HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչիկյան. «Հակառակորդի ոտնձգության դեպքում կվերադառնամ իմ զորամաս»

Թումանյանի տարածքային զինկոմ, փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների և Ալավերդի քաղաքի զինակոչիկների 99 տոկոսը ծառայությունից վերադառնում են լավ եւ գերազանց  բնութագրերով: Զինկոմը ակնածանքով մատնանշեց հատկապես օձունցի Լևոն Խեչիկյանի զինվորական ծառայության պատմությունը:

Լևոն Խեչիկյանը զինվորական ծառայության է մեկնել 2012թ.-ի դեկտեմբերի 30-ին: Մինչ  ծառայության  մեկնելը զբաղվել է դզիսսեն քեմպո մարտարվեստով: 2010-ին Եվրազիայի Վրաստանում կայացած առաջնությունում 1-ին տեղ զբաղեցրել: Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի առաջին կուրսում:

«Զորակոչվելուց հետո 6 ամիս ծառայել եմ Հոկտեմբերյանում: Այստեղ խորանում էի տանկիստի մասնագիտության մեջ»,-պատմեց Լևոնը: Հոկտեմբերյանից 2013թ.-ի հունիսին Լևոնը տեղափոխվել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամաս, որտեղ ծառայել է որպես տանկի ավագ մեխանիկ-վարորդ:   

«Ինձ դուր էր գալիս տանկիստի գործը և ինձ համար հաճելի  էր իմ սիրած գործում խորանալը: Ես տանկային դիրքային կռիվների չեմ մասնակցել, իմ ծառայության ժամանակ դիրքերում հանգիստ էր, բազմաթիվ զորավարժությունների եմ մասնակցել»,- պատմեց նա: Զինվորական ծառայության ժամանակ՝ 2014 , ապա  2016թ.թ.-ին Լևոն Խեչիկյանը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինոյում կայացած «Բանակային միջազգային խաղերի» շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջնություններին:

«Տանկային բիաթլոն-2014-ի» օգոստոսի 3-16-ը կայացած մրցաշարին մասնակցել են 12 պետությունների անձնակազմերը:

«Մենք պետք է ուժերի գերագույն լարում ցուցաբերեինք, քանի որ մրցակցելու էինք  պրոֆեսիոնալ տանկիստների հետ։ «Տանկային բիաթլոնը» մի յուրօրինակ քննություն էր մեր թիմի համար, որտեղ մենք պետք է ցույց տայինք հայկական բանակի ուժն ու մարտական պատրաստվածությունը: Մրցապայքարում գրավեցինք 2-րդ տեղը և ապացուցեցինք, որ մենք ուժեղ ենք ֆիզիկապես, լավ տիրապետում ենք մարտական տեխնիկային»,-ասաց Լևոնը: Բիաթլոնին առաջին տեղը գրավել է Ռուսաստանի թիմը: Լևոնի խոսքով բիաթլոնի բուն իմաստը տանկ վարելն էր, սակայն այդտեղ կարևորվել է նաև տանկիստի ֆիզիկական պատրաստվածությունը: 20-ամյա եֆրեյտորը տանկիստի իր պատրաստվածությամբ մրցապայքարում ընկնում է  2-րդ տեղը:

«Այդ պայքարում մեր հաղթանակի համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայկական զինված ուժերի անձնակազմին նվիրեց 1 միավոր S-90Ս տանկ, որը հետագայում ուղարկվեց մեր զորամաս»,-ասաց Լևոնը:

Մոսկվա գնալուց առաջ Լևոնը 2014թ.-ին Պաշտպանության բանակի զորամասերի տանկիստների առաջնությունում գրավել է 1-ին տեղ: Մրցումները եղել են հենց իրենց  զորամասում: Լևոնը հաղթել է նաև Հայաստանից եկած տանկիստներին, որից հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից ուղարկվել է միջազգային մրցապայքարին: «Տանկային բիաթլոն-2014-ի» մրցապայքարում ցուցաբերած պրոֆեսիոնալ բարձր պատրաստվածության համար 2014թ.-ի օգոստոսի 28-ին Լևոն Խեչիկյանը  Պաշտպանության  նախարար  Ս. Օհանյանի կողմից պարգևատրվել է  «Մարշալ Բաղրամյան» մեդալով: Ստացել նաև այլ պարգևներ: Լևոնը  2014թ.-ի  դեկտեմբերի 30-ին ավարտում է զինվորական ծառայությունը:Այդ նույն օրը զորամասից նամակ են ուղարկվում Լևոնի ծնողներին՝ Գրիգոր և  Արմինե Խեչիկյաններին. «Ձեր որդին՝ Լևոնը, Հայրենիքին  արժանի զինվոր է, նրա դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը ամենամեծն է: Շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ ՝ Հայրենիքի աննկուն պաշտպան դաստիարակելու համար և վստահ ենք , որ հակառակորդի կողմից  ցանկացած ոտնձգության դեպքում նա շարք կվերադառնա և սատար կկանգնի  Մայր Հայրենիքի պաշտպանությանը»:

Ծառայությունից հետո զորամասից 2015թ.-ին Լևոնին  հրավիրում  են  պայմանագրային ծառայության: Այդ ժամանակ առողջական խնդրի պատճառով Լևոնը չի կարողանում ընդունել հրավերը: «Բիաթլոն-2016»-ին մասնակցել է արդեն որպես պայմանագրային զինծառայող: Այս անգամ բիալթոնին մասնակցում էին 19 պետություններ:

«Թիմը  2016 թ.-ին  գրավել է 6-րդ տեղը՝ տեխնիկայի խափանության պատճառով: Տեխնիկա է, ամեն ինչ էլ պատահում է»,-բացատրեց  Լևոնը: «Տանկային բիաթլոն-2016»-ում որպես  մեխանիկ-վարորդի պրոֆեսիոնալ մասնագետ Լևոն Խեչիկյանը գրավում է 1-ին տեղը: Նա Ռուսաստանի պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգույից  ստանում է «Տանկային բիաթլոն -2016-ի»  միջազգային մրցույթի լավագույն մեխանիկ-վարորդի համար նախատեսված տանկի մակետը: Ստանում է նաև  բազմաթիվ մեդալներ և շնորհակալագրեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Լևոնին պայմանագրային  զինծառայության են հրավիրում ռուսական  տանկային  զորամասերից մեկում: Լևոնը մերժում է. «Իմ ծառայության միակ վայրը կարող է լինել միայն  իմ զորամասը»,- ասաց նա:

«Որդիս՝ Լևոնը, բանակային կյանքի իր դժվարությունների մասին  մեզ երբեք ոչինչ չի ասել:  Փոքր հասակից Լևոնը ունեցել է իր սկզբունքները: Իմ որդին համառ տղա է: Նա մեկ տարի 6 ամիս ծառայել է Ղարաբաղում: Հիշում եմ 2014թ.-ի օգոստոսին Ղարաբաղում լարվեց իրավիճակը,  մենք մեծ անհանգստություններ ունեցանք: Այդ ժամանակ  Լևոնի փոքր եղբայրը՝ Լեռնիկը  նույնպես իր զորամասում էր:  Ոնց կարող էինք անհանգստություններ չունենալ, 2 որդիս Ղարաբաղում էին»,-պատմեց  հայրը՝ Գրիգոր Խեչիկյանը:

Իր բանակային անցած կյանքը Լևոնը նորմալ համարեց. «Բնական է, սովորական կյանքից անցնում ես ծառայողական կյանք, դժվարություններ լինում են, բայց  հաղթահարեցի։ Ընտանիքիս էի կարոտում շատ։ Բանակային կյանքից շատ լավ հիշողություններ ունեմ։ Ապրիլին սպասում էի ամեն րոպե, որ կվերադառնամ ծառայության: Ես արդեն տեղեկացրել էի, որ պատրաստ եմ մեկնելու: Սպասում էի, որ պետք է տանեն։ Հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում, անպայման կվերադառնամ իմ զորամաս»։

Նա այժմ սովորում է ֆիզկուլտուրայի հայկական պետական համալսարանի 2-րդ կուրսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter