HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թե ինչ պատահեց, երբ ուսուցիչը գնեց BMW

1998թ. մարտի 20-ին Երեւանի բնակիչ Հենրիկ Մխիթարյանը Գերմանիայից BMW-318 մակնիշի մեքենա է գնել 1400 մարկով: Հայաստանում մաքսատան աշխատակիցներն անհավանական համարելով մեքենայի առքուվաճառքի փաստաթղթային արժեքը՝ այն վերագնահատել են շուկայական արժեքով մոտ 3000 ԱՄՆ դոլար, որին դիմաց Հ.Մխիթարյանի ասելով 1400 դոլար մաքսատուրք են պահանջել: Չկարողանալով վճարել իր սպասածից անհամեմատ մեծ մաքսատուրքը՝ Հ. Մխիթարյանը մաքսատուրքի դիմաց մեքենան է առաջարկել: Մինչ կփորձեր շուկայում վաճառել մեքենան՝ մաքսատուրքը վճարելու համար, այն առգրավել է Արագածոտնի մարզի ՆԳ վարչությունը ու տեղափոխել իր կայանատեղի, որտեղ մեքենան մնացել է մեկ տարի:

Այդ ընթացքում Հ. Մխիթարյանի վճարելիք մաքստուրքերին ավելանում են տուգանքները: ՀՀ Պետեկամուտների նախարարությունը մեկ տարի հետո դիմում է դատարան գումարը գանձելու պահանջով: Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2000թ.-ի մայիսի 1-ին կայացրած վճռով բավարարել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հայցադիմումը, որով վճռել է Հենրիկ Մխիթարյանից՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 690 հազար 102 դրամ եւ 13802 դրամ` պետտուրք: Դատարանը նույնիսկ հարկ չի համարել առանձնացնել վճարելիք տուրքը՝ տույժերից, եւ Հ. Մխիթարյանի համար մինչ օրս անհասկանալի է, թե որտեղից է առաջացել այդքան մեծ գումարը:

Հ. Մխիթարյանը դատաքննությանը մասնակից չի դարձվել: «Դատական նիստը նշանակված էր ժամը 11:00-ին, սակայն սպասեցի մինչեւ 13:00-ն, հետո աշխատակիցներից մեկն ասաց, որ դատավորը չի լինելու, վաղը ներկայանամ: Հաջորդ օրը գնացի, ինձ ասացին, որ վճիռն արդեն կայացրել են, սակայն գումար չունեի այն բողոքարկելու համար, բացի այդ՝ փաստաբաններն անիմաստ համարեցին»,- պատմեց Հ. Մխիթարյանը: 

ԴԱՀԿ-ն մեքենան ներկայացրել է աճուրդի` մեքենայի վաճառքի մեկնարկային գինը սկսելով 1մլն. 200 հազար դրամով եւ կրկնաճուրդների արդյունքում վաճառել է 254 հազար դրամով: Թե ինչու հարկադիր կատարողները մեքենան աճուրդի դնելիս չեն առաջնորդվել ինվոյսով, որը գնահատված էր մոտ 1մլն. 573.650 դրամ (3000 ԱՄՆ դոլար), այլ մեքենայի վաճառքի մեկնարկային գինը սկսել են գնահատվածից բավականին ցածր արժեքով եւ վերջում վաճառել խորհրդանշական` 254 հազար դրամով (435 դոլար), առայժմ ենթադրություններ կարող ենք անել: 

 Այս ամենով հանդերձ, Հ. Մխիթարյանը դեռեւս չի մարել ՀՀ Պետեկամուտների նախարարությանը վճարելիք մաքսատուրքը եւ դրան գումարված տույժերն ու տուգանքները: Մեքենայի եւ Հ. Մխիթարյանի ընտանիքին պատկանող հեռուստացույցի վաճառքից գոյացած 299 հազար դրամով ԴԱՀԿ-ն մարել է դատարանին վճարելիք պետտուրքը, իսկ 265,343 դրամ փոխանցել է պետբյուջե որպես ֆիզիկական անձից գանձված ավելացված արժեքի հարկ: Պետբյուջեին ունեցած պարտքի մյուս մասը նա պետք է վճարեր անձնական գույքով: Աճուրդի են հանվում նաեւ տան մյուս իրերը՝ դաշնամուր, կահույք, որոնք չեն վաճառվում: 

Տեսնելով, որ մեքենան անգամ ԴԱՀԿ-ին տրամադրելով չի ազատվում պետությանն ունեցած պարտքերից՝ Հենրիկ Մխիթարյանն արդեն ըմբոստացել է եւ փորձել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից բացատրություն ստանալ կազմակերպված թալանի մասին: Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Ա. Ավագյանը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին ուղղված գրությանն ի պատասխան հայտնել է` «կատարողական գործողությունները շարունակվում են»: Ի վերջո բռնագանձումը տարածում են նրա կենսաթոշակի 50%-ի վրա: «40 տարի մանկավարժ եմ աշխատել, որի դիմաց մոտ 8000 դրամ թոշակ եմ ստանում, բայց պարզվում է, քանի դեռ կենդանի եմ՝ այս պետությանը պարտք եմ, թոշակիս կեսն էլ դեռ պետք է տամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter