նոյեմբերի սկիզբը անտառներում եմ, սեզոնին մասուր, մոշ, մալինա, հանդում բոլոր բարիքները կան, հավաքում եմ, վաճառում մի մասը, էտ գումարով շաքարավազ առնում, ձմռան համար պահածո ենք փակում, էս պահին ոչ մեկս էլ չենք աշխատում, բայց աստծո կամքով քչով էլ բավարարվում ենք»: 

Արմանն ու Ռիտան

Տնակային թաղամասը գազիֆիկացված չէ, գազը բալոնով են գնում, ձմռանը տունը տաքացնում են փայտի վառարանով: «6 խորանարդ փայտ ենք գնել, կտրելն էլ հետը 96 հազար դրամ է արժեցել»,- ասում է Դարինկան:

Արամն ու Դարինկան

Տնակում մշտական խնդիրը կաթացող տանիքն ու փտած հատակն են, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել են, ինչպես նաև՝ սանհանգույցը. վառարանի վրա են ջուր տաքացնում և լողանում բաղնիքում, որը ծառայում է նաև որպես զուգարան և խորդանոց:

Անժելան ցույց է տալիս ննջասենյակի խարխլված ու կաթացող առաստաղը

«Մեր սենյակի անկողինը քաշել եմ մի կողմ, որ վրան ջուր չկաթի, ծաղիկ եմ դրել, որ ծաղիկս ջրվի»,- կատակում է Անժելան: 

Միլենան ու Արտակն իր պատվոգրերով

Անժելան ու Տիգրանը

Տնակի կողքը փոքրիկ հողակտոր կա, որտեղ ամռանը բանջարեղեն ու կանաչի են ցանում: «Խոզ ենք պահում, հավ ունենք, դրանցով ենք ապրում,- պատմում է Անժելան,- գյուղի պես էլի, քաղաք ա, բայց գյուղի պես, էս մեր խոզուկներն են՝ Մաշ-Մաշը, Նուֆ-Նուֆն ու Նաֆ-Նաֆը՝ ասել էրեխեքի»:

Տնակ # 5/2 - 2-8, ք. Վանաձոր, Տնակային թաղամաս (նաբերեժնիի դոմիկներ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter