HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Տեղեկություն տրամադրելու պարտավորությունը նաեւ մասնավոր ընկերություններինն է

Մարդկանց տեղեկություն տալու պարտավորություն ունեն ոչ միայն պետական մարմինները, այլեւ հանրային նշանակության մասնավոր ընկերությունները` համաձայն նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի: Սա պայմանավորված է այն մտահոգությամբ, որ ներկայումս պետությունը հասարակական կյանքի մի շարք կարեւոր ոլորտների (կապ, տրանսպորտ, էներգետիկա եւ այլն) շահագործումն ու կառավարումը հանձնել է մասնավոր սեկտորին: Սակայն այդ ոլորտներին առնչվող տեղեկատվության կարեւորությունը եւ դրանց մասին հասարակության իրազեկության անհրաժեշտությունը չի նվազել: Հանրային նշանակության մասնավոր ընկերությունները պարտավոր են մարդկանց տեղեկություններ տրամադրել 5-օրյա ժամկետում: 

Օրենքում հանրային նշանակության մասնավոր ընկերությունների երկու խումբ է առանձնացված: Առաջին խումբը կազմում են հասարակական կյանքի կարեւոր ոլորտներում` առողջապահություն, սպորտ, կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, առեւտուր, տրանսպորտ եւ կապ, հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները: Օրինակ` մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները, մասնավոր բուժական կենտրոնները եւ այլն, որոնք հանրությանը կարեւոր ծառայություններ մատուցելուն զուգահեռ պարտավոր են նաեւ բաց եւ հրապարակային գործել: Երկրորդ խմբում են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություննները: Որո՞նք են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող` 

ա) չունի մրցակից կամ չի հանդիպում որեւէ էական մրցակցության

 բ) իրացման ծավալներով գրավում է տվյալ ապրանքային շուկայի առնվազն մեկ երրորդը»: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետ Արամ Ղուկասյանն ասում է. «Եթե տնտեսվարող սուբյեկտը մրցակից չունի, մենք, ըստ օրենքի, այն որակավորում ենք որպես գերիշխող դիրք ունեցող առանց մրցակցի: Առանց մրցակից Հայաստանում միայն ԱրմենՏելն է եւ օդանավակայանի որոշ ծառայություններ, որոնք կոնսեսիոն պայմանագրով շահագործման բացառիկ հնարավորություններով տրված են «Արմենիա» միջազգային օդակայանին: «Մենաշնորհային» դիրքին մոտ են շաքարավազ ներկրող, առանց ֆիլտրի ծխախոտի ապրանքային շուկայում ներկայացված որոշ տնտեսվարող սուբյեկտներ: Դրանց իրացման ծավալները կազմում են 80-90 տոկոս եւ մենք դրանք որակում ենք որպես էական մրցակցի չհանդիպող»: 

Յուրաքանչյուր տարվա վերջին Հանձնաժողովը ԶԼՄ-ով հրապարակում է շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ցանկը՝ նշելով մասնաբաժինը, ապրանքային շուկան, հասցեն եւ այլն: 2003թ. նոյեմբերի տվյալներով այդ ցանկում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որպես գերիշխող դիրք ունեցող 12 տնտեսվարող սուբյեկտ է գրանցել: Դրանք են` «Նեմրութ» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը, «Աստղացոլք», «Շանթ Պլյուս», «Մուլտի Լեոն», «Հեռուստատեքստ» ՍՊԸ-ները, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Էքսիմ Պետրոս Գրուպ» եւ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ները եւ «Գրանդ Տոբակո»-ն երկու` առանց ֆիլտրի եւ ֆիլտրով ծխախոտի շուկաներում: 

 Շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը որոշվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրը (գրանցամատյանը): «Ռեեստրի նպատակը տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության ցուցանիշների միջոցով տվյալ տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ վերահոսկողություն իրականացնելն է: Այսինքն` որոշել, արդյո՞ք օրենքով սահմանված կարգով ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտներն իրենց գործունեության ընթացքում չարաշահում են իրենց գերիշխող դիրքը, թե ոչ»,-ասում է Արամ Ղուկասյանը: 

Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին գրանցելիս Հանձնաժողովը հիմք է ընդունում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Վիճակագրության ազգային ծառայությունից ստացված, ինչպես նաեւ` հենց տնտեսվարող սուբյեկտների տրամադրած տեղեկատվությունը: Նախկինում Հանձնաժողովը տարին մեկ անգամ թարմացնում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը` ելնելով նախորդ տարվա ցուցանիշներից, եւ ռեեստրում գրանցված սուբյեկտները մեկ տարվա ընթացքում պահպանում էին իրենց գերիշխող դիրքը: Սակայն 2003թ. «Ռեեստրի վարման մասին» կարգում կատարված փոփոխության համաձայն` ռեեստրում իբրեւ գերիշխող դիրք ունեցող գրանցված տնտեսվարող սուբյեկտը այդպիսին է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նոր հետազոտություն չի կատարվել կամ չկան փաստեր նրան ռեեստրից հանելու համար: Բայց դա չի նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտները մնալու են առանց վերահսկողության: «Յուրաքանչյուր տարի Հանձնաժողովն իրականացնելու է մոնիտորինգ տնտեսվարող սուբյեկտների վարքը շուկայում գնահատելու համար»: 

Քաղաքացիները հանրային նշանակության մասնավոր ընկերություններից չեն կարող պահանջել ցանկացած տեղեկատվություն: Այս ընկերությունների առեւտրային գաղտնիքը նույնպես պահպանվում է օրենքով եւ հրապարակման ենթակա չէ: Դրանց հրապարակման դեպքում պատասխանատվություն է նախատեսվում. «...Առեւտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները» (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդ. 141): Առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարկումն արգելվում է նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասնին» օրենքով. «Առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին» (հոդ. 33): Փաստորեն, օրենսդրությունը պաշտպանում է տնտեսվարող սուբյեկտների շահերը առեւտրային գաղտնիքի դեպքում: Բայց այն պաշտպանում է նաեւ քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը այն դեպքերում, երբ նրան մերժում են տրամադրել հրապարակման ենթակա տեղեկատվությունը: 2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական նոր օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար. «Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին եւ օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով» (հոդ. 148):

Ցանկ

 Գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտների (2003թ.) Անվանում          Շուկա            Մասնաբաժինը

«Հեռուստատեքստ» ՍՊԸ   Հեռուստատեքստ    100%

««Նեմրութ» տեղեկատվա-վերլուծական կենտրոն» ՓԲԸ      Հաշմանդամների եւ գործազուրկների հաշվառման բանկի ստեղծման եւ շահագործման աշխատանքներ 100%

««Նեմրութ» տեղեկատվա-վերլուծական կենտրոն» ՓԲԸ      Ընտանեկան նպաստների նշանակման, համայնքներում նպաստառուների ցուցակների տպագրության եւ նպաստների վճարման հետ կապված        100%

««Նեմրութ» տեղեկատվա-վերլուծական կենտրոն» ՓԲԸ      Անհատական ծածկագրերի համակարգի ներդրման եւ շահագործման աշխատանքներ  100%

«Աստղացոլք» ՍՊԸ             Շաքարավազ            97.70%

 «Շանթ Պլյուս» ՍՊԸ           Պաղպաղակ 35.53%

«Մուլտի Լեոն» ՍՊԸ           Սեղմված գազ           39.13%

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՀՁ          Բջջային հեռախոսակապ Գերիշխող դիրք ունեցող (չունի մրցակից)

«Էքսիմ Պետրոլ Գրուպ» ՀՁ ՓԲԸ  Դիզելային վառելիք           47.55%

«Դվին հոլդինգ» ՓԲԸ          Ազոտական պարարտանյութեր (ամոնիումային սելիտրա) 91.65%

«Գրանդ Տոբակո ՀՁ» ՍՊԸ  Առանց ֆիլտրի ծխախոտ            98.46%

«Գրանդ Տոբակո ՀՁ» ՍՊԸ Ֆիլտրով ծխախոտ             50.73%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter