HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երբ գյուղի զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական են լինում

«Գյուղի զարգացման մեր ծրագրերը սովորաբար շարունակական են: Մենք շատ երկար ենք աշխատում շահառու համայնքների հետ, որովհետեւ նկատել ենք, որ մեկ ծրագրից հետո, երբ հետեւողական չես լինում՝ մարդիկ շատ դեպքերում հակված չեն լինում այն ինքնուրույն շարունակելու եւ զարգացնելու»,-ասում է Շիրակի մարզում գործող «Կանայք հանուն զարգացման» հկ նախագահ Գոհար Մարկոսյանը: 1997թ-ին հիմնված կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները համայնքային զարգացումն ու խաղաղության կրթությունն են:

Մարզի գյուղական համայնքերում կազմակերպությունը սկսել է աշխատել 2000թ-ից՝ իրականացնելով առողջապահական ծրագրեր՝ ուղղված ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերին եւ այլն: Կոնկրետ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր սկսել է իրականացնել 2008թ-ից՝ նպատակ ունենալով հիմնականում խթանել բնակիչների մասնակցությունը սեփական համայնքների պրոբլեմների լուծմանը:

«Շիրակի մարզում մեծ թիվ են կազմում աղքատ համայնքները եւ որն էլ ընտրես՝ աշխատելու լայն դաշտ կա, բայց այստեղ շատ կարեւորվում է համայնքի ղեկավարի ու բնակիչների համագործակցելու ցանկությունը»,-նկատում է Գոհար Մարկոսյանը: Աշխատելով Գյումրուն ավելի մոտ տեղակայված համայնքներում՝ նկատել են, որ ծրագրերի շարունակականության հետ կապված մեծ հաջողություններ չեն կարողանում գրանցել: Այլ է պատկերը, երբ համայնքը մարզկենտրոնից գտնվում է 20-45 կմ հեռավորություն վրա: «Հեռավորությունը քաղաքային կենտրոնից մեծապես ազդում է մարդկանց գիտակցության վրա: Ինչ որ բան անելու ձգտումը, նորարար գաղափարների ներդրումը, տարբերվելու, ինքնուրույն ինչ որ բանի հասնելու գիտակցությունը կենտրոնից հեռու համայնքներում ավելի ցայտուն է դրսեւորվում»,-բացատրում է «Կանայք հանուն զարգացման» հկ-ի ղեկավարը:

Որպես օրինակը բերում է Գյումրիից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Բայանդուր եւ 35 կմ հեռավորության վրա գտնվող Լանջիկ գյուղերի օրինակները: Լանջիկում կազմակերպությունը ծրագրեր իրականացնում է 2000թ-ից մինչեւ օրս, իսկ ահա Բայանդուրում շարունակականություն հնարավոր չի եղել ապահովել: Լանջիկում անցած տարի կարողացան նորացնել մանկապարտեզի սանհանգույցը եւ կառուցել նախամուտք, որի բացակայությունը խնդիրներ էր ստեղծում հատկապես ձմռան ամիսներին:

«Նախկինում դուռը բացում ու միանգամից հայտնվում էիր մանկապարտեզի սրահում: Ցեխը, ձյունը ոտքերի հետ լցվում էր ներս: Նախամուտքը, որ կառուցվեց՝ էս հարցերն էլ կարգավորվեց,-ասում է Լանջիկի մանկապարտեզի տնօրեն Անուշիկ Գասպարյանը,-բացի դրանից նախկինում մանկապարտեզի զուգարանը դրսում էր, հետո ներսում սանհանգույց կառուցեցինք, բայց մի զուգարանկոնք ունեինք ու 25 երեխան օգտվում էին դրանից: «Կանայք հանուն զարգացման» հկ-ի աջակցությամբ հիմա ունենք լիարժեք վերանորոգված ու հարմարեցված սանհանգույց, մշտապես տաք ջուր»:

«Համայնքային այգի», «Ուրախ մանկություն», «Կինոակումբ», «Կանաչ էներգիա հանուն Թորոսգյուղ համայնքի զարգացման», «Համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում հանուն կանաչ ապագայի»՝ սրանք այն ծրագրեր են, որոնք «Կանայք հանուն զարգացման» հկ-ն, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը, «Բիոսոֆիա» բնապահպանական հկ-ն, Ավստրիական զարգացման գործակալությունը համատեղ իրականացրել են Թորոսգյուղում:

«Երբ համայնքն ընդառաջ է գնում ու պատրաստակամություն հայտնում իրականացնել այս կամ այն ծրագիրը, արդեն մոտիվացիա է լինում, որ ապահովես դրանց շարունակականությունը: Մենք նախորդ տարիներին մեր բոլոր շահառու համայնքներում ծրագրերը համամասնորեն ենք իրականացրել, իսկ այս նոր փուլում, որ պիտի սկսենք եւ ընդգրկենք 8 համայնք՝ կլինի մրցակցային: Համայնք կլինի, որ կունենա երեք, համայնք կլինի՝ կբավարարվի մեկ ծրագրով: Ուզում ենք նաեւ, որ մրցակցություն լինի համայնքների միջեւ, շահագրգռվածությունն ավելանա»,-ասում է Գոհար Մարկոսյանը:

Գյումրիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արփենիում առաջին ծրագիրը, որ կյանքի կոչվեց 2011թ-ին, գյուղի կանանց կողմից հանդիսությունների սրահ ունենալու ցանկությունն էր: «Վեց տարի առաջ կազմակերպության ներկայացուցիչներն եկան Արփենի, ներկայացրեցին ծրագրերը, մենք էլ հենց սկզբում որոշեցինք, որ ուզում ենք հանդիսությունների սրահ ունենալ,-պատմում է Արփենի համայնքի բնակչուհի Արմենուհի Մուրադյանը,-ծանոթացանք պայմաններին ու որոշեցինք մասնակցել: Շենք ունեինք գյուղում հարմար, բայց չունեինք սեղան-աթոռ, սպասքեղեն: Մտածեցինք, թե ինչու ամեն անգամ մարդիկ հասնեն Գյումրի, որ պակասող բաները ձեռք բերենք՝ բոլոր արարողությունները գյուղում կլինեն»:

Ծրագրի ընդհանուր արժեքը 1մլն 941 հազար 600 դրամ էր, համայնքի ներդրումը 256 հազար դրամ: Գումարը հավաքվել է հանգանակության շնորհիվ: «Ամեն տունը 3000-ից 5000 դրամի չափով իր ներդրումն ունեցավ, եղան նաեւ չտվողներ, բայց կարեւորն էն է, որ գյուղի 99 տոկոսը մասնակցեց ու մենք հիմա ունենք շատ գեղեցիկ երկու սրահ՝ մեկը ուրախության, մյուս սգո արարողությունների համար»,-ասում է Արմենուհի Մուրադյանը: Սրահից օգտվելիս միանվագ վճարում են 5-ից 10 հազար դրամ: Սրահի վարձույթից ստացված 360 հազար դրամն ուղղվել է ապահովելու ծրագրի շարունակականությունը:

«Սեղան-աթոռներն ենք լրացրել՝ հիմա 200 հատ է, սրահների համար վարագույր ենք գնել՝ չունեինք, սպասքից պակաս-պռատն ենք լրացրել: Հիմա էլ ուզում ենք էլէկտրական ջեռուցող միջոցներ ձեռք բերել, որ ձմռան ամիսներին կարողանանք երկու սրահն էլ տաքացնել: Ուզում ենք գազօջախ էլ առնենք, որ մարդիկ ճաշը տեղում եփեն: Կազմակերպչական աշխատանքները հիմնականում մնացել են կանանց ուսերին, բայց չենք դժգոհում,-ասում է Արմենուհի Մուրադյանը,- գյուղից արտագաղթը մեծ է՝ 420 բնակչից մնացել է 292-ը, դրա համար էլ ուզում ենք Արփենիում շատ ծրագրեր իրականացվեն, որ մարդիկ լավատեսությամբ լցվեն»:

Հարեւան Ցողամարգ գյուղում եւս 2016թ-ի մայիսին վերանորոգել եւ շահագործման են հանձնել գյուղի հանդիսությունների սրահ «Կանայք հանուն զարգացման» հկ-ի աջակցությամբ: Ծրագրի արժեքը՝ 1,7 մլն դրամ էր: Գյուղում ունեն նաեւ արհեստավարժ դերձակ եւ վարսավիր, որոնց ծառայություններից օգտվում են ոչ միայն Ցողամարգի, այլեւ հարեւան համայնքների բնակիչները: Ցողամարգի եւ Թորոսգյուղի պարի համույթների համար զգեստներ կարում են հենց ցողամարգցի դերձակները: Այս ծրագիրն եւս հնարավոր է եղել իրականացնել աջակից կազմակերպություն-համայնքապետարան-համայնքի բնակիչ եռակողմ համագործակցության շնորհիվ:

Միայն անցած երկու տարիների ընթացքում, շահառու համայնքներում, «Կանայք հանուն զարգացման» հկ-ի կողմից ֆինանսավորվել է ավելի քան 19 փոքր դրամաշնորհային ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի համար նվազագույնը 10% ներդրում է կատարել տեղական իշխանությունը, միջինը 20% -ի չափով՝ համայնքի անդամները: Բոլոր ծրագրերն իրականացվել են բացառապես կամավորական աշխատանքի միջոցով: «Կանայք հանուն զարգացման» հկ-ի ղեկավար Գոհար Մարկոսյանն ասում է, որ իրենց հաջողություններից մեկն էլ կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերի խթանումն է: Փորձը ցույց է տվել, որ գյուղի կանայք մեծ ներուժ ունեն եւ պատրաստ են համապատասխան գիտելիքներ  ու հմտություններ ունենալու դեպքում հաղթահարել կարծրատիպերը եւ սկսել իրենց փոքր բիզնեսը:

Գլխավոր լուսանկարում՝ Ցողամարգի պարի համույթը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter