HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սառեցված թռչնամսի գործով ՊԵԿ-ը դեռ քրեական գործ չի հարուցել

Պաստառների անվան տակ սառեցված թռչնամիս ներկրելու դեպքի առթիվ Պետական եկամուտների կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել:

Հիշեցնենք, հունվարի 30-ին ՊԵԿ-ը հայտարարեց, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Մասնավորապես հաղորդվել էր, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա «պաստառ»։ Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, բացահայտել էին, որ քաղաքացին իրականում շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել։

«Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և իրականացվում է վարչական վարույթ: Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կհարուցվի քրեական գործ»,- «Հետք»-ի հարցմանը այսօր պատասխանել է ՊԵԿ-ը: 

Ընթերցողներին հիշեցնենք` պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության հետ ուղարկված լուսանկարից երևում էր, որ սառեցված թռչնամիսը «Mountaire farms» ընկերության արտադրանքն է: Գրել էինք նաև, որ «Mountaire farms»-ի ապրանքատեսակները` սառեցված թռչնամիսը, մինչ այժմ Հայաստանում սերտիֆիկացրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին առնչվող «Ալեքս-Գրիգ» ընկերությունը:

ՊԵԿ ուղարկված մեր հարցին` արդյոք պարզվել է, թե ով է հաղորդագրության մեջ նշված ՀՀ քաղաքացին և ում համար էր Հայաստան բերում սառեցված թռչնամիսը, ստացել ենք հետևյալ պատասխանը.

«22.500 կգ քաշով սառեցված հավի բուդը ՌԴ-ից ՀՀ տեղափոխած քաղաքացին հանդիսանում է միջազգային բեռնափոխադրումների իրականացմամբ զբաղվող «Սոյուզտռանսավտո» ՍՊ ընկերության աշխատակից, «Դաֆ» մակնիշի, 005AA85 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Սարգսյանը, իսկ ՀՀ-ում ստացողը՝ «Զուսյա» ՍՊ ընկերությունը»:

Ավելի պարզ` ՊԵԿ-ը չի անդրադարձել «Mountaire farms» ընկերության և «Ալեքս-Գրիգ»-ի առնչությանը, ոչ հերքել է, ոչ հաստատել` նշելով, թե ապրանքը բերվում էր «Զուսյա» ՍՊԸ-ի անվամբ: ՊԵԿ-ի սկսած վարչական վարույթի բացահայտումներն այսքանով ավարտվում են, համենայնդեպս մեզ այսքանն են հաղորդել:

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` «Զուսյա» ՍՊԸ-ի հիմնադիրը, երեկվա դրությամբ` նաև միակ բաժնետերն ու տնօրենը, Գևորգ Վահանի Սեդրակյանն էր: Այսօր, սակայն, ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ գրանցվել են Գագիկ Սալիկոյի Զոհրաբյանի անվամբ: 

Այժմյան բաժնետիրոջ` Գագիկ Զոհրաբյանի ռեգիստրի տվյալներում գրանցված է մի էլեկտրոնային հասցե, որ այս պատմությունը կապում է ՊԵԿ-ի վերջերս կատարած մեկ այլ բացահայտման հետ:

Գագիկ Զոհրաբյանի` ռեգիստրում գրանցված էլեկտրոնային հասցեն` [email protected]-ը տանում է «Լիգա Տրանս» ՍՊԸ-ի  ֆեյսբուքյան էջ: Իսկ այս ՍՊԸ-ի հիմնադիրը` Գագիկ Ավդալյանը, վերջերս ներգրավված է եղել ՊԵԿ-ի` փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու մեկ այլ խոշոր բացահայտման մեջ:

Մասնավորապես, անցած տարվա հոկտեմբերին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից:

Ըստ հաղորդագրության` իրավախախտը` Գագիկ Ավդալյանը, նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում. «Ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով  ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով»: Գ. Ավդալյանի մի քանի ընկերություններում ՊԵԿ-ը խախտումներ էր բացահայտել:

Ինչ ընկերություն է «Զուսյա»-ն: Կոնտակտային որևէ տվյալ առայժմ չենք կարողացել պարզել, որովհետև այն Հայաստանում գրեթե պատմություն չունի: Այս ընկերությունը ՊԵԿ-ի հարկ վճարողների բազայում «նոր գրանցված» կարգավիճակ ունի, իսկ գրանցման ամսաթիվը 2017թ. հունվարի 18-ն է: Այսինքն` դեռ մեկ ամիս չկա, ինչ գրանցվել է «Զուսյա»-ն, սակայն 22 տոննա թռչնամիս է ներկրել:  Շեշտենք` ըստ ՊԵԿ-ի:

Փորձեցինք Հայաստանի տարբեր սուպերմարկետներում պարզել` արդյոք վաճառում են «Mountaire farms» ընկերության սառեցված հավի միսը: ՊԵԿ-ի պատասխանում նշված էր, որ ներկրվել է մասանվորապես սառեցված «հավի բուդ»: Երևանի տարածքում մեր այցելած մի քանի սուպերմարկետներից միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում էր վաճառվում «Mountaire Farms»-ի սառեցված հավի բուդ: Սառեվցած մսերի տուփերի վրա, որպես ներկրող, սակայն, նշված է ոչ թե «Զուսյա» ՍՊԸ-ն, այլ հենց «Ալեքս-Գրիգ»-ը: Սառեցված մսերի տուփերի վրա չկա հայերեն մակնշում:

«Mountaire Farms»-ի սառեցված հավի բուդը. «Երևան Սիթի»  Ներմուծողը «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն է

Սառնարանի համամապատասխան բաժնի վրա փակցված է պիտակ` հետևյալ գրառմամբ. «Հավի բուդ Մունտարի արտադրված է Բրազիլիա պահպանել -2C -18C-ում արտադրության և պիտանելիության ժամկետը փաթեթավորման վրա Ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ»:

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Գալուստ
Իսկ ինչու եք կարծում, որ ՊԵԿ-ը պետք է գործ հարուցեր. մաքսանենգության կամ սխալ հայտարարագիր ներկայացնելու պատրվակով գործ հարուցում են սովորական մարդու վրա: Այս հավի պաստառ բերողը մեր երկրի հենասյուննե է, անձռնմխելի ու երևելի մի անձնավորություն, որ գործում է նախագահի բարձր հովանու ներքո: Միհրանիկի գործը արդեն նախադեպ է. եթե պտի կարճեն, է՝ ինչու հարուցեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter