HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բյուջետային զբոսաշրջիկները փնտրում են էժան ավիատոմսեր աշխարհի բոլոր ուղղություններով

«Պոբեդա» ավիաընկերության առաջին չվերթի ուղեւորներից Մարիա Վիխորևայի, Կոնստանտին Մելնիկովի, Ստանիսլավ Ժիլկինի, Ալեքսանդր Ստոյանովի եւ Կոնստանտին Ռոմանյուկի հետ ծանոթանում եմ օդանավակայանից քաղաք մեկնող Գյումրու թիվ 1 ավտոբուսում: Խումբն իրեն բավական աշխույժ ու անկաշկանդ է պահում: Տղաներից Ալեքսանդրն առաջարկում է ինքնանկար (սելֆի) անել՝ ի հիշատակ բարեհաջող վայրէջքի ու նույնքան բարեհաջող ավտոբուսային ուղերթի պատվին:

Կիսադատարկ ավտոբուսում (3 տեղացի ուղեւոր եւ 5 զբոսաշրջիկ) ռուս ուղեւորների քննարկման թեման Երեւանյան խճուղու ձախակողմյան հատվածում անշուք երկհարկանի շինության ճակատին դեռ պահպանված «Տեխնոպարկ» վերտառությամբ ցուցանակն է, որն իրականությանը չի համապատասխանում, սակայն տարիներ շարունակ զարդարելով հիշյալ շենքի ճակատային հատվածը՝ մոլորության մեջ է գցում քաղաք մտնող անծանոթին:

Բարձրաձայն արտահայտած ոչ բարենպաստ կարծիքներն էլ պատճառ են դառնում ծանոթության: Առաջարկում եմ նրանց ուղեկցել Գյումրու կենտրոնական հատված եւ իհարկե մատնացույց անել այն կառույցը, որտեղ տեղավորված են Գյումրու ՏՏ կենտրոնը, Թումոն եւ այլ «խելացի» կազմակերպություններ: Ռուս զբոսաշրջիկների խումբը սիրով համաձայնում է՝ ափսոսալով, որ չի կարող մեկ ամբողջ օր անցկացնել Գյումրիում, քանի որ Երեւանում 4 օրվա համար վաղօրոք տուն են վարձակալել, սակայն մինչեւ մեկնելը կարող են երկու ժամ տրամադրել քաղաքի կենտրոնն ուսումնասիրելու համար:

«Մենք առաջին անգամն ենք Հայաստանում եւ պատճառը «Պոբեդա»-ի էժան տոմսերն են»,-ասում է Ալեքսանդր Ստոյանովը: Նրանց հաջողվել էր դեկտեմբերի 15-ի Մոսկվա- Գյումրի-Մոսկվա ավիաչվերթի երկկողմանի տոմսերը ձեռք բերել մոտ 16 հազար դրամով: Երեւանի կենտրոնական հատվածում գտել էին շատ հարմարավետ բնակարան՝ օրը 20 հազար դրամ վարձով: Ճամփորդության համար նախատեսված հիմնական գումարը ծախսելու են շրջագայության վրա՝ Ծաղկաձոր, Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Սեւան:

«Մեր նման բյուջետային զբոսաշրջիկների համար էժան ավիատոմսերը շատ լավ տարբերակ են անծանոթ վայրեր այցելելու համար: Ուղղակի պետք է գտնել հարմար տարբերակներ, որոնք կան գրեթե բոլոր երկրների համար»,-նկատում է Ստանիսլավ Ժիլկինը: Հայաստան մեկնելու միտքը Ալեքսանդր Ստոյանովինն է եղել: «Ես սնոուբորդի մարզիչ եմ ու իմ սրտին ավելի մոտ է ձմեռային տուրիզմը,-նկատում է Ալեքսանդրը,-հենց ձյունը նստում է, աշխատում եմ գնալ այն բոլոր լեռնային վայրերը, որտեղ հնարավոր է սահել: Ես շատ եմ ճանապարհորդում եւ ստացվեց այնպես, որ Հայաստանը դարձավ 53-րդ երկիրը, ուր ես որոշեցի այցելել»:

31-ամյա Ալեքսանդրը 4 երեխայի հայր է: Ընտանիքով շրջագայել միշտ չէ, որ հաջողվում է, թեպետ հասցրել է երեխաների հետ լինել Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: «Ես մշտապես իրադարձությունների զարկերակի վրա եմ պահում ձեռքս, մշտապես փնտրում եմ տարբեր ուղղություններ ու էժան ավիատոմսեր: Օրինակ՝ վերջերս ինտերնետում փնտրում էի տոմս, այսպես ասած, «ոչ մի տեղ» եւ գտա 2 հազար ռուբլի արժողությամբ Միլանի երկկողմանի թռիչքի տոմս: Արդեն Իտալիայից զանգեցի կնոջս, հարցնում եմ՝ գուցե էլի՞ կա էժան տոմս որեւէ ուղղությամբ: Վերադառնում եմ տուն, պարզվում է՝ կինս ծննդյանս տոնի առթիվ նվեր է արել՝ տոմս է գնել դեպի Ղազախստան, եւ ես նոյեմբերի 27-ին թռնում եմ Ալմաթի՝ սնոուբորդ քշելու: Վերադառնում եմ դեկտեմբերի 4-ին ու…այ քեզ բա՜ն, էժան տոմսեր իմ սիրելի ավիափոխադրողից: Բնականաբար, առանց ժամանակ կորցնելու զանգում եմ ընկերներիս ու տոմսեր պատվիրում դեպի Հայաստան»:

 Ալեքսանդրն ասում է, որ Հայաստանը տեսնելու ցանկություն մշտապես է ունեցել՝ հոգեւոր մտերմություն է զգում: Մոսկվայում, Միտինայի շրջանում, որտեղ ապրում է զրուցակիցս՝ հարեւանների մեծ մասը հայեր են: «Ինձ մեկ-մեկ թվում է, թե այդ շրջանը հենց հայերն են կառուցել,-ծիծաղում է Ալեքսանդրը,-ես շատ լավ հայ հարեւաններ ունեմ, նրանց մեջ գյումրեցի էլ կա, նրանք հաճախ են պատմում իրենց հայրենիքի մասին: Երբ վերադառնամ, անպայման կփնտրեմ ձեր հոդվածը՝ նրանց մոտ պարծենալու համար»:

Տարբեր երկրներ ճանապարհորդած եւ բյուջետային զբոսաշրջիկի մեծ փորձ կուտակած տղաները նաեւ իրենց դիտողություններն են փոխանցում: «Փաստորեն Գյումրիում շատ բան կա տեսնելու, սակայն չկա գովազդ: Եթե նախօրոք իմանայինք, գուցե որոշեինք այսօր մնալ այստեղ՝ Երեւան մեկնելու փոխարեն,-հրաժեշտից առաջ նշում է Կոնստանտին Մելնիկովը,-կփորձենք մայիսին վերադառնալ եւ մեկ շաբաթ անցկացնել ձեր գեղեցիկ քաղաքում»:

Լուսանկարում ձախից առաջինը՝ Ալեքսանդր Ստոյանով, երկրորդ՝ Կոնստանտին Մելնիկով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter