HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչու՞ են պահանջում գրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիր, երբ 8 ամսից կրկին ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզում համայնքների խոշորացումը շարունակվելու է նաեւ այս տարի՝ ընդգրկելով Ախուրյանի, Արթիկի եւ Մարալիկի նախկին տարածաշրջանների համայնքները: Նոր ընտրություններ՝ փնջերի ձեւավորման նպատակով, մարզում կանցկացվեն ԱԺ ընտրություններից հետո՝ աշնանը: 2016թ. հոկտեմբերի 2-ին մարզի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին զուգահեռ Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում տեղի ունեցավ համայնքների խոշորացում՝ ձեւավորվեց 4  փունջ, մարզի 119 համայնքներից պակասեց 40 համայնք:

ՏԻՄ ընտրություններից հետո, օրենքի տառին համաձայն, նոր ձեւավորված համայնքապետարանները պարտավոր են ներկայացնել համայնքի զարգացման ծրագիրն առաջիկա մի քանի տարիների համար (նախկինում՝ քառամյա, հիմա արդեն՝ հնգամյա): Հունվարի 24-ին Ախուրյան համայնքում ավագանիների հաստատմանը ներկայացնելուց առաջ տեղի ունեցավ համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումը: Ինչպես եւ նախորդ տարի, երբ ներկայացվում էր համայնքի արդյունքահեն բյուջեն, այս անգամ էլ քննարկմանը մասնակցում էին միայն ավագանու անդամներն ու համայնքային ենթակայության կառույցների ղեկավարները:

«Ճիշտն ասած՝ ես դեմ էի, որ համայնքի զարգացման ռազմավարությունը հիմա մշակվեր, մանավանդ որ աշնանը նոր ընտրություններ են սպասվում համայնքների խոշորացման տեսքով եւ, բնականաբար, ընտրություններից հետո հարկ կլինի նոր ծրագիր կազմել,-քննարկման սկզբում նշեց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը,-բայց այն, ինչ մենք նախատեսել ենք հիմա, խոշորացումից հետո չեմ կարծում ծրագրային առումով մեծ փոփոխության ենթարկվի, մանավանդ որ փնջի կենտրոնը լինելու է Ախուրյանը: Փոփոխությունները պայմանավորված կլինեն միացվող գյուղերի խնդիրներով»:

Քանի որ 2016-ն ընտրական տարի էր, այն բոլոր համայնքներում, այդ թվում եւ Ախուրյանում, որտեղ սպասվում էին ՏԻՄ ընտրություններ, մինչեւ օգոստոս-սեպտեմբեր ամիսը հարկահավաքությունը բյուջեի կատարողականի առումով, մեղմ ասած, անբավարար է եղել: «Հարկերը դժվարությամբ ենք հավաքել»,-խոստովանեց գլխավոր ֆինանսիստ Վաղինակ Հովսեփյանը: Հիմնական հարկահավքչությունը կատարվել է տարեվերջին:

Չնայած ընտրական տարվան բնորոշ դժվարություներին, այնումենայնիվ, Ախուրյան համայնքը բյուջեի կատարողականը հասցրել էր 99,5%-ի՝ սեփական եկամուտների մասով գրանցելով 98% ցուցանիշ: Միայն 15 մլն դրամ հարկ հավաքագրվել է դեկտեմբերի վերջին տասնօրյակում: Ֆոնդի 21 մլն դրամից էլ նույն պատճառաբանությամբ ծախսվել է ընդամենը 9 մլն դրամ: «Եթե հաշվի առնենք, որ հիմնական գումարը բյուջե մուտք է գործել տարեվերջին, բնականաբար, հնարավոր չէր տարատեսակ ծրագրեր իրականացնել»,-բացատրեց համայնքի գլխավոր ֆինանսիստը:

Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 105, գույքահարկը՝ 106 տոկոսով, իսկ ահա շենք-շինությունների մասով հարկումը 61 տոկոսից չի անցել: Արծրուն Իգիթյանի փոխանցմամբ՝ համայնքի տարածքում գործող գազալցակայաններից մեկի բյուջեին ունեցած պարտքի գանձման խնդիրներն են թերացման հիմնական պատճառը: «Երկու գործող գազալցակայան կա, եւ դրանցից մեկը մեզ պարտք է 550 հազար դրամ, որ արդեն երկու տարի է չենք կարողանում ստանալ: Դիմել ենք դատարան՝ տեսնենք հարցն ինչպես կլուծվի»,-բացատրեց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով համայնքի 2017թ. բյուջեին, ֆինանսիստ Վաղինակ Հովսեփյանը նկատեց, որ այն գրեթե չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից՝ 225 մլն 171 հազար դրամ: Պետության կողմից հատկացվող դոտացիայի գումարը եւս չի փոփոխվել՝ 154 մլն դրամ: 2016թ. պետության կողմից նախատեսված է եղել նաեւ 794 հազար դրամ այլ դոտացիա, որն եւս ամբողջությամբ փոխանցվել է համայնքին: Արծրուն Իգիթյանը նշեց, որ այս տարի ձգտելու են ավելի շատ սոցիալական ծրագրեր իրականացնել:

«Մեզ դիմել են համայնքում սոցիալական բնակարաշինություն իրականացնելու ծրագրով: Անհատ բարերար է, որ ցանկանում է 14 միայնակ ծերերի համար բնակարան կառուցել: Հիմա զբաղված ենք տարածք ընտրելու հարցով, որ դիմացը փոքրիկ հողամաս ունենալու հնարավորություն լինի, ծերերը զբաղմունք ունենան: Մարդիկ կան իրենց գումարները դնում են եկեղեցաշինության մեջ, մարդիկ էլ կան տուն են կառուցում, որն աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մեր մարզում ավելի գերադասելի է»,-նկատեց Արծրուն Իգիթյանը:

Ախուրյանի առաջիկա զարգացման 5-ամյա ծրագիրը ներկայացվեց ընդհանուր գծերով՝ փողոցների բարեկարգում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, համայնքային ենթակայության կազմակերպություններում առաջացած խնդիրների լուծում, ջրահեռացման եւ կոյուղատար համակարգի բարելավում, գիշերային լուսավորության ցանցի զարգացում եւ այլն: Ներկայացված աշխատանքներին հատկացվող գումարները հստակեցված չէին, ընդամենը նշված էր, թե որ աղբյուրներից՝ համայնքայի՞ն, թե՞ պետական գումարներով են ակնկալվում դրանք իրականացնել:

Քննարկմանը ներկա էին նաեւ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական ՀԿ-ի ներկայացուցիչները: Կենտրոնը 2016-ից իրականացրել է «Մասնակցային բյուջետավորում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը, որի նպատակը Ախուրյանի բնակիչների շրջանում համայնքային բյուջեի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Ախուրյանի վիզուալ բյուջեի ինտերակտիվ կայքը, որի շնորհանդեսը նախատեսված է հունվարի 27-ին: Ի՞նչ աղբյուրներից են ձեւավորվում համայնքի եկամուտները եւ ի՞նչ ուղղություններով են ծախսվում՝ այսուհետ հնարավոր կլինի հետեւել նորաստեղծ կայքի միջոցով: Ի դեպ, վիզուալ բյուջեի ինտերակտիվ առաջին կայքը ՀՀ-ում գործարկվել է Գյումրու համար 2015թ. հոկտեմբերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter