HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Պրոգրեսիվ ռոքի լեգենդը, ով հավատում էր Ձմեռ Պապիկին

1970թ. իր դեբյուտային մուտքն ազդարարեց ռոք երաժշտության ամենահայտնի խմբերից մեկը՝ «Emerson, Lake and Palmer»-ը: Անգլիացի երաժիշտներից կազմված այս լեգենդար տրիոն պատմության մեջ մնաց որպես պրոգրեսիվ ռոքի հիմնադիրներից և նրա զարգացման, պրոպագանդման մեջ մեծագույն ներդրում ունեցողներից մեկը: Քիթ Էմերսոն, Գրեգ Լեյք և Կարլ Փալմեր. երաժիշտներից յուրաքանչյուրն արդեն նախապես հարուստ փորձառություն և ճանապարհ անցած էր: Հանդիպել էին միմյանց մի խաչմերուկում, որտեղ հատվել էին նրանց ընդհանուր համոզմունքներն ու գաղափարները՝ երաժշտության հանդեպ ունեցած մեծագույն սիրո սահմանում:

Ռոքի, դասականի, ջազի լավագույն իմացությամբ նրանք ստեղծեցին նոր որակ և նոր խոսք երաժշտության մեջ, որը նշանավորվեց մի շարք ալբոմներով, սիմֆոնիկ- ռոք լավագույն համադրություններով ու գործիքավորմամբ: Դեբյուտային «Emerson, Lake and Palmer» ալբոմին  հաջորդեցին «Tarkus»-ը, «Pictures at an Exhibiton»-ը (ռուս դասական կոմպոզիտոր Մոդեստ Մոսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» դաշնամուրային շարքի ռոք վերամշակում), «Trilogy»-ն, ապա՝ «Brain Salad Surgery»-ը: Վերջինս ԱՄՆ-ում «Ոսկե ալբոմ» տիտղոսի արժանացավ՝ մեծ հաջողություններ ունենալով ամերիկյան բիլբըրդի լավագույն տասնյակում:

Այս տարվա մարտին Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը ինքնասպան էր եղել խմբի ստեղնահար Քիթ Էմերսոնը: Նրա մահվանից ինն ամիս անց՝ դեկտեմբերի 7-ին, «Emerson, Lake and Palmer» («ELP») խմբի մենեջեր Ստյուարտ Յանգը տեղեկացրեց, որ «քաղցկեղի դեմ երկարատև ու համառ պայքարից հետո» կյանքից հեռացել է նաև Գրեգ Լեյքը: Ռոքի երկրպագուները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, շատ լավ են ճանաչում այս անունները, ուստի նաև լավ հասկանում են, թե նրանց հեռանալով ինչ է պակասում աշխարհում:

Այն, ինչ երաժշտության մեջ արել են նրանք, անխոս, հավերժական է և շարունակելու է ապրել իր թողած հետքերով, սակայն հեռանալով՝ նրանք հետզհետե նոսրացնում են ազնիվ, նվիրված, հեղինակավոր, երաժշտության ուժն ու լեզուն հասկացող և, վերջապես, այս ասպարեզի գիտակ մարդկանց շարքերը: Նրանք մի ամբողջ սերնդի հավաքական կերպար են, իրականություն և մտածողություն կերտած մարդիկ, ովքեր այդպիսին էլ պիտի հիշվեն պատմության արագ թերթվող էջերում:

Գրեգ Լեյք՝ երգիչ, երգահան, բաս կիթառահար, նաև՝ պրոդյուսեր: Նրա անունը հավասարապես հիշատակվում է լեգենդար մեկ այլ խմբի անվան հետ, որի կազմում էլ արել է իր հաստատուն առաջին քայլերը ռոքի աշխարհում: Հիշենք «King Crimson»-ի դեբյուտային՝ «In the Court Of The Crimson King» ալբոմը՝ թողարկված 1969թ: Լեյքը խմբին միացավ 1968թ, երբ «King Crimson»-ը հազիվ մի քանի ամսվա պատմություն ուներ: Նա խմբի առաջին համերգի ժամանակ հանդես եկավ որպես գլխավոր վոկալիստ և բաս կիթառահար: Առաջին ալբոմի հաջողությունները պայմանավորեցին նաև երկրոդի՝ «The Wake Of Poseidon»-ի ծնունդը, որի ձայնագրություններին ևս մասնակցեց Լեյքը: «King Crimson»-ի համերգային շրջագայություններից մեկի ժամանակ էլ նա հանդիպեց և ծանոթացավ «The Nice» պրոգրեսիվ ռոք խմբի ստեղնահար (նաև դաշնամուր, երգեհոն) Քիթ Էմերսոնի հետ: Հասկանալով, որ նա գտել է իրեն հոգեհարազատ, նույն ուղղությամբ նայող երաժշտ ընկերոջ, նա որոշեց Անգլիա վերադառնալուն պես անցնել նոր մտահղացման իրագործմանը: 1970թ. նա հեռացավ «King Crimson»-ից: Նույն տարում Գ. Լեյքը Էմերսոնի և «The Crazy World of Arthur Brown» անվամբ հայտնի պսիխոդելիկ ռոք խմբի հարվածորդ Կարլ Փալմերի հետ հիմնադրեց «Emerson, Lake and Palmer» խումբը: Երաժշտության պատմության մեջ այս եռյակը մտավ որպես 70-ականների ամենահաջողված խմբերից մեկը:

«Գրեգի՝ օդում թևածող ձայնը և երաժշտի յուրահատուկ տեսակը երկար կմնա բոլոր նրանց հիշողություններում, ովքեր գիտեն նրա երաժշտությունը և ծանոթ են նրա գործերին…»,- ասել է Կարլ Փալմերը:

«ELP» խմբի կազմում Գ. Լեյքը գրել է մի շարք երգեր, որոնք վաղուց արդեն հայտնի են աշխարհի տարբեր անկյուններում: Դրանցից ամենահայտնին ու ամենահաճախ հնչողներն են՝ «Lucky Man», «From the Beginning», «Tarkus», «Karn Evil 9 » և այլ հիթեր: Իսկ հետագայում՝  անհատական գործունեության ընթացքում, նա գրեց իր ամենաճանաչված գործերից մեկը՝ «I Believe in Father Christmas»-ը: Սերգեյ Պրոկոֆևի «Լեյտենանտ Կիժե» նվագախմբային սյուիտի հիման վրա ստեղծված այս երգի սինգլը բրիտանական հորիզոնականներում գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն այն ժամանակ առաջատար «Բոհեմական ռապսոդիային» (Qeen-Bohemian Rhapsody): Իր երկրպագուների, և ընդհանրապես, ռոքի սիրահարների հիշողություններում այս երաժիշտը կմնա նաև իր հանրահայտ բեմական պարսկական գորգով, որը 70-ականներին երգչի համերգների անբաժանելի ընկերն էր:

Լեյքը, «ELP»-ն նորարարներ էին: Հաջողություն, շլացուցիչ փառք, ճանաչում, ոչինչ չէր կուրացնում այս երիտասարդներին և նրանք ամեն տարի, մինչև խմբի դադարը, զարմացնում էին նոր աշխատանքներով, անսպառ աշխատասիրությամբ և երաժշտության մեջ ավելի ու ավելի հետաքրքիր տարածքներ բացահայտելու կարողությամբ: Ե՛վ Գրեգ Լեյքը, և՛ խմբի մուս երկու երաժիշտները մեծ նվիրումով էին մոտենում իրենց երկրպագուներին: Նա հաճախ էր խոստովանում՝ իրենց միշտ հիացրել է այն, որ հանդիսատեսը մեծ ուժ ու փրկություն է փնտրել իրենց երաժշտության մեջ, և դա էր հիմնականում նրանց կապում միմյանց: Լեյքը միշտ հավատում էր, որ հանդիսատեսի հետ կապն ավելի արժեքավոր էր, քան նյութական հաջողությունները: «Մարդկային մի քանի հոգևոր շփումը կամ այցելությունը միայնակ ինչ-որ մեկին շատ ավելի կարևոր եմ համարում»,- ասում էր նա: 

«ELP»-ն 70-ականներին. Փալմեր, Էմերսոն և Լեյք: Լուսանկարը՝ The Guardian-ից

«ELP»-ն մեծ համբավ ուներ հատկապես համերգային մեծամասշտաբ նախագծերի առումով: Զանգվածային հսկա լսարաններ, և հանդիսատեսի կողմից դեպի բեմ ու երաժիշտները տարածվող էներգետիկ հոսքն ուղղակի աննկարագրելի ուժ էր հաղորդում նրանց՝ ճանապարհը էլ ավելի վստահ ու հարուստ զգացողություններով անցնելու համար: Նրանց երաժշտությունը ինտելեկտուալ խորքեր ուներ, նրանք կարող էին վերամշակել դասական բարդ ու լուրջ գործեր՝ վերածելով ռոքի, ջազի, սիմֆոնիկ համադրությամբ այնպիսի ձուլվածքների, որոնք բոլորովին նոր տեսք ու իմաստ կարող էին ստանալ: Այս գրագիտության շնորհիվ էլ դրանք ընդունվում էին, հասանելի դառնում երաժշտական  տարբեր աստիճանների հասանելի ունկնդիրներին, դառնում բոլորինը:

«Կարծում եմ՝ մեր խումբն իսկապես հավակնոտ էր, այդ փաստը ճշմարտություն է- ասել է Լեյքը հարցազրույցներից մեկում,- Օմլետ սարքելու համար անպայման պետք է ձուն կոտրել, առանց դրա հնարավոր չէ: Իսկ մենք ուզում էինք փորձել և տեղափոխել իրերը բոլորովին այլ ձևով, կոտրել սահմաններ ու ստեղծել բոլորովին նոր բան: Մեզ համար կարևոր էր օրիգինալ լինելը: Իհարկե այդպիսին էին մեր վաղ շրջանի ալբոմները… ես հիմա խոսում եմ, օրինակ, «Tarkus»-ի, «Trilogy»-ի և «Brain Salad Surgery»-ի մասին: Այս ձայնագրությունները իրոք նորարաություն էին և միաժամանակ շատ հաջողված»:

Լեյքի անհատական կարիերան, այսպես ասած, պաշտոնապես մեկնարկվեց 1975 թվականից՝ «I Believe in Father Christmas» սինգլի թողարկմամբ: 1974թ. խումբը ժամանակավորապես դադարեցրեց իր գերակտիվ գործունեությունը: Հետագայում մի քանի անգամ վերամիավորվեցին ու հանդես եկան նոր ալբոմներով (1970-1994թթ՝ 9 ալբոմ), շրջագայություններով, սակայն նրանց ամենափայլուն տարիները, այնուամենայնիվ, համարվում են 1970-1974 թվականները: Իսկ մինչ 2016թ-ն ընկած ժամանակահատվածում, Լեյքը հանդես է եկել բավականին ակտիվ գործունեությամբ՝ սոլո ալբոմներ, բազմաթիվ երգեր, համերգներ, առանձին սինգլներ՝ համագործակցելով տարբեր երաժիշտների, բենդերի հետ: «Լավագույն երաժշտությունը սիրո համար է ստեղծվում, ոչ թե փողի»,- ասում էր նա:

Երաժշտության ժամանակակից պատմության մեջ և՛ պրոգրեսիվ ռոքի պիոներ «ELP»-ն, և՛ Գրեգ Լեյքը, մնալու են որպես ռոքի դարաշրջանի ամենանշանավոր անուններից մեկը: Նրանց հեռանալով՝ պակասում են վարպետները, տաղանդավորները, կոմերցիայի գերիշխանությունը տեսնող, բայց արվեստի մեջ մնացող բացառիկները:

«Մի հանճարեղ մարդ էլ գնաց,- Լեյքի մահվան առիթով ասել է մեկ այլ լեգենդի՝ «Yes» խմբի ստեղնահար Ջեֆ Դաունսը,- 2016 թվականն իսկապես ահավոր տարի էր երաժշտության պատմության մեջ»:

 Գլխավոր լուսանկարը www.gettyimages.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter