HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Խաղ` պատերազմի վախի վրա

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները մի կարևոր առանձնահատկություն ունեն. դրանցում հիմնավորումներն ու փաստարկումները, նույնիսկ եթե դրանք որոշակիորեն խեղաթյուրում են փաստերի կոնտեքստը, գտնվում են տրամաբանական ուժեղ կապերի մեջ, ինչը թեզիսների ամրության և անխոցելիության պատրանք է ստեղծում: ՀԱԿ-ի երկրորդ համագումարում նրա ելույթը բացառություն չէր: Նման դասական օրինականերից մեկն էր:

Իր ելույթով արվող առաջարկները Տեր-Պետրոսյանը բնորոշում է որպես խաղաղասիրական: Նա ՀԱԿ-ին մղում է քաղաքական մարգինալացման միայն նրա համար, որպեսզի ԼՂ հարցում փոխզիջումների միջոցով խաղաղության հասնելու դիսկուրս հարուցի և օրակարգ ձևավորի: Իրականում, սակայն, նրա հարուցածը ոչ թե խաղաղության, այլ միակողմանի զիջումների, կամ կապիտուլյացիայի նախընտրության դիսկուրս է:

Նա համառորեն համոզում է, որ Ռուսաստանի առաջարկած «խաղաղություն տարածքների հանձման և ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց» բանաձևն իրականում փրկօղակ է, որից չկախվելու դեպքում հետագայում խաղաղության շատ ավելի վատ պայմաններ են թելադրվելու, քանի որ հայկական կողմի բանակցային դիրքերը գնալով ավելի են վատթարանալու: Ընդհանրապես բանակցություններում որևէ կողմի դիրքերը վատանում են, երբ նա ռազմական կամ դիվանագիտական կորուստներ ունի և ցանկանում է կանխել  ավելի մեծ կորուստները: Բայց Տեր-Պետրոսյանը կարծես թե հայկական կողմի մասին այդ կարծիքին չէ:

«Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի»,- իր ելույթում ասում է Տեր-Պետրոսյանը:

Եթե առաջին նախագահն իսկապես համոզված է, որ ցանակցած  նոր հարձակման դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ է ունենալու, այսինքն որ հայկական կողմը ռազմական պլանում պահպանում է առավելությունը, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը համաձայնի Ռուսաստանի կամ Ադրբեջանի այն զիջումներին, որոնք Տեր-Պետրոսյանը որակում է «փուլային» և համարում ողջախոհ: Աշխարհում կա՞ որևէ պետություն, որն իր հաղթանակում համոզված լինելով հանդերձ գնում է դրսից թելադրված զիջումների: Գուցե Տեր-Պետրոսյանն ավելի ազնիվ գտնվեր, և պարզ հայտարարեր, որ չի հավատում հետայսու հայկական կողմի ռազմական հաջողություններին: Դա ևս տեսակետ է, որն ավելի է բխում հապշտապ զիջումների գնալու նրա անփոփոխ կոնցեպիցիայից, քան Ադրբեջանից վախվորած խաղաղասիրություն ակնկալելը: Համենայնդեպս,  զիջումների այս հիմնավորումը, մեղմ ասած, անհեթեթ է և բացարձակապես չի տեղավորվում կոնֆլիկտաբանության չափումներում:

Որպես ողջախոհ, պրագմատիկ քաղաքականության օրինակ՝ Տեր-Պետրոսյանը վկայակոչում է Իսրայելին. «Քեմփ-Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարություն շնորհեց արաբական Պաղեստինին՝ պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաեւ նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը եւ Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտերություններին»։ Թվում է, թե Տեր-Պետրոսյանը բերում է «զիջումներով խաղաղություն» թեզի արդարացվածության  անվիճելի, ուղղակի երկաթյա հիմնավորում: Բայց այդ օրինակն իրականում ուղղակիորեն հաստատում է հակառակը. այսինքն այն, թե ինչու է ԼՂ հարցում այդ կոնցեպցիայի կիրառումն անթույլատրելի և նվաստացուցիչ:

Խնդիրն այն է, որ իսկապես հսկայական զիջումներին Իսրայելը 1970-ականների վերջին գնաց հանուն մեկ շատ կարևոր նպատակի. ապահովել Իսրայելի միջազգայնորեն ճանաչումը` առաջին հերթին այն երկրների կողմից, որոնք 1967թ. ստորագրել էին որևէ պարագայում Իսրայելը չճանաչելու, նրա հետ չբանակցելու և նրա հետ պատերազմը չդադարեցնելու մասին Խարթումի հայտնի հռչակագիրը: Այսինքն Իսրայելն այդ զիջումներին գնաց իր սուվերենության ձեռբերման համար, մինչդեռ Տեր-Պետրոսյանն առաջարկում է զիջումներին գնալ Արցախի փաստացի սուվերենությունը զոհաբերելու, ոչնչացնելու, 1992թ. ամրացված ինքնիշխանության իրավական հիմքերը քանդելու համար: Ի վերջո, եթե Իսրայելն իր անկախությունը հռչակել էր Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման իրավական հենքի վրա, ապա ԼՂՀ-ն` ԽՍՀՄ-ի փլուզման և ԽՍՀՄ-ի սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով: Բայց իր տարբերություն հայերի, հրեաներն իրենց ամենամղձավանջային երազում չէին կարող տեսնել, որ իրենց երկրի որևէ գործող կամ նախկին ղեկավար կարող է դրանից հետո Իսրայելին տանել լուրջ տարածքային զիջումների` միայն պատերազմից խուսափելու համար իրեն «միջանկյալ կարգավիճակ» շնորհելու և անորոշ հեռանկարում անկախության հանրաքվե անցկացնելու միջազգային հանրության տված խոստումների դիմաց:

Համեմատությունը ինքնորոշման խնդիր ունեցող ԼՂՀ-ի և Իսրայելի հետ համեմատության դաշտից Տեր-Պետրոսյանը միտումնավոր տեղափոխում է Հայաստան-ներկայիս Իսրայել համեմատության տիրույթ՝ ամբողջությամբ աղավաղելով իրականությունը և արժեզրկելով այն պայքարը, որը մղվել է Արցախի փաստացի անկախությունը նվաճելու համար: Տեր-Պետրոսյանը մանիպուլյացիոն մեթոդներով փորձում է անկախության փոխարեն արժեք դարձնել զիջումները։  

Ավելին. պնդելով, թե փոխզիջումների կանոնը թույլատրված է խախտել միայն «գերտերություններին»` Տեր-Պետրոսյանը գերտերության կարգավիճակ է շնորհում Ադրբեջանին: Որովհետև հենց Բաքուն է հրաժարվում փոխզիջումներից: Նախ` որովհետև բաքուն է մերժել հենց փուլային կարգավորման սկզբունքով կառուցված «Կազանյան փաստաթուղթը», որին, ի դեպ, գործող իշխանություները համաձայնել էին, և երկրորդ` Բաքուն է հիմա սպառնում «ետ վերադարձնել» ընդհուպ Հայաստանի գրեթե ողջ տարածքը՝ խորքային մակարդակով սերունդներին նախապատրաստելով հենց այդ նպատակին ուղղված Հայաստանի հետ հավերժ թշնամության:

Իսրայելա-եգիպտական հաշտությունը կայացավ առաջին հերթին տարածքներ կորցրած կողմի՝ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի կողմից հաշտության ու զիջումների շատ հստակ, առարկայական պատրաստակամություն հայտնելու, Երուսաղեմ այցելելու և ԱՄՆ-ում Իսրայելի վարչապետի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնելու շնորհիվ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա վարչակարգի երրորդ ռանգի ո՞ր պաշտոնյանի մոտ է Տեր-Պետրոսյանը տեսել հաշտության գնալու ԼՂ անկախությունը ճանաչելու պատրաստակամության անգամ հեռավոր, չնչին ակնարկ:

Ինչի՞ վրա է հիմնված Իլհամ Ալիեւին որպես «ռացիոնալ մտածող», «խաղաղության հաստատմանն ուղղված համաչափ քայլերի պատրաստ պետական գործիչ» համարելու Տեր-Պետրոսյանի համոզմունքը: Արդյոք առաջին նախագահին ծանոթ չե՞ն միջազգային իրավունքը ոչինչ համարելու և ուժին նախապատվություն տալու մասին Ալիևի հայտարարությունները: Գուցե ապրիլյան պատերազմի սանձազերծո՞ւմն է Տեր-Պետրոսյանը համարում խաղաղություն հաստատելուն ուղղված համաչափ քայլեր: Եթե այո, գուցե այդ քայլը կրկնելու կո՞չ էլ հնչեցներ ձեռք հետ: Իսկ գուցե որպես այդպիսին նա նկատի ունի շփման գծում հրադադարի ռեժիմի ուժեղացմանն ուղղված Վիեննայի պայմանավորվածությունների կատարման գործընթացը վիժեցնե՞լը, որով նա պահում է նոր հարձակում ձեռնարկելու իրավունքը:

Ի՞նչ է սա. իրականության զգացողության կորո՞ւստ, անկեղծ մոլորությու՞ն, թե՞ Տեր-Պետրոսյանը հավատում է, որ Ալիևի ինքնասիրահարվածությունը շոյելով նրան դարձի է բերելու: Անկախ ամեն ինչից, ուղաղկի տխուր է, որ նա Ադրբեջանի նախագահին ավելի ողջախոհ, պրագմատիկ ու խաղաղության կողմնակից է համարում, քան իր կողմից «ոչմիթիզհողական» որակված այն հայրենակիցները, ովքեր դադարել են հավատալ միջազգային հանրության, մոսկվաներից, անկարաներից, բաքուներից տրվող անհիմն խոստումներին և վերջապես սկսել են ապավինել սեփական ոժերին:

Տեր-Պետրոսյանը շարունակում է պնդել, որ Թուրքիան Հայաստանի թշնամին չէ, և ԼՂ հարցի լուծումից անմիջապես հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար: Նա ոչ միայն միանշանակ ճիշտ է, այլև ճշմարտության կեսն էլ դեռ չի ասում: Իրականում եթե Հայաստանը Արցախին զուգահեռ Ադրբեջանին հանձնի նաև Սյունիքը, Բաքուն ու Անկարան մի կերպ համակերպվեն կղզիացած Հայաստանի գոյության հետ ու նույնիսկ նրան մեծահոգաբար բարեկամ երկիր համարեն: Որովհետև դրանով մենք մեր կենսական տարածքի և մեր ազգային ու պետական արժանապատվության հաշվին կլուծենք թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ցամաքային կապ ունենալու հիմնական, ստրատեգիական խնդիրը: Ո՞վ չի ցանկանա բարեկամանալ յուրաքանչյուր «մատ թափ տալուց» հետո սարսափահար իրեն զիջումներ անող երկրի հետ:

Իսկապես չի բացառվում, որ նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելուց հետո Թուրքիան կբացի սահմանները: Բայց կարո՞ղ է արդյոք Տեր-Պետրոսյանը երաշխավորել, որ երբ Բաքուն տարածքներն ստանալուց հետո առհասարակ բանակցությունները դադարեցնելու և ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու թեմա չեզոքացնելու համար հետո նոր պրովոկացիաներ սկսի, Թուրքիան կրկին չի փակելու սահմաները: Ի՞նչն է նրան կաշկանդելու. միջազգային իրավո՞ւնքը, ՄԱԿ-ի առջև իր պարտավորություննե՞րը: Որտեղ էին միջազգային այդ իրավունքի նորմերն ու ՄԱԿ-ը, երբ Թուրքիան ներխուժեց կեղեքվող Իրաք, ապա նաև Սիրիա՝ այդ երկրների կամքին հակառակ:

Այս իրողությունները, հարցադրումները Տեր-Պետրոսյանը միտումնավոր շրջանցում է: Նա կամ թաղվել, մնացել է 1990-ականների քաղաքական իրականության մեջ, կամ պարզապես մեծ մանիպուլյատորի ֆունկցիա է ստանձնել: Հարց է առաջանում` ում համար...

լուսանկարը` anc.am-ի

Մեկնաբանություններ (3)

Harout Derghazarian
As an Armenian I am proud of our first president Levon Ter-Bedrosian. 18 years ago there was a good chance for a peace treaty with Azerbaijan with much favorable conditions for Armenia. Unfortunately we lost that golden opportunity. Levon Ter-Bedrosian will be remembered as one of the most intelligent politicians in recent Armenian history.
Աշոտ Հովսեփյան
Ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել թեկուզ թե բացառիկ մտավոր կարողությունների տեր ցանկացած մեկից, ով իր ժամանակին հենց արցախյան հարցի՝ այժմ արդեն կարելի է ասել՝ շահարկման գնով ու ժողովրդի ուսերի վրա իշխանության գալով, հետագայում չարաշահեց այն՝ դեգրադացնելով իշխանությունը, ոտնատակ տալով այդ նույն ժողովրդին, ապա և ոչինչ չասող, պարտվող կողմին ոչինչ չպարտադրող նահանջողական կեցվածքով գնաց առաջխաղացող ուժերի կանգնեցմանը, հիմք դրեց սեփականաթալանին, ընտրակեղծարարությանը... և այս ամենով հնարավորինս Երկիրը փաստացիորեն թուլացնելու հիմքերը դրեց նաև: Ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին: Հիմա սրանն է. իր հին նաղըլն է քոքել՝ հնարավորինս ազերիական մուղամ կլկլացնելով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ներկա պրոբլեմների հիմքը այս Լ.Տեր-Պետրոսյանն է դրել: Էս մարդը հային օգուտ չի բերել/բերելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter