HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

185 տարվա հեռավորություն. Էրզրումի արծաթեցիների գաղթից մինչև Ջավախք

«Պապս ծալապատիկ նստում էր, զինվորական բուշլատը գցում ուսերին՝ թազբեհը քաշելով, հասակակից հարևանները գալիս էին զրույցի, դրան «գոմ նստել» էին ասում: Այդ ժամանակ շատ բաներ էին պատմում արծաթեցի իրենց նախահայրերի մասին»,- հիշում է արմատներով Էրզրումի Արծաթի գյուղից Պետրոս Սարուխանյանը: Ապա ավելացնում է՝ ափսոսում է, որ այդ հուշերը որևէ մեկը ժամանակին գրի չի առել: Իսկ այսօր տարիքով մեծերն արդեն դժվարությամբ են վերհիշում անցյալը, կցկտուր հիշողություններով են փորձում վերականգնել Արծաթին:

Օրեր առաջ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Պետրոս Սարուխանյանի «Արծաթի-Ալաստան. 185 տարվա հեռավորություն» գրքի շնորհահանդեսը: Գիրքը Էրզրումի Արծաթիից Ջավախքի Ալաստան գյուղ գաղթածների 185 տարվա պատմությունն է:

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմում ռուսական զորքերը գրավել էին Արևմտյան Հայաստանի մեծ մասը, սակայն Ադրիանապոլսի պայմանագրով վերադարձրել էին հսկայական տարածքներ, այդ թվում՝ Էրզրումը: Արևմտահայության մի ստվար զանգված, մասնավորապես՝ արծաթեցիներից շատերը ստիպված էին ռուսական զորքի հետևից քաշվել ռուսական կայսրության տարածք, քանի որ իրենց այլևս ապահով չէին զգում Օսմանյան Թուրքիայում: Վարկածներից մեկով արծաթեցիները գաղթել են վրացական Գորի, որտեղ, սակայն, բնակլիմայական պայմաններին չեն հարմարվել, երկրորդ տարբերակով՝ նրանց գաղթի առաջին կանգառը եղել է Ալեքսանդրապոլը (այսօրվա Գյումրին): Ամեն դեպքում, վերջին կանգառը Ջավախքի Ալաստան գյուղն էր:

Արծաթիի ու Ալաստանի միջև շատ նմանություններ կան, տեղադրությունն էլ գրեթե նույնն է. երկուսն էլ գտնվում են սարի փեշին: Արծաթի անունը ծագում է արծաթի հանքերից, իսկ Ալաստանի վերաբերյալ մի քանի տարբերակներ կան: Ըստ մեկի՝ այն բնակավայրի պատմական անունն է, նշանակում է կրակի տեղ, մեկ այլ տարբերակով՝ երբ արծաթեցիները հասել են այստեղ, տարածքը հարուստ է եղել գետնամորով, որից եկվորների ոտքերը կարմրել են, ինչից էլ առաջացել է Ալաստան անունը:

185 տարվա հեռավորությամբ ձգվում է վավերագրության թելը, այստեղ միայն հեղինակի պատմվածքներն են գեղարվեստական, սակայն դրանք էլ հիմնված են իրական փաստերի վրա, միայն թե անունները փոխված են: Ժամանակագրությունը վերականգնելով՝ հեղինակը հյուսել է անցյալի և ներկայի գյուղերի պատկերները՝ դրանցում ապրող մարդկանցով: 

Գիրքն ավարտվում է ալաստանցիների բարբառային զվարթախոսություն-կատակներով: Այստեղ էլ գուցե կարելի է փնտրել մի փոքր խորհրդանշական պատկեր՝ գաղթի ճանապարհն անցած մարդը ոչ միայն դիմադրել է, այլև նրա ժառանգներն այսօր կատակում են, ժպտում՝ ապագայի նկատմամբ լավատեսությամբ: Հետաքրքիր է, որ գրքի շապիկն էլ կարմիր-արծաթագույն է, չնայած, ըստ հեղինակի, ընտրությունն ուղղակի զուգադիպել է գաղափարին:

Վաստակավոր լրագրող Պետրոս Սարուխանյանը նշում է, որ դեռևս 10 տարի առաջ էր մտածում գրի առնել գյուղի պատմությունը, սակայն խանգարող հանգամանքները քիչ չէին: Շեշտում է, որ իր նպատակը որևէ մեկի անձնական շահը վեր դասելը չէ, յուրաքանչյուրի պատմությունը պետք է դիտարկել գյուղի պատմության համատեքստում, թե տվյալ անձը որքանով է առնչվել գյուղին: Սա պատահական չի նշում, քանի որ մարդիկ կան, ովքեր դժգոհում են, որ իրենց հարազատի մասին ընդարձակ տեքստով չի նշվել:

Այս ամենն իրականում երկրորդական է: 185 տարվա պատմության ընթացքում այս գիրքն առաջինն է: Հեղինակն ասում է, իհարկե, այդտեղ կարող են լինել բացթողումներ, բայց կարևորն այն է, որ ժամանակագրության ընթացքն է պահպանվել: Սա ժառանգություն է ապագային:

Գիրքը չի վաճառվում, այն հրատարակվել է ռուսաստանաբնակ համագյուղացիներից Հովհաննես Մխչյանի աջակցությամբ:

«Տպագիր վավերագրություն ես թողնում ապագա սերունդներին, անկախ ինչ մասշտաբի է, բայց թողնում ես, եթե մի քանի տարի անց մեկը ցանկանա անցյալը նոր լույսի տակ ներկայացնել, ապա այս գիրքը կօգնի նրան, համենայն դեպս, այնտեղ, որտեղ նախադասությունը կանգ է առել, ինքը կարող է բացել հետագայում, վեկտորներ է տալիս մի տեսակ: Մի փոքրիկ պատուհան է դեպի ապագա»,- ասում է Պ. Սարուխանյանը: Նրա խոսքով՝ եթե հիմա էլ այդ հիշողությունները թղթին չհանձնվեին, ապա դժվար է պատկերացնել, թե մի քանի տարի անց ինչ էր լինելու:

Գիրքը, հեղինակի փոխանցմամբ, հայ ժողովրդի պատմության մի մասնիկն է: Ազգագրության ինստիտուտին է նվիրելու՝ կարծելով, որ նյութը կհետաքրքրի ազգագրագետներին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter