HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երբ միջամտում են խոշորները. 300-ից ավել ջայլամ սատկել է սովի պատճառով

Մասնագիտությամբ վիրաբույժ Տիգրան Խաչատրյանը ջայլամաբուծությամբ սկսել է զբաղվել 7,5 տարի առաջ: Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրել է մոտ 1 ամսական 24 հատ ջայլամի ճուտ: Թողել է բժշկությունը և իրեն նվիրել է ջայլամաբուծությանը՝ հույս ունենալով Հայաստանում զարգացնել նաև այս ճյուղը:

Նրա ասելով՝ հատկապես գյուղերում շատերն են սկսել ջայլամի «բուդ» դնել ամանորյա սեղանին: «Կամաց-կամաց խոզի բդին փոխարինում է ջայլամի բուդը»,- ասում է Տիգրանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում չի եղել ջայլամի մսի շուկա, հետևաբար չունենք ջայլամի միս ուտելու մշակույթ: Փոքր քանակով ներկրվել է, որի կիլոգրամը վաճառվել է 40-50 դոլարով:

«Մենք հասանք նրան, որ ջայլամի մսի 1 կիլոգրամը վաճառվեց 3-4 հազար դրամով: Կարելի է ասել, որ աշխարհում ջայլամի ամենաէժան միսն է: Սա այն պարագայում, երբ ջայլամներին կերակրում ենք, չափազանցրած չեմ լինի, աշխարհում ամենաթանկ կերով»,- ասում է Տիգրանը:

Այժմ Տիգրանն իր ֆերմայում ունի 30 հատ մայրական կազմ, որը պատրաստվում է վաճառել կամ հարկադրված մորթի ենթարկել: Ըստ Տիգրանի՝ Հայաստանում ջայլամաբուծությունը կարելի է համարել «անցած էտապ»:

Նա պատմեց, որ մինչև ջայլամների ներկրումը հաշվարկել էր բոլոր ռիսկերը, սակայն մի բան նկատի չէր ունեցել, որ կարող է հայտնվել մի պաշտոնյա և Հայաստան ներկրել մեծ քանակությամբ ջայլամներ` կործանելով փոքր տնտեսություններին:

Տիգրանի և ջայլամաբուծությամբ զբաղվող մյուս տնտեսությունների վիճակը վատթարացել է, երբ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Մովսիսյանը Իրանից Սյունիքի մարզ է ներկրել մոտ 3000 հատ ջայլամ: Նա դրանով մեծ վնաս է հասցրել փոքր տնտեսություններին, իրականացրել է դեմպինգ և շուկայում նույնիսկ 1000 դրամով ջայլամի միս է վաճառել: Ա. Մովսիսյանի մահից հետո տնտեսությունը փակվել է, բայց փակվել կամ փակման եզրին են հայտնվել նաև փոքր տնտեսությունները:

Տիգրանը պատմեց, որ ջայլամը սեռահասուն տարիքի դառնում է 3-4 տարեկանում: Այդ տարիների ընթացքում ներդրումներ են կատարվում, սակայն արդյունքը մոտ 4 տարի հետո է լինում: «Ցանկացած գյուղատնտեսական վարկ վերցնելու դեպքում մարումները լավագույն դեպքում սկսվում են 3-4 ամիս հետո: Ոչ մի բանկ, ոչ մի վարկային կազմակերպություն հարմարացված չէ կոնկրետ ջայլամաբուծությանը»,- ասում է Տիգրան Խաչատրյանը:

Այժմ Տիգրանը հայտնվել է դատարանում՝ ժամկետանց վարկերի պատճառով: Նա, լսելով վարչապետի ելույթը, նամակ է ուղարկել նրան և հանդիպում է խնդրել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի հետ: Նախարարը չի մերժել, ընդունել է Տիգրանին, սակայն վերջինիս խոսքերով՝ ստացել է «ոչինչ չասող պատասխաններ»:

«Գնացեք ձեր գլուխը պահեք, ոնց ուզում եք` գյուղնախարարի խոսքն է: Ասում է՝ գնացեք խոշորների հետ կազմեք կոոպերացիա: Ես էլ ասացի` պարո´ն նախարար, դուք չգիտե՞ք, որ այս երկրում խոշորը մանրին իր կողքը կենդանի չի ուզում տեսնել, պետք է ֆիզիկապես ոչնչացնի: Մեր խոշորի ու մանրի հարաբերությունը դրա վրա է հիմնված: Խոշորը բիզնեսմեն չի, բիզնես մտածելակերպ չունի: Խոշորը չգիտես ինչ փողերով, անհայտ ծագման գումարներով բերած հիմնած մարդն է կամ կազմակերպությունը»,- նշում է Տիգրանը:

Իսկ կառավարությունից պատասխանել են, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր կառույցներ են և միջամտելու հնարավորություն չունեն: Տիգրանը պատմեց, որ 230 000 դոլարի չափով ներդրում է արել: Այժմ վարկային պարտավորությունը կազմում է մոտ 45 000 դոլար: Բանկերում և վարկային կազմակերպություններում գրավադրված է ամբողջ գույքը, այդ թվում՝ միակ բնակելի տունը և հիմա ընտանիքը կանգնած է տունը և ունեցվածքը կորցնելու վտանգի առջև:

«Մեզ այլ ելք չի մնում, քան փակել ֆերման և նույն բիզնեսով զբաղվել արտերկրում՝ Ռուսաստանում»,- նշում է Տիգրան Խաչատրյանը: Նա արդեն ուսումնասիրել է ռուսական շուկան: Այնտեղ միսը 2,5 անգամ թանկ է վաճառվում, իսկ կերը 3 անգամ ավելի էժան է, շուկան էլ՝ մեծ:

Նրա տեղեկություններով՝ Հայանիստ գյուղում, Ճամբարակում, Տավուշում արդեն փակվել են ջայլամաբուծությամբ զբաղվող տնտեսությունները: «Հետքն» արդեն անդրադարձել է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Սլավիկ Զուռնաչյանի ջայլամաբուծության ձախողված բիզնեսի պատմությանը:

Տիգրանի` ջայլամաբուծությամբ զբաղվելու ծրագրերը տապալվել են հենց գումարի բացակայության պատճառով: Այսօր նա պատրաստվում է մորթել կամ վաճառել նույնիսկ մայրացու ջայլամներին, քանի որ նրանց կերակրելու գումար չունի: Իսկ հասուն տարիքի ջայլամին մորթելը նշանակում է վերջ տալ տնտեսությանը:

Տիգրանը պատմեց, որ 1,5 տարվա ընթացքում մորթի ենթակա մոտ 100 և 220 հատ ջայլամի ճուտ է սատկել սովի պատճառով: Կեր չի ունեցել, որպեսզի նրանց կերակրի:

Ասում է, որ չգիտի, թե վաղը ինչ գումարներով է ջայլամներին կերակրելու: Այսօր հավանաբար սոված կմնան, քանի որ կեր չկա, բայց եթե վաղն էլ չկերակրի, «լուրջ պրոբլեմի առաջ կկանգնեն» թե´ ինքը, թե´ ջայլամները:

«Վերջին գումարը բանկը մեզանից տարել է, որպես ժամկետանց վարկի տույժի մարում, որի իմաստը չեմ հասկանում: Միակ մեկնաբանությունս հետևյալն է` եթե խնդիր ունես, ավելի լավ է կործանվես: Ի՞նչ է նշանակում տույժ: Եթե ես դժվարանում եմ, ինչ որ մի փուլում վճարման դժվարություն ունեմ, ի՞նչ է նշանակում լրացուցիչ տույժ ու տուգանք: Այդ տույժ ու տուգանքները որոշ վարկային կազմակերպություններում կազմում է օրը 1%: Ամիսը կազմում է 30% տույժ ու ճիշտն ասած նման թվաբանության մասին ես որևէ տեղ չեմ լսել»,- ասում է Տիգրանը:

Բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնածներին նա խորհուրդ է տալիս գումար ծախսելուց առաջ լավ մտածել, որ մի օր չհայտնվեն իր կարգավիճակում: Տիգրանը պատմեց, որ երկու անգամ առնչվել է Հայաստանի մաքսատան հետ, երրորդ, չորրորդ անգամ երբեք չի ցանկանա առնչվել, մաքսատուն մտնել: «Արհեստական խնդիրների պատճառով ես չեմ ուզենա մտնեմ մաքսատուն և հերթական անգամ գործ ունենամ մեր մաքսավորների հետ»,- ավելացնում է Տիգրանը: 

լուսանկարները և տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (2)

Իշխան
Տիգրան ջան նոր կարդացի եվ շատ եմ ափսոսում....իմ ճանաչած ազնիվ գործարար
Արամ
Այդ սրիկա արմեն մովսիսյանը ավերեց ամեն ինչ, Էներգետիկ համակարգից մինչեվ նաիրիտ եվ քիմպրոմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter