HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հովհաննես Հովհաննիսյան. «Ես չեմ երազել դերասան դառնալ` այդպես պիտի լիներ»

Երանուհի Սողոյան

Տարիներն այդպես էլ չփոխեցին նրան՝ ո՛չ դժվարությունները, ո՛չ փառքը, ո՛չ կոչումը, ո՛չ էլ առավել եւս խաղացած գլխավոր դերերն ու բեմադրած ներկայացումները: Նա հիմա էլ գյումրեցիների սիրելի «դերասան Հովոն» է՝ ջերմ, սիրալիր, անմիջական ու շատ հասարակ շփման մեջ: «Մենակ մազերս են սպիտակել, թե չէ չեմ փոխվել»,-կատակում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը:

 Հարցազրույցի համար պայմանավորվում ենք հանդիպել թատրոնում: «Բայց տես, հա՜, Նոր տարուն ձեր տուն եմ գալու»,-սպառնում եմ կատակով: «Վա՜յ, աչքիս վրա, տան տեղը գիտե՞ս»: Լսելով բացասական պատասխան՝ շարունակում է. «Շատ հեշտ կգտնիս՝ հենց պաժառնու դեմի վարդագույն քարով տունն է»: «Շպիոն Օնիկենց տան կո՞ղքը»,-երկուսս էլ ծիծաղում ենք՝ հիշելով հայտնի անեկդոտը:

Թատրոնում ամանորյա ներկայացում է: Խաղում են «Կոշկավոր կատուն»՝ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանմամբ: Դահլիճում ազատ աթոռ չկա: Ոտքի վրա մի փոքրիկ դրվագ դիտելուց հետո շարժվում եմ թատրոնի կուլիսային հատված: Իրենց մուտքին սպասող դերասաններին ողջունելուց հետո Հովիկի հետ ուղղվում ենք դիմահարդարման սենյակ: «Դե հիմի քննի տեսնեմ»:

Թատրոնի հետ առաջին ծանոթությունը 5 տարեկանում եղավ

Մեր ընտանիքը թատրոնի հետ շատ սերտ էր կապված: Ծնողներս շատ թատերասեր մարդիկ էին՝ ամեն շաբաթ-կիրակի ներկայացում դիտելու հրավեր ունեին ու անպայման գնում էին: Գյումրեցի վաստակավոր դերասանուհի Վարդուշ (բեմական անունը՝ Վարուժ) Կարապետյանը եւ նրա ամուսինը՝ դերասան Վազգեն Հակոբյանը, մեր բարեկամներն էին: Վարդուշը հորս հորաքրոջ աղջիկն էր: Ամուսիններով մեր տուն շուտ-շուտ էին գալիս: Առաջին անգամ թատրոն կոչված հեքիաթին ծանոթացել եմ իրենց միջոցով: Ընդամենը 5 տարեկան էի, երբ ինձ տարան Րաֆֆու «Ոսկե աքաղաղը» ներկայացումը նայելու: Մանկական ներկայացում չէր ու շատ բան չեմ էլ հասկացել, բայց հաստատ տպավորված էի՝ հեքիաթ չէր, բայց հեքիաթային էր: Անցան տարիներ ու 4-րդ դասարանում որոշեցի, որ դերասան եմ դառնալու:

Գյումրեցու ավանդապաշտ ընտանիքում որոշումն ընդունվեց «սվիններով»

Հատկապես ընդվզեց Սաթենիկ տատս ու առաջինն էր, որ դեմ արտահայտվեց. «Քա բալա ջան, գյումրեցու թոռն հբը դերասան կեղնի՞, ղայդին արհեստըմ սորվի՝ թեկուզ կոշկակարություն, պապիդ նման կոշկակար դարձի»: Ես սպասում էի, որ դեմ կլինեն, բայց չէի սպասում, որ ինձ կոշկակարի մասնագիտություն կառաջարկեն (ծիծաղում է-հեղ.): Դե մենք տոհմիկ գյումրեցիներ ենք: Մի կողմից Թումոքենց, մյուս կողմից Տերտերանց տոհմի ներկայացուցիչն եմ ու պարզից էլ պարզ էր, որ դերասան դառնալու իմ որոշումն առնվազն թեթեւսոլիկության նման մի բան պիտի դիտվեր ազգիս մեծերի կողմից: Ես մեր ընտանիքում 3-րդ տղա զավակն էի՝ ամենաերեստվածը: Ավագ եղբայրներիս ծնունդից 8 տարի անց էին ունեցել ինձ ծնողներս՝ որպես տան փոքր շատ բան էր թույլատրվում, բայց դերասան դառնա՞լ….

«Առնետները» ներկայացումից

4-րդ դասարանից սկսեցի թատերական խմբակի փորձերի մասնակցել: Տանը չարգելեցին՝ մտածում էին երեխա է, կգնա, հետո կձանձրանա, կհոգնի: Երբ տանը հայտնաբերեցին, որ դրանից տուժում են դասերս՝ ժամանակավորապես արգելեցին: 14-15 տարեկանում դերասան դառնալու որոշումս մի տեսակ հետին պլան մղվեց՝ ուզում էի բնագիտական առարկաների գծով շարունակել, սակայն ավարտական դասարանում մտքափոխվեցի: Համալսարանի բանասիրական բաժին ընդունվել փորձեցի՝ չստացվեց, հետո մանկավարժական ինստիտուտ դիմեցի ու էլի ձախողեցի: Բանակում ծառայել վերադառնալուց հետո  բարձրագույն ընդունվելու բոլոր փորձերս ուղղված էին միմիայն Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժին: 10 տարի շարունակ դիմել եմ ու կտրվել ոչ մասնագիտական առարկաներից՝ հիմնական խոչընդոտը ֆրանսերենն էր: Հնար չկար՝ կամ պիտի դրանից կտրվեի, կամ ՍՍՀՄ պատմությունից կամ էլ եսիմ ինչ մի ախմախ առարկայից:

Ես փորձել եմ ընդունվել Խորեն Աբրահամյանի կուրսը, հետո՝ Երվանդ Ղազանչյանի, հետո՝ Մարատ Մարինոսյանի, բոլորը գոհ էին ինձնից, որ պրոֆեսիոնալ մոտեցում էի ցույց տալիս: Ամեն անգամ կանչում էին ինձ ապագա կուրսղեկները հուսադրում՝ թե դու շնորհքով տղա ես, ոչինչ, մյուս տարի դիմի՝ կընդունվես: Մի տեսակ վիրավորական էր, որ օտար լեզվի պատճառով կորցնում էի այնքան թանկ տարիները: Դպրոցում լեզուն վատ չեմ սովորել, բայց, ըստ երեւույթին, բուհական մակարդակին չէի ձգում: Ատու՞մ էի ֆրանսերենը, չէ, չէի ատում, ուղղակի ձեռք քաշեցի իրանից՝ էլ չէի պարապում (ծիծաղում է-հեղ.):

Հաղթեց համառությունն ու թատրոնի նկատմամբ անսահման սերը

Մեկ ուրիշն իմ տեղը լիներ, վաղուց հրաժարվել էր թատերական ընդունվելու մտքից, ես՝ չէ: Ասեմ, որ էդ ընթացքում հասցրեցի ավարտել Գյումրու թիվ 10 գեղարվեստատեխնիկական ուսումնարանի մետաղադրվագման բաժինը, զուգահեռ սովորում էի Ասքանազ Մռավյանի անվան թատրոնի երեկոյան ստուդիայում՝ այն ժամանակ հայտնի ու փառաբանված ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանի կուրսը: Այնպես որ, ստուդիական կրթություն ունեի, բայց դա բավարար չէր պետական թատրոնում աշխատելու համար՝ բարձրագույն էր պետք: Քանի որ թատրոնի դռները ժամանակավոր փակ էին ինձ համար՝ ընդունվեցի «Նոր տարազ» արտադրական միավորման արտադրամասերից մեկը, որտեղ ազգային-ազգագրական պարի խմբերի տարազների ձեւավորմամբ էի զբաղվում: Աշխատեցի երկու տարի, բայց ուշքս ու միտքս թատրոնն էր:

Առաջին քայլերը պրոֆեսիոնալ բեմում

1986թ. երիտասարդ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հրավերով մեկնեցի Ղափանի թատրոնում աշխատելու: Առաջին մեծ դերս, որ մարմնավորեցի այդ ժամանակ, Գարեգին Սիսակյանի կերպարն էր «Սպանված աղավնին» ներկայացման մեջ: Երկու տարի ապրեցի ու աշխատեցի Ղափանում: Պիտի ասեմ, որ բավական էլ զբաղված դերասան էի, խաղացանկս էլ փոքր չէր, Ղազանչյանն էլ բավական ուշադրություն էր դարձնում ինձ: Չգիտեմ ճակատագիրս ոնց կդասավորվեր, եթե մնայի Ղափանում, բայց երկրաշարժն իմ փոխարեն որոշեց՝ վերադարձա Գյումրի: Երկրաշարժից հետո Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում հատուկ կուրս բացվեց գյումրեցիների համար: 1991թ. ընդունվեցի Մետաքսյա Սիմոնյանի ամուսնու՝ Կիմ Արզումանյանի կուրսը: Չորս տարի ինքը դասավանդեց, վերջին տարին կուրսի ղեկավարումը ստանձնեց Հակոբ Ղազանչյանը: Ուսանող դարձա փաստորեն 30 տարեկանում:  1995թ. ավարտեցի ու բուհում դասավանդելուն զուգահեռ հետագայում կրթությունս շարունակեցի ռեժիսորական բաժնում:

Երիտասարդ տարիքում թվում էր, թե միայն հերոսական դերերի համար եմ ծնվել: Ուշ սկսելու պատճառով, տարիքային առումով այդպես էլ չկարողացա խաղալ գլխավոր դերեր, որոնք կցանկանայի: Այդ տարիներին շատ դժվար էր մուտք գործել թատրոն եւ միանգամից գլխավոր դերով հանդես գալ հնաբնակների կողքին: Առնվազն պիտի բավարարվեինք թփի կամ քամու դերով: Հիմա ուրիշ է՝ իմ ուսանողը ամանորյա ներկայացման մեջ գլխավոր դեր է խաղում: Հիմա սերնդափոխությունը շատ սահուն է կատարվում, 90-ականներին այդ մասին պարզապես երազում էինք:

«Խելահեղ պատմություն» ներկայացումից

90-ականների սկզբին Գյումրիում դրամատիկական թատրոնից դուրս ստեղծվեցին «Մենք» սատիրայի եւ «Տեսիլք» թատրոնները: Երկու թատրոնում էլ ակտիվ աշխատել եմ: Այդ տարիներին տեղի նորաստեղծ հեռուստաընկերություններում ես եւ իմ դերասան ընկերները նկարահանվում էինք հումորային մանրապատումներում: Ասեմ, որ գոհ եմ, գոհ եմ նրանից, որ փորձության ենթարկվեցի, որ հնարավորություն եղավ նաեւ կամերայի հետ աշխատելու, որովհետեւ, ինչպես գիտեք, բեմում ներկայացում խաղալն այլ բան է, խցիկի առաջ աշխատելն՝ այլ: Ես կարողացա բոլոր ժանրերում հայտնվել, բոլոր ժանրերում ինձ փորձել. դա դերասանի համար մեծ դպրոց է: 30 տարի է խաղում եմ, 70-ից ավելի դերեր եմ խաղացել ու դեռ պիտի խաղամ:

Գյումրեցի ընկեր Մարգոյից մինչեւ ֆրանսիացի Մորիս

Երբեք վատ չեմ զգացել կնոջ դեր խաղալուց: Ես ճիգ ու ջանք չեմ գործադրել, որ ստանամ այդ կերպարները: Իմ աչքի առաջ միշտ եղել է մորս կենսակերպը, շարժուձեւը: Ինքը կյանքով լեցուն, ամեն բան նկատող կին էր եւ հնարավոր չէր իրեն թողնել ու ուրիշ կերպար վերցնել: Ասում են, չէ՞, որ դերասանը պիտի նայի, շրջապատից օրինակ վերցնի. իմ դեպքում դրա կարիքը չկար: Իմ կերտած կերպարներում մի քիչ գրոտեսկ կա, գույները որոշակիորեն խտացված են, բայց ցինիկ չեն, շատ բաց չեն:

Իմ կերտած շատ կերպարներում մայրս անմիջապես ճանաչում էր իրեն՝ իր բառապաշարը, իր արտահայտությունները, կռվում էր հետս: Ճարս կտրած՝ սկսում էի համոզել, որ դա ուղղակի կերպար է, որ դա դու չես: Մի մանրապատում կար, որ մեր տանը նկարեցինք, թաղման տեսարան էր, մորս կոշիկներն էի դրել դագաղի մեջ, շալը գցել վրաս, մայրս տեսավ՝ նեղացավ, վիրավորվեց: Էդ կոշիկներն իրականում ինքը առել պահել էր, որ թաղելուց իրեն հագցնեինք, ես հանել օգտագործել էի մանրապատման մեջ: Ասի՝ ոչինչ, մամա ջան, կնայես, կտեսնես, որ վրադ լացող կա: 

2004թ. ես ու Արթուր Հակոբյանը հրավիրվեցինք խաղալու ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման մեջ: Ներկայացումը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ես մարմնավորում էի Մորիսին, որ բարեգործական կազմակերպության գործակալ էր եւ գործի բերումով այդ ընտանիք պիտի մտներ կնոջ կերպարով: Առաջնախաղին ներկա էր նաեւ հեղինակը՝ Րաֆֆի Շարտն իր ընտանիքով: Խաղս շատ էր հավանել: Ասաց՝ իմ լավագույն Մորիսներից մեկն ես, եթե ոչ առաջինը, ապա՝ երկրորդը բոլոր նրանց մեջ, ովքեր երբեւէ մարմնավորել են: Հա, իմիջիայլոց, Ֆրանսիայում շատ պոպուլյար ներկայացում է սա, ու բոլոր թատրոններում խաղում են: Մենք էլ 7 տարի Երեւանում անշլագ դահլիճներով խաղացինք, բայց ահա Գյումրիում չընդունվեց: 2006թ. աճեմյանականներով բեմադրեցինք, բայց մեկ-երկու անգամ խաղացինք: Ավանդապաշտ գյումրեցիներին թեման չգրավեց:

Կոմիկականին զուգահեռ դրամատիկ եւ լուրջ դեր խաղալու առաջին փորձն եղավ 1996-ին

Այդ տարի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը մեզ մոտ բեմադրեց «Հավատք» ներկայացումը: Գրիգոր Լուսավորչի դերն առաջարկեց ինձ: Ճիշտն ասած՝ երկուսս էլ մտավախություն ունեինք հանդիսատեսի պահով՝ գյումրեցու արձագանքն անկանխատեսելի է, բա որ սկսեն ծիծաղե՞լ: Ես էդ տարիներին ակտիվ նկարահանվում էի մանրապատումներում ու…մի խոսքով, որոշեցինք ռիսկի գնալ: Դերիս պատրաստման համար, որ լիարժեք զգամ կերպարս, երեք օր անցկացրել եմ Խոր Վիրապում: Առաջնախաղի օրն իսկական փորձություն էր: Համ հուզմունք կար, համ անհանգստություն: Ի վերջո, բեմ եմ մտնում՝ քար լռություն դահլիճում, սկսում եմ խաղալ՝ քար լռություն: Մի խոսքով, մինչեւ վերջ էդ լրջության մեջ խաղացինք ներկայացումը՝ ոչ մի ռեպլիկ տեղից: Ես սա կատարյալ հաղթանակ կհամարեի, նաեւ՝ ինչ-որ տեղ կարծրատիպ կոտրվեց իմ հետ կապված: Գյումրու թատրոնում իմ այս դերակատարումը եղավ շրջադարձային՝ արդեն պարզ էր, որ ինձ կարելի է վստահել նաեւ դրամատիկ լուրջ դերեր, որ ես մի ամպլուայի դերասան չեմ:

Սահակ Պարթեւ «Մեսրոպ Մաշտոց» ներկայացումից

Դերակատարումներս առայժմ գերազանցում են բեմադրություններիս: 30 տարի բեմում, 70-ից ավելի դերակատարում եւ վստահ եմ, որ դեռ էլի կլինեն: Բեմադրություններս դերակատարումներիս չեն հասնի, իհարկե, բայց ոչինչ, ամեն ինչ դեռ առջեւում է՝ ընդամենը 55 տարեկան եմ: Առաջին բեմադրությունս որպես ռեժիսոր արեցի 2005-ին: Շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը, որ ապրում է տանիքում» ստեղծագործության հիման վրա «Կառլսոնը եւ մանչուկը» ներկայացումն էր, որ դիպլոմային աշխատանք էր իրականում, բայց հետո մի քանի անգամ խաղացվեց թատրոնում: Դրանից հետո Նիկոլայ Ծատուրյանն ինձ վստահեց Վրթանես Փափազյանի «Ժայռը» ներկայացումը, որ Աճեմյանից հետո այս բեմում որեւէ մեկը ռիսկ չէր արել բեմադրել:

2013թ. «Դուետ» փառատոնի համար արեցի Եսենինի մասին «Մնաս բարով» հայերեն-ռուսերեն ներկայացումը, որ խաղացվեց ուսանողական բեմում ու բարձր գնահատականի արժանացավ: 2014-ին ձեռնարկածս «Մեսրոպ Մաշտոց» ներկայացումն ամենամասշտաբայինների թվում էր թե՛ իմ, թե՛ թատրոնի համար: Սա միակ ներկայացումն է եղել, որտեղ ես նաեւ խաղացել եմ: Սահակ Պարթեւի դերն էի վերցրել՝ շատ փոքր դեր, որովհետեւ իրականում դեմ եմ ու լավ գիտեմ, որ պրոֆեսիոնալ ռեժիսորը չպիտի խաղա իր բեմադրած ներկայացման մեջ, որովհետեւ կողքից աչք է պետք: Պարզապես ուրիշ էլ հարմար դերասան չկար տարիքային առումով՝ դա միակ պատճառն է եղել իմ մասնակցության:  Մի տարի անց բեմադրեցի Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» պիեսը, որտեղ դերասանական կազմում ընդգրկված էին նաեւ իմ ուսանողները: Էս տարի կայանալիք «Դուետ» փառատոնի համար վերցրել եմ ճապոնացի գրող Ակուտագավայի գործերից մեկն ու հույս ունեմ, որ կրկին հաջողելու ենք:

Հատված «Հիշիր վաղվա օրը» ներկայացումից

Իմ թթվածինն էլ, ապրելու, արարելու, ոգեւորության աղբյուրն էլ Գյումրին է: Ոչ մի վայրկյան չեմ մտածել՝ ապրե՞լ, թե՞ չապրել Գյումրիում: Երբեք մտքովս չի անցել, որ եթե մայրաքաղաքում չեմ, ուրեմն դժվար թե հասնեմ հաջողության: Էս քաղաքն իմ շնչառությունն է, իմ թթվածինն է՝ ես ուղնուծուծս գյումրեցի եմ: Իմ նմանների համար ուրիշ տեղ ապրելը պատիժ է: Մի տարի գործի բերումով մնացի Ամերիկայում, ամեն օր արթնանում էի գյումրվա հովերով՝ վերջ, վաղը տոմս եմ գնում վերադառնամ: Ես Երեւանից հրավեր ունեի Պատանի հանդիսատեսի եւ Պարոնյանի թատրոններից՝ ոչ մի տեղ չհամաձայնվեցի գնալ: Ես չեմ կարծում, որ մայրաքաղաքում պետք էի՝ իմ համոզմամբ ես հենց Գյումրուն էի պետք: Ընդհանրապես, գյումրիասերները հիվանդի տպավորություն են թողնում, բայց դե ինչ արած, ամեն մեկս մեր չափով ենք խելագարվում (ծիծաղում է-հեղ.): Ըստեղ ջիգյարն ուրիշ է…

Ես մեր թատրոնը համարում եմ Հայաստանի թիվ 1 թատրոնը՝ ով ինչ ուզում է ասի: Մեզ ակադեմիականի կոչում չտվեցին, չնայած անընդհատ խոսում էին, որ Սունդուկյանից բացի ամենահին թատրոնը Գյումրիինն է, բայց ոչինչ, կարեւորը կոչումները չեն՝ երեւույթն է: Մենք խաղացանկում ունենք ներկայացումներ, որոնք բոլորովին չեն զիջում մայրաքաղաքային ներկայացումներին: Գրիգոր Մկրտչյանն իր ժամանակին բեմադրեց «Ռեւիզորը», Երեւանից գնացքով, ավտոբուսներով գալիս էին, որ նայեին:

«Տիտոս Անդրոնիկոս» բեմադրեց նույն Գրիգոր Մկրտչյանը, ռուսները թռչում գալիս էին Մոսկվայից, որ նայեն: Անցած տարի մեզ մոտ «Լիր արքա» բեմադրվեց, ու նայելու համար մարդիկ Երեւանից հասան Գյումրի: Աճեմյանի ժամանակ էլ էր նույնը, Խորեն Աբրահամյանի ժամանակ էլ, Ալբերտ Մկրտչյանի էլ: «Հարսանիք 73»-ը բեմադրվեց մեզ մոտ, որ էլի հանդիսատեսը դրսից էր գալիս նայելու: Ո՞նց կարելի է էս ամեն ինչը թողնել, գնալ մայրաքաղաքային որեւէ թատրոն, նստել անկյունում, մինչեւ ռեժիսորը քեզ նկատի: Այսպես ասեմ՝ ավելի լավ է ես գավառում լինեմ առաջինը, քան մայրաքաղաքում վերջինը, իսկ որ ավելի վատ է՝ մոռացվածը:

Հ.Գ.-Միակ թեման, որի շուրջ չուզեց զրույց ծավալել Հովհաննես Հովհաննիսյանը,՝ իր բնակարանային պայմաններն էին: Սիրված դերասանը կնոջ հետ ապրում է հայրական տան փոքրիկ սենյակներից մեկում: Նույն տանն իրենց ընտանիքներով բնակվում են նաեւ Հովհաննեսի մյուս եղբայրները: «Ոչինչ, նորմալ է, չեմ դժգոհում, չնայած շատ ժամանակ անհնար է դառնում շարժվելն էս 9 քմ-ի մեջ, բայց պիտի հասկանանք, որ ապրում ենք մի քաղաքում, որտեղ 3000 ընտանիք դոմիկներում են ու ինչ-որ բան պահանջելը ճիշտ չէ: Կարեւորը, որ ես երջանիկ եմ ինժեներ կնոջս՝ Ժաննայի հետ, ով իմ առաջին քննադատն է, իմ ընկերն է, ինձ ոգեւորողն է»:

Իմիջիայլոց, Հովհաննեսի եւ Ժաննայի ամուսնությունը եւս առանց հումորային միջադեպի ու թատրոնի միջամտության չի եղել: Հակոբ Ղազանչյանը 1993թ. բեմադրել էր «Ֆայտոն Ալեքը», ու քանի որ երկրաշարժից հետո առաջին անգամ լիքը դահլիճ էին ապահովել, Ղազանչյանը հրաժարվում է փոխել ներկայացման օրը ու գլխավոր դերակատարին ազատ արձակել: «Հակոբը թե՝ պիտի ներկայացումը խաղաս, նոր գնաս: Ճարս ինչ՝ պիտի մնայի: Մերոնք սինիները կապած, առանց ինձ գնացել էին Ժաննայենց տուն՝ ես բեմի վրա ներկայացում կխաղամ: Էդ երկու ժամը աներանքս մերոնց հյուրասենյակ չէին թողել, թե փեսեն գա՝ նոր, կարող է փոշմանել է: Այ էդպիսի պատմություններով եմ ամուսնացել, բայց ասեմ, որ երջանիկ եմ ու երբեք չեմ փոշմանել, որ ընտրյալս հենց Ժաննան է»:

Լուսանկարները՝ Արսեն Միրզախանյանի եւ Հովհ. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի

Երկրորդ տեսանյութը՝ հեղինակի եւ Արսեն Միրզախանյանի

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter