HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանում վաճառվող կենցաղային ներկերում կապարի խտությունը հատում է վտանգավոր բարձր շեմը

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ամերիկյան «Ֆորենսիկ Անալիտիկլ» լաբորատորիայի հետ համագործակցությամբ ուսումնասիրել է Հայաստան ներկրվող էմալային ներկերի տեսականին եւ պարզել, որ դրանց մի մեծ մասում պարունակվում է կապարի՝ նորմայից բարձր քանակություն:

Հայաստան են ներկրվում էմալային ներկեր աշխարհի 34 երկրներից: Կազմակերպության կողմից նմուշառվել է հայկական շուկայում վաճառվող ներկի ընդամենը 49 տեսակ՝ 7 արտադրող երկրների, 20 տարբեր ապրանքանիշի եւ 4 գույնի՝ սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ: Հետազոտված նմուշներից 11-ում հայտնաբերվել է ՀՀ-ում ընդունված կապարի սահմանային թույլատրելի խտությունից (5000 ppm) բարձր պարունակություն: Ընդ որում, առանց այն էլ, ՀՀ-ում ընդունված ՍԹԽ-ն՝ 5000 ppm կամ չոր նյութում 0,5 տոկոս, բարձր է միջազգային նորմայից (90 ppm) 56 անգամ:

Հետազոտված նմուշներից 29-ում հայտնաբերվել է միջազգային ստանդարտից բարձր կապարի պարունակություն: 9 նմուշներում  հայտնաբերվել են կապարի վտանգավոր բարձր քանակներ (10000 ppm –ից բարձր): Ուսումնասիրության մեջ չեն ներառվել ավտոմեքենաների համար նախատեսված եւ արտադրական ներկերը, որոնք սովորաբար տնային տնտեսության մեջ չեն օգտագործվում:

Ամենաբարձր խտությունը հայտնաբերվել է պարսկական «Ալվան Էմպայր» բրենդի դեղին գույնի կենցաղային ներկում՝ 180000 ppm կամ չոր նյութի 18 տոկոսը: Եթե ուսումնասիրությունն ընդգրկեր ներկերի բոլոր տեսակները, կարող էր ավելի սարսափելի պատկեր ստացվել:

Զանգվածի միլիոներորդ մասում կապարի ամենաբարձր խտությունն ունեցող ներկերի ցանկը.

<

Չոր զանգվածի միլիոներորդ մասում կապարի ամենաբարձր խտությունն ունեցող ներկերի ցանկը:
Create your own infographics

Ընդհանրապես, դեղին ներկերում ավելի հաճախ է խախտվել կապարի օգտագործման նորման, եւ հենց այս գույնի ներկերում է կապարի խտության հարաբերակցությունը հասցված մինչեւ բարձր վտանգավորության աստիճանի:

Հետազոտությունն անցկացվել է IPEN-ի՝ կապարը ներկերում բացառելու ակցիայի շրջանակներում: IPEN-ը միջազգային ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների ցանց է, որի անդամ է նաեւ «Կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: IPEN-ը եւ ցանցի մասնակից երկրները փորձում են հասնել նրան, որպեսզի 2020 թվականին բացառվի կապարով հագեցած ներկերի արտադրությունը:

Կապարի ազդեցությունը ողջ կյանքի համար է 

Կապարը թունածին մետաղ է, որը բացասական է անդրադառնում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Երեխաների առողջության վրա առավել նվազագույն քանակներն են ազդում, որը կրում է անդառնալի բնույթ և դա կարող է դրսևորվել ողջ կյանքի ընթացքում: Արդյունաբերական զարգացած շատ երկրներում նման ներկերի կիրառումը արգելվել է ավելի քան 40 տարի առաջ: Արտադրողի կողմից կապարը ներկերի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով: Օրինակ՝ որպես պիգմենտ, ինչը ներկը դարձնում է ոչ թափանցիկ, պաշտպանում արեւի ճառագայթների ազդեցությունից: Պիգմենտները հաճախ օգտագործվում են այլ նյութերի հետ միացությունների տեսքով: Կապարի միացությունները հաճախ կիրառվում են որպես կատալիզատոր եւ սիկկատ:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Էկոլոգիական առողջության բաժնի ղեկավարի օգնական Քնարիկ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է թույլատրի ներկրել բացառապես կապարի ցածր պարունակությամբ էմալային ներկեր, ինչպես նաեւ վերանայի կապարի սահմանային թույլատրելի խտության ազգային նորման: Դրա համար պետք է փոփոխություն կատարել ՀՀ Առողջապահության նախարարի 2014-թ. սեպտեմբերի 11-ի թիվ 59-Ն («Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N2.1.7.018-14 սանիտարական կանոններ և նորմեր հաստատելու մասին) հրամանում:

Այս նորմատիվ ակտի 28-րդ կետով սահմանված է, որ լաքաներկանյութերում առաջին կարգի վտանգավորության մետաղները պետք է լինեն ոչ ավելին, քան 0,5 տոկոս՝ չոր մնացորդի մեջ: Սա արդեն միջազգային կտրվածքով բարձր սահման է:

Հետազոտված բրենդները, որտեղ կապարի խտությունը միջազգային ստանդարտից էլ փոքր է եղել (պակաս, քան 60 ppm-ն է) 

Հետազոտված բրենդները, որտեղ կապարի խտությունը միջազգային ստանդարտից էլ փոքր է եղել
Create your own infographics

Հաջորդ խնդիրն այն է, որ հետազոտված ներկերի տարաների մակնշումներում հիմնականում նշված չէ կապարի առկայության, կամ կապարաներկերի վտանգավորության մասին: 49 ներկերից միայն 2-ում է նշված եղել կապարի առկայության մասին (ռուսական «Սպեկկո» բրենդի երկու տարբեր գույների մասին է խոսքը), որից մեկը՝ սխալ: Իսկ, ընդհանրապես, շուկայում ներկայացված ներկերի մակնշումները շատ քիչ տեղեկություն են պարունակում ներկի բաղադրության մասին:

Վերահսկողությունը երբեք բարձր մակարդակի վրա չի եղել

Ուշագրավ է, որ կենցաղային ներկերում կապարի խտության վերաբերյալ ուսումնասիրություն 2011 թվականին նախաձեռնել էր նաեւ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, սակայն պետական մարմինները ինչպես հարկն է չեն արձագանքել: Արդյունաբերական արտադրանքի վերահսկողությունն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը նախկինում կոչվում էր Շուկայի վերահսկողության պետական տեսչություն:

«Հետք»-ի մի քանի հարց է ուղղել տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանին, պարզելու համար, թե արդյո՞ք «Խազեր»-ի, իսկ ավելի ուշ՝ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից իրականացված ստուգումներից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը որեւէ գործողություն իրականացրե՞լ է: Պարզվում է՝ ոչ:

Լեւոն Խալիկյանը պատասխանել է, որ Տեսչական մարմինը ստեղծվել է ՀՀ կառավարության 2015թվ. սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման հիման վրա եւ իր գործունեությունը սկսել է 2016թ. մայիս ամսից: Խոսքը, պարզաբանենք, այս կառույցի վերակազմակերպման մասին է. Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը լուծարվել է եւ դրա փոխարեն ստեղծվել է տեսչական մարմինը: Մեծ հաշվով՝ սա ֆորմալ փոփոխություն է:

Իսկ Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը նույնպես լիազորված էր շուկան վերահսկելու գործառույթներով, օրենսդրությունը նպաստավոր է եղել, եւ ցանկության դեպքում կարելի էր եւ անհրաժեշտ էր վերահսկել:

«Հետք»-ի հարցին, թե Էկոնոմիկայի նախարարությունը կամ այլ պետական կառույցներ ունե՞ն համապատասխան լաբորատորիա, որտեղ հնարավոր կլիներ ստուգել կապարի խտությունը կենցաղային ներկերում, Լեւոն Խալիկյանը պատասխանել է. «Ներկայումս ՀՀ տարածքում գործում են լաբորատորիաներ, որոնք կարող են պարզել ներկերի բաղադրությունը»:

Խալիկյանն իր գրության մեջ նշել է, որ սերտիֆիկացման, մակնշման եւ այլ հարակից հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ, որտեղ կարդում ենք, որ երկու եւ ավելի բաղադրամասերով լաքաներկանյութերի համար՝ բաղադրամասերի մասին անհրաժեշտ լրացուցիչ տվյալները պարտադիր են: «Հետք»-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում առկա ներկերի մեծ մասը չունի բաղադրության վերաբերյալ կոնկրետ տվյալներ: Տարայի վրա նշվում է, որ օգտագործվել են պիգմենտներ՝ առանց մանրամասնելու, թե խոսքը ինչ պիգմենտների մասին է եւ դրանց ինչ համամասնության: Ներկերի վրա նաեւ հայերեն մակնշումներ չկան:

«Այն ապրանքները, որոնք հակասում են կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին, տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով պայմանավորված խախտման բնույթով ենթակա են կասեցման (խախտումը շտկել հնարավոր լինելու դեպքում) կամ արգելման (խախտումը շտկել հնարավոր չլինելու դեպքում)»,-«Հետք»-ին ուղղած գրության մեջ հայտնում է Լեւոն Խալիկյանը, նշելով, որ Տեսչական մարմինը կազմել է իր կողմից 2017թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը, որի ցանկում ընդգրկված են նաև սինթետիկ հիմքով լաքեր և ներկեր ներմուծող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ:

«Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ առաջիկա ստուգումների ընթացքում խստագույնս կանրադառնա Ձեր գրությամբ բարձրացված խնդրին: Տեսչական մարմնի կողմից իրեն վերապահված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն (անվանումը, ՀՎՀՀ) այն տնտեսվարողների վերաբերյալ, որոնք, համաձայն ձեր գրության, խախտել են կապարի պարունակության չափաբաժինը»:

Հետաքրքիր կլինի հետեւել, թե այս հրապարակումից հետո ինչը եւ ինչպես է փոխվելու ներկերի շուկայում:

Ի դեպ, 2015 թվականին, պաշտոնական տվյալներով, Հայաստան է ներկրվել, 278,5 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ 48,8 տոննա սինթետիկ օրգանական ներկեր, 272,4 տոննա եւ 783,6 հազար դոլար արժողությամբ այլ ներկեր, 19,1 տոննա պատրաստի արհեստական ներկանյութեր (53,4 հազար դոլար արժողությամբ), արհեստական ներկեր եւ լաքեր (ջրում չլուծվող)՝ 2210,7 տոննա (4,8 միլիոն դոլար արժողությամբ), ջրում լուծվող արհեստական ներկեր եւ լաքեր՝ 2300,2 տոննա (3,2 միլիոն տոննա արժողությամբ): Սրա մի մասը պոտենցիալ թույն է մեր երկրի բնակչության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter