HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

108 անօթևան՝ Հայաստանի միակ կացարանում

Ձմռան այս ամիսներին հանրապետությունում ցրտահարությունից մահացության մի քանի դեպք է գրանցվել։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ ցրտահարությունից մահացածներն անօթևաններ են եղել։

Հայաստանում այժմ անօթևանների խնամքի մեկ ժամանակավոր կացարան կա՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանը։ Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի վերջին Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) անօթևանների կացարանը տեղափոխվել էր Վարդաշեն և միավորվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանի հետ: 

Այս պահին այդ կացարանում բնակվում է 108 անօթևան։  Նրանց մեծամասնությունը անաշխատունակ անձինք և մեծահասակներ են։ Այս անօթևաններից շատերը ընտանիք չունեն, ոմանք այնտեղ բնակվում են իրենց ծնողների հետ։

«Ընտանիք չունեմ։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ էստեղ եմ հիմա հայտնվել»,-ասում է կացարանի 38-ամյա բնակիչ Գարեգին Կալաջյանը։ Նա կացարանում բնակվում է մոր՝ Աղավնիի հետ։

Այս կացարան է տեղափոխվել դեռևս 2013-ին, երբ Հաղթանակ գյուղի անօթևանների կացարանը տեղափոխվել է Վարդաշեն։ Մայրը չի աշխատում, իսկ նա երբեմն փոքր դերակատարմամբ նկարահանվում է ֆիլմերում, թեև նրանով  քիչ գումար է վաստակում՝ 1000-5000 դրամ։ Երբեմն էլ որպես բնորդ  աշխատում է Նկարիչների տանը։ 

«Ունեմ ընտրած աղջիկ։ Աչքերը չի տեսնում։ Ուղղակի ուզում էի խնդրեմ, եթե հնարավորություն կա, գոնե որևէ մի բարերար, որևէ մեկը տեսնի, կարողանա մի փոքրիկ անկյուն հատկացնել ինձ, կարողանամ գնամ, իր հետ ապրեմ»,-ասում է նա, այնուհետ զրույցի ընթացքում շարունակում. «Պատսպարվելու տեղ չունեմ։ Դուրսը պետք  ա մնայի, ես էլ չեմ ուզի, որովհետև մամաս մենակ ա։ Ես իրա համար եմ ապրում, ամեն ինչ անում եմ, որ ինքը ուրախանա իմ համար»։

Զրույցի վերջում Գարիկը դիմում է ԱՄՆ-ում բնակվող հարազատներին, խնդրելով՝ օգնել, դուրս գալ այս կացարանից։ Նրա խոսքով՝ նա և մայրը մնացել են անտեր-անտիրական, ինքն էլ չի ցանկանում այս կացարանում ապրել, հանուն մոր է տեղափոխվել և հանուն նրան էլ շարունակում է այնտեղ մնալ։

Հասմիկ Դավեյանը կացարանում բնակվում է 18-ամյա աղջկա՝ Անի Դավեյանի հետ։ Տկն Հասմիկի խոսքով՝ ամուսինը «Արաբո» ջոկատում կռված ազատամարտիկ է եղել, նրա մահից հետո բնակարանի խնդիրներ են ունեցել, նա և աղջիկը դուրսն են մնացել։ Հասմիկի ցանկությունը ևս մի բնակարանն է, որտեղ կկարողանա աղջկա հետ ապրել, աշխատել:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ ֆինանսավորման խնդիր չունեն, քանի որ կացարանի գոյության ապահովումն իրականացնում են համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որով պետության կողմից համաֆինանսավորվում են՝ 56 միլիոն դրամի չափով։ Այսինքն՝ պետությունը հոգում է կացարանում գտնվող անօթևանների սննդի, աշխատողների աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի հարցերը, իսկ մնացածը ծախսերն ու ծառայությունների ապահովումն իրականացվում է դանիական կողմի միջոցներով։

Այս պահին կացարանում բնակվում է 108 անօթևան, թեև տնօրենի փոխանցմամբ՝ պետությունը 100-ի խնամք է նախատեսել, մինչդեռ ընդգծում է, որ եթե 150 անօթևանի խնամքի անհրաժեշտություն լինի, բոլորին էլ կպահեն։

«Մենք չպետք է թողնենք մեր բնակչությանը մնան դրսում և ցրտահարվեն։ Եվ դրա համար մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել՝ նոր մահճակալներ և անկողիններ ենք ձեռք բերել և ներկա դրությամբ ունենք 108 հոգի, բայց մենք պետք է պահեինք 100 հոգի։ Այսինքն՝ մնացածին մենք պահում ենք մեր հաշվին, դանիական մեր գործընկերների հաշվին։ Հայաստանում չպետք է լինի մի անօթևան, ով այս ձմռան ցրտին փողոցում պետք է հայտնվի»,-ասում է Շավարշ Խաչատրյանը։

Շ.Խաչատրյանը հիշում է, որ այս տարվա պես, մեկ էլ երկու տարի առաջ է անօթևանների հոսքը դեպի կացարան մեծ քանակությամբ եղել։ Այդ հոսքը տնօրենը պայմանավորում է սաստիկ ցրտով։

Իսկ կացարանում, Շ․Խաչատրյանի հաղորդմամբ՝ մեծամասամբ գերակշռում են 50-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները։ Նրանցից ոմանք երբեմն կարողանում են աշխատանք գտնել շինարարությունում, փռերում, ամռանը այգիներում։ Աշխատանքից հետո վերադառնում են  կացարան։

Խաչատրյանը քաղաքացիների՝ «դեռևս անօթևաններ կան փողոցներում մնացած» մտահոգությանը հակադարձում է, որ ինքը ևս տեսնում է, թե մարդիկ ինչպես են աղբարկղերի միջից իրեր հանում, կամ փող մուրում, սակայն նրանք մեծամասամբ անօթևաններ չեն, ունեն բնակարան, ընտանիք և միայն սոցիալական վիճակից են նման քայլերի դիմում։

Մեկնաբանություններ (2)

Елена
Я осталась на улице. Меня зовут Елена. Мне срочно нужен кров и нужна помощь. Я в очень плохом состоянии. Нету работы. Мой номер 098962122. Я три года назад потеряла маму. Папа умер давно.
Շանթ
.....մեծամասամբ գերակշռում են 50-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները: ․․․․․Պարզ եւ ամփոփ գրեցեք - 50 տարեկան անց մարդիկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter