HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Համայնքապետի թեկնածուն փորձում է պարզել, թե ով է լրագրողին գյուղ «ուղարկել»

«Ըսիգ էլ մե՛ր Լենինն է՝ մեռած է ու թաղած չէ»,-գլխով ցույց տալով մշակույթի տան չգործող շենքը՝ կատակում է արեւիկցի Հաբեթ  Զազյանը. հավաքված տղամարդիկ ծիծաղում են: «Բայց դու մեր խնդալուն մի նայե,-շարունակում է Հաբեթը,-գյուղում լիքը գործ կա էնելու՝ կսպասենք, թե ապրիլից առաջ ինչ խոստումներ բդի գան տան, ու ով նորմալ բան խոստացավ էս գյուղի համար՝ ըդոր էլ կընտրենք»: Ասում եմ, որ նախքան ԱԺ ընտրությունները փետրվարի 12-ին համայնքում ՏԻՄ ընտրություններ են ու արեւիկցիները պիտի կողմնորոշվեն երեք թեկնածուի միջեւ: «Կկողմնորոշվինք, պրոբլեմ չկա,-բոլորի փոխարեն պատասխանում է տղամարդկանցից մեկը,-սաղն էլ մեր գեղի տղա են, երեքին էլ գիտենք, ինչխ էլ էղնի մեկին կընտրենք»:

Մեր փոքր խումբը քիչ-քիչ մեծանում է: Հիմնականում տղամարդիկ են զրույցի մասնակիցները: Համայնքապետի ընտրությունների հետ կապված գրեթե կարծիք չեն հայտնում՝ նշելով, թե ով էլ ընտրվի կառավարության «ողորմածությունից» է կախված լինելու՝ գյուղում ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ նշում են 3 առաջնահերթ հարց, որ կցանկանային լուծվեր նոր համայնքապետի ընտրությամբ՝ գիշերային լուսավորության ցանցի անցկացում, մանկապարտեզի շենքի եւ մշակույթի տան հիմնանորոգում:

«Գուզենք, օր երեխեքը նորմալ մանկապարտեզ հաճախեն, որովհետեւ դոմիկների մեջ են, էս մշակույթի տունն էլ նորից սկսե գործել, օր գոնե գյուղում աշխուժություն մտնի, մեկ էլ մութն ընկնելուց հետո օր տնից դուրս գուկանք, փողոցները լուսավոր էղնին՝ անփորձանք տուն հասնինք»,-նշում են հավաքվածները:

Գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածում չգործող մշակույթի տունն է, դիմացի հատվածում՝ 1988-ի երկրաշարժից տաս օր առաջ շահագործման հանձնված եւ երբեւէ իր նպատակին չծառայած գյուղի մանկապարտեզի երկհարկանի շենքը: Շինությունը երկրաշարժից հետո զբաղեցրել են «Ուզբեկստրոյի» շինարարները, նաեւ ընտանիքներ են բնակվել: Հետագայում գյուղի միջնակարգ դպրոցն է վրաններից տեղափոխվել այստեղ՝ մինչեւ գյուղի ծայրամասում նոր դպրոցական շենքի կառուցումը: 2004թ-ից շենքը չի օգտագործվում: Իրար հերթագայած համայնքապետերից ոչ մեկին այդպես էլ չի հաջողվել որեւէ հիմնադրամի կամ պետական ֆինանսավորմամբ արեւիկցի փոքրիկների երազանքն իրականություն դարձնել:

«12 տարի է տեր էղնող չկա, սարքող չկա: Ամեն համապետական ընտրությունից առաջ գուկան, կխոստանան, մենք էլ կընտրենք, հետո կերթան, կերթան ու կերթան,-նշում է տղամարդկանցից մեկը,-հըմի էլ իբր եկել ուսումնասիրություն են իրականացրել ու հանել են, թե հիմքը խախուտ է: Պատերի վրա մե ճեղքըմ չկա, նորմալ հիմք չունեցող շենքն էսքան կդիմանա՞ր: Գուզեն շենքը քանդեն, էղացածը տանին ու տեղը իբր մի հարկանի մանկապարտեզ սարքեն, բայց էլի չենք հավատա: Թող վրայի մի հարկը հանեն, թող սաղ չքանդեն: Այգաբացում էդ ձեւով մարդիկ մանկապարտեզ ունեցան, վա՞տ էղավ»:

Շիրակի մարզի Արեւիկ համայնքում փետրվարի 12-ին նշանակված ընտրությունները արտահերթ են: Նախկին համայնքապետ Գարեգին Ստեփանյանը երկրարատեւ հիվանդությունից հետո մահացել էր սեպտեմբերի 6-ին: Արեւիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել փոխհամայնքապետ, ՀՀԿ կուսակցության անդամ Վարդկես Մելքոնյանը(անվան Վարդկես ձեւն ըստ անձնագրային տվյալների-հեղ.), 2001-2010թթ-ին Արեւիկ համայնքը ղեկավարած, ներկայում ֆերմերային գործունեությամբ զբաղվող Դավիթ Թումիկյանը եւ Համլետ Հարությունյանը:

Համայնքապետի թեկնածու, 1979թ-ին ծնված Վարդկես Մելքոնյանն արդեն հասցրել է սերտել համայնքի կառավարման այբուբենը: Մոտ 6-7 տարի աշխատում է Արեւիկի համայնքապետարանում եւ շատ լավ է պատկերացնում համայնքի ապագա ղեկավարի գործառույթները: «Նախկին գյուղապետի տեղակալն եմ եղել էս տարիներին ու կարելի է ասել գյուղի խնդիրները լավ եմ պատկերացնում, նաեւ հասկանում եմ, որ համայնքի բյուջեով՝ 40 մլն դրամ, որի մեծ մասը աշխատավարձի ու պահպանման ծախսերի վրա է գնում, խոշոր գործեր հնարավոր չէ իրականացնել՝ պետական աջակցություն է պետք: Վերցնենք թեկուզ մանկապարտեզի ու մշակույթի տան հարցերը»,-ասում է Վարդկես Մելքոնյանը:

Նախկին համայնքապետ Գարեգին Ստեփանյանը կարողացել էր նախնական համաձայնություն ստանալ Սոցներդրումների հիմնադրամից՝ շենքը հիմնանորոգելու վերաբերյալ: Աշխատանքները սկսելուց առաջ հարկ է եղել ստուգել շենքի սեյսմակայունությունը: Մասնագետներն ուսումնասիրել են ու տվել բացասական պատասխան: Համայնքապետի թեկնածուն ասում է՝ կան համապատասխան փաստաթղթեր, որոնք փաստում են, որ շենքի հիմնային հատվածը սեյսմակայուն չէ:

«Առաջարկում են քանդել ամբողջությամբ ու նոր, մեկ հարկանի շենք կառուցել: Ներկայիս շենքը թալանված վիճակում է: Եթե ժամանակին մանկապարտեզ ու երաժշտական դպրոցը տեղափոխեին՝ հնարավոր կլիներ պահպանել: Հիմա ով էլ, որ ընտրվի համայնքապետի պաշտոնում, պիտի աշխատի էս հարցը լուծել,-նկատում է Վարդկես Մելքոնյանը,-տնակային պայմաններում հաճախող 40 երեխա ունենք: «Կարիտասի» ծրագրով, համայնքի ներդրումով շատ լավ նորոգել ենք, բայց ժամանակավոր կացարանն ինչքան էլ նորոգես՝ հիմնական շենք չի դառնա»:

Գյուղի խնդիրներին լավատեղյակ է նաեւ անցած 10 տարիներին Արեւիկը ղեկավարած եւ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ի շարքերը համալրած համայնքապետի թեկնածու, 52-ամյա Դավիթ Թումիկյանն, ով մինչեւ լուծարվելը եղել է ԱԺՄ կուսակցության անդամ: Լուսանկարվել չի համաձայնվում՝ պատճառաբանելով, որ սափրված չէ, սակայն պատրաստակամ պատասխանում է «Հետք»-ի հարցերին: «Համարում եմ, որ հարազատ ծննդավայրիս համար անելու շատ բան ունեմ, դրա համար էլ վեցամյա ընդմիջումից հետո կրկին առաջադրվել եմ,-ասում է Դավիթ Թումիկյանը,-իմ ղեկավարած տարիներին չեմ ասի, թե շատ մեծ գործեր ենք արել, որովհետեւ շատ ավելի քիչ բյուջե ունեինք, քան թե հիմա, բայց էլի հնարավոր ամեն ինչ արել ենք, որ գյուղացին իրեն լավ զգա: Թեկուզ մենակ էն, որ իմ ղեկավարած տարիներին մշակույթի տունը գործել է, երկրաշարժից հետո լիարժեք պահպանվել է՝ արդեն ահագին բան է, որովհետեւ իմ պաշտոնը թողնելուց երկու տարի անց էդ էլ փակվեց ու թալանվեց»:

Ինչ վերաբերում է մեկ այլ շինության՝ մանկապարտեզի շենքի ճակատագրին, Դավիթ Թումիկյանի փոխանցմամբ, դպրոցի տեղափոխվելուց հետո հիմնանորոգման աշխատանքների կարիք կար, քանի որ շահագործվել էր անփույթ ու անպատասխանատու ձեւով: «Ինչպես նշեցի, իմ ղեկավարած տարիներին մենք մեծ բյուջե չունեինք, իսկ առանց նորոգման փոքրիկներին այդ շենք չէինք կարող տեղափոխել: Քանի դեռ ինչ որ հույս կար, որ կարող ենք կազմակերպություն գտնել՝ ներդրման համար, փորձել ենք պահպանել շենքը»:

Համայնքապետի երկու թեկնածուն էլ խոսեցին ընտրվելու դեպքում համայնքի գիշերային լուսավորության ցանցի բարելավման, փողոցների բարեկարգման, խմելու ջրագծի նորացման իրենց ծրագրերից: «Հենց հիմա 20 հատ խնայողական լամպեր է ձեռք բերել համայնքապետարանը, բայց քանի որ նախընտարական շրջան է, չենք կարող տեղադրել, որ չասեն թեկնածուն վարչական ռեսուրսներ է օգտագործում»,-նկատում է Վարդկես Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է Արեւիկ համայնքի համայնքապետի 3-րդ թեկնածուին՝ 40-ամյա Համլետ Հարությունյանին, ապա վերջինս հրաժարվեց հանդիպումից: Հեռախոսային զրույցի ժամանակ, թեկնածուն նախ փորձեց ճշտել, թե ինչու է լրագրողը գյուղ եկել. «Ինչի՞ց եք որոշել, որ որպես լրագրող էս գյուղը բդի գայիք»: Ստանալով սպառիչ պատասխան, որ նման որոշումներ կայացվում են խմբագրությունում եւ այցի նպատակն էլ թեկնածուների ծրագրերն ու գյուղում եղած տրամադրությունները հանրությանը փոխանցելն է, Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ չի ցանկանում հարցազրույց տալ.«Ես ծրագիր էլ ունեմ, բայց դրանք որոշել եմ գյուղացիներին ներկայացնել: Էս երկու օրը ժողով բդի էնեմ, մարդկանց կհավաքեմ՝ կներկայացնեմ»:

Այս տարի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի գյուղական համայնքների համար նախատեսված խոշորացման ծրագիրը չի շրջանցելու նաեւ Արեւիկ համայնքը: Ընդամենը մի քանի ամիս ինքնուրույն գործունեություն ծավալելու հնարավորություն ունեցող նորընտիր ղեկավարը խոշորացումից հետո բավարարվելու է համայնքի վարչական ներկայացուցչի պաշտոնով: Համայնքապետի թեկնածու Վարդգես Մելքոնյանի համոզմամբ, եթե փունջը լավ ղեկավար ունեցավ, ապա դժվար թե միացող գյուղերի կիսատ մնացած կամ նոր ծրագրերն իրականություն չդառնան: Գրեթե նույն կարծիքը հայտնեց մյուս թեկնածուն՝ Դավիթ Թումիկյանը, կատակով նկատելով, թե գուցե խոշորացող համայնքի ղեկավարն Արեւիկից ընտրվի՝ պետք չէ ոչինչ բացառել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter