HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կադաստրին սպասարկող ավտոմեքենաների ընդհանուր գինը գերազանում է կես միլիոն դոլարը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին՝ ներառյալ մարզային կառույցներն ու բոլոր մնացած ստորաբաժանումները, սպասարկում է 46 միավոր տրանսպորտային միջոց:

Կադաստրի պետական կոմիտեից «Հետք»-ին ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ դրանց ձեռքբերման ընդհանուր գումարը կազմում է 243 միլիոն 813 հազար դրամ, կամ ավելի քան 501 հազար ամերիկյան դոլար:

Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին սպասարկում է բավականին «ամբիցիոզ»՝ 2013 թվականի արտադրության «Skoda Super B Ambition» մակնիշի ավտոմեքենա, որի համար պետությունը վճարել է 12 միլիոն 975 հազար դրամ: Այս ավտոմեքենան, ի դեպ, ձեռք բերվել կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի օրոք, ու հավանական է՝ հենց նրա, կամ տեղակալներից որեւէ մեկի համար:

10 միլիոն դրամի սահմանը գերազանցող եւս երկու ավտոմեքենաներ կան Կադաստրի պետական կոմիտեի ավտոպարկում: Կոմիտեի Մարզերի միավորված ստորաբաժանման վարորդ-առաքիչ Վահագն Մխիթարյանը, ում ամսական աշխատավարձը կազմում է 91 հազար դրամ, վարում է 2003 թվականի արտադրության «Պեժո» մակնիշի ծառայողական մեքենա, որը ձեռք է բերվել 10 միլիոն 878 հազար դրամով:

Իսկ ամենաթանկարժեքը 16 միլիոն 44 հազար դրամ արժեքով «Volkswagen Passat-B6» մակնիշի ավտոմեքենա է՝ գնված 2006 թվականին, երբ Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Մանուկ Վարդանյանն էր: Ներկայումս ավտոմեքենան սպասարկում է 2014 թվականին Կադասատրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար նշանակված Վարդան Հասրաթյանին:

Ընդհանրապես, դատելով «Հետք»-ի ձեռքի տակ եղած տեղեկանքից, ամենաթանկարժեք ավտոմեքենաները ձեռք են բերվել Մանուկ Վարդանյանի եւ Երվանդ Զախարյանի ղեկավարման տարիներին: 2012-2013 թվականներից այս կողմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նոր ավտոմեքենա չի գնել:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից «Հետք»-ին տրամադրած տեղեկանքի համաձայն, նախորդ տարի, երբ կառավարական մակարդակով հրահանգ եղավ ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ, այս կառույցում կրճատման է ներկայացվել 15 ավտոմեքենա: Ամենահին ավտոմեքենան՝ 1994 թվականի, իսկ ամենանորը 2006 թվականի արտադրության է:

Բացառությամբ մեկի՝ բոլորը ռուսական արտադրության ավտոմեքենաներ են՝ ՎԱԶ եւ ԳԱԶ մակնիշների: Կրճատված մեքենաների ցանկում կա մեկ 1998 թվականի արտադրության «Միցուբիշի», որը մինչ այդ սպասարկել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ին:

Կրճատման ներկայացված 15 ավտոմեքենաներից 3-ը եղել է չշահագործվող: Ավտոմեքենաներից 7-ը այս պահին հանձնված է Պետգույքի կառավարման վարչությանը, 4-ն արդեն վաճառվել է աճուրդում, եւս 4-ի աճուրդները չեն կայացել:

Լուսանկարը՝ armcci.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter