HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արարատի դպրոցների եւ մանկապարտեզների տարածքներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր պարունակություններ

Հանքարդյունաբերական Արարատ քաղաքի հողի նմուշներում հայտնաբերվել է արսենի բավականին բարձր կոնցենտրացիաներ՝ 7.35-ից 23.94 մգ/կգ արժեքների տիրույթում, որը, միջին հաշվով, 6,5 անգամ գերազանցում է ՀՀ հողի ստանդարտը: Ուշադրություն դարձրեք, մոնիտորինգն իրականացվել է Արարատ քաղաքի 3 մանկապարտեզներում, 4 հիմնական դպրոցում եւ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ հաճախում է 2347 երեխա:

Մոնիտորինգն իրականացրել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը: Փորձագիտական խմբի մասնագետները եզրակացնում են, որ ստացված արդյունքները բավարար չեն Արարատ քաղաքի հողում արսենիումի պարունակությունն արդյունաբերական եւ հանքարդյունաբերական գործունեության ազդեցության հետ կապելու համար, եւ անհրաժեշտ են խորը հետազոտություններ՝ պատճառահետեւանքային կապի պարզման կամ բացառման նպատակով:

Պղնձի կոնցենտրացիաները Արարատում վերցրած հողի բոլոր նմուշներում նորման գերազանցել է միջինում 14.7 անգամ: Կապարի կոնցենտրացիան 35.5 մգ/կգ է, որը քիչ բարձր է ՀՀ հողի ստանդարտից: Սակայն, մյուս կողմից, մեր օրենսդրության մեջ ամրագրված ստանդարտները բարձր են միջազգայինից: Մասնագետները գտնում են են, որ թունավոր այս մետաղի ստանդարտը Հայաստանում վերանայման կարիք ունի:

Խմելու ջրի հետազոտության արդյունքներով՝ ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել: Բանն այն է, որ Արարատ համայնքի խմելու ջուրը մատակարարվում է Գառնիի աղբյուրից, որը գտնվում է Գառնու ձորում, համայնքից 36 կմ հեռավորության վրա եւ հեռու է հանքային վերամշակման կամ արդյունաբերական այլ գործունեությունից: ՀԱՀ մասնագետները, սակայն, առաջարկում են պետական կառույցներին՝ հետազոտել Արարատ համայնքի հանքարդյունաբերական գործունեության հետեւանքով ոռոգման ջրերի ծանր մետաղներով հնարավոր աղտոտվածությունը:

Նշենք, որ Արարատ քաղաքը համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը: Այստեղ հիմնական արտադրանքը ցեմենտն է, կրաքարը եւ ասբեստ-ցեմենտը: Քաղաքում գործում է խոշոր ցեմենտի գործարան՝ «Արարատ ցեմենտը», որի գործունեությունը էականորեն ավելացնում է փոշու պարունակությունը Արարատ քաղաքի օդում:

Հայաստանում հանքարդյունաբերությունը միշտ տեր ունի, իսկ շրջակա միջավայրն անտեր է 

Ցեմենտի գործարանի հարեւանությամբ է գտնվում Արարատի ոսկու վերամշակման գործարանը՝ «ԳեոՊրոՄայնինգը», որը հիմնադրվել է 1970-ականներին: Գործարանը ոսկի է կորզում Սոթքի հանքաքարից: Արդյունահանման գործընթացն իր մեջ ներառում է սկզբում հանքաքարի փոշիացում, ապա ոսկու կորզում՝ ցիանիդի նիտրատով քիմիական գործընթացում: Ցիանիդի նիտրատով քիմիական գործընթացում առաջացած մածուցիկ զանգվածը թունավոր է, ռադիոակտիվ եւ պարոնակում է մի շարք ծանր մետաղներ՝ կապար, արսեն, քրոմ, սնդիկ եւ այլն:

Արարատի ոսկու վերամշակման գործարանի պոչամբարի ծավալը 12 միլիոն խմ է, որից 10 միլիոն խմ-ը 2012 թվականի դրությամբ արդեն իսկ լցված է:

Տարբեր ուսումնասիրություններ վկայում են Արարատ համայնքի օդի աղտոտվածության բնապահպանական խնդրի մասին: Իսկ 2003-2008 թվականների ընթացքում լրատվամիջոցները հաղորդել են գործարանում ամենաքիչը 10 պատահարի մասին, որոնց պատճառով ցինաիդի մածուցիկ հեղուկը տարածվել է հարեւանությամբ գտնվող գյուղատնտեսական հողերի եւ ձկնաբուծարանների տարածքների վրա՝ հանգեցնելով կովերի եւ ձկների մահվան:

Ի դեպ, քաղաքի էկոլոգիական վիճակը չի խանգարում, որպեսզի քաղաքային իշխանությունները յուրաքանչյուր տարի կազմակերպեն Հանքագործի եւ մետալուրգի օր եւ այն նշեն մեծ շուքով, վերջում էլ՝ հրավառությամբ: 

Լուսանկարում՝ 2014 թվականի հուլիսի 14-ին արարատցիները քաղաքապետ Հայկ Հայկյանի եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ նշում են Հանքագործի եւ մետալուրգի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter