HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ ծառն արմատից է փտած լինում, պետք է նրան բնից կտրել, իսկ մենք առայժմ չորացած տերևներն ենք հեռացնում

Նաիրա Հայրապետյան

Րաֆֆի Դանիելյանը լոնդոնահայ գործարար է: Մեր զրույցի ընթացքում թվարկում է տարբեր բնագավառներ, որտեղ նա ներդրումներ է անում և ժամանակի ընթացքում հաջողությամբ զարգացնում իր բիզնես- ծրագրերը: Ասում է, որ այդ ամենը կարող էր և միշտ մեծ ցանկություն է ունեցել իրագործել նաև հայրենիքում: «Բայց… չեմ ուզում»,- ասում է նա:

Պատճառը մեկն է. նա ևս բազմաթիվ սփյուռքահայ գործարարների նման չի ուզում իր աշխատանքի ու ներդրման վախճանը տեսնել, որովհետև գիտի՝ Հայաստանում օրենքից դուրս առավել ամուր հաստատված այլ օրենքներ կան: Դրանց արդեն ենթարկվել չի ուզում: «Այս հարկը պիտի վճարես, այն հարկը պիտի վճարես, սրան մի բան տուր, որ նոր հարկ չմուծես, նրան մի նվեր առ…և այլն»,- ասում է Րաֆֆին ու ավելացնում, որ երբեք դեմ չէ օրենքներին, դրանք բոլոր երկրներում էլ կան և պետք է լինեն: Սակայն երբ գիտակցում ես, որ այդ օրենքին հետևելը հավելյալ ավանդույթներով է իրականացվում, որ ներդրածդ աչքիդ առաջ ձեռքիցդ խլում են, մնացածն արդեն ավելորդ է դառնում:

«Օրենքների ցանկ կա, օքեյ, դրանց պարտավոր եմ ենթարկվել, եթե անգամ ինչ-որ բաներ իմ կարծիքով այդքան էլ տեղին չլինեն, բայց երբ սկսում ես դրանց համապատասխան գործել, հանկարծ հայտնվում ես մի մեծ անակնկալի առջև,- ասում է գործարարը,-  պարզվում է՝ դու կարող ես շրջանցել դրանք, եթե այս մեկին, կամ մյուսին մի բան թողնես: Հետո սկսվում է այլ «օրենսգրքի» շրջանառությունը»:

Րաֆֆին կարծում է, որ այս պարագայում խնդիրը ոչ միայն մեր կառավարման մեխանիզմների, այլև մտածողության մեջ է: Տարիներ առաջ Դանելյանների ընտանիքը Հայաստանում խոշոր ընկերություն է հիմնել, Րաֆֆիի հայրը Լոնդոնում համակարգչային մեծ ընկերություն է ունեցել, որը սպասարկել է եվրոպական տարբեր երկրների: Հայաստանի հետ գործարար նույն դաշտում նրանց համագործակցությունը սկսվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանից, սակայն Րաֆֆին պատմում է, թե ինչպես անկախացումից հետո ամեն ինչ փոխվեց: Ընկերությունը թալանվեց և յուրացվեց, որից հետո նրանք այլևս վստահությունը կորցրել են: «Հասկանում եմ, որ Խորհրդային և անկախ Հայաստանները տարբեր են և կարող եմ նաև ընդունել, որ անցումային փուլն էլ թերևս ուրիշ էր,- ասում է Րաֆֆին,- բայց այս տարիների ընթացքում ես տեսնում և լսում եմ բազմաթիվ օրինակներ, որոնք խոսում են նույն ձեռագրի մասին: Սփյուռքահայ շատ գործարարներ են այստեղ ձախողել իրենց բիզնես-ծրագրերն ու պարզապես հեռացել հայրենիքից»:

ձախից աջ՝ երկրորդ- Ալիս և Րաֆֆի Դանիելյաններ

Հայաստանցուն օգնելու ցանկությունը, բարեբախտաբար, դեռ չի մահացել: Որովհետև թեկուզ հեռվից, այնուամնեայնիվ, Րաֆֆին հետևում է հայաստանյան իրադարձություններին և հասկանում, որ այնտեղ կա ժողովուրդ, ով համակարգի մտածողությունից դուրս է և բազմաթիվ հոգսեր ունի: Թեև չի ուզում խոսել իր աջակցության մասին, որովհետև «պզտիկ բան մըն է» է համարում, այնուամենայնիվ ճշտում եմ, որ հնարավորինս փորձում է նեցուկ լինել «Փյունիկ» հաշմանդամների ասոցիացիային: Նա օգնում է հատկապես իրականացնել նրանց մասնակցությունը պարալիմպիկ խաղերին, որը ամեն անգամ անցկացվում է տարբեր երկրներում: Այս տարի Բրազիլիայում էր, և նա անձամբ միացել էր խմբին՝ ոգևորելով, կազմակերպելով և հոգեպես նրանց հետ գրեթե հավասար պայքարելով: Բացի այդ՝ շատ ուշադրությամբ տեղեկություններ էր ճշտում սիրիահայերի մասին, ի՞նչ հիմնադրամներ կան, որտե՞ղ են հաստատվել պատերազմից փրկված մարդիկ և ինչպես են ապրում: Նա փորձում էր օգնելու առավել ռեալ ու օգտակար տարբերակներ մշակել:

«Այս մարզադաշտը տեսնու՞մ ես,- հարցնում է՝ ցույց տալով «Փյունիկ»-ի շենքի առջև փռված ֆուտբոլի մարզադաշտերից մեկը,- լսել եմ, որ կես միլիոն դոլարի չափ գումար է հատկացվել այն սարքելու համար: Տարբեր միջոցներից, բայց այդ չէ խնդիրը, լավ մարզադաշտ ունենալը լավ ներդրումներ կարող է պահանջել: Խնդիրն այն է, որ փոխարենը այս կառույցը, որտեղ հայաստանցի երեխաներ էլ են այցելում, և խնդիրներ ունեցող երեխաներ, բավարար միջոցներ չունի աշխատելու և իր հարցերը հոգալու համար»:

Այս ամռանը, Րաֆֆի Դանիելյանը ընտանիքի հետ ամառային արձակուրդները Հայաստանում անցկացրեց: Հետո կրկին վերադարձավ հոկտեմբերին: Կինը՝ Ալիսը, ասում է, որ ամեն տարի հանգստացել են Եվրոպայում, սակայն երեխաներն արդեն մեծանում են, և ծնողները որոշել են հաճախակի այցելություններով էլ Հայաստանի հետ կապ նրանց մեջ ստեղծել: « Մենք բախտավոր ենք, որովհետև Լոնդոնում հիմնականում շրջապատված ենք հայ ընկերներով: Հաճախ ընտանեկան հավաքույթներ կամ միջոցառումներ ենք կազմակերպում, փոխայցելություններ և մեր երեխաները ակամայից շրջապատվում են հայկական մթնոլորտով, լսում են հայերեն և խոսում նույն լեզվով: Պետք չունինք նրանց պարտադրելու այդ բաները»: Սակայն նրա կարծիքով բոլորովին այլ են զգացողությունները, երբ երեխան անձամբ է փնտրում կամ հայտնաբերում իր պատմությանը, ազգային պատկանելությանը վերաբերող ինչ-որ բաներ:

«Հայրենիքը երևակայական բան չէ,-ասում է Ալիսը,- մեր մեջ փոքրուց ներարկել են հայրենիքի գաղափարը, այն մեր ողջ կյանքում քայլել է մեզ հետ, մեր մտքում, զգացմունքներում: Չտեսնելով անգամ՝ մեզնից ամեն մեկը իր ներսում կրել է այն ու գիտակցել, որ ուր էլ ծնված լինենք, այստեղ է մեր արմատը: Բայց միևնույն ժամանակ, արդեն քանի սերունդ, մենք հեռու ենք ապրում: Իմ որոշումը չի եղել ծնվել հեռուներում, մեզ դուրս նետեցին մեր տնից… իմ մեծ հայրերը իրենց կյանքը տվեցին, որ իրենց Հայաստանը պահեն, մինչդեռ ջարդերից փրկվածները ստիպված եղան ցաք ու ցրիվ լինելով կյանք սկսել հեռուներում: Բարկանում եմ, որ մենք այստեղ չենք, բայց ավելի եմ բարկանում, որովհետև արդեն դժվարանում եմ ինձ մշտապես այստեղ պատկերացնել: Հասկանու՞մ եք, ես ու իմ սերնդի այլ հայրենակիցներ, կարծես  արդեն մի քանի մասի բաժանված լինենք՝ այնտեղ, այստեղ…»:

«Բայց հայրենիքը միայն երկիրը չէ,- կնոջը լրացնում է Րաֆֆին,- այն ժողովուրդն է… Իմ ընտանիքից ոչ մեկը Երևանից չի եղել. Ադանայից էին, Կեսարիայից, բայց երբ ես Երևանի մասին երգեր եմ լսում, հուզմունքից սկսում եմ լաց լինել: Մենք այցելեցինք նաև Սարդարապատի թանգարան, ապշել էի էնտեղ ներկայացված ցուցանմուշներից, մեր մշակույթի գանձերն են այնտեղ: Զարմանում եմ ինչու՞, ինչու՞ այս ամենը չենք ցուցադրում Հայաստան այցելող տուրիստներին՝ փոխանակ ամեն անգամ Սևան և Գառնի տանելու»:

Ամառային այցելության ընթացքում նրանք շտապել էին լինել գրեթե բոլոր հետաքրքիր վայրերում՝ թանգարան, համերգասրահ, հայկական միջավայր ապահովող տարբեր կառույցներ, սրճարաններ ու տպավորություններ վերցնել ոչ միայն իրենց, այլև՝ երեխաների համար: Շրջել են նաև մի քանի մարզերով, եղել Արմավիրի  գյուղերից մի քանիսում  և փորձել Հայաստանը  տեսնել Երևանից դուրս:

«Որտեղ էլ եղանք, տպավորություններս շատ գեղեցիկ էին,- ասում է Ալիսը,-ճիշտ է, պարզ երևում էր, որ մարդիկ հոգսաշատ են, խնդիրները մեծ են, բայց նրանք չեն դադարել բացսիրտ լինել: Ուր էլ որ եղանք, նրանցից միայն հպարտության զգացում ենք ապրել: Շատերը դժգոհ են կյանքից, բայց ես նկատել եմ, որ ամեն մեկը նաև երջանիկ է իր ընտանիքով, երեխաներով, թոռներով»:

Երբ հուլիսին ծրագրում էին գալ, բարեկամները նրան խորհուրդ էին տվել առայժմ չմեկնել Հայաստան, քանի որ այնտեղ լարված ու վտանգավոր վիճակ է: « Բայց ես նկատում էի, որ ժողովուրդն այլ բան է տեսնում այդ ամենի մեջ,- ասում է Րաֆֆին,- իսկ երբ եկանք, ես կրկին համոզվեցի, որ ամեն ինչ այլ է իրականում. մարդիկ խաղաղ ցույցեր են անում, ոտքի են կանգնել, որովհետև այն կյանքը, որով ապրում են, այլևս անհանդուրժելի են համարում, փոխել են ուզում»:

Այդ օրերին արտասահմանյան մամուլը հեղեղված էր հիմնականում բեմադրված մեկնաբանություններով: Երկուսն էլ պատմում են, որ երբ դրսում ես և ստիպված ես տարբեր մեկնաբանությունների հիման վրա եզրահանգումներ անել: Երբեմն այլևս այլընտրանք չգտնելով՝  հարմարվում ես այլոց տեսակետներին՝ կախված նրանից, թե որքանով են դրանք սուր ու պրոֆեսիոնալ իրենց «հանձնարարությունների» կատարման մեջ:

«Հետևելով անգլալեզու մի քանի գլխավոր լրատվամիջոցների, ինչպես նաև կուսակցական որոշ թերթերի՝ դժվար էր հասկանալ, թե ինչ է կատարվում: - շարունակում է Ալիսը,- Բայց երբ սոցիալական ցանցերում հետևեցինք, հասկացանք, որ այդ մարդիկ, որոնց տեռորիստ էին ներկայացնում, ժողովրդի համակիրներն են: Մենք գիտենք, որ տեռորիստներն այլ կերպ են գործում: Եվ բացահայտ էր, որ ժողովրդի համակրանքը ըմբոստացած այդ տղաների հետ էր: Միգուցե դա համբերության բաժակն էր, որը այլ կերպ այդ պահին հնարավոր չէր դատարկել: Այն, ինչ տեսանք ոստիկանների կողմից՝ ժողովրդի և լրագրողների հանդեպ, բոլորովին հակառակ բան էին ասում այդ դեպքերի մասին: Եվրոպայում, եթե մեկին ասես լրագրող ես, անմիջապես հաշվի են նստում քեզ հետ, զգաստանում: Այստեղ եթե պիտի վախենաս ասել դա… էլ ու՞ր մնաց խոսքի ազատությունը: Բայց հետո ամեն ինչ ավելի խառնվեց և չհասկացանք, թե ուր հասանք: Արեցին, վերջացավ ու բան չփոխվեց»:

«Մենք նաև մի պրոբլեմ ունենք. միշտ չենք ուզում մեր սխալների մասին բարձրաձայն խոսել,- ավելացնում է Րաֆֆին,- մտածում ենք, որ հանկարծ օտարները շատ բան չտեսնեն: Ուրեմն ավելի լավ է ծածկենք, չխոսենք դրանց մասին: Բայց դա սխալ է, պրոբլեմի մասին պետք է ասես, որ տեսանելի դառնա ու փորձես լուծում տալ»:

Րաֆֆիի ընտանիքը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ է աշխատում, նրա պապը այս կառույցի կայացման հիմքում կանգնած հայերից մեկն է: Ալիսը կուսակցական է, ընտանիքից փոխանցված ժառանգության նման նա ևս անդամագրվել է, կրում է հստակ գաղափարախոսություն, սակայն խոստովանում է, որ իրեն երբևէ դուր չի եկել հայկական գաղթօջախներում տարբեր կուսակցությունների միջև մրցակցությունն ու դրանից ծագող բազմաթիվ խնդիրները: Նոր սրբազանն էլ՝ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,  կարծես թե ամեն ինչ անում է, որ համայնքը դուրս մնա նման դասակարգումներից ու միասնական լինի, ինչը Ալիսի սրտով է:

Հայաստանում մի քանի պաշտոնական հանդիպման ժամանակ հնչել է հայկական, ավանդական խոստովանություն-ակնկալիքը՝ «Փողի անհրաժեշտություն կա»: Րաֆֆին հակադարձում է. «Համաձայն եմ, կա: Հայաստանում շատ խնդիրներ կան և փողի անհրաժեշտությունը ամենուր զգացվում է: Բայց գիտե՞ք, սփյուռքում էլ կա: Մենք մեր միջոցներով դպրոցներ ենք պահում, որ մեր երեխաները հայ մնան, տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամներ ենք բացում, որ համայնքը իրար կապող, միմյանց նեցուկ լինող հնարավորություններ ունենանք, մենք եկեղեցի ենք պահում ու բազմաթիվ ծրագրեր իրագործում…իսկ ինչպե՞ս: Հավատացեք, հիմա շատ դժվար է այս ամենը իրագործելը, շատ բան է փոխվել: Սփյուռքը հազար ու մի խնդիրներ ունի, բայց այդ ամենի մեջ, նաև Հայաստանի խնդիրները մեզ ցավեցնում ու մտահոգում են առավել շատ»:

Շատ սփյուռքահայերի նման, նրանց էլ մտահոգում է ներսում տիրող ծայրահեղ տարբեր մոտեցումը երկրի խնդիրներին: Ժամանակն անցնում է, իսկ դրանք լուծվելու փոխարեն դեռ մի բան էլ ավելանում են:

«Երբ ծառը արմատից է փտած լինում, պետք է նրան բնից կտրել, իսկ մենք առայժմ չորացած տերևներն ենք հեռացնում,- ասում է Րաֆֆին:- Խնդիրն այն է, որ մենք իրավունք չունենք շատ հարցերում ներս խցկվելու, քանի որ ընտրություններին մասնակցելու իրավունք չունենք: Բայց տեսնում ենք, որ շատ բան Հայաստանում շատ սխալ ձևով է ընթանում և ժողովուրդի համբերության բաժակը լցված է այլևս»:

Մեկը մյուսին լրացնելով՝ ամուսինները սկսում են նաև բանավեճի մեջ մտնել: Ալիսը սուր քննադատում է սոցիալական վիճակը, Րաֆֆին համաձայն է, բայց նաև փորձում է պատճառաբանումներով հույս ներշնչել:

«Բայց նույն այդ խնդիրը շատ երկրներում կա,- հակադարձում է Րաֆֆին,- Լատվիայում եղա, տղամարդ չկար, բոլորը դրսում էին՝ արտագնա աշխատանքի, ինչպես այստեղ: Հայաստանցիներն էլ հիմնականում Ռուսաստան են գնում աշխատելու: Լոնդոնից դուրս գաս, երկու ժամվա ճանապարհ անցնես,  շատ դժվարություններ կտեսնես: Աղքատ բնակավայրեր: Այս տեսակ համակարգը միայն Հայաստանի խնդիրը չէ »:

«Բայց կառավարությունը մարդկանց օգնում է՝ տուն և աշխատանքի հնարավորություն է տալիս, որ կարողանան ոտքի կանգնեն, իսկ այստե՞ղ,- պատասխանում է Ալիսը,- Ժողովրդի հանցանքն ի՞նչ է, ինչու պիտի տուժի եթե կառավարությունը լավ չի աշխատում»:

Երևանը գեղեցիկ է ու տպավորիչ նրանց համար, բայց արտաքին փայլի տակ, այնուամենայնիվ նկատելի է հակառակ երեսը: Չկա, կամ աննկատելի է փոքր բիզնեսի տեղը: Մինչդեռ այս տարիների ընթացքում դրանց թիվը անհամրելի պիտի դառնար:

«Եթե Չինաստան կամ Ռուսաստան գնաս, միջին դաս կա. էստեղ չկա,- սրտնեղում է Րաֆֆին,- Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ: Զարմանալի բան է սա ինձ համար: Մեկը, որ ուզում է բիզնես անել, ռեստորան է բացում: Դա լավ բան է և շատ դժվար աշխատանք է, բայց ու՞ր են մյուսները, ինչու՞ ուրիշ բնագավառներ չեն զարգանում: Ո՞ւր են պզտիկ բիզնեսները: Ես սիրով ժամանակս կտայի նաև բացատրելու բիզնես- աշխատանքի առանձնահատկությունները: Փորձի փոխանակում,  խորհրդատվություն՝ նոր, սկսնակ աշխատողների համար: Գաղափար ունեմ, բայց ինչպե՞ս քայլեցնեմ- ես սա ավելի կարևոր օգնություն եմ համարում, քան ուղղակի փող ուղարկելը ու էդպես էլ չհսականալ՝ վերջը ու՞ր հասավ իմ ուղարկածը»:

Սիրուն քաղաքի, հոգսերով լի կյանքի ու անկանխատեսելի ապագայի մեջ, գործարարը մի լուսավոր բան է նկատել. երիտասարդներին: Ասում է, որ իր զարմիկը հիացնում է իրեն՝ լեզուների իմացությամբ, դատողություններով ու համարձակ առաջ նայելու պատրաստակամությամբ: Նա գտնում է, որ հենց այդ սերնդի, կիրթ ու խելացի երիտասարդների հետ պետք է հույս կապել, որոնց հետ նա սիրով պատրաստ է համագործակցել, ձեռք մեկնել ու ոտքի կանգնեցնել:

«Ապրիլը շատ բան պատմեց մեր մասին, նա լավ դաս պիտի դառնար յուրաքանչյուրիս համար,- ասում է Ր. Դանիելյանը,- դա մեր պատմության ամենատխուր էջերից մեկն է: Նախ՝ սթափեցրեց՝ հիշեցնելով, որ կռիվը դեռ կա ու ամեն վայրկյան կարող է տունդ մտնել:Բայց նաև հասկացրեց, որ մարդիկ կան՝ ողջ ընթացքում նստել են այնտեղ և իրար երեսի են նայել: Դա նոր ենք հասկանում: Իմացանք, որ զենք չեն ունեցել մեր զինվորները, դա խենթանալու բան է: Չգիտեմ, միգուցե շատ ժամանակ է դեռ մեզ պետք ոտքի կանգնելու… »:

Հրաժեշտին խնդրում է իրենց զրույցի մասին գրելու մտադրությունս մի կողմ թողնեմ: Ասում է, որ այդ բաները բոլորը գիտեն, իրենց անկեղծ մտահոգություններն են, որ բոլոր հայերինը պիտի նաև լինեն: «Բայց եթե ուզում ես լավ գործ արած լինես,- ասում է,- հաշմանդամ երեխաների խնդիրներին անդրադարձիր, «Փյունիկ» միությանը: Այն մասին, թե ինչպես են այդ խնդրով մտահոգ մարդիկ ջանում ամեն ինչ անել, որ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց  վերականգնողական աշխատանքները ճիշտ կազմակերպվեն, որ երեխաների կյանքը առողջ ու հոգեպես խաղաղ լինի»:

Խոստանում եմ, բայց մինչ այդ, պետք է բարձրաձայնվեն նաև այս խնդիրները: Չէ՞ որ դրանց մասին պիտի խոսենք, որպեսզի խնդիրը տեսանելի դառնա ու լուծման տարբերակներ փնտրվեն:

Լուսանկարները՝ Րաֆֆի Դանիելյանի արխիվից և «Փյունիկ» հաշմանդամների ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter