HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Ոսկեպարը համայնքների խոշորացումից հետո

Իր պաշտոնավարման մոտ երեք ամիսներին Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող Ոսկեպար չի այցելել: Այդ մասին հունվարի 3-ին Ոսկեպարում «Հետքին» ասացին գյուղացիները: Կարեն Աբազյանը, սակայն, չի մոռացել Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես համայնքի բյուջեից իր համար սահմանել ամսական 450 000 դրամ աշխատավարձ:

«Նոր տարվա գիշերը ուղիղ կես ժամ հրավառություն էինք անում: Թուրքերը տեսնում էին, որ աշխույժ շարժ կա գյուղում»,- պատմեց Ոսկեպարի երկրապահ ջոկատի հրամանատար Սլավիկ Սարուխանյանը:

«Մեր դիրքերը ձորի էս կողմն են, գետի վրա: Ադրբեջանցիները իրենց դիրքերով իշխում են Ոսկեպարի վրա: Էստեղից մինչև թուրքերի դիրքերը ուղիղ գծով 1,5 կմ է: Ադրբեջանցիների մոտիկ պոստը մի քանի հարյուր մետր է: Այ, էն ճանապարհը տեսնո՞ւմ եք՝ Ականջավոր սարի մոտից գալիս է մեր Ս. Աստվածածին եկեղեցու մոտ, ադրբեջանցիները եկեղեցու մոտ էլ պոստեր ունեն»,- բացատրեց Կոստանտին Սարադիկյանը:

Ոսկեպարը սեպտեմբերի 18-ին մտավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի մեջ։ «Ի՞նչ  նոր խնդիրներ են լուծվել սահմանային գյուղում»,- գյուղամիջում հավաքված գյուղացիներին հարցրի: «Ունքը դզելու տեղը աչքն էլ տվին վեր ածին: Ոչ մի դեպքում ճիշտ չի կարող լինել սահմանային գյուղերի գյուղապետարանների վերացումը»,- պատասխանեց Խաչիկ Բեգլարյանը:

«Այ դուք նոր եկաք, տեսաք չէ, գյուղ մտնող ճանապարհը որքան սառած ու անանցանելի է: Նոյեմբերյանի խոշորացված համայնքնի համայնքապետը, երևակայեք, ոչ մի անգամ չի եկել  Ոսկեպար: Նա չգիտի Ոսկեպարում ինչ է կատարվում»,- հավելեց Սուրիկը:

Ոսկեպարն ունեցել է 330 տնտեսություն: Հիմա 165-170 ընտանիք է մնացել գյուղում: Սուրիկ Աղբալյանի ասելով՝ Ոսկեպարի բնակիչների 70 տոկոսը ծերեր են, դպրոցում այսօր 57 աշակերտ է սովորում, առաջ 300-ով ավել էր աշակերտների թիվը: «Դպրոցով են որոշում չէ՞, գյուղի վիճակը: Խրամատներում ենք եղել բոլորս, գյուղի տղամարդկանց 70 տոկոսը առողջությունը խրամատներում է կորցրել»,- պատմեց Ս.Աղբալյանը:

Ոսկեպարցիների ասելով՝ 2016թ.-ին երկրի բարձրաստիճան ղեկավարներից Ոսկեպար է ժամանել միայն տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Վերջինս եկել է համայնքերի խոշորացման հետ կապված ոսկեպարցիների կարծիքին տեղեկանալու: Սուրիկ Աղբալյանի ասելով՝ Լոքյանը հանդիպմանը գյուղացիներին ասել է, թե դուք համաձայն եք, համաձայն չեք, մեկ է՝ մենք համայնքը խոշորացնելու ենք:

«Մարտի 5-ից կսկսվի իրենց քարոզարշավը՝ ԱԺ ընտրությունների հետ կապված: Էտա գիտենք ինչեր է կատարվելու: Հիմա հունվարն անցկացավ, ես 100 տոկոսով գարանտիա եմ տալիս, որ մեր գյուղը լինելու է տրասսի նման, ամեն օր գալ ու գնալու են, թե՛ ընդդիմադիրներից, թե՛ իշխանությունից: Ամենքն իրենց քարոզարշավը տանելու են, բայց մինչ այդ  մեզ հիշող չի եղել»,-ասաց Սուրիկը:

Ոսկեպարցիները տեղյակ չէին Նոյեմբերյան խոշորացված համայնքի 2017թ.-ի բյուջեից և հնգամյա զարգացման ծրագրից:

Գյուղացիներն ասացին, որ գյուղն ունի 180 հա վարելահող, 1200 հա արոտվայր ու խոտհարք: Գյուղում ոչ մեկը ցորեն չի ցանում: Համայնքը կոմբայն չունի: Գյուղացիների 50 տոկոսը անասուն չի պահում: Ոսկեպարցիները գյուղ հասցված գազից չեն կարողանում օգտվել. «Երկրորդ անգամ են էս գազի տրուբեքը գյուղում քաշում: Առաջին անգամ 2003թ.-ի նախագահական ընտրությունների շեմին են փորձել Ոսկեպարը գազաֆիկացնել: Ընտրությանը ոսկեպարցիներս մի մարդու պես Ռոբերտ Քոչարյանին չընտրեցինք: Մի քանի օր հետո եկան գազի գերպեն (գործիքները-հեղ.) հանեցին գյուղից, թե Ոսկեպարին գազ չի հասնում: Էն տրուբեն, որ հիմա գազը տուն ենք քաշելու, մեկ մետրին 5 հազար դրամ են ուզում, էդքան փողը մեզ որդիան: Տրուբեն իմ տան կշտովն ա անցկենում, բայց որ հաշվում ենք, գալիս է մինչև 70 հազար դրամ: Ես որտեղից էդքան փողը տամ: Եթե տրուբեն ես ճարում եմ էժան գնով՝ մետրը 1000 կամ 2000 դրամով, չի քաշում: Մետր 5 հազար դրամով իրա տրուբով է մենակ գազ քաշում»,- պատմեց Սոկրատ Պապյանը:

«Մարդ կա, մոտավորապես մի 500 մետր հեռու է ապրում էս գազի հիմնական խողովակից: Էդքան տրուբեն, դե հաշվի մետր 5 հազար դրամով: Ոնց կարա նա իրա տուն գազ քաշի»,-բացատրեց Սուրիկը:

«1988 թ.-ից մինչև էսօր ես պայքարում եմ թուրքի դեմ: Սահման եմ պահում: Բայց հաշվի չեն առնում, որ էս 28 տարում 8 տարին գոնե հաշվեն աշխատանքային ստաժ: Մենք փաստաթղթեր ունենք, որ կռվել ենք: Մեզ հիշող չկա»,- դժգոհեց  Խաչիկ Բեգլարյանը, ով 28 հազար դրամ թոշակ է ստանում:

Կարեն Նասիբյանը

Ոսկեպարցի երիտասարդ գործարար Կարեն Նասիբյանը դժգոհ է սահմանամերձ համայնքների խոշորացումից: Ասաց, որ համայնքերը խոշորացնելիս ոսկեպարցիների կարծիքը հաշվի չեն առել։ «Հիմա գյուղում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ կա, նշանակովի մարդ է, կարելի է ասել՝ իրենց ձեռքից ոչ մի բան չի գալիս։ Այս պահին մեղվի 90 փեթակ ունեմ: Այս տարի 700 կգ մեղր եմ ստացել: Կիլոգրամը 3 հազար դրամով եմ վաճառել: Շուկա չլինելու պատճառով նույնիսկ կիլոգրամը 2,5 հազարով եմ ծախել»,- հայտնեց Կարենը: Վերջինս մեղվաբուծությամբ զբաղվում է 1999 թվականից: «Սկզբում երկու մեղու անտառից գտա: Տեղափոխեցի փեթակ, հետո ընկերս Ռուսաստանից օգնեց՝ 10 մեղվաընտանիք առավ, նվիրեց: Հիմա ընտանիքս զուտ մեղվաբուծությամբ եմ պահում: Վարելահողս լավը չի, ձեռնտու չէ մշակելը»,- բացատրեց նա:

«Մեր գյուղի պաշտպանությունը շատ հուսալի է: Մենակ անհանգստացնողը մեր գյուղացիների արտահոսքն է: Կրակոցներն ու մարդկանց ապրելակերպը ստիպում է արտագաղթել»,-բացատրեց Սլավիկ Սարուխանյանը:

Սլավիկ Սարուխանյանը

Ընտանիքը Ոսկեպարին կապելու համար Սլավիկը խոշոր անասնապահական տնտեսություն է ստեղծել: Մոտ 60 խոշոր եղջերավոր անասուն ունի: Ամառվա սեզոնին օրական 150 լիտր կաթ է ստանում: Կաթը հանձնում է հարևան՝ Կոթի գյուղի գործարար Գուրգեն Մամյանի պանրի արտադրամասին:

Սլավիկը դժգոհեց, որ սահմանապահ գյուղերի ֆերմերներին կառավարությունը ոչ մի բանով չի աջակցում: Սլավիկն արդեն մի քանի տարի է՝ իր անասունների համար գոմ է կառուցում, սակայն տանիքի կառուցումը չի կարողանում ավարտել: «Ոսկեպարից ամեն երիտասարդ ընտանիքի հեռանալիս սրտի ցավ եմ ապրում»,- հրաժեշտին ասաց Սլավիկ Սարուխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter