HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գյուղատնտեսությունը «փչացրել» է վիճակագրական պատկերը

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել. ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունք) 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 2.6%-ով նվազել է` կազմելով 1.518 տրլն  դրամ։ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները վկայում են, որ տարվա առաջին եռամսյակում գրանցվել էր 4.3% աճ, երկրորդում՝ 1.6% աճ։

ՀՆԱ-ի անկումը լավ բան չի հուշում։ Նման տեմպով շարունակվելու դեպքում, ինչը հավանական է, տարեվերջի տվյալներով դժվար թե ապահովվի պետական բյուջեով նախատեսված 2.2%  տնտեսական աճը։

Գյուղատնտեսությունը «փչացրել» է վիճակագրական պատկերը

Հայաստանի տնտեսության վիճակագրական պատկերում անկումային միտումների հիմնական պատճառը գյուղատնտեսությունն է։ Երրորդ եռամսյակում գյուղատնտեսության (այդ թվում՝ անտառային տնտեսություն և ձկնորսություն) ՀՆԱ-ն 6%-ով նվազել է։ Այս անկումը մեծ ազդեցություն է ունեցել ընդհանուր ՀՆԱ-ի անկման վրա, քանի որ գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում մեծ է՝ մեկ քառորդը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) ևս փաստում է, որ գյուղատնտեսությունը «փչացրել» է վիճակագրական պատկերը։ Կամ, որ քիչ հավանական չէ, այն իրականում նախորդ տարի էլ այդպես է եղել, ու պարզապես գյուղատնտեսության ոլորտում ոչ իրական աճ է «գրանցվել»։ Ի վերջո, սա անվերահսկելի ոլորտ է վիճակագրության առումով, քանի որ դժվար է ստուգել՝ որքանո՞վ են վիճակագրական տվյալները համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում գրանցված 3%  տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել  գյուղոլորտում ներկայացված աճը։

ԱՎԾ-ն ՀՆԱ-ի տարեկան տվյալները, ենթադրաբար, կներկայացնի եկող տարվա սկզբին։ Իսկ մինչ այդ ամեն ամիս հրապարակվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը, ինչպես նշել ենք, բավականին մոտ է ՀՆԱ-ի ցուցանիշին։ Ըստ դրա՝ փորձենք հասկանալ, թե որ ոլորտում ինչ վիճակ է։

Ամենաթարմ տվյալներով՝ հունվար-հոկտեմբերին Հայաստանում ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 0.4%-ով։ Եվ դա այն պարագայում, երբ տարվա ընթացքում այն հասել էր 6%-ի։ Այսինքն՝ ՏԱՑ-ի առումով ևս աճի տեմպերի անկումն ակնհայտ է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը (այդ թվում՝ անտառային տնտեսություն և ձկնորսություն) կազմել է մոտ 778 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7% անկում է գրանցվել։

Առանց  անտառային տնտեսությանն և ձկնորսության ցուցանիշների՝ անկումը 7.3% Է։ Իսկ միայն հոկտեմբեր ամսվա անկումը շեշտակի է՝ 30%։ Շատ դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված այս մեծ անկումը։ Մանավանդ, եթե նախորդ տարվա «տպավորիչ» աճի նկատմամբ թերահավատություն կա։

Արդյունաբերությունը՝ հանքերի, խմիչքի ու ծխախոտի հույսին

Իսկ արդյունաբերության ոլորտում տարվա 10  ամիսների ընդհանուր հաշվարկով  6.5% աճ է գրանցվել։ Բայց բավական է տրոհել աճն ըստ արդյունաբերության ճյուղերի, նորից պարզ է  դառնում, որ աճն ապահովվել է մի քանի ճյուղի շնորհիվ։ Մանավորապես, առաջին հերթին՝ հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ խմիչքի, ծխախոտի ու որոշ չափով էլ ոսկերչական իրերի արտադրության շնորհիվ։

Սննդամթերի արտադրության ծավալները, որի կշիռը մշակող արդյունաբերության մեջ հունվար-հոկտեմբերի տվյալներով 33.2% է,  աճել են 1%-ով, ծխախոտինը (կշիռը՝ 14.8%)՝ 22%-ով, խմիչքի ծավալները (կշիռը՝ 12.3%)՝ 6.5%-ով, ոսկերչական իրերինը (կշիռը՝ 4%)՝ 2.1 անգ.։ Մշակող արդյունաբերության մեջ համեմատաբար զգալի է նաև հիմնային մետաղների արտադրության կշիռը՝ 17.3%։ Այս ոլորում, սակայն, անկումը շարունակվում է։ Հունվար-հոկտեմբերին անկումը կազմել է 0.5%: Մշակող արդյունաբերության մյուս ոլորտների ծավալներն այնքան փոքր են, որ տեսանելի ազդեցություն չեն ունենում ընդհանուր ցուցանիշի վրա։

Իսկ ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այս ենթաոլորտում աճը շարունակվում է։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հանքարդյունաբերության աճը «փրկել» էր իրավիճակը. դրա շնորհիվ այնպես էր ստացվել, որ ամբողջ արդյունաբերության ծավալն աճ էր գրանցել։ Սակայն, միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունում անկում էր։

Այս տարվա հունվար-հոկտեմբերին հանքարդյունաբերության ոլորտում 12% աճ է գրանցվել։

Աճ՝ ծառայությունների ոլորտում

Ծառայությունների ոլորտում  ևս աճը շարունակվում է, ինչը արդյունաբերության հետ միասին օգնել է, որ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի ցածր արդյունքներ չգրանցի, քանի որ բացի այս երկու ոլորտներից՝ մնացածում անկում է արձանագրվել։

Այս ընթացքում ծառայությունների ծավալը, ըստ ԱՎԾ հաշվարկների, կազմել է ավելի քան 1 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.7%-ով։

Անկումային տրամադրություններ

Հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները կազմել են 276 մլրդ դրամ, անկումը՝ 9.8%։  

Ներքին առևտրաշրջանառությունն այս ընթացքում կազմել է 1.7 տրլն դրամ, անկումը՝ 0.1%։

Վերջում՝ նաև տրանսպորտի և կապի մասին։ Տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 89.7%-ով, ընդ որում՝ զգալի աճ է գրանցվել ավտոմոբիլային և օդային բեռնափոխադրումների ոլորտում։ Միևնույն ժամանակ,  ուղևորափոխադրումները նվազել են 1%-ով։

Իսկ կապի ոլորտում ստացված ընդհանուր հասույթը կազմել է մոտ 127 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.8%-ով։ Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը հիմնականում ապահովում է հեռահաղորդակցությունը, որի հասույթը հունվար-հոկտեմբերին կազմել է 120 մլրդ դրամ։ Գրանցվել է 8.7% անկում։

Մեկնաբանություններ (2)

Եղած բան է!
Անցյալ տարի գյուղատնտեսության թվերը խիստ ուռճացված են եղել: Մի մարզպետարանից հարցում է գալիս մի գյուղապետարան - ,,ինչքան է եղել վար ու ցանքը,, այնտեղից ասում են - ,,դե, մի 65 հա,,: Մարզպետարանից դժգոհում են - ,,այ ձեր տունը շինվի, էս ինչ թիվ եք տալիս, գրեք 165!,,
ընթերցող
Հա, թվերը ոնց որ սուտ էին, բա չեք հիշում Հրանտ Բագրատյանը հաշվում ու գոռում էր - այ ձեր յուրտը չբլի, ՀՀ ամեն բնակիչ օրական 5 կիլո միրգ ու բանջարեղան ա կերել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter