HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է գնալով նվազում բանտերից պայմանականորեն ազատվողների թիվը

Երևանի բնակիչ Արթուր Մելիքյանը 17 տարեկանից բանտում է: Սկզբում պատիժ է կրել «Աբովյան» ՔԿՀ-ում, ապա «Նուբարաշենում», «Հրազդանում»: Չափահաս է դարձել ազատազրկման վայրում: Այժմ 19 տարեկան է, պատիժը շարունակում է կրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Արթուրն անազատության մեջ է հայտնվել հափշտակության համար: 2014-ին Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման, նաև նշանակվել է 500.000 դրամ տուգանք։ Արթուրն ասում է՝ հանցանք է արել, ուրեմն պիտի պատասխանատվություն կրի դրա համար: «Բայց ինձ կարող էին ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման: Չէ՞ որ օրենքով ինձ հասնում ա»,-«Հետքին» ասաց Արթուր Մելիքյանը:

Նա Ամանորի նախաշեմին կարող էր մոտալուտ ազատման մասին լուր ստանալ. դեկտեմբերի 30-ին «Կոշ» ՔԿՀ-ում նշանակված էր վարչական հանձնաժողովի նիստ: Ի թիվս այլ դատապարտյալների՝ լսվելու էր նաև Արթուր Մելիքյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Սակայն 19-ամյա Արթուրին վարչական հանձնաժողովը մերժել է ներկայացնել պայմանական ազատման: Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ դատապարտյալը՝ նշելով, որ հանձնաժողովը մերժման հիմքում դրել է իր ինքնավնասման հակումը, տույժերն ու չմարված տուգանքը:

Դատապարտյալի պատմելով տույժերից երկուսը ստացել է հենց ինքնավնասումների համար. «Թուք էի ներարկել ոտքիս մեջ: Էլի երկու հոգի էդպես էին արել հատուկ տեսակցությունների համար: Դիտավորյալ էինք արել, որ տանեն «Դատապարտյալների հիվանդանոց», որ հաճախ կարողանանք տեսակցել մեր հարազատներին»,-ասաց Արթուր Մելիքյանը:

Դատապարտյալը ընդգծեց, որ աշխատում է քրեակատարողական հիմնարկում, զբաղվում է տնտեսական, տեխնիկական աշխատանքներով, ստանում է 55.000 դրամ աշխատավարձ:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է վիճարկել իրեն պայմանական վաղաժամկետ չներկայացնելու որոշումը:

«Ես ոչ դեպուտատի տղա եմ, ոչ էլ փող ունեմ, որ կարողանամ ազատվեմ: Իրենց ամունիստներով մեռան խաբելով... հացադուլ կհայտարարեմ, կշարունակեմ բողոքել»,-ասաց Արթուրը՝ ավելացնելով, որ պայմանական վաղաժամկետի հետ կապված բողոքները շատ են քրեակատարողական հիմնարկներում, անգամ այն դեպքերում են մերժումներ լինում, երբ դատապարտյալները չեն ունենում տույժ կամ չմարված քաղաքացիական հայց:  

Արթուր Մելիքյանի բողոքը միակը չէ

Եթե թերթենք Հայաստանի բանտային համակարգի վերաբերյալ տեղական ու միջազգային կազմակեպությունների ամենամյա զեկույցները, տարիների կտրվածքով էական տարբերություն չենք տեսնի: Գրեթե ամեն տարի մատնացույց է արվում բանտերի գերբնակեցումը: Պրոբլեմն առկա է, չնայած նրան, որ Հայաստանում դատաիրավական ոլորտը բարեփոխումների քառափուլ շրջան է անցել և անցնում անկախությունից ի վեր: Գերբնակեցման պատճառներից է նաև պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի անարդյունավետությունը, ինչը տարիներ շարունակ չեն թաքցնում նաև ոլորտի պատասխանատուները:

Եթե 2006 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ չէր արձակվում այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 3-5 տոկոսը միայն, ապա հիմա թվերի տեղերը փոխվել են. այսօր ազատվում են ընդամենը 3-5 տոկոսը:

Ինչո՞ւ են գնալով նվազում բանտերից պայմանականորեն ազատվողները: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ինչքան քիչ դատապարտյալ լինի, այնքան քիչ գումար՝ բյուջետային ու դատապարտյալներից շորթված:

Ի՞նչ շրջան պետք է անցնեն դատապարտյալները

Աշխարհում կա պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատության երեք մոդել՝ պարտադիր, հայեցողական և խառը: Առաջինի դեպքում միայն դատարանը կարող է որոշում կայացնել անձին պայմանական ազատել կամ ոչ: Երկրորդի պարագայում` և՛ դատարանով կարող է լինել պայմանական ազատումը, և՛ հանձնաժողովային կարգով: Իսկ խառը տիպի դեպքում՝ երկու ձևը կարող է կիրառվել միանգամից:  Հայաստանում գործում է պայմանական ազատման ինստիտուտի հենց խառը տիպը:

ՀՀ նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվել են Անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, անկախ հանձնաժողովների կազմերը, գործունեության ֆինանսավորումը մինչև 2010 թ-ը։ Անկախ հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների, հաստատում է ՀՀ նախագահը: Ըստ այդմ, գործում է 3 հանձնաժողով, որոնք համամասնորեն սպասարկում են Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ները: Հանձնաժողովները բաղկացած են 8 անդամից, մեծամասնություն են կազմում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ԱՆ ՔԿՎ։ Ներառվում է նաև մեկական անդամ հանրային խորհրդից, ՄԻՊ գրասենյակից, ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնից։ 2010-ին փոփոխություն է կատարվել հրամանագրում, հաստատվել է նոր կազմ:

Այն, որ դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս եռաստիճան մոդելն արդյունավետ չի գործում, փաստում են և՛ ոլորտի մասնագետները, և՛ իրավապաշտպանները, և՛ դատապարտյալները, և՛ պետական համապատասխան մարմինները: Ստացվում է, որ 2006 թ-ից գործող եռաստիճան համակարգից դժգոհ են բոլոր կողմերը: Դատապարտյալներն, օրինակ, բարձրաձայնում են, որ կա հոդվածային խտրականություն, կան դեպքեր, երբ հովանավորչություն կամ իշխանական կապեր ունեցող դատապարտյալներն են միայն կարողանում պայմանական ազատվել, ինչը աչքի է զարնում: Իսկ սովորական վիճակագրական դատապարտյալները շարունակում են ստանալ «անկախ» հանձնաժողովի մերժման չպատճառաբանված ու փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշումները:

Պայմանական ազատման նոր մոդելի առաջարկ կառավարության կողմից

Կառավարության տարեվերջի նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր, որ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: Նրա խոսքով, առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը: «Ընտրվել են հնարավորինս օբյեկտիվ և չափելի գործոններ, որոնք կարող են նվազագույնի հասցնել չափանիշները գնահատողի սուբյեկտիվիզմը»,- վստահեցրել էր Հովհաննիսյանը՝ նշելով, որ փոփոխության է ենթարկվելու նաև անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների կազմը: Մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, ՀՀ փաստաբանների պալատից և հասարակական կազմակերպությունից:

Քրեական նոր օրենսգգրքի արդեն մշակված նախագծով ևս բարեփոխումներ են նախատեսված պայմանական ազատման մեխանիզմում: Վստահեցրել էր օրենսգրքի նախագիծը մշակող խմբի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը: Մասնավորապես, նրա խոսքով, նախատեսել են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ «պարտադիր» ազատելու ինստիտուտ: Նշել են որոշակի գործոններ, որոնց դեպքում արդեն որոշումը պետք է մեխանիկորեն կայացվի: «Այսինքն՝ թողնված չէ պաշտոնատար անձանց կամ ինչ- որ մարմնի հայեցողությանը: Պարզապես քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այն չափանիշները, որոնք բավարարելու դեպքում անձը պետք է պայմանական վաղաժամկետ ազատվի: Դրանից զատ, սահմանել ենք չափանիշներ, որոնց պայմաններում պետք է պայմանական ազատման հարցը քննարկվի»,-«Հետքին» ասել էր Արա Գաբուզյանը:

... դատապարտյալ Արթուր Մելիքյանին ու իր բախտակիցներին մնում է սպասել, որ նշված փոփոխությունները կյանքի կոչվեն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter