HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԿԳՆ-ի «վրիպակներն» ու դպրոցների կարիքները գերազանցող հազարավոր դոլարների դասագրքերը

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ավարտվել է «Հետք»-ում 02.12.2016թ. հրապարակված «ԿԳՆ-ն ավելի քան 100 հազար դոլարի դասագիրք է տպագրել, որի կարիքը դպրոցները չեն ունեցել» հոդվածում հրապարակված փաստերի ուսումնասիրությունը:

Ավելի վաղ նախարարության հանրակրթության վարչությունը մեզ տեղեկացրել էր, որ ԿԳ նախարարի հրամանով` ստեղծվել է հանձնաժողով` ուսումնասիրելու դասագրքերի պետական գնումները։ Սակայն նախարարության ուսումնասիրությունը թերի է: Նախարարությունը պետք է պատասխաներ մեկ հարցի` ինչու են տպագրվել հազարավոր դոլարների ավել դասագրքերը, որի պատասխանը այժմ չունենք:   

Ընթերցողներին հիշեցնենք` խոսքը տարրական դասարանների սովորողներին անվճար հատկացվող դասագրքերի մասին է, որոնք տպագրվում են դպրոցներից ներկայացված հայտերի հիման վրա: Դպրոցներից ԿԳՆ ներկայացրած հայտերը նախապես, գրավոր հարցմամբ, ստացել էինք ԿԳՆ-ից: Ապա դրանք համեմատել 2016թ. ԿԳՆ-հրատարակչությունների հետ կնքած պայմանագրերում առկա դասագրքերի թվի հետ: Պարզվել էր, որ փաստացի տպագրաքանակն ավելի քան 100 հազար դոլարով գերազանցում է դպրոցների իրական կարիքը` հայտերով պահանջված թվաքանակը:

Դպրոցներից ստացված հայտերը մեզ ուղարկել էր Կրթության և գիտության նախարարությունը՝ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան: Այժմ ուսումնասիրելուց հետո ԿԳՆ-ն պարզել է, որ մեզ նախկինում ուղարկված փաստաթուղթը թերի են ուղարկել, «դրա մեջ արտացոլված չի եղել դպրոցներից ստացված հայտերն ամբողջությամբ»:

Վրիպակ 1-ին

«Տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: ՀՀ Լոռու մարզի հայտի աղյուսակ-ձևաթուղթը ուղարկվել է էջերի ոչ լիարժեք քանակով, ինչից առաջացել է անհամապատասխանություն` Լոռու մարզի տարրական դասարանների դասագրքերի իրական պահանջի և «Հետք»-ի հրապարակած հոդվածում ներկայացված դասագրքերի հայտի թվաքանակի մեջ: Հաշվարկից դուրս են մնացել «Ռուսաց լեզու 3» (2792 հատ), «Անգլերեն 4» (2358 հատ), «Ֆրանսերեն 4» (208 հատ), «Գերմաներեն 4» (283 հատ)»,- նշված է ԿԳՆ-ի պատասխանի մեջ:

Եթե իսկապես տեղի է ունեցել «տեխնիկական վրիպակ», ապա արձանագրենք, որ ԿԳՆ-ի աշխատակիցները հարցումներին պատասխանելիս չեն ուղարկում հավաստի տեղեկատվություն, և միայն հոդվածի հրապարակումից հետո են որոշում ճշտել` ինչ էին ուղարկել: Երկրորդ` «տեխնիկական վրիպակ»-ով պարզաբանվում է ավելի քան 100 հազար դոլար ոչ նպատակային ծախսի միայն 19%-ը:  

Հաշվարկ` ուսումնասիրությունը կատարած հանձնաժողովի համար:

Եթե ընդունեք, որ իսկապես տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ապա դպրոցներից ստացած հայտերում այժմ, գումարային վերծանմամբ, լրացրել եք «Ռուսաց լեզվու 3» առարկայի` 4 միլիոն 250 հազար 300 դրամի, «Անգլերեն 4»-ի՝ 3 միլիոն 390 հազար դրամի, «Ֆրանսերեն 4»-ի` 540 հազար 800 դրամի և «Գերմաներեն 4»-ի` 778 հազար 250 դրամի չհայտագրված դասագրքերի քանակ (ընդհանուր` 8 միլիոն 959 հազար 350 դրամ կամ շուրջ 19 հազար դոլար):

Վրիպակ 2-րդ

Հոդվածում գրել էինք նաև, որ կան դասագրքեր, որոնք ստանալու համար 2016թ. դպրոցները ընդհանրապես հայտեր չեն ներկայացրել, սակայն դրանք տպագրվել են: Դրանք էին, օրինակ, 3-րդ և 4-րդ դասարանի «Կերպարվեստ» առարկայի դասագրքերը: Դասագրքերը տպագրել էր «Զանգակ-97» հրատարակչությունը, արժեքը` շուրջ 14 միլիոն 250 հազար դրամ (կամ շուրջ 29 հազար դոլար): ԿԳՆ-ն այս ծախսը ևս սեփական վրիպակով է պարզաբանում: Պարզվում է, ըստ մեզ ներկայացրած պատասխանի, ժամանակի սղության պատճառով «բանավոր հարցում» է կատարվել, և դասագրքերը տպագրվել են այդ հարցման հիման վրա:

«ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցներից, մարզերի և Երևանի քաղաքապետարանի դպրոցներից Կերպարվեստ առարկայի 3-րդ և 4-րդ դասարանների դասագրքերի հայտեր ՀՀ ԿԳ նախարարություն չեն ներկայացվել, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից առաջադրած հայտագրման աղյուսակ-ձևանմուշի մեջ եղել է բացթողում. «Կերպարվեստ 3» և «Կերպարվեստ 4» առարկաների դասագրքերի պահանջը չի ներառվել: Դասագրքերի ամփոփ տեղեկանքը կազմելիս բացթողումը բացահայտվել է:

Ժամանակի սղության պատճառով դասագրքերի նոր հայտագրում չի կատարվել, և դասագրքերի կարիքի գնահատումը կատարվել է դպրոցների տնօրենների և մարզային կրթության վարչությունների հետ անցկացված բանավոր հարցումների հիման վրա: Հարցումներից պարզվեց, որ դպրոցներում առկա են նախորդ` 2012, 2013թթ. թվականներից մնացած քիչ մաշվածությամբ դասագրքեր, ինչը հնարավորություն տվեց ձեռք բերել «Կերպարվեստ» առարկայի դասագրքերի նվազագույն քանակ (մուգ շեշտադրումն արել է ԿԳՆ-ն - Մ. Մադաթյան)` ընդամենը 5000-ական դասագիրք` համամասնորեն 3-րդ և 4-րդ դասարանների սովորողների համար»:

Նշենք, որ ժամանակի սղությունը բանավոր`որևէ փաստաթղթով չֆիքսված հարցում կատարելու հիմք չէ, հետևաբար այս վրիպակը կատարված ծախսի հիմնավորում չէ: Այդ մասին գիտի նաև ԿԳՆ-ն, քանի որ «Հետք»-ի` նույն հոդվածի շրջանակում արված հարցմանն ի պատասխան տեղեկացրել են. «Տպագրման ենթակա դասագրքերի քանակը որոշվում է հետևյալ կերպ. Դպրոցին անհրաժեշտ դասագրքի հայտագրման նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ ուղարկում է շրջաբերական, որից հետո վերոնշյալ կազմակերպությունները ՀՀ ԿԳՆ են ներկայացնում հայտեր` անհրաժեշտ դասագրքերի քանակի վերաբերյալ…»:

Բացի այդ, եթե իսկապես ԿԳՆ-ն կատարած լիներ բանավոր հարցում, ապա մարզպետարանների կրթության վարչության` դասագրքերով զբաղվող մասնագետները պետք է տեղյակ լինեին դրանից: ԿԳՆ-ի` հոդվածն «ուսումնասիրած» հանձնաժողովի անդամները պետք է նկատած լինեին բառացի տեղադրված զրույցը:  

Տավուշի մարզպետարանում դասագրքերի հարցով պատասխանատու Խաչատուր Խաչատրյան. (զրույցը առանց հայտերի տպագրված «Կերպարվեստ 3» և «Կերպարվեստ 4» դասագրքերի մասին է)

- Եթե պատվեր չեք տվել, ինչո՞ւ եք ստացել, պարո'ն Խաչատրյան:

- Դե, բերել էին, էլ հետ չտվեցինք: Բաժանեցինք դպրոցներին:

- Բայց եթե այդ գրքերի կարիքը չի եղել, ինչո՞ւ եք վերցրել:

- Չեմ կարող ասել` ինչու են բերել, բայց որ բերել էին, բաժանել ենք դպրոցներին: Դե բաժանել ենք, դպրոցներին պետք էլ ա էլի:

Ի վերջո, եթե հավատանք այս վրիպակներին, ապա դրանցից 1-ինը պարզաբանում է ավելի քան 19 հազար դոլարի, երկրորդը` 29 հազար դոլարի ծախսը` մեր բացահայտած շուրջ 100 հազար դոլար ոչ նպատակային ծախսից: Իսկ մնացած ավել քան 52 հազար դոլար ծախսին ( կամ 52%-ի) ԿԳՆ-ն առհասարակ չի անդրադարձել: Չնայած դրան` այսքանով ամփոփել են.

«Տարրական դասարանների սովորողներին անվճար հատկացվող դասագրքերը տպագրվել են դպրոցներից ներկայացված հայտերի հիման վրա և տպագրված դասագրքերի թիվը չի գերազանցել հայտերով պահանջվող դասագրքերի քանակը»:

Հիշեցնենք, որ դասագրքերի գնումների վերաբերյալ հոդվածն  ուսումնասիրվում է նաև վարչապետի` կրթության հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանի հանձնարարականով: Վերջինիս օգնականը մեզ փոխանցել է, որ «Հետք»-ին կպատասխանեն գրավոր տարբերակով` ԿԳՆ-ից պարզաբանումներ ստանալուց հետո:

Քանի որ ԿԳՆ-ն արդեն ավարտել է իր ուսումնասիրությունը, ենթադրվում է` հենց այս ուսումնասիրությունն էլ ուղարկվելու է վարչապետի խորհրդականին: Հուսանք Գևորգ Մուրադյանը կպահանջի ավելի լուրջ ուսումնասիրություն, եթե մտահոգված է, թե ուր են հոսում դասագրքերի գնման գումարները, որ կրթության ոլորտի հիմնական ծախսն է, այն էլ` առանց մրցույթների:

լուսանկարը` yerevan.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter