HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016-ի ամենակարևոր իրադարձությունները՝ արվեստի ու արհեստի մարդկանց աչքերով

«Հետքը» արվեստի ու արհեստի մի շարք ներկայացուցիչների հարցրել է, թե որն էր անցնող տարվա գլխավոր իրադարձությունը:

Նարինե Դելլալյան. ջութակահարուհի

Անշուշտ, ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» հետ կապված անվերջանալի դաժան օրերը, որոնք անհետ չանցան տարվա վրայից։ Բայց նաև այդ օրերին էր, որ ականատեսը եղանք երևույթների, որոնք հնարավոր չէ չափել որևէ միավորներով։ Ուզողը տեսավ, որ ոսկի երիտասարդություն է գալիս, որն անարդարության դեմ ձայն է բարձրացնում, ով չի հանդուրժում բացասականը։ Մարդիկ, որոնք ոտքի կանգնեցին և իրենց կյանքից ավելի բարձր դասեցին Հայրենիքը պաշտպանելու, իրենց զավակների կողքին կանգնելու անհրաժեշտությունը։ Անգամ նրանք, ովքեր ֆիզիկական թերություններ ունեին, «կռիվ» էին անում, որ իրենց էլ տանեն Արցախ, իրենց փոքրիկ օգնություններով սատար կանգնելու համար։ Այն դեռահասները, որոնք, ծնողներից գաղտնի վերցնելով խոհանոցային «զենք», փախնում էին տներից, որ գնան տեղ հասնեն ու օգնեն սահմանում կանգնած իրենց ավագ եղբայրներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ոգու զարթոնք...

Լևոն Բիշարյան. տակառագործ

Որ վարչապետին փոխել են: Ես նկատի չունեմ վարչապետ փոխելը, այլ կոնկրետ անձին նկատի ունեմ: Իսկ այս անցնող տարին սարսափելի էր, կենսամակարդակն ընկավ: Ժողովուրդն ընկավ, սպանելու պես մի բան է կատարվում: Իմ պրոգնոզով՝ հաջորդ տարին ավելի վատն է լինելու: Փրկությո՞ւնը. վերջապես ով էս երկրի տերն է, պիտի սիրի ժողովրդին, իսկ ժողովրդին չեն սիրում էսօր: Ժողովուրդը՝ ոնց որ իրենց բախչեն, բախչին ինչ ուզեն, կսրսկեն, կսատկացնեն ցանկացած պահի, ինչ պետք է, ժողովրդիդ գլխին կարող են սարքել:

Հովիկ Չարխչյան. գրող, գրականագետ

Հիմա կարող եմ մեկ առ մեկ թվարկել այն բոլոր իրադարձություններն ու դեպքերը, որ անցնող տարում քիչ թե շատ նշանակալի էին: Բայց դրանք նշանակալի էին, այսպես ասած, դասական իմաստով: Իսկ որքա՜ն փոքր ու մեծ դրվագներ կան, որոնք հպանցիկ գալիս ու գնում են, կարծես թե էական ոչինչ պիտի չակնկալենք նրանցից, սակայն ժամանակն անցնում է, և մի օր հանկարծ գիտակցում ենք, թե դրանք ինչպիսի անջնջելի հետք թողեցին մեր մտքերի ու ապրումների մեջ: Այսօր այդպիսի մի «անցողիկ» դրվագ պիտի նշեմ: Խոսքը ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտնի գոտեմարտի մասին է, երբ հաղթանակից հետո նա ոտքի կանգնեց ու զինվորական պատիվ տվեց: Ցնցող էր: Աննկարագրելի: Դա ընդամենը ժեստ չէր: Ընդամենը ակնարկ չէր, մարտահրավեր չէր: Դա պատվախնդիր մարդու կեցվածք էր: Դա արարք էր, որ իր մեջ խտացրել էր անցյալը, ներկան, ապագան: Մեր մարզիկը սպորտային մենամարտի էր դուրս եկել, միայն թե նրա մտքերը, հոգին, հույզերը այլ տեղում էին: Եվ նրա ձեռքի մի կարճ շարժումը մատնեց այդ բոլորի մասին: Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը նոր հայի տեսակի ձևավորումն է: Դա այն հայն է, որն այլևս չի կարող ոչինչ անել առանց «կողմնակի» մտածումների ու հույզերի՝ վերջնական արդյունքում այդ «կողմնակին» վեր դասելով այն ամենից, ինչն իր անձին է վերաբերում: Միհրան Հարությունյանը ընդամենը մեկն էր: Իսկ նրա նմանները արդեն շատ են:

Վիգեն Ավետիս. քանդակագործ

2016-ը դժվար բնորոշվող պատմական ժամանակահատված էր: Չարը խափանելու, խափանված փորձերի տարի էր, չարը դոփեց տեղում, իսկ բարին հետաձգվեց: Այս տարի երկու անգամ եղա Հայաստանում հայկական իրականության կիզակետերում՝ ապրիլյան պատերազմին՝ Արցախում և հուլիսյան ժողովրդական զարթոնքին՝ Երևանում: Երկու դեպքերում էլ չարն արգելափակեց բարու մուտքը: Այս ամենը վերաբերում է ամբողջ աշխարհին, նաև իմ ստեղծագործական կյանքին՝ բարի ծրագրերս հետաձգվեցին, հավատքը զիջեց բանականությանը, հոգևորը՝ նյութականին: Հիշենք և հավատանք, որ 500 տարիների չարությունը 5 րոպեում կարող են բարիացնել, և պատմության հիշողությունը տիեզերքը կփառաբանի այդ 5 րոպեները: Բարով գա 2017-ը:

Վահան Ռումելյան. աբստրակտ նկարիչ

Ինձ համար Բոննում ցուցահանդեսն էր, որ կազմակերպել էր Սոնա Հարությունյանը: Դա համատեղ  ցուցահանդես էր Հայաստանի, Իռանդիայի և Գերմանիայի արվեստագետների հետ: Այն փայլուն անցավ և կազմակերպչական, և ընդունելության առումներով: Բոնն այն քաղաքներից մեկն է, որտեղ ծնվել է հանճարեղ Բեթհովենը: Հիացած էի գերմանացիների կուլտուրայով և արվեստի իմացությամբ ու ոչ միայն: Այդ ժողովուրդը գնահատել գիտի արվեստագետին և արվեստի ստեղծագործությունը:

Արամ Պաչյան. արձակագիր

Դժվար տարի էր ամեն առումով, ոչ միայն Հայաստանի համար, այլև աշխարհի: Սովորաբար տարին արդյունքներով է ամփոփվում, թե ինչ ես արել, և ինչ չհաջողվեց անել: Արդյունքը որպես այդպիսին ինչ-որ պահից սկսած գերիշխող բաղադրիչ է դառնում, մտածում ես՝ եթե արդյունք չկա, ուրեմն ձախողում է, տապալում: Սակայն արդյունքը ինձ համար ընթացքն է. ընթացքը, որ սկիզբ ու վերջ չունի, որին պիտի պատրաստ լինես: Տարվա ամենածանր իրադարձությունը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, ուստի ուզում եմ առաջնագծում կանգնած մեր զինվորներին խաղաղ ու ամփորձանք ծառայություն մաղթել՝ լույսը ապավեն նրանց:

Արմեն  Մարտիրոսյան. «Անտարես» հրատարակչության նախագահ

«4+4+4» ներքաղաքական բանակցային ձևաչափը:

Ավագ Հարությունյան. գինեգործ, «Մարան» ընկերության նախագահ

Կարծում եմ՝ «Սասնա ծռերի» արածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter