HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Սեռական բռնության մասին բարձրաձայնելուց հետո երիտասարդ ընտանիքը որոշել է հեռանալ Հայաստանից

Գուրգենը և Լուսինեն (անունները փոխված են-հեղ.) աշխատել են նույն բուքմեյքերական ընկերության երկու գրասենյակներում: Գուրգենը, ինչպես պատմում է Լուսինեն, պարբերաբար անկանխիկ խաղադրույքներ է կատարել և պարտվելու դեպքում վճարել գումարը: Ընկերությունում գործել է նման կարգ, ըստ որի՝ աշխատակիցները հետագայում վճարելու պայմանով անկանխիկ խաղադրույքներ են ընդունել որոշ մարկանցից, որոնց իրենք ճանաչում էին: Գուրգենը խաղադրույք է կատարել ոչ թե իր աշխատավայրում, այլ մոտակա բուքմեյքերական կետում, որտեղ Լուսինեն գանձապահ էր:

2015թ-ի ամռանը Գուրգենը հերթական խաղադրույքի ժամանակ պարտվել է 50 հազար դրամ և խոստացել շուտով վճարել: Գումարը վերադարձնելու պատճառաբանությամբ նա Լուսինեին հրավիրել է սրճարան: Վերջինս համաձայնվել է` առաջարկելով գնալ այն բար-սրճարանը, որտեղ ինքը նախկինում այցելել է ամուսնու հետ:

«Երբ որ ես ստիպեցի իրան, ասեցի գումարը տուր, ես պետք ա գնամ աշխատանքի վայր, դու գիտես, որ ինձ չի կարելի էդքան բացակայել, հա` կտամ, կտամ… էդպես ձգեց, ու էդտեղ փորձ եղավ: Որ փորձ եղավ, դրանից հետո ես ուղղակի դուրս եկա, ինձ արդեն գումարի հարցը ընդհանրապես էդ պահին չէր հետաքրքրում: Դրանից հետո գումարը, կարելի ա ասել, մի կողմ ընկավ, արդեն [սկսվեց] սպառնալիքը»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն: Բացատրում է, որ գումարը կարևոր էր միայն այնքանով, որ ընտանիքը գիտեր իր ծախսերի մասին և կարող էր նկատել իրեն չվերադարձրած պարտքը:

Առաջին հանդիպումից հետո, շարունակում է Լուսինեն, հանդիպումներին գնացել է սպառնալիքների պատճառով: Նա հիշում է, որ Գուրգենը սպառնացել է պատմել իր ամուսնուն, թե նախկինում սեռական հարաբերություն են ունեցել, իսկ ինքը վստահ չի եղել, թե ամուսինը չի հավատա, հետևաբար` կզրկի երեխաներին տեսնելու հնարավորությունից. «Եթե չգաս, ամուսնուդ կասեմ, ինձ կհավատա՞, թե քեզ. տղամարդը ինձ կհավատա»: Բացի այդ, պատմում է Լուսինեն, Գուրգենը սպառնացել է նման լուրեր տարածել նաև աշխատավայրում. «Գիտեք, որ ներվայնանում էր, իր համար միևնույն էր դառնում` կողքը մարդ կա, չկա: Ու երբ որ աշխատանքի վայրում էինք լինում, մարդ չէր լինում, ասում էր, որ անպայման պետք է դուրս գամ, ինքը իմ հետ խոսալու բան ունի, ես իրան ասում էի` ես քո հետ էլ ոչ մի բան չունեմ խոսալու, ասում էր` դու չես որոշողը, եթե դուրս չգաս, կֆռամ կասեմ»:

Գուրգենը առաջարկել է կրկին հանդիպել` խոստանալով այս անգամ վերադարձնել պարտքը: Երկրորդ հանդիպմանը, պատճառաբանելով աղմուկը, Գուրգենն առաջարկել է առանձնասենյակում զրուցել: Երբ գումարից են խոսել, Գուրգենն ասել է, որ գումար չկա: Լուսինեն ասում է, որ այնտեղ նա կրկին բռնաբարության փորձ է արել, ինքը դիմադրել է: Հաջորդ անգամ նա Լուսինեին հրավիրել է աշխատավայրից ոչ հեռու գտնվող հյուրանոց:

Նույն օրը Լուսինեն ինքնասպանության փորձ է արել: Ավելի ուշ ոստիկանությանը տված բացատրության մեջ նա գրել է, որ վախեցել է, թե ամուսինը կիմանա բռնաբարության մասին և իրեն կամ Գուրգենին կվնասի, կամ կզրկի իրեն երեխաներին տեսնելու հնարավորությունից: Կիևյան կամրջի վրա Լուսինեին նկատել է տարեց մի կին, որն էլ տաքսիով նրան տուն է տարել: «Ոստիկանություն չէի կարա դիմեի, դա բացառված բան էր, որովհետև ոստիկանությանը դիմելը նույնն էր, որ ամուսնուս ասեի»,- բացատրում է Լուսինեն: Ամուսինը` Արտակը (անունը փոխված է-հեղ.), դեպքի ժամանակ աշխատել է ոստիկանությունում:

Տանը այդ օրը նա մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. ընտանիքի անդամները սա ընդունել են որպես սովորական սննդային թունավորում, ոչ թե ինքնասպանության փորձ, և բուժել են տնային պայմաններում:

Հաջորդող օրերին ամուսինը` Լուսինեի մոտ տարօրինակություններ է նկատել: «Զզվում էր ինքը, էրեխեքին չէր կպնում, անընդհատ ինձ ասում էր` դու էրեխուն հագցրա, դու էրեխուն լողացրա, դու կերցրա: Պառկում էինք, միշտ ինքը առանձին էր պառկում: Շատ ժամանակ ա եղել, որ ցույց ա տվել` իբր ինձանից նեղացած ա, բազկաթոռին ա նստել, չի քնել: Այ սենց խուսափել ա անընդհատ: Կապտուկներ եմ նկատել էդ ժամանակ, որ էդ հանցագործն ա խփած եղել: Ես հարցրել եմ էլի` էս ինչ կապտուկ ա, բա` գործ անելիս ստեղս խփեցի, էնտեղս խփեցի…»,- հիշում է ամուսինը: Ամուսինն այժմ հիշում է, որ Լուսինեն կատարվածի մասին զրուցելու անվստահ փորձեր է արել, բայց պատրաստ չլինելով` միշտ հետաձգել է:

2015թ. դեկտեմբերի վերջին, ինչպես հիշում է Լուսինեն, Գուրգենը նորից գնացել է բուքմեյքերական կետ, խաղադրույք կատարել 20-30 հազար դրամի չափով և պարտվել է, այնուհետև անկանխիկ խաղադրույք է կատարել և որպեսզի Լուսինեին վստահեցնի, որ գումարը կարող է վճարել, ցույց է տվել իր մոտ եղած 20 հազար դրամանոց թղթադրամները: Այդ օրը, Լուսինեի խոսքով, Գուրգենը պարտվել է 530 հազար դրամ: Պատճառաբանելով, որ այդքան գումար չունի, Լուսինեից ևս 30 հազար դրամ է խնդրել` վստահեցնելով, որ դրանով կվերցնի գրավադրած ոսկին և կվճարի պարտքը:

Գրասենյակի նոր տնօրենը զգուշացրել էր, որ այլևս ապառիկ խաղադրույքներ չընդունեն: Նրա հարցին Լուսինեն պատասխանել է, թե ամեն ինչ նորմալ է, քանի որ հավատացել է, թե Գուրգենը կվերադարձնի գումարը: Ավելի ուշ նա հասկացել է, որ կրկին խաբվել է: Տնօրենը աշխատանքից ազատել է Լուսինեին, որն էլ պարտավորվել է մի քանի օրվա ընթացքում վճարել պարտված գումարը` 530 հազար դրամը:

Հաջորդ օրը Լուսինեն գնացել է ամուսնու աշխատավայր: Մինչ այդ նա ամուսնուն հայտնել էր աշխատանքից ազատվելու մասին, վերջինս վստահեցրել էր, որ կվճարեն այդ գումարը: Տեսնելով, սակայն, որ կինը անհանգիստ է, Արտակը հասկացել է, որ հարցը միայն գումարը չէ: «Ասի` ի՞նչ խնդիր ա, ասա ինձ, ինչ ծանր իրավիճակում էլ հայտնված լինես, ես կհասկանամ, մենակ ասա, որ կարողանանք լուծենք միասին: Նոր պոռթկալով սկսեց պատմել, իմ աշխատանքի վայրում»,- հիշում է Արտակը:

Լուսինեն վստահ չէ, թե կպատմեր դեպքի մասին, եթե իրեն աշխատանքից չհեռացնեին. «Ուղղակի ինքն էլ էր սխալ հաշվարկ արել. մտածեց, որ աշխատանքից էլի չեն ազատի ինձ, ու կշարունակեր նույն սպառնալիքները, ու ես էլի ձայն չէի հանի: Ինքը լավ գիտեր, որ ես ամանորից հետո որոշել էի վերջնական էդ հարցի լուծումը ինքնասպանությունով կատարեի»:

Ամուսնուն Լուսինեն ասել է, որ չի ցանկանում դիմել ոստիկանություն` հաշվի առնելով, որ նա այնտեղ է աշխատում: «Ասեցի` լսի, ես խայտառակ ըլնելու բան չունեմ: Եթե հանցագործություն ա կատարվել, խայտառակ լինելը ո՞րն ա, եթե տուժած ես: Եթե հանցագործ ա, հանցագործը պիտի արժանի ձևով պատժվի, ով ուզում ա` լինի: Չէր ուզում հաղորդում տար ոստիկանություն, ասում էր` ինքն իրանը կստանա, բայց բացատրեցի կարգը, ասի միայն օրենքով, օրենքով ինքը իրա պատիժը կստանա: Ես ծառայում եմ, մտածում եմ` շատ դեպքեր ա եղել, որ իրոք պատժվել են հանցագործները: Ինչ մտածես, որ օրենքի մեջի մարդը ինքը օրենքի զոհ ա դառնալու»,- պատմում է ոստիկանության արդեն նախկին աշխատակիցը:

«Հանցագործին պատժեք, հակառակ դեպքում ես կդառնամ հանցագործ»

Բռնաբարության և խարդախության մասին ամուսինները հաղորդում են տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում: Քննությունն իրականացրել է Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Մարգարյանը: Տուժողի ամուսինը պատմում է, որ քննիչը ցանկացել է կնոջ հետ առանձին խոսել, որի ժամանակ սպառնացել է նրան, խեղաթյուրել է առերեսման ժամանակ ասված խոսքերը, ուղղորդել է կնոջը ցուցմունք տալիս:

«Երբ որ ես հարց էի տալիս կամ ինչ-որ մի բան պատմում էի, երկուսով սկսում էին քմծիծաղել, իսկ երբ որ ես էի իր (Գուրգենի - հեղ.) սուտ պատմածների վրա ծիծաղում, [քննիչը] ինձ ասում էր` գործը շուռ կտամ վրեդ, քեզ կոռեկտ պահի… Ու դրանից ինքը (Գուրգենը - հեղ.) ավելի էր ուժեղանում»,- պատմում է Լուսինեն:

Բացի այդ, տարբերվել են նաև Գուրգենի ցուցմունքները տարբեր ժամանակներում: 2015թ. հունվարին տված ցուցմունքում նա հայտնել է, որ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել տուժողի հետ. «Լուսինեի հետ ունեցել եմ ընկերական փոխհարաբերություններ, ներկայումս ոչ մի փոխհարաբերություն չունեմ: Ես և Լուսինեն սիրային հարաբերության մեջ չենք գտնվել, ոչ ես նրան, ոչ էլ նա ինձ սեր է խոստովանել»: Երեք օր անց տված ցուցմունքում հայտնել է, որ սիրային հարաբերություն են ունեցել, և ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Քննիչն այս հակասությունը չի արձանագրել:

Ավելի ուշ Լուսինեի ամուսինը հասկացել է, որ գործը պետք է քննվեր զինվորական քննչական գլխավոր վարչությունում (ԶՔԳՎ), քանի որ Գուրգենը աշխատում էր նաև որպես պայմանագրային զինծառայող պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: Նա բացարկ է ներկայացրել քննիչին, ում, ըստ իր խոսքերի, կարգապահական տույժի են ենթարկել, և գործը փոխանցվել է ԶՔԳՎ:

Չորրորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Ռուբեն Գրիգորյանը հավատացրել է, որ ընթացք կտա գործին՝ վերծանելով կողմերի հեռախոսային հաղորդագրությունները: Ամուսինները նորից բացատրություններ են տվել, Արտակն այս անգամ ներգրավվել է որպես վկա:

Այս քննիչը նույնպես, ըստ Արտակի, կողմնակալ քննություն է իրականացրել: Արտակը հիշում է, որ մի անգամ տեսել է, որ Գուրգենը իր մեքենայով քննչական բաժին առերեսման է բերել երկու վկաների, իսկ քիչ անց քննչականի բակում տեսել է նրան, քննիչին և երկու վկաներին` մտերմորեն զրուցելիս: Ընդ որում, ինչպես պատմում է նա, Գուրգենը ոչ առերեսման էր եկել, ոչ էլ հարցաքննության:

Վկաներից մեկի խոսքերը, ըստ տուժող կողմի, խեղաթյուրվել են, ինչը նկատել է փաստաբանը և ուղղել տվել: Մյուս վկային Լուսինեն չի ճանաչել և հրաժարվել է առերեսումից: «Ջոզեֆի պարագայում կարծես սցենարը կար, ինքը պետք է ասեր, ուղղակի չէր ստացվում, որովհետև չէր կարողանում նայել աչքերիս ու ասել այն, ինչ որ պետք ա ասեր: Իսկ երկրորդը, նույնիսկ կասեի, որ չգիտեր էլ, թե ինչու էր եկել: Եկել էր, որ ասեր, որ տեսել եմ, որ դուք իրար հետ սիրային հաղորդագրություններ եք գրել»,- ասում է Լուսինեն` հավելելով, որ նա Գուրգենի համագյուղացին է:

Քննիչը նաև տուժող կողմին տեղեկություն չի տրամադրել` հեռախոսային հաղորդագրությունների վերծանումների մասին, չի ստացել բուքմեյքերական կետի տեսաձայնագրությունները, քննության սկզբում ասել է, թե «խարդախությունը տեսնում է, բայց բռնաբարություն չի տեսնում»՝ այդպես էլ չնշանակելով դատահոգեբանական փորձաքննություն` կնոջ հոգեբանական վիճակի պատճառը պարզելու համար:

Արտակը պատմում է, որ Լուսինեն հոգեկան ծանր ապրումներ է ունեցել և ինքնասպանության փորձեր է կատարել:

Քննիչ Գրիգորյանը կարճել է բռնաբարության և խարդախության գործը: Բռնաբարության մասով նա եզրակացրել է, որ «նկարագրված հանցանքի կատարումը վկայող փոխկապակցված բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել… և նոր ապացույցներ հավաքելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են»:

Ինչպես նշում է տուժող կողմի պաշտպանը, դատաբժշկական փորձաքննության ժամանակ փորձագետը չի բացառել, որ բռնաբարություն եղել է: Փաստաբան Զարուհի Հայրապետյանը այն հարցին, թե արդյոք դեպքի օրը մարմնական վնասվածքներ եղել են, ստացել է հետևյալ պատասխանը. «Փորձաքննությանը ուշ ներկայացնելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով հնարավոր չէ պատասխանել, բայց հնարավոր է` այդպիսիք եղած լինեն, սակայն ապաքինման հետևանքով անհետացած լինեն»: Փաստաբանի խոսքով` սա նշանակում է, որ անհրաժեշտ է կատարել բազմակողմանի քննություն, իսկ դրա ձևերից մեկն էլ դատահոգեբանական փորձաքննությունն է:

«Հետք»-ի հետ զրույցում քննիչ Ռուբեն Գրիգորյանը նշեց միայն, որ հոգեբանական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չի եղել` առանց մանրամասնելու: Փաստաբանն ասում է, որ քննիչը մերժել է միջնորդությունը` պատճառաբանելով, որ Լուսինեի` «փաստական հանգամանքները ընկալելու հետ կապված վարույթ իրականացնող մարմինը որևէ կասկած չի հայտնել»: «Բայց դատահոգեբանականը ընկալման խնդրի հետ կապված չի, դա դատահոգեբուժականն է»,- ասում է Զարուհի Հայրապետյանը և նշում, որ անհրաժեշտ էր պարզել, թե արդյոք կնոջ հոգեվիճակը կարող էր սեռական բռնության հետևանք լինել:

Գործով փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ հավելում է, որ սեռական ոտնձգության ենթարկված անձիք սովորաբար մեծ սթրեսի պատճառով չեն կարողանում պատմել դեպքի մասին և հաղորդում տալ: «Մնում էր միայն ճշտել` էս կինը հոգեբանական տրավմա ստացե՞լ է էդ դեպքից հետո, ինչ հոգեվիճակում է գտնվում…: Իրենք ուղղակիորեն էդ միջնորդությունը անհիմն կերպով մերժեցին ու հիմք ընդունեցին Գուրգենի ցուցմունքները, որ նման բան չի եղել: Իսկ ի՞նչ պետք է ասեր Գուրգենը, ո՞ր մի բռնաբարություն կատարողը կգնար կասեր` այո, ես կատարել եմ դա»,- ասում է փաստաբանը:

Քննիչը նշում է տուժողի վկայությունն այն մասին, որ բռնաբարության օրը որևէ կերպ չի արձագանքել, «աղմուկ չի արել, որ իր նկատմամբ կատարվում է սեռական բնույթի բռնի գործողություն», ինչի հիմքով էլ բռնաբարության հանգամանքը հերքվել է:

«Բոլոր հնարավոր ճանապարհներով ձեռք են բերվել տարբեր տեսակի ապացույցներ, և այդ ապացույցների հիման վրա չի հիմնավորվել, որ [Գուրգենը] կատարել է խարդախություն կամ բռնաբարություն է կատարել [Լուսինեի] նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասում է քննիչ Ռուբեն Գրիգորյանը:

Խարդախության մասով Ռ. Գրիգորյանը որոշման մեջ նշել է, որ Գուրգենը «գումարը հափշտակելու դիտավորություն ի սկզբանե չի ունեցել», քանի որ պարտավորվել է մաս-մաս վերադարձնել ընդհանուր 610 հազար դրամ գումարը: Գործը կարճելու որոշման վերջում քննիչն ավելացրել է, որ «ձեռք բերված փաստական տվյալները» բավարար չեն նաև Լուսինեի կողմից «սուտ մատնություն կատարելու կամ սուտ ցուցմունք տալու» նրա մեղավորությունն ապացուցելու համար:

Արտակը հավելում է, որ իրավապահներին զգուշացրել է օրենքը չկիրառելու դեպքում «սեփական արդարադատությանը» դիմելու մասին. «ասել եմ` հանցագործին պատժեք, հակառակ դեպքում ես կդառնամ հանցագործ»:

Մեղադրվողը հերքում է

«Հետք»-ի հետ զրույցում Գուրգենը հերքում է բռնաբարության մասին տեղեկությունը: Նա ասում է, որ եթե բռնաբարություն եղած լիներ, ինքը հեռախոսով չէր զրուցի մեզ հետ: Գուրգենը պատճառաբանում է, որ ամուսինները պարզապես ցանկանում են իրենից գումար վերցնել:

Ավելին, հանցագործության մեջ մեղադրվողը հավելում է, որ ընկերությունում անկանխիկ խաղադրույք կատարելու կարգ չի եղել, և 530 հազար դրամի խաղադրույքն էլ ինքը չի կատարել: «Ինքը ինչ խփում էր, էն էլ վերցնում էր, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ: Կարող ա ես հիվանդ մարդ եմ, մտնում եմ ասում եմ 1000 դրամ խփի, խփո՞ւմ ա: Ճանաչելն ինչ կապ ունի, իրա մարդն էլ ըլներ, չպտի խփեր… Կարող ա ես խմած գայի էդտեղ, չհասկանայի, 30 մլն ուզեի, պիտի խփե՞ր:- հարցնում է Գուրգենը` միաժամանակ ընդունելով, որ անկանխիկ խաղադրույք կատարել է, -Ես չեմ ասում՝ ես չեմ խաղացել, բայց էդքան՝ ինչքան ինքն ա ասել, էդտեղից ես երևի մի 100 հազար եմ խփել... Նենց չի, որ պարտավորվել եմ [վճարել], ուղղակի ասի էդ փողը զուտ նվեր տամ ձեզ, ձեր շառը քաշեք գնացեք»:

Ամուսինները ժխտում են, որ գումարն իրենց համար առաջնահերթ է` պնդելով, որ հրաժարվել են վերցնել այն: Արտակը կարծում է, որ Գուրգենը խարդախության նպատակ չի ունեցել, այլ ցանկացել է գումարի միջոցով կնոջը «պահել բռի մեջ», նորից սեռական ոտնձգություն կատարել:

Տուժող կողմը բողոքարկել է քննիչի որոշումը` քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ճնշումներ աշխատավայրում

Արտակը հիշում է քննության ընթացքում թույլ տրված այլ խախտումներ ևս: Օրինակ, քննիչն իրեն Գուրգենի հետ առերեսման է կանչել՝ առանց ծանուցագիր ուղարկելու: Նա կարծում է, որ նպատակը կռիվ հրահրելն ու այդպիսով խնդիրը հանգուցալուծելն է եղել: Երբ Արտակը քննիչից ծանուցագիր է պահանջել, վերջինս վիրավորել է իրեն:

Արտակի հեռախոսն ինքնաշխատ կերպով ձայնագրել է մուտքային և ելքային զանգերը: Սրա մասին, ըստ Արտակի, քննիչը լավ գիտեր, քանի որ ինքը նախկինում ներկայացրել է բուքմեյքերական կետի տեսագրությունը ձեռք բերելու մասին կնոջ և նրա տնօրենի միջև խոսակցության ձայնագրությունը և հայտնել, որ խոսակցությունները ձայնագրվում են իր և կնոջ հեռախոսներում: Քննիչ Ռուբեն Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քննչական կոմիտեում իրականացվել է ծառայողական քննություն, որի նյութերը Արտակը ստացել է, և չի ցանկանում այդ մասին խոսել:

Քննիչը Արտակին քննության ներկայանալու պահանջով գրություն է ուղարկել աշխատավայր՝ հասցեագրելով այն վարչության շտաբի պետին: Արտակն ասում է, որ նա պարտավոր էր նախ գրություն ուղարկել բնակության վայր, և այս պատճառաբանությամբ չի ներկայացել քննության, ինչի մասին տեղեկանալով` շտաբի պետը պահանջել է զեկուցագիր գրել և հեռանալ աշխատանքից:

Արտակը ոստիկանությունում աշխատել է 12 տարուց ավելի, եղել է ավագ տեսուչ: Սկզբում զեկուցագիր չի գրել, սակայն երբ աշխատակիցների հետ հարաբերությունները լարվել են, աշխատանքից ազատվելու գրություն է ուղարկել շտաբի պետին և ոստիկանապետին՝ հայտնելով, որ չի կարող լարված մթնոլորտում աշխատել: Շտաբի պետը, ըստ Արտակի, պատռել է ազատման դիմումը և պահանջել նորը գրել, ինչից հետո ինքը նույն բովանդակության երկրորդ դիմումն է գրել և ազատվել աշխատանքից:

Նա դիմումներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և դատախազություն` դժգոհելով զինվորական դատախազությունում քննության ընթացքից: Նրա համար անհասկանալի է, թե ինչու են գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումները ուղարկվել զինվորական դատախազություն, որի գործելաոճի դեմ էլ բողոքում է ինքը:

Ոստիկանությանը նա խնդրել է քննել շտաբի պետ Իսկանդարյանի գործողությունները՝ իր դիմումը պատռելը և ոստիկանության համակարգից իրեն հեռացնելը: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ շտաբի պետի «գործողություններում կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել», իսկ  Արտակին «ոստիկանությունում ծառայությունից ազատելու հրամանը վերանայման ենթակա չէ»:

Ավելի ուշ Արտակին կանչել են ոստիկանություն` նոր աշխատանք առաջարկելու: Վերջինս պատմում է, որ ոստիկանությունում իրեն անվանել են «շառլատան», կշտամբել են, որ իր «չեղածի» մասին աղմուկ է բարձրացրել, երբ ուրիշներն իրենց «եղածն» են թաքցնում, փորձել պաշտպանել շտաբի պետին, և այնուամենայնիվ աշխատանք են առաջարկել, այս անգամ` Մաշտոցի տարածքային բաժնում: Արտակը մերժել է առաջարկը` պատճառաբանելով, որ իր նպատակը ոչ թե ոստիկանության համակարգ վերադառնալն է, այլ արդարության հասնելը: «Փորձում են ինձ աշխատանքի կանչելով` իրենց սխալը ուղղեն, բայց չընդունեն, որ սխալ են: Փորձում են այդ կերպ ինձ լռեցնել և բոլորին ապացուցել, որ ոչ թե Արտակը պայքարում էր արդարության, այլ ընդամենը պաշտոնի համար»,- ասում է նա:

Խտրական վերաբերմունք սեռական բռնության ենթարկված կանանց նկատմամբ

Լուսինեն ինքնասպանության մեկ այլ փորձ է արել այս տարվա գարնանը: Դստերը պարի դասերի տանելուց հետո հեռախոսով ասել է, որ իրեն այլևս չեն տեսնի, «էլ խայտառակ չեք լինի»: Արտակը, նրա հայրն ու գործընկերները դժվարությամբ գտել են Լուսինեին, որն այս անգամ որոշել է նետվել ոչ թե կամրջից, որտեղ կարող էին կանխել փորձը, այլ ձորում գտնվող մի ժայռից: Ոստիկանությանը տված բացատրության մեջ նա գրել է, որ անարդարությունից դրդված է ինքնասպանության փորձ արել:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի մասնագետները հիշում են, որ Լուսինեն կենտրոն է ընդունվել հուզական մեծ լարվածությամբ, ինչը վկայում էր ծանր ապրումներ ունեցած լինելու մասին: Նա մինչ այժմ այցելում է կենտրոն և հոգեբանական աջակցություն է ստանում, դեղեր է ընդունում:

Կենտրոնի մասնագետ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ սեռական բռնության ենթարկված կանայք շատ դեպքերում պատրաստ չեն լինում դիմել իրավապահներին, իսկ դիմելու դեպքում քննիչների խտրական վերաբերմունքին արժանանում են նրանցից շատերը:

Լուսինեն չի բացառում, որ Գուրգենի առաջին զոհը չի եղել: Նա պատմում է իրավապահների վերաբերմունքի մասին, որին ինքն արժանացել է. «Շատ արհամարհական, ծիծաղի են վերածում, տղայական ձևով` կարար և չլիներ, բայց չեն հասկանում, որ քո երեխաներին է սպառնում, քո ընտանիքին, ու դու չգիտես` ում դիմես, երբ որ դու էդ ամենի մեջ մի բան ես գտնում` մեռնել, և քո ընտանիքը կհանգստանա, ոչ մեկ չի սպառնա քո երեխաներին»:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը այժմ պաշտպանում է մեկ այլ տուժողի ևս, որին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը նախ հետաձգվել է, ապա գործը կարճվել է: «Ցանկանում են կոծկել, քննություն չկատարել, ու ստացվում է, որ էս ծանր հանցագործություններ կատարած անձիք ուղղակի մնում են ազատության մեջ, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ու տուժողների իրավունքները ոտնահարվում են: Ու ինչ է ստացվում, որ վաղը էլի նման դեպքերի պարագայում որևէ մի տուժող ուղղակի ռիսկ չի անի գնա և դիմի իրավապահ մարմիններին: Ավելի շատ կմտածի իրա կյանքին վերջ տա, քան թե իրավապահներին դիմի, որովհետև ավելի վատ պայմաններում է հայտնվում տուժողը, շատ ավելի վատ վիճակում»,- ասում է փաստաբանը:

Լուսինեն փորձում է հաղթահարել այս պատմության հետ կապված հիշողությունները: Նա դժվարությամբ է խոսում դեպքի մանրամասների մասին: Այժմ այլ աշխատանք է գտել, ապրում է երկու մանկահասակ երեխաների հետ:

Թեև գործը քննվում է դատարանում, իսկ Արտակը չի ցանկանում մինչև դատավարության ավարտը կարծիք հայտնել դատարանի գործելաոճի վերաբերյալ, նա որոշել է ընտանիքի հետ հաստատվել այլ երկրում: Երևանում մեր զրույցից ամիսներ անց նա հեռախոսով տեղեկացրեց, որ մեկնել է Հայաստանից, բայց ոչ թե արտագնա աշխատանքի, այլ հարմար քաղաք ընտրելու և կնոջն ու երեխաներին տեղափոխելու համար: «Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց: Ուղղակի չեմ ուզում ես էդ երկրում ապրեմ, ոչ էլ երեխաներս անօրեն երկրում մեծանան, որովհետև եթե ես, իմ ընտանիքը, իմ կինը պաշտպանված չենք օրենքով, ի՞նչ երաշխիք կա, որ էգուց իմ էրեխեքը նմանատիպ խնդիրների առաջ չեն կանգնի և էլի անպաշտպան կլնեն: Դրա համար ես ընտրել եմ երկրորդ երկիր»,- իրավապահ մարմինների հետ աշխատանքի մեկ տարվա փորձից հետո ասում է նա:

Գուրգենը նույնպես ամուսնացած է, ունի երեխա: Նա շարունակում է աշխատել պաշտպանության նախարարությունում:

լուսանկարը` stock.xchng/abc.net.au

Մեկնաբանություններ (1)

ԱՆի
Քանի դեռ մեր մեջ տարածված է էդ ամոթի ու գործ տվողի հոգեբանությունը, էս դեպքերը շարունակվելու են ու չեն բացահայտվելու: Ինչքան քիչ դիմեն մարդիկ սենց դեպքերով, ինչքան ուշ դիմեն, էնքան կնպաստեն դեպքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter