HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ծովագյուղի գյուղապետը՝ իր Մերսեդեսի եւ հսկայական վարելահողերի մասին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում թիվ 23 ԸԸՀ ներկայացրած հայտարարագրում գրառել է մեծ թվով անշարժ գույք:

Գեւորգյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Սեւան քաղաքում եւ Ծովագյուղում, յուրաքանչյուրը՝ 40 քմ մակերեսով, ինչպես նաեւ մեկ կիսակառույց առանձնատուն՝ Ծովագյուղում: Վահրամ Գեւորգյանը համատեղ սեփականությամբ ունի 1200 քմ մակերեսով տնամերձ հողամաս, 0,6 հեկտար մակերեսով վարելահող եւ 0,7 հեկտար խոտհարք: Միանձնյա սեփականությամբ՝ Գեւորգյանը հայտարարագրել է 10 հեկտար վարելահող եւ 12,8 հեկտար խոտհարք: Բոլոր հողամասերը Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում են:

«Հետք»-ի հետ զրույցում 32-ամյա Վահրամ Գեւորգյանն ասաց, որ հողամասերը ձեռք է բերել 2005-2006 թվականներին, երբ «բիզնեսով էր զբաղվում»: Խոսքը, ըստ Ծովագյուղ համայնքի 32-ամյա ղեկավարի, անասնապահության մասին է: Գեւորգյանը, իր խոսքով, այդ տարիներին ոչ մեծ անասնապահական ֆերմա է ունեցել եւ կարողացել է որոշակի գույք կուտակել: Նկատենք, որ ըստ պաշտոնական կենսագրության, Վահրամ Գեւորգյանն այդ տարիներին եղել է ուսանող, 2006թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Ուսումն ավարտելուց հետո Վահրամ Գեւորգյանը միայն պետական պաշտոններ է զբաղեցրել: 2007-2008թթ. աշխատել է Ծովագյուղի գյուղապետարանում որպես գյուղատնտեսության գծով մասնագետ, այնուհետեւ՝ հողաշինարար: 2009թ. աշխատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ, 2011թ.՝ համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ արդեն 2012թ. սեպտեմբերի 28-ին ընտրվել է համայնքի ղեկավար:

Ավելի քան 20 հեկտար հողամասերը՝ խոտհարքներն ու վարելահողերը, Գեւորգյանը տրամադրել է հարեւան համայնքների բնակիչներին՝ անասնակեր քաղելու համար: Օգտվողներն էլ, գյուղապետի խոսքով, որպես վարձավճար միայն հողի հարկն են վճարում, ուրիշ ոչինչ:

Հարցին՝ իսկ ե՞րբ եւ ի՞նչ գնով է ձեռք բերել 2002 թվականի «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենան, որ գրառել է հայտարարագրում, Գեւորգյանը պատասխանեց. «Պապաս է նվիրել, 2012 թվականին»: Ծովագյուղի գյուղապետի հայրը որեւէ բիզնես չունի, պարզապես բնակվում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:

Վահրամ Գեւորգյանը հայտարարագրել է նաեւ 1 մլն 440 հազար դրամի չափով եկամուտ՝ ձեւավորված համայնքի ղեկավարի աշխատավարձից, եւ 1,2 մլն դրամի չափով դրամական միջոցներ:

 

Մեկնաբանություններ (6)

հայորդի
Ընթերցող. Գյուղացի ուսանողն ինչ գումարով է 20-ից ավելի հեկտար հողատարածք ձեռք բերել։ Ես քաջ սանոթ եմ այս երեվույթին։ Սյունիքի մարզում գյուղապետերը տասնյակ հեկտարներով արոտավայրեր և անտառներ ունեն սեփականաշնորհված։ Հարց է առաջանում՝ այդ 100 հազար դրամ աշխատավարձով ինչպես են միլիարդների հասնող գույք ձեղք բերում։
ընթերցող
2 - ին: Բան չունեմ ասելու հարգելիս, բացի նրանից որ ավելի լավ է մեկն առնի ու մշակի, քան թե հողն ընկած մնա ու վայրենանա, եթե զոռով չի խլել խեղճերից, իհարկե: Դա էլ ես նկատի եմ ունեցել իմ կոմենտում: Իսկ փողը պապան է բերել ռուսաստանից իր ասելով: Ինչու չհավատամ?
Վանիկ
2012-ին եղել եմ Ծովագյուղում ընտրական հանձնաժողովի անդամ՝ նշանակված Ժառանգություն կուսակցության կողմից, երբ Վահրամ Գեւորգյանն ընտրվում էր որպես գյուղապետ։ Պետք է ասել, որ նա հաղթել է ընտրություններում առանց ընտրակեղծիքների։ Եթե չհաշվենք, որ նա ընտրողներին ընտրական տեղամաս բերում էր իր տաքսի սերվիսի ավտոմեքենաներով (գուցե ուրիշի անունով է գրանցված, քանի որ, ինչպես նկատեցինք, այդ մասին խոսք չկա իր հայտարարագրում), ի դեպ, մրցակիցն էլ այդ առումով ետ չէր մնում։ Գյուղացիներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում երիտասարդ գյուղապետին, պատմում են նրա արած լավ գործերի, բարեգործությունների մասին։ Ըստ ինձ, նրա միակ թերությունն այն է, որ հանրապետական կուսակցության անդամ է, եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում ու 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ աշխատել է Սերժիկ Սարգսյանի օգտին։ Ապացուցյը՝ այն խայտառակ, իրականությունից հեռու թվերն են, որ գրանցվել են Ծովագյուղի երկու ընտրատեղամասերում։
ԱՐՄԱՆ
Կներեք հազար անգամ բայց եթե դուք անձամբ այդ մարդուն չեք ճանաչում ուրեմն մի ենթադրություններ ու կեղծ փաստարկներ մեջ բերեք ։ Այսօր յուրաքանչյուր ծովագյուղցի ավելի լավ է ապրում քան քաղաքում ապրողները; ՈՒ այդ ամենը միայն այս մարդու շնորհիվ , որովհետև նա ամեն բան անում է հանուն իր գյուղի և հանուն իր գյուղացու համար; ՈԻ թող ոչ մեկին չհետաքրքրի իր ունեցվածքի չափը , որովհետև նա իր հալալ քրտինքով է այդ ամենին հասել ։
Վանիկ
Հարգելի Արման, թույլ տվեք չհամաձայնել, որ Վահրամի գյուղապետ դառնալուց հետո ծովագյուղցիներն ավելի լավ են սկսել ապրել, քան քաղաքում ապրողները։ Փաստ է, որ այսօր շատ ծովագյուղցիներ գտնվում են արտագնա աշխատանքներում, փաստ է, որ շատ ծովագյուղցիներ աթար են վառում։ Այո, կան բարեկեցիկ կյանքով ապրող ծովագյուղցիներ, բայց դա Վահրամի շնորհիվ չէ, այլ այդ մարդկանց անսահման աշխատասիրության, որոնք 25-50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են պահում։ Ինչ վերաբերում է ունեցվածքին, եթե նա պաշտոնյա է, ապա այն պետք է դառնա հանրային հետաքրքրության առարկա։ Իսկ գուցե այն գյուղի բյուջեի հաշվին կուտակված հարստությո՞ւն է։ Իսկ առհասարակ գյուղապետերը ոչ միայն հալալ քրտինքով պետք հարստություն դիզեն, այլեւ նպաստեն, որ համայնքի բնակչությունն էլ դրա հավասար հնարավորություններն ունենա։
ընթերցող
Հոդվածից չի երեւում ամենակարեւորը՝ իր կերպարը, որպես պիտանի մարդու, համայնքի ղեկավարի, աշխատավորի եւ հարեւանի: Կարծում եմ սխալ է մարդու մասին դատել միայն նրանով որ հողեր է ձեռք բերել ու մերսեդես է քշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter