HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կացարան չունենալու պատճառով ՄԻԱՎ-ով ապրող անօթևաններ են մահացել

Այսօր ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա խորհուրդը` միավորել ջանքերը կասեցնելու այդ հիվանդությունը, քանի որ այն ոչ թե մեկ երկրի, այլ ողջ աշխարհի խնդիրներից է:

Աշխարհում կա այս վարակն ունեցող մոտ 40 մլն մարդ, Հայաստանում` 1988թ.ից 2016թ. հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՄԻԱՎ-ի վարակի 2482 դեպք: Նրանց մեջ կան նաև անօթևաններ, որոնց համար մեր երկրում դեռևս չկան համապատասխան կացարաններ և խնամքի կենտրոններ:

ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուս) ախտահարում է իմունային  համակարգը, և օրգանիզմը կորցնում է վարակների, ինչպես նաև մի շարք այլ հիվանդությունների դեմ պայքարելու կարողությունը: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այժմ այն տարածվել է ողջ աշխարհում և ձեռք բերել համավարակի բնույթ` մտնելով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ:

Հայաստանում գրանցաված 2482 վարակի դեպքերից 342-ը գրանցվել են 2014թ., ինչն առավելագույնն է անցած տարիների նկատմամբ: ՄԻԱՎ վարակով ապրողների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1714 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 768 դեպք (31%):

ՄԻԱՎ-ով հիվանդներից 1303-ի մոտ (կին` 333, երեխա` 25) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 161-ի մոտ՝ 2015թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում, հակառետրովիրուսային բուժում, ՄԻԱՎ վարակով ունեցողների դիսպանսերային հսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը:

Հայաստանում գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում ընտրվել են մի շարք ռազմավարություններ և միջոցառումներ` կանխելու հիվանդության տարածումը: Այդ ծրագրին է մասնակցում նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն: Այն իրականացնում է ՄԻԱՎ-ով ապրող մարկանց խնամք և աջակցության, ինչպես սոցիալական, այնպես էլ` իրավական հարցերով:

Անահիտ Հարությունյանը

ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքերով` տարեկան կտրվածքով իրենց այցելում է 1000-ից ավելի մարդ:  Սակայն նա նշում է, որ եղել են դեպքեր, հատկապես անօթևանների դեպքում, երբ իրենք չեն կարողացել ոչ մի կացարան և խնամքի կենտրոն գտնել ՄԻԱՎ ունեցող մարդկանց համար:

Նրանցից մեկը 31-ամյա Անին էր (անունը փոխված է - հեղ.), ով մահացել է այս տարվա ամռանը: Նրան փողոցում ուշագնաց գտել և հիվանդանոց են տեղափոխել սովորական մարդիկ: Նրա մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ մայիսի վերջին, ընթացքում Անին նաև ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, ինչի համար «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի աշխատակիցները նրան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի ուղեգրով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, սակայն այստեղ նրանց չեն ընդունել` ասելով, որ պետք է վճարել:

«Փարոսի թուղթ չկար, անձնագիր չկար, պետպատվերի ցուցում իրենք չունեին:- պատմում է Ա. Հարությունյանը, -Խնդրեմ, ասացին, վճարեք 280 հազար դրամ 10 օրվա համար, ընդունենք իրեն, բայց պետպատվեր չենք կարող անել»:

Կնոջն ընդունել են Մասիվի հիվանդանոցում: Մինչ այդ Անիի համար կացարան գտնելու փորձեր են արվել: Տարբեր տեսակի կացարաններում նրան մերժել են ընդունել, հիշում է Անահիտը, պատճառաբանելով, որ ՄԻԱՎ-ի վարակ ունի: «Մի կացարանում մեզ ասացին` մենք չենք կարող հետևել, որ ինքը սեռական հարաբերություններ չունենա: Ո՞վ է պատասխանատու, որ ինքն ինչ-որ մեկին վարակի»,- պատմում է նա:

Անին ախտորոշված կողմնակի հիվանդություններ չի ունեցել, միայն` ընդհանուր թուլություն: «Ավելի վատ վիճակում մարդիկ էլ ենք ունեցել, որոնք մինչ այժմ ապրում են, նոր կյանք են սկսում, ընտանիքներ կազմում», -նշում է նույն ՀԿ հոգեբան Նաիրա Զաքարյանը:

Անձնագրի հարցերով էին զբաղվում, երբ իմացան, որ կինը մահացել է: Այդ  ամբողջ ընթացքում նա մնում էր Մասիվի հիվանդանոցում` սպասելով, որ կգտնեն որևէ կացարան:

Անահիտը պատմում է, թե ինչպես են իրենք դիմել Առողջապահության նախարարություն, այդտեղից իրենց ուղեգրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղ ևս չեն կարողացել օգնել` նշելով, որ կպատասխանեն մեկ ամսվա ընթացքում` հաշվի չառնելով, որ Անին անօթևան է, խնամքի կարիք ունի և գուցե չկարողանա մեկ ամիս սպասել: Այդպես էլ լինում է. Անին մահանում է, և կացարան գտնել այդպես էլ չի հաջողվում:

Գրեթե նույն իրավիճակը կրկնվում է մոտ մեկ ամիս առաջ. մահանում է ՄԻԱՎ վարակ ունեցող 63-ամյա Կարենը (անունը փոխված է- հեղ.):

Նրա ՄԻԱՎ կարգավիճակը հայտնաբերվել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», որտեղ նա ստացել է տուբերկուլյոզի բուժում: Դրանից հետո նրան դուրս են գրում, և նա դիմում է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ: Այստեղ դարձյալ փորձում են կացարան գտել Կարենի համար, դիմում են «Հոսպիս» խնամքի կենտրոն, որը վճարովի է, օրը` 15000 դրամ: «Դիմեցինք «Հանս Քրիստիան կոֆոեդ» անօթևանների կացարան: -պատմում է Ա.Հարությունյանը,- Խնդրեցինք, որ նրան ընդունեն, սակայն ասացին, որ լինելով մասնավոր կառույց` ունեն իրենց կանոնադրությունը, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդը չի կարող բնակվել»: Նորից դիմում են Առողջապահության նախարարություն, որտեղից իրենց նորից ուղղորդում են Աշխատանքի և սոցիաալական հարցերի նախարարություն:

«Խոսել ենք սոցապ նախարարության համապատասխան  աշխատակազմի հետ և ժամերով բացատրել իրավիճակը, սակայն ապարդյուն:-պատմում է Ա.Հարությունյանը,- Փաստորեն, այդ մարդը հայտնվեց փողոցում և չդիմանալով ցրտին` մահացավ»:

Նրա խոսքերով` իրենք խնամում և աջակցում էին այդ տղամարդուն` սնունդ  և դեղեր էին տրամադրում, կազմակերպում արյան նմուշառում, սակայն կացարան գտելու համար որևէ բան անել չկարողացան:

«Ոչ ոք չկարողացավ մեզ բացատրել` օրենքով անօթևանին ոնց և ուր կարող ենք տեղավորել»,- ասում է Ա.Հարությունյանը` հույս հայտնելով,  որ Հայաստանում երբևէ կլինեն կացարաններ և հոսպիսներ, որտեղ ՄԻԱՎ ունեցող մարդկանց խնամք և աջակցություն կտրամադրեն:

Մեկնաբանություններ (1)

Armen
Հայաստանում Սերժ Սարգսյան անունով ՄԻԱՎ-ի հայտնի մասնագետ կա, արար-աշխարհին հայտարարեց, թե ԳՏԵԼ ենք... Այսօր նաև նրա օրն է: Իր ամբողջ պետական գործունեությունը արմենիկում է հիշեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter