HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գավառի քաղաքապետի ընտանիքի բիզնեսները

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն իր փոքր պաշտոնի համեմատ՝ մեծ կարողություն ունի:

Թիվ 22 ԸԸՀ-ն «Հետք»-ին է տրամադրել Գուրգեն Մարտիրոսյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որը նա ներկայացրել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում, թեկնածուի կարգավիճակում: Հայտարարագրի համաձայն՝ Մարտիրոսյանը Գավառ քաղաքում 5 անշարժ գույք ունի՝ 4841 քմ մակերեսով շենք եւ շինություն, 536 քմ մակերեսով բնակելի տուն, 1,5 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամաս ու եւս մեկ շենք-շինություն՝ 208 քմ մակերեսով:

Գուրգեն Մարտիրոսյանը վարում է 2010 թվականի արտադրության «Toyota Land Cruiser Prado 4» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դրամ է:

Գավառի քաղաքապետը եկամուտներ է հայտարարագրել երկու տարբեր աղբյուրներից: Առաջինը քաղաքապետի պաշտոնում աշխատավարձն է՝ տարեկան 3,2 միլիոն դրամի չափով, երկրորդը՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ: Ինչպես նշված է հայտարարագրում, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ը Մարտիրոսյանի սեփականությունը հանդիսացող գույք է վարձակալել, նրան բերելով տարեկան ավելի քան 2 միլիոն դրամի չափով եկամուտ:

Գուրգեն Մարտիրոսյանի հայտարարագրած դրամական միջոցները բավականին մեծ են՝ 200 միլիոն դրամ եւ 200 հազար ամերիկյան դոլար:

Ընտանեկան բիզնեսի մի քանի ճյուղ

Գուրգեն Մարտիրոսյանը ուղեւորափոխադրումներ իրականացնող «Գավառտրանս» ընկերության համահիմնադիրներից է՝ 50% բաժնեմասով: Այս գործում նրա գործընկերը Արա Զոլյանն է: 2008 թվականին Գուրգեն Մարտիրոսյանը բաժնեմասը փոխանցել է հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին: Երվանդ Մարտիրոսյանի եւ Արա Զոլյանի բաժնեմասերը «Գավառտրանս» ՍՊԸ-ում ներկայումս կազմում են 9,6 միլիոնական դրամ:

«Գավառտրանսը» նաեւ գազալցակայան ունի:

Այս ընկերությունը պարբերաբար պատվերներ է ստանում քաղաքապետարանից, այդ թվում՝ տրանսպորտային սպասարկման հետ կապ չունեցող: Ինչպես տեղեկանում ենք Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, համայնքում աղբահանությունը բարելավելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար, քաղաքապետարանի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով «Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը 2014 թվականի ապրիլ ամսին «Գավառտրանս» ՍՊԸ-ից ձեռք է բերել 71 հատ երկանիվ, պոլիէթիլենային, 240 լիտր տարողությամբ նոր աղբարկղեր, որոնց դիմաց վճարել է 3 միլիոն 266 հազար դրամ:

Գավառի քաղաքապետարանը 2015 թվականի դեկտեմբեր ամսին «Գավառտրանս»-ից 710 հազար դրամի չափով գնումներ է կատարել, համայնքի կարիքների համար ձեռք բերելով տրանսպորտային միջոցներ:

«Գավառտրանս»-ը ակտիվ համագործակցում է նաեւ այլ համայնքների հետ: 2010 թվականին այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Սարուխանի գյուղապետարանը,  գյուղից դեպի Գավառ ուսանողների անվճար տեղափոխություն իրականացնելու նպատակով: Ավտոբուսների վարձակալության դիմաց Սարուխանի գյուղապետարանից «Գավառտրանս»-ին է փոխանցվել 4 միլիոն 562 հազար դրամ:

«Գավառտրանս»-ը օրինազանց ընկերություն է: Գեղարքունիքի մարզի բնակիչներից ստացված տեղեկությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրելով ընկերության գործունեությունը, պարզել է, որ «Գավառտրանս»-ը լիցենզիաների տրամադրման մրցույթում Երեւան-Գավառ-Երեւան երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել մրցույթը, սակայն, փաստացի ուղեւորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացված տեղեկատվությունից պարզվել է, որ «Գավառտրանս» ընկերությունը միաժամանակ հաղթել է երկու մրցույթում` Երեւան-Գավառ-Երեւան երթուղին (թիվ 303), տոմսի արժեքը` 500 դրամ, եւ Գավառ-Երևան-Գավառ երթուղին (թիվ 326), տոմսի արժեքը` 1000 դրամ: «Հայավտոկայարան» ընկերությունը եւս տրամադրել է տեղեկատվություն, նշելով, որ Երեւան-Գավառ-Երեւան երթուղին (թիվ 303) շահագործվում է սկզբնակետի եւ վերջնակետի խախտումով, չներկայանալով «Հյուսիսային» եւ «Գավառի» ավտոկայարաններ:

Ընկերությունը ստացել էր նաեւ Երեւան-Սարուխան-Երեւան (թիվ 313) եւ Գավառ-Երեւան-Գավառ (թիվ 326) երթուղիների շահագործման իրավունքը: «Գավառտրանս» ընկերությունը չի սպասարկել Երեւան-Գավառ-Երեւան (թիվ 303) երթուղին եւ ուղեւորափոխադրումներն իրականացրել է օրենսդրությանը հակասող առեւտրի պայմանների անուղղակի պարտադրմամբ: Բացի այդ, ընկերությունը Երեւան-Գավառ- Երեւան երթուղու (թիվ 303) կապակցությամբ անցկացված մրցույթում ուղետոմսի համար առաջարկելով 500 դրամ եւ հետագայում փաստացի չիրականացնելով ուղեւորափոխադրումներ այդ գնով, այլ տնտեսվարող սուբյեկտների զրկել է երթուղու մրցույթին ողջամիտ պայմաններով մասնակցելու եւ մրցույթը հաղթելու հնարավորությունից, ինչն էլ հնարավորություն է տվել ընկերությանն ազատորեն թելադրելու իր պայմանները Երեւան-Սարուխան- Երեւան (թիվ 313) եւ Գավառ-Երեւան- Գավառ (թիվ 326) երթուղիների շահագործման ընթացքում:

ՏՄՊՊՀ-ն նման վարքագիծը որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում, որի համար ընկերության նկատմամբ նշանակվել է 10 միլիոն դրամ տուգանք: Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից: Հետագայում ընկերությունը հրաժարվել է լիցենզիայից:

«Գավառտրանսը» նաեւ ՊՆ-ի հետ փակ գաղտնի պայմանագրեր է կնքել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Պաշտպանության ոլորտի գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության մեջ:

 Աջակցություն մերձավորների բիզնեսին՝ համայնքի բյուջեի հաշվին

Գավառի քաղաքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, բաժնեմասեր ունի մի քանի ընկերություններում եւս, զբաղվում է բիզնեսով, այդ թվում՝ հանքարդյունաբերական: Երվանդ Մարտիրոսյանը «Երյունա» ՍՊԸ ողջ փաթեթեի բաժնետերն է: Այս ընկերությունը Գավառում գիպսաքարերի արդյունահանմամբ է զբաղվում:

Երվանդ Մարտիրոսյանը նաեւ «Եր-Ռու» ընկերության հիմնադիրներից է: Այս ընկերության ներկայիս բաժնետերերը Գագիկ Զաքարյանը եւ Քրիստինա Հովսեփյանն են: «Եր-Ռու» ՍՊԸ-ն գազալցակայան է շահագործում Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում:

Երվանդ Մարտիրոսյանը 32 տոկոս բաժնեմաս ունի «Հայլենդ ֆրութ» ՍՊԸ-ում, որը ջերմոցային տնտեսություն է հիմնել Գավառում: Ընկերության բաժնետոմսերի 33 տոկոսը պատկանում է Երեւանի բնակիչ Անի Հարությունյանին, 32 տոկոսը՝ գավառցի Հրայր Գուլաբյանին, որը «Գավառտրանսի» եւ «Հայլենդ ֆրութ»-ի տնօրենն է: ՍՊԸ-ի բաժնետոմսերի 3 տոկոսը պատկանում է Երեւանի բնակիչ Արմեն Յուրիկի Մարտիրոսյանին, որը Գավառի քաղաքապետի բարեկամներից է:

2016 թվականի հունվարի 26-ին, Գավառի քաղաքապետը կայացրել է մի շատ ուշագրավ որոշում, որով՝ իր բարեկամների ընկերությանը չափազանց էժան գնով հողամաս է տրամադրել վարձակալությամբ: Այդ որոշման համաձայն՝ քաղաքապետարանը «Հայլենդ ֆրութ»-ի հետ կնքել է վարձակալության պայմանագիր, Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող 13,03 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տարեկան 6500 դրամ վարձավճարով, մինչեւ 2040 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրելով այդ ՍՊԸ-ին:

Այդ որոշումից շաբաթներ անց՝ փետրվարի 17-ին, Գավառի ավագանին որոշում է կայացրել «Հայլենդ ֆրութ»-ին պատկանող 14,1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխելու եւ ջերմոցային տնտեսության կառուցման թույլտվություն տալու մասին:

Հ. Գ. Գուրգեն Մարտիրոսյանը 40 տարեկան է: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1994-1999 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: Ծառայել է բանակում: 2001-2002 թթ. աշխատել է որպես «Քյավառ Նաիրի» գազալցակայանի տնօրեն: 2002-2005 թթ. աշխատել է Գավառի փոխքաղաքապետ, իսկ արդեն 2005 թվականի աշնանն՝ ընտրվել Գավառի քաղաքապետ: 2008, 2012 եւ 2016 թվականներին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:

Ավագանու նիստի լուսանկարները՝ Գավառի քաղաքապետարանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այս որքա՜ն աւազակներ կան Հայաստանի մէջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter