HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախությունը կամք է, փող եւ հավակնոտություն, որը...չկա նույնիսկ Եվրոպայում

Ֆրանսիացի վերլուծաբաններ Կայծ Մինասյանի (Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետազոտող, «Մոնդ» թերթի վերլուծաբան) եւ Առնո Դյուբիենի (Eurasia Intelligence Report ամսագրի գլխավոր խմբագիր, Վալդայան ակումբի անդամ) հետ «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած ինտերնետային հարցազրույցների թեման միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս փուլում անվտանգության խնդիրներն էին եւ Ղարաբաղյան կարգավորումը:

Հարավկովկասյան չճանաչված պետություն(ների) բնակչությունն արդեն եվրոպական է

Որքան ժամանակ պետք է անցներ այն բանի համար, որպեսզի եվրոպական կառույցներում վերջապես հասկանային, որ Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում տեղի ունեցող ցանկացած ընտրության արդյունքները չճանաչելու, դրանք առհասարակ ապօրինի համարելու մասին հայտարարությունները ոչ մի տեսանկյունից տրամաբանական չեն եղել, քանի որ ընտրություններն այնտեղ ապրող մարդկանց ինքնակազմակերպման, վերջապես նրանց հետ շփվելու ու հարաբերվելու մի ձեւ էր:

Հիմա, Եվրախորհրդարանի կողմից այսպես կոչված չճանաչված պետությունների հասարակությունների հետ կապեր հաստատելու, դրանց հետ աշխատելու մասին վերջերս կայացրած որոշումը կարծես թե առաջին անգամ պաշտոնապես ամրագրեց այն հանգամանքը, որ եվրոպացիները գիտեն' Ղարաբաղում ապրում են կոնկրետ մարդիկ, մի ողջ հասարակություն, որն անտեր կամ միայն մեկ պետության հովանավորությանը թողնել չի կարելի:

Ֆրանսիացի երկու վերլուծաբանների պնդումներով' պետք չէ շատ մեծ հույսեր կապել այս որոշման հետ այն առումով, որ դրանից հետո ԵԽ-ն, ԵՄ-ն կամ մեկ ուրիշ կառույց պաշտոնական հարաբերություններ կհաստատի, ասենք, Լեռնային Ղարաբաղի հետ: Ըստ Առնո Դյուբիենի' այս որոշումը պրագմատիզմի նշան է: Չշփվելը տարօրինակ է: Իհարկե, ոչ ոք չի մտածում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, բայց եթե ուզում եք առաջ տանել կարգավորման գործընթացը, ապա պետք է շփվեք երկու կողմի հետ էլ: Կայծ Մինասյանի տեսանկյունից' որոշումն ընդունվել է' ելնելով երեք նկատառումներից:

«Ռազմավարականն այն է, որ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որպեսզի այդ կազմավորումները բացառիկ հարաբերություններ ունենան որեւէ մեկ առանձին վերցրած երկրի հետ. Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսիան' Ռուսաստանի հետ, Լեռնային Ղարաբաղը' Հայաստանի: Քաղաքական նկատառումը տարածաշրջանային կայունությունն է: Եվրոպացիները ձգտում են հասնել դրան' խոցելի տարածաշրջաններում պայթյունավտանգ կազմավորումների հետ կապեր հաստատելով: Որքան շատ լինեն կապերը, այնքան ցածր կլինի պատերազմի հավանականությունը: Եվ, վերջապես, կա հումանիտար նկատառումը. ԵՄ-ն չի կարող առանց կառավարման եւ միայնակ թողնել եվրոպական բնակչությանը: Ինչ վերաբերում է հայերի հետ հարաբերություններին, ապա նրանք ունեն եվրոպական բոլոր լծակներն իրենց պայմանները թելադրելու համար: Դրա համար պետք է, որ Հայաստանը հրաժարվի ինքնարդարացման եւ ինքնապաշտպանության դիվանագիտությունից»:

Ֆրանսիան' միջնորդ եռյակից մեկը

Ըստ վերլուծաբանների' Ռուսաստանը որոշ ժամանակ առաջ արդեն սկսեց Մինսկի խմբի ձեւաչափին զուգահեռ (Ա. Դյուբիեն), կամ դրա ներսում (Կ. Մինասյան) վարել իր գիծը, տանել այսպես կոչված զուգահեռ բանակցություններ, քանի որ Ռուսաստանին, Հայաստանի ու Ադրբեջանի նման, չեն բավարարում Մադրիդյան սկզբունքները: «Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում միջազգային ուժերի ներկայությանը: Ադրբեջանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը: Հայաստանը դեմ է տարածքներից զորքերի ինքնակամ դուրսբերմանը: Բայց պաշտոնապես երեք երկրներն էլ «Այո» են ասում Մադրիդյան սկզբունքներին: Նրանք կարող են «Այո» ասել Մադրիդյան սկզբունքներին, քանի որ գիտեն' դրանք չեն կիրառվելու: Այդ մասին գիտեն նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, սակայն առայժմ զգուշություն են դրսեւորում»,- նշեց Կ. Մինասյանը:

Չնայած (ինչպես ներկայացնում է Կ. Մինասյանը) «Բեռնար Ֆասիեն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին, սակայն պետք է իմանաք, որ Ֆրանսիայում նա միայն իր վերադասին' նախարար Ալեն Ժյուպեին եւ Ելիսեյան դաշտերի ղեկավարությանն է զեկուցում բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին: Ուրիշ ոչ ոքի: Ուրիշ ոչ մի դիվանագետ Քի դը'Օրսեում (Ֆրանսիայի ԱԳՆ հասցեն Փարիզում - Լ.Բ.) տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրենց կողմից «ԼՂ» կոչվող գործընթացում»:

Ա. Դյուբիենի պնդմամբ, Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով կամ մեկ այլ պետությունով փոխարինելու մասին խոսակցությունները ոչ միայն նոր չեն, այլեւ դատարկ են: Ճիշտ է, Ֆրանսիան որոշակիորեն կորցրել է արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ լինելու իր ունակությունը, հավակնոտությունը, այնուամենայնիվ, նա ոչ մի դեպքում չի համաձայնի զիջելու իր տեղը թե Մինսկի խմբում, թե ՄԱԿ-ի ԱԽ-ում: «Ֆրանսիայում ոչ ոք չի համաձայնի զիջել իր տեղը, եւ Մինսկի խմբում կամ մեկ այլ տեղ Ֆրանսիային փոխելու մասին խոսակցությունները սպեկուլյատիվ են»:

Քանի որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը լիովին կառավարվում է մեծ տերությունների կողմից այլ ավելի կարեւոր խնդիրների, այդ թվում' Իրանի համատեքստում» (Կայծ Մինասյան), ապա հետաքրքիր են ինչպես արդի ներեվրոպական, այնպես էլ այլ երկրների հետ հարաբերությունները:

Հին Եվրոպայում հոգնել են տարածվելուց

Ըստ Կ. Մինասյանի' արտաքին քաղաքականությունն առաջ են տանում ոչ թե եվրոպական համատեղ կառույցները (Եվրահանձնաժողով, ԵՄ, խորհրդանշական հեղինակությամբ տիկին Էշթոն), այլ անդամ երկրները: «Մենք պետք է չթերագնահատենք ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների քաղաքական կողմը: 2012 թ. Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ: ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների բնույթից է կախված այդ երեք երկրներում հաղթողների գույնը»:

Իսկ Առնո Դյուբիենն ընդգծում է, որ «Մինչեւ քաղաքական Եվրոպայի ձեւավորումը դեռ շատ ճանապարհ կա անցնելու: Համենայնդեպս, երկրների մեծամասնությունը չունի նման կամք, շատերին ձեռնտու է այսօրվա վիճակը, այն, որ գտնվում են ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հովանու տակ: Շատերը նույնիսկ ձգտում են այդ կախվածությանը, քանի որ ունեն փոքր ռազմական բյուջեներ:

Անկախությունը թանկ արժե, անկախությունը կամք է, փող եւ հավակնություններ: Վերադառնալով ՆԱՏՕ-ի կազմ' Ֆրանսիան կորցրեց իր հավակնոտությունը: Էլ ավելի մտահոգիչ են Գերմանիայի հետ տարաձայնությունները: Ժամանակ առ ժամանակ Գերմանիան տարօրինակ դիրքորոշում է զբաղեցնում եւ հարկ չի համարում այն մյուսների հետ համաձայնեցնել»: Արեւելյան գործընկերության ծրագիրն, ըստ Դյուբիենի, տարբեր սպասելիքների վկայություն է. «Եվրոպայի համար դա Հայաստանին եւ այլ երկրներին անդամության պարզորոշ հեռանկարներ ցույց չտալու մի ձեւ է: Իսկ ծրագրում ընդգրկված երկրների համար դա, հակառակը, կարծես ցատկահարթակ է ԵՄ անդամ դառնալու համար: Այնուամենայնիվ, Հին Եվրոպայում կա մեծ հոգնածություն տարածումից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter