HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գումար չունենալու պատճառով երեխային դպրոց չեն տարել

Հիմի լա տեսնենք, աստված տա մյուս տարի էղնի, որ կարենամ էրեխուն դպրոց տամ, միշտ քուրիկի հետևից լաց ա էղնում, ասում ա` ինձ էլ տարեք դպրոց:

Սարիբեկյանների 7-հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում: Նրանց տնակի մոտով միշտ հոսում են անձրևաջրերը, անգամ երբ անձրևները դադարում են:

Սուսաննան ու Սարգիսը հիմնական աշխատանք չունեն, բայց ամեն կերպ փորձում են ապահովել իրենց 5 երեխաների կենցաղը: Թաղամասից հավաքած թիթեղներով ու տախտակներով տնակին կից շինություն են կառուցել, որը պետք է ծառայեր որպես պատշգամբ-խոհանոց, բայց շինարարությունը կիսատ է մնացել գումարի բացակայության պատճառով: «Մի 100 հազար դրամ պետք ա, որ մեջը սարքվի, դեսպե ա, բան ա, առնենք կպցնենք, որ տաք լինի, էրեխեքը շատ չմրսեն, կուխնու նման էլի»,- ասում է Սուսաննան:

Երեխաների նպաստը 40 հազար դրամ է, մոտ այդքան էլ Սուսաննան է վաստակում՝ կատարելով տնայնագործական տարբեր աշխատանքներ:

Սուսաննան

«Ամուսինս չի աշխատում, գնում ա իրա մամայի գյուղ, մի քանի օր մնում ա, գալիս ա, էլի նորից գնում ա, ես էլ տուն եմ մաքրում, տենց գործեր եմ անում, կամ, ասենք, բաղչա ա, կանչում են ասում են` բաղչեն փորեք, լինում ա փետ էլ եմ հավաքում-բերում, որ էրեխեքը չմրսեն,- ասում է Սուսաննան,- բայց դե տան միջին հերիք չի անում էլի, լույսին ենք տալիս, ջրին էլ, ջուր չունենք, մեր ջուրը կրովի ա, վեդրոներով կրում ենք, ստեղ մոտիկ աղբյուր կա, միշտ բերում ենք, ամեն ամիս, որ գնում ենք նպաստ ստանալու, 1000 դրամ մուծում եմ, լույսն էլ մինչև 10 հազար դրամ գրում ա, գազ չունենք, էրեխեքի լողանալու ջուրը կիպիծելնիկով ենք տաքացնում»:

Արմինեն, Գոհարիկն ու փոքրիկ Գևորգը

Ընտանիքի մեծ աղջիկները՝ Գոհարիկն ու Գայանեն սովորել են գիշերօթիկ դպրոցում, երկուսն էլ դուրս են եկել 9-րդ դասարանից, որպեսզի օգնեն ծնողներին տնային աշխատանքներում: Երեխաներից միայն Գոհարիկն է չափահաս՝ 18 տարեկան. գիշերօթիկից դուրս գալուց հետո 2 ամիս դիզայներություն է սովորել, կիսատ է թողել, ուզում էր նաև վարսավիրություն սովորել, բայց չի կարողացել. երբ մայրն աշխատում էր, երեխային նայող չկար, իսկ Գայանեն դեռ դասի էր գնում:

Ննջասենյակ

«Oրվա մեծ մասը տանն ենք լինում, երեխային ենք պահում, որ մայրիկը աշխատանքի ա լինում, ես եմ երեխաներին պահում, ճաշերն եմ պատրաստում, հետո էրեխուն խնամքի կենտրոն դասի եմ տանում-բերում, քաղաք հազվադեպ ենք գնում, Նոր տարուն երեխաներին տանում ենք, որ տոնածառը տեսնեն, մի քիչ խաղան էնտեղ,- պատմում է Գոհարիկը,- կիրակի օրերը, որ մանկական հավաքույթ ա լինում, փոքր քույրս (Արմինեն) Մարիամիկի հետ գնում ա, իսկ Գայանեն գնում ա կոմպյուտերի դասերի Խիմզավոդի եկեղեցում»:

Նրանց մյուս քույրը՝ Մարիամիկը, այժմ սովորում է գիշերօթիկ դպրոցում, 4-րդ դասարան է:

Փոքր աղջիկը՝ Արմինեն, հոկտեմբերին դարձել է 6 տարեկան, բայց այս տարի դպրոց չի գնացել:

Տան ամենափոքրը՝ Գևորգը

«Ինքը առաջ մանկապարտեզ էր գնում, հետո չկարողացանք մանկապարտեզի վարձը մուծել, հանեցինք, էս տարի էլ հնարավորություն չունեինք, որ իրա համար շոր-մոր, բան-ման առնեինք, դպրոց չտվեցինք,- պատմում է Սուսաննան,- հիմի լա տեսնենք, Աստված տա` մյուս տարի եղնի, որ կարենամ էրեխուն դպրոց տամ, միշտ քուրիկի հետևից լաց ա եղնում, ասում ա` ինձ էլ տարեք դպրոց»:

Գոհարիկը, Արմինեն, Գայանեն

Գայանեն նույնպես ցանկանում էր ինչ-որ բան սովորել՝ դիզայներություն կամ խոհարարություն, ասում է, որ քրոջ հետ գիշերօթիկում մի քիչ սովորել է, որոշ չափով ծանոթ է:

Անավարտ մնացած պատշգամբ-խոհանոցը

Գոհարիկը

Ձմռանը տնակը տաքացվում է փայտով: «Միանգամից չենք կարողանում առնել, քիչ-քիչ ենք առնում՝ 1 կուբ, 2 կուբ, ձմեռվա ընթացքում մի 5 կուբ վառում ենք, կուբը 15 հազար դրամ ա, մի 60 հազար դրամ ա գալիս»,- ասում է Սուսաննան:

Արմինեն ու Սուսաննան

ք. Վանաձոր, Լենինգրադյան փ. տնակ # 5-1-6-17ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter