HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս է փոխվել երկու երեխաների քաղաքացիությունը՝ առանց հոր գիտության

Ժակ Բաքարեջյանը չի կարողանում պատկերացնել՝ ինչպես են Լիբանանի քաղաքացի հանդիսացող իր երկու մանկահասակ աղջիկները, առանց իր գիտության ու համաձայնության, ընդամենը 20 օրում, դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Աղջիկների հայրը արդեն մեկուկես տարի բախում է Հայաստանի պատկան մարմինների, դատական ատյանների դռները՝ իր մանկահասակ երկու դուստրերին տեսնելու, նրանց դաստիարակությանը մասնակից լինելու համար:

«Երևակայի չեք հավատար, բայց իմ կյանքը իսկական կինո դառած է»,-ասում է Ժակ Բաքարեջյանը՝ բացելով փաստաթղթերի հաստափոր թղթապանակները: Լիբանանի հայազգի քաղաքացին դատական շրջապտույտի մեջ է հայտնվել: Միաժամանակ դատական վիճարկումներ են ընթանում թե՛ քաղաքացիական, թե վարչական, թե՛ քրեական ուղղություններով:

«Արի տուն կըսեն, ապահով հայրենիք կըսեն, բայց ապահով հայրենիքին մեջ ինձանից խլվել են իմ անչափահաս երեխաներս, խլվել է իմ ազատ կամքը»,-այսպես է իր վիճակը բնորշում լիբանանահայ Ժակը:

«Հետքը» ուսումնասիրել է Ժակ Բաքարեջյանի ու նրա ներկայացուցիչ փաստաբանների կողմից ներկայացրած նյութերը, հանդիպել փաստաբաններին, փորձել հասկանալ, թե ինչպես են Լիբանանի քաղաքացիություն ունեցող մանկահասակ երեխաները, առանց հոր համաձայնության, մի քանի օրում ստացել ՀՀ անձնագրեր, դարձել ՀՀ քաղաքացիներ, ապա մոր հետ լքել Հայաստանի տարածքը և ինչպե՞ս, ի՞նչ դերակատարում են ունեցել պետական համապատասխան օղակներն ու պաշտոնյաներն այս գործողություններում:

Ժակ Բաքարեջյանը համացանցով է գտել իր ապագա կնոջն ու ամուսնացել

Ժակ Բաքարեջյանի հայաստանյան պատմությունը սկսվել է 7 տարի առաջ՝ 2010-ին, երբ համացանցով ծանոթացել է ապագա կնոջ՝ երևանցի Ն. Մկրտչյանի հետ: «Կիրթ, բարեհամբույր, խելացի». այս բառերով է բնորոշում Ժակը կնոջը: 2010-ի վերջին նրանք ամուսնացել են Հայաստանում, ապա տեղափոխվել Լիբանան: Զույգի ամուսնությունը գրանցվել է և՛ մեր պետությունում՝ 2010-ին, և՛ Լիբանանում՝ Բեյրութում՝ 2011-ին: 2012-ին և 2014-ին Լիբանանում ծնվել են Ժակի ու Ն. Մկրտչյանի դուստրերը՝ Ն.Բ.-ն և Ս.Բ.-ն (երեխաների անուն ազգանունները չենք հրապարակում նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով): Երեխաները Լիբանանի քաղաքացի են, ունեն Լիբանանի Հանրապետության անձնագրեր:

Համալրված Բաքարեջյան ընտանիքը պարբերաբար որպես զբոսաշրջիկ այցելել է Երևան, ապրել են կնոջ հայրական տանը: Հերթական անգամ Ժակը՝ կնոջ ու երկու երեխաների հետ Երևան է եկել 2015-ի մարտի 21-ին՝ 3 շաբաթով: Սակայն Ժակի պատմելով՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով ամիսներ է ձգվել իրենց այցելությունը: Հետո էլ ընտանեկան տարաձայնու­թյուն­ների պատճառով Ժակը ստիպված հեռացել է կնոջ ծնողների բնակա­րա­նից:

Լիբանանի քաղաքացի երեխաներին ՀՀ քաղաքացիություն է տրվել՝ առանց հոր համաձայնության

Ընտանիքի հայրը «Հետքին» պատմեց, որ դրանից հետո իր համար իսկական «դժոխք» է սկսվել: Առանց երեխաների հոր՝ Ժակ Բաքարեջյանի համաձայնության, ոստիկանության ԱՎ  վարչությունը երեխաների մոր՝  2015-ի սեպտեմբերի 11-ին ներկայացրած դիմումից հետո ընդամենը 20 օրում տրամադրել է մանկահասակ աղջիկների՝ ՀՀ քաղաքացիությամբ անձնագրերը՝ սակայն անվան, ազգանվան ու հայրանվան լատինատառերի մոտ 8 տառերի փոփոխություններով:

Ըստ ամուսնու, կինը չէր կարող առանց իրավապահների օժանդակության այդպես արագ կազմակերպել փաստաթղթավորումը: Երեխաների հայրը կարծում է, որ կնոջը օգնել են հին կապերը. Ն. Մկրտչյանը մինչև ամուսնությունը շուրջ 5 տարի աշխատել է ոստիկանությունում:

Դիմումում երեխաների մայրը նշել է, որ Լիբանանում քաղաքական իրավիճակը լարված է, ինքը մշտական բնակության նպատակով Հայաստան է վերադարձել երեխաների հետ, ամուսինն իր հետ չէ, ավելին՝ տեղեկություն չունի, թե որտեղ է:

Մինչդեռ Ժակ Բաքարեջյանը գտնվել է Հայաստանում, որի ապացույցն է անձնագրում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վիզան, ինքնաթիռի տոմսերը, «Զվարթնոց» օդանավակայան 21.03.2015 թվականին մուտք գործելու կնիքը, ինչպես նաև Ոստիկանություն ներկայացրած դիմումը, որով երեխաների հայրը 2015-ի հոկտեմբերի 1-ին զգուշացրել է՝ հնարավոր է կինը Հայաստանից դուրս տանի երեխաներին:

Սակայն հաջորդ օրն իսկ` հոկտեմբերի 2-ին, Լիբանանի քաղաքացի երկու երեխաներին տրվել են ՀՀ քաղաքացիությամբ անձնագրեր: Իսկ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 5-ին մայրը՝ երկու երեխաների հետ լքել է Հայաստանը: Վերադարձել են միայն ամիսներ անց՝ երեխաների հիվանդության պատճառով:

Այժմ կինն ու երեխաները Երևանում են, բայց նրա պատմելով, իր բոլոր փորձերը երեխաներին տեսնելու, նրանց զբոսանքի տանելու, անհաջողությամբ են ավարտվում. «1 տարվա մեջ 3 անգամ կես ժամով տեսած եմ»,-ասում է Ժակը:

«Հետքը» փորձեց զրուցել Ժակի կնոջ հետ, սակայն նա չհամաձայնեց հարցազրույց տալ, ասաց, որ առհասարակ դեմ է այս պատմության հրապարակայնացմանը, իր ու երեխաների լուսանկարների հրապարակմանը: Նա հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան ապահարզանի ու ալիմենտ ստանալու պահանջով:   

Ինչպե՞ս են Լիբանանի երկու անչափահաս քաղաքացիներին տրվել ՀՀ անձնագրեր

«Քաղաքացիություն տալիս են քաղաքացիություն չունեցող մարդուն, բայց այս երեխաները քաղաքացիություն արդեն ունեցել են, շատ-շատ կարող էին երկքաղաքացիություն տալ: Բացի այդ, որևէ հրամանագիր չկա քաղաքացիության ճանաչման մասին, բոլորս էլ գիտենք, որ դա երկար գործընթաց է, և մի քանի օրում չէր կարող որոշում կայացվել»,-ասաց Ժակ Բաքարեջյանի փաստաբան Հենրիկ Մաղաքյանը:

2015-ի սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի տեղակալ Մ. Բիչախչյանը որոշում է կայացրել Լիբանանի Հանրապետության անչափահաս երկու քաղաքացիներին փաստաթղթավորել ՀՀ քաղաքացու անձնագրերով, ըստ իր բացատրության, տեղեկանքի հիման վրա առանց մյուս ծնողի` հոր համաձայնության:

Վարչական դատարանի որոշման մեջ կարդում ենք. «Մ. Բիչախչյանը երեխաներին անձնագրավորել է «Անձի Քաղաքացիական Գրանցման Վկայագրի» հիման վրա, որի հայերեն թարգմանությունը արաբերեն լեզվից կատարվել է պատճենի հիման վրա, ինչպես նաև առանց հյուպատոսական կարգով բնօրինակի (տվյալ դեպքում՝ պատճենի) վավերացման»:

Ժակը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել այն իրավական ակտի պատճեն, որի հիման վրա իր երեխաներին տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Մ.Բիչախչյանի պատասխանում նշված է՝ ելնելով երեխաների լավագույն շահերից, որոշում է կայացվել երեխաներին փաստաթղթավորել ՀՀ քաղաքացու անձնագրով: Միաժամանակ, Մ.Բիչախչյանը հայտնել է, որ երեխաներին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսացել երեխայի ծննդյան վկայականը: Այս անգամ Ժակ Բաքարեջյանի փաստաբանն է դիմել նույն պաշտոնյային վերը նշված որոշումը ստանալու խնդրանքով: 22.02.2016թ.-ին փաստաբանական հարցմանը Մ.Բիչախչյանը պատասխանել է, որ որոշում չի կայացվել, այլ երեխաներին փաստաթղթավորել են ՀՀ քաղաքացու անձնագրերով տեղեկանքի հիման վրա, որը կազմել և ստորագրել է հենց ինքը՝ Մ.Բիչախչյանը:

Քննչական մարմիններն ու դատախազությունը հանցակազմ չեն տեսնում

Երեխաների հայրը դիմել է իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու համար: Վերջին որոշումը` բողոքը մերժելու մասին, կայացվել է 2016-ի փետրվարին՝ Երևան քաղաքի դատախազի կողմից, որը, սակայն, Ժակ Բաքարեջյանը չի բողոքարկել: «Սթրեսի մեջ էի, էրեխեքս չկային, սիրտ չունեի, գիժ դառած էի, քանի որ 2015-ի նոյեմբերի 5-ին Ն.-ն՝ էրեխեքիս տարել էր Ռուսաստան էդ անձնագիրներով: Ամիսներ փնտրել եմ»,-այսպես է բացատրում հայրը այն, որ չի կարողացել վիճարկել քրեական գործ չհարուցելու որոշումն իր կողմից չբողոքարկելու հանգամանքը:

Իսկ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից վստահված թարգմանչի կողմից երեխաների անձնական գրանցման փաստաթղթերի անհամապատասխան թարգմանություն կատարելու համար քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Երեխաների հայկական անձնագրերը ճանաչվել են անվավեր

Ժակ Բաքարեջյանի հայց է ներկայացրել ընդդեմ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, նաև երրորդ անձ Ն. Մկրտչյանի: Հայցի պահանջը հետևյալն է. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության  կազմված տեղեկանքի հիման վրա օտարերկրյա անչափահաս քաղաքացիների ՀՀ քաղաքացիների անձնագրերով փաստաթղթավորումը ոչ իրավաչափ ճանաչել և անվավեր ճանաչել որպես ՀՀ քաղաքացիների տրված անձնագրերը:

ՀՀ քաղաքացիությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով Վարչական դատարանը մերժել է Ժակ Բաքարեջյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, սակայն երեխաների հայկական անձնագրերն անվավեր է ճանաչել: Այժմ փաստաբան Հենրիկ Մաղաքյանը քաղաքացիության հարցը վիճարկում է Վերաքննիչ վարչական դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter