HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչներն ընդդեմ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի զոքանչի

2015 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած աճուրդով Հյուսիսային պողոտա 6 շենքի տնտեսական հանգույցը 173 միլիոն  ՀՀ դրամ մեկնարկային գնով ձեռք է բերել «ԷՆԷՅ 641 էներջի Թրանսֆեր»  ՍՊԸ-ն: Ընկերությունը համաձայն պետական ռեգիստրի տվյալների՝ 100 % բաժնետոմսերով պատկանում է Կիմա Խաչատրյանին։ Վերջինս Վերաքննիչ վաչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանի զոքանչն է։ Ընկերության տնօրենը շենքի համատիրության նախկին նախագահ Ռաֆայել Վեքիլյանն է։

Շենքի բնակիչներից ոմանք մեզ հետ զրույցում կատակելով ասում են, որ շենքի տնտեսական հագույցը բարձրաստիճան պաշտոնյաները «գրավել են», քանի որ եթե Կիմա Խաչատրյանը Հովսեփ Բեդևյանի զոքանչն է, ապա  Ռաֆայել Վեքիլյանը, բնակիչների փոխանցմամբ, Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանի հորեղբայրն է։

Հովսեփ Բեդևյանի հետ փոխկապակցված անձանց ցանկում նաև նշված է Կիմա Մուքայելի Խաչատրյանի անունը։ Համաձայն Խաչատրյանի՝ 2015 թվականի փետրվարի 4-ին ներկայացրած հայտարարագրի՝ նրա եկամուտները կազմում են 468  000 դրամ, որը, ըստ տվյալների, կենաթոշակի կուտակման արդյունք է։ 

Տնտեսական այս հանգույցը ապահովում է շենքի բնակարանների տաք և սառը ջրամատակարարումը, ջեռուցումը և սառնամատակարարումը։ Նախկինում այս կաթսայատունը վարձակալությամբ հանձնված էր «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին, որն էլ որոշում էր այս ծառայությունների սակագները: 

Սակայն 2015 թվականի այս ընկերությունը սնանկ էր ճանաչվել և «ԷՆԷՅ 641 էներջի Թրանսֆեր» ՍՊԸ-ն 2016 թվականի հունվարի 19-ին Հյուսիսային պողոտա 6 շենքի բնակիչներին տեղեկացրել է, որ սահմանված կարգով ձեռք է բերել Երևանի՝ Հյուսիսային պողոտայի 6/3 հասցեում գտնվող անշարժ գույքը (տնտեսական մասնաշենք), ինչպես նաև համապատասխան շարժական գույքերն՝ իրենց պատկանելիքներով և սպասարկման համար անհրաժեշտ այլ գույքերով։ Այսինքն՝ ընկերությունը փետրվարի 1-ից սկսելու է շահագործել այդ գույքերը։ 

«ԷՆԷՅ 641 էներջի Թրանսֆեր»-ը բնակիչներին առաջարկել է ընկերության հետ կնքել տնտեսական բլոկի շահագործման՝ տաք ջրի, ջեռուցման, սառեցման և այլ ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրեր։ Հակառակ պարագայում, բնակիչների փոխանցմամբ,  ընկերությունը խոստացել է 2016 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել այդ ծառայությունների մատուցումը։

Բնակիչները դեռևս այդ ժամանակից ահազանգում էին, որ նոր ընկերությունը ոչ միայն որոշել է չնվազեցնել, իրենց պնդմամբ՝ հանրապետության ամենաթանկ վճարվող սակագները, այլև հայտնել է, որ շենքի բնակիչները 2016 թվականի փետրվարի 1-ից ջրամատակարարման համար պետք է հավելյալ 25 000 դրամ ամսավճար վճարեն, հակառակ դեպքում նորընտիր ընկերությունը սպառնացել է դադարեցնել տաք ջրի, ջեռուցման և սառեցման մատուցվող ծառայությունների մատակարարումը:

Բնակիչները հրաժարվել են հավելյալ 25 000 դրամի վճարումը կատարել, արդյունքում՝ սեպտեմբերի 1-ին ընկերությունն անջատել է բնակիչների տաք ջրիմատակարարումը և սառնամատակարարումը։ Բնակիչներից ոմանց համար կաթսայատան աշխատանքները վերականգնվել է միայն 25 000 դրամի վճարմամբ, իսկ ոմանք էլ, ինչպես բնակիչներից Պեդրո Ծառուկյանի դեպքում, սկսել են գործարկել արևային տաք ջրի կայան։

Այս դեպքից հետո մի քանի շաբաթ տևած քվեարկման արդյունքում, շենքի 52 բնակիչներ, որը կազմում է շենքի 2/3-ից ավելին, միաձայն քվեարկելով «Հյուսիսային պողոտա 6» համատիրության նախագահի պաշտոնից հեռացրեցին Ռաֆայել Վեքիլյանին՝ համատիրության նախագահ ընտրելով Գեորգի Օկոևին։

Բնակիչներն իրավիճակից որպես ելք են համարել շենքի տանիքում կաթսայատան կառուցումը, սկսել են գազաֆիկացնել շենքը, սակայն դեկտեմբերի 22-ին տեղեկացել են, որ «Հյուսիսային պողոտա 6» համատիրության նախկին նախագահ, այդ շենքի բնակիչ Ռաֆայել Վեքիլյանը հայցադիմում է մուտքագրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և վերցրել կատարողական թերթ, որով ԴԱՀԿ ծառայության միջոցով, կասեցվել է տանիքում կաթսաների շինարարական աշխատանքները։

«Իմ տեղեկություններով, Ռաֆայել Վեքիլյանը՝ որպես բնակիչ, դիմել է դատարան, հայտնելով, որ կաթսայատան համար կառուցվող խողովակներն իր բնակարանի պատի վրայով են անցնում, և նրան այդ դուր չի գալիս։ Բացի այդ, նշել է, որ տանիքում ապօրինի գործ է կատարվում, առանց հաշվի առնելու, որ շենքի բացարձակ մեծամասնությունը գումար է հավաքել և որոշել է շենքի տանիքում ոչ շահույթով աշխատող կաթսա կառուցել»,-ասաց շենքի բնակիչ Պեդրո Ծառուկյանը։


Շենքի մյուս բնակիչ Աշոտ Ասլանյանի փոխանցմամբ՝  այս լարված իրավիճակը ստեղծվել է այն ժամանակ, երբ նոր ընկերություն է եկել, որը, նրա գնահատմամբ, կեղծ սնանկության արդյունքում գնել է տնտեսական հանգույցը։

«Եթե շարժվենք եղած իրավիճակով, ապա կստացվի, որ բնակիչները իրենց բակի սեփականատերը չեն, իրենց կենսական նշանակության ծառայությունները չեն կարող ստանալ, կամ էլ պարտադրված են ստանալ ինչ-որ մեկի քմահաճույքով։ Այս իրավիճակում, նաև տեսնում ենք բնակչի կերպարանափոխումը, երբ մարդ (Ռաֆայել Վեքիլյանը –հեղ.) պաշտոն է ստանձնում, չի կարողանում իրեն զսպել ու տրվում է  ագահության»,- ասում է Աշոտ Ասլանյանը։

Ասլանյանը կարծում է՝ իրավիճակից ելք են գտել՝ «անկախացնելով» կաթսայատունը, որով մատակարարվելու է կեսական նշանակության անհրաժեշտ ծառայությունները, և, իր խոսքով, իրենց բակն իրենցն է դառնալու։

Մեր՝ շենք կատարած այցի ժամանակ, այնտեղ էր նաև համատիրության նախկին նախագահ, կաթսայատան ներկայիս շահագործող ընկերության տնօրեն Ռաֆայել Վեքիլյանը, ով հրաժարվեց մեզ հետ խոսել՝  հայտնելով, որ շտապում է, չի ցանկանում զրուցել։

Նշենք, որ Հյուսիսային պողոտա 6 հասցեի շենքի բնակիչները մինչ այս ընկերության՝ կողմից կաթսայատան շահագործումը, 1 խորանարդ մետր տաք ջրի համար վճարում էին 3100 դրամ: Նրանց պնդմամբ՝ Հյուսիսային պողոտայի հարևան շենքում 1 խորանարդ մետր ջուրն արժե 1500 դրամ, ամռանն այդ շենքում ջուրը տաքացվում է արևային համակարգով, և վճարը դառնում է 600 դրամ: Բնակիչները հավաստում են, որ շենքում տաք ջուրը 25-40 աստիճան էր, ինչը համարում են սառը ջուր՝ հավաստելով, որ տաք ջրի ջերմաստիճանը պետք է լինի 50-ից ոչ պակաս, իսկ նման պարագայում, նշում են, որ 25-40 աստիճան տաքության ջրին սառը ջուր չեն «խառնում», և ծախսերը մեծանում են: Արդյունքում, ասում են, ստիպված են լինում ամեն ամիս «աստղաբաշխական» գումարներ վճարել՝ կաթսայատան սպասարկման համար։

Դեռևս 2012 թվականին կրկին անդրադարձել էինք այս շենքի պատմությանը։ Այն ժամանակ բնակիչները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել շենքի բակի և բակում կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքի պետական գրանցումը և բակն ու կաթսայատունը՝ իր բոլոր սարքավորումներով, ճանաչել շենքի սեփականատերերի սեփականություն։

Բնակիչները բողոքում էին կաթսան շահագործող նախորդ՝ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ից, պնդելով, որ ընկերություննը իրենց «հաշվին» գերշահույթ է ստանում, և այն ժամանակվա համատիրության նախագահ Ռաֆայել Վեքիլյանը ևս այդ գերշահույթի դեմ պայքարողներից մեկն էր: Դատական նիստերից մեկի ժամանակ նա դատարանում հայտարարել էր. «Մենաշնորհը սպանում է Հայաստանը»։ 

Մեկնաբանություններ (1)

Սարգիս Վ.
Վերաքննիչ վաչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և Արագածոտնի դատախազ Դավիթ Վեքիլյանը պիտի զրկվեն իրենց պաշտոներից իրենք պարզապես գողությունով են զբաղվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter