HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջերմուկի իրական ոսկին. երբ լեգենդը դառնում է իրականություն

Ջերմուկի բնական հանքային ջրավազաններ տանող ճանապարհը արկածային ճանապարհորդության սիրահարների համար լավագույն փորձություններից մեկն է: Տեղի առողջարաններում հանգստացողների համար բացօթյա ջրավազանում 15-20 րոպե լոգանք ընդունելու արժեքը սովորաբար 15 հազար դրամը չի գերազանցում՝ լոգանքն անվճար է, իսկ ահա տեղափոխման համար, որն իրականացնում են տեղացիներն իրենց ամենագնացներով, պետք է վճարես:

Մոտ 7 կմ անբարեկարգ դաշտային, այնուհետեւ լեռնային ճանապարհ ես անցնում մինչեւ նպատակակետիդ հասնելը: Ամենագնացի հարմարավետ սրահում ճանապարհի խորդուբորդ հատվածի անհարամարությունները գրեթե չես զգում՝ շնորհիվ վարորդի հմտության: 

«Սա էլ մեր Ջերմուկի «սաֆարին է»,-կատակում է ուղեկիցս՝ 24-ամյա Սոս Խաչատրյանը: Երիտասարդ տղան 4-րդ տարին է՝ Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին հասցնում է բնական հանքային ջրավազանի տարածք՝ անգիր գիտի ճանապարհի ամեն մի քարն ու թուփը: Ճանապարհին Սոսը պատմում է հանքային ջրի բուժիչ հատկությունների մասին: Ես հարցնում եմ անբարեկարգ ճանապարհը ապագայում բարեկարգելու հեռանկարների մասին:

«Իմաստ չունի, բա էլ ու՞ր կմնա էքստրիմը,-ծիծաղելով հարցնում է Սոսը՝ հետո լրջանում,-բաներ կան, որ պիտի թողնես իր բնական վիճակով: Ամեն ինչ չէ, որ պիտի ծածկես ասֆալտով կամ վերածես քեֆ-ուրախության վայրի, որ գնան, ուտեն խմեն, թափեն կեղտոտեն ու առանց հավաքելու՝ հեռանան: Իսկ էսպես, որ մենք ենք տանում բերում, նաեւ հետեւում ենք, որ տարածքը չկեղտոտեն: Փոքր խմբեր են՝ հետեւելը հեշտ է: Հետո մեծ մասը գալիս են բուժիչ լոգանքի համար, շատ քչերն են, որ, ասենք, կուզենան պիկնիկ անեն: Նախ մենք չունենք դրա համար շատ ժամանակ, հետո էլ նման լոգանքից հետո ստամոքսը ծանրաբեռնել չի կարելի»:

Ջերմուկը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ: Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները փաստում են, որ Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց: Բնակավայրի տարածքում գտնվող հանքային ջրավազանների կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով:

Հրաշք ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Վաղուց, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած՝ սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ՝ ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքում: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է տեսած հրաշքից: Այդ օրվանից տարածվում է «ջերմուկ» ջրի համբավն աշխարհում, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Սոսն ասում է, որ հատկապես օտարերկրացի զբոսաշրջիկներին են պատմում այս լեգենդը: «Սիրուն պատմություն է, որտեղ լեգենդ՝ այնտեղ հետաքրքրությունը մեծանում է: Իհարկե, ճշմարտությունն այն է, որ ջուրը բուժիչ է եւ պիտի ընդունենք նաեւ, որ մեր իրական ոսկին հենց մեր ջուրն է՝ դա անհերքելի է,-ասում է Սոսն ու ձեռքը մեկնելով խորքից դեպի մակերեւույթ մղվող ջրի շիթին՝ նկատում,-տեսեք, ինքը ծակել դուրս է եկել հողի մակերես՝ մարդկային գործոն էստեղ ընդհանրապես չկա, եթե ինչ-որ մի բան էնպես չլինի՝ կարող է խռովի, գնա կորի: Ջերմուկի կողքին հանք են շահագործելու, պայթեցումներ են լինելու, շատ հնարավոր է, որ ազդեն մեր աղբյուրների վրա: Մեզ դա շատ է անհանգստացնում»:

Ջերմուկի հանքային ջրերն իրենց քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի (ՌԴ) եւ Կառլովի Վարի (Չեխիա) հանքային ջրերին: Հանքային ջրերի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային տեղումները, որոնք տեկտոնական բեկվածքներով թափանցում են խոր հորիզոններ, հարստանում տաք ածխաթթվային գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմիական բաղադրամասեր եւ գազահեղուկային խառնուրդի ձեւով դուրս գալիս երկրի մակերեւույթ: Հանքային ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի եւ այլ հիվանդությունների բուժման համար: 

«Նման հարստությունը, որ բնությունն է պարգեւել մեզ, պիտի ամեն գնով պահպանենք,-շեշտում է Սոսը,-մարդիկ դրա համար են գալիս Ջերմուկ, կկորցնենք հրաշք ջուրը՝ կկորցնենք Ջերմուկը: Դուք էիք, չէ՞, գրել, թե ջերմուկցիների համար ամեն ինչի չափման միավորը տուրիստն է, հիմա կարող եք ավելացնել նաեւ ջուրը, որ մեր գլխավոր հարստությունն է»:

Մեկնաբանություններ (3)

Վաչե
Իրոք այսօր առանց ցավի հնարավոր չէ խոսել Ջերմուկի, ինչպես նաև մեր մյուս առողջարանների և հատկապես հանքային ջրերի մասին։ Հայաստանի հանքային ջրերը ՝ հատկապես «ջերմուկը» բնության կամ աստծու մի այնպիսի պարգև է, մեր ժողովրդին, որի նմանը աշխարհում շատ քչերը ունեն։ Երևի մեր ոսկու տենդով տառապող «գործարարները» չեն պատկերացնում, որ ոչ մի Ամուլսարի կամ այլ հանքավայրի ոսկի գրոշ չարժե հանքային ջրի համեմատ, և եթե նրանք հասկանային դրա արժեքը, ապա օր առաջ կթողնեին ամեն ինչ և լրջորեն կզբաղվեին հանքային ջրի բիզնեսով։ Չնայած մեր երկրի ժամանակավորապես անբարենպաստ աշխարհա֊քաղաքական դիրքին, մենք ունենք բացառիկ բարենպաստ պայմաններ զբաղվելու հանքային ջրերի , ինչպես նաև սովորական խմելու ջրի խոշորածավալ արտադրությամբ և արտահանությամբ։ Մեզանից հարավ գտնվող տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, բացի Թուրքիաից, բացարձակ ջրազուրկ են և խմելու ջուրը հիմնականում ներմուծում են, ընդ որում ներմուծում են նավթից մի քանի անգամ թանկ գներով և անհամեմատ ցածր որակի ջրեր։ Տարիներ շարունակ մեզ պատվաստել են այն միտքը, որ մենք բնական ռեսուրսներով աղքատ երկիր ենք, որպեսզի անարգել և աննկատ թալանեն մեր ընդերքը և դա իրենց հաջողվել է։ Նավթից կամ գազից անհամեմատ թանկ համքային ջրերը մեր երկրում օքտագործվում են ընդհամենը մի քանի տոկոսով, մնացած մասն ամբողջությամբ հեռանում է մեր երկրից գետերի միջոցով։ Ահա աղքատ դառնալու միայն մեկ օրինակ, իսկ օրինակները բազմաթիվ են։
Լևոն
«Նման հարստությունը, որ բնությունն է պարգեւել մեզ, պիտի ամեն գնով պահպանենք,-շեշտում է Սոսը,-մարդիկ դրա համար են գալիս Ջերմուկ, կկորցնենք հրաշք ջուրը՝ կկորցնենք Ջերմուկը: Դուք էիք, չէ՞, գրել, թե ջերմուկցիների համար ամեն ինչի չափման միավորը տուրիստն է, հիմա կարող եք ավելացնել նաեւ ջուրը, որ մեր գլխավոր հարստությունն է»: #NoMiningInAmulsar #saveSevan #saveJermuk
nelson
Ցավոք Այսօր Ջերմուկը նման է լեգենդի վիրավոր եղնիկին.... նրան է հարկավոր փրկել Ամուլսարի շահագործումից ,որը նաև հանդիսանում է տեկտոնական խախտումներով Ջերմուկը սնող հանքային միներալների անսպառ պաշար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter