HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Լոռու մարզի հեռուստաընկերությունների ղեկավարները պիկետ կանեն, եթե…

Անալոգային եթերի հեռարձակման դադարեցումից հետո մարզային հեռուստաընկերությունները շարունակում են հուսալ, որ թվային ցանց մտնելու հնարավորությունը չի սպառվել:

Եվ մինչ դա տեղի կունենա՝ կրակը տաք են պահում, ասել է թե՝ մի կերպ եթեր են պահում, գոյատեւում։ «Կրակը տաք պահելը» Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանի ձեւակերպումն է։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբի՝ Վանաձորում կազմակերպված քննարկմանը Սոս Սիրադեղյանն ասաց, որ մեծ թվով հեռուստադիտողներ են կորցրել զուտ այն պատճառով, որ անալոգային եթերի անջատումից հետո լսարանի համար անհետաքրքիր է անալոգային որակով տեղական հեռուստատեսությունը դիտելը։ Նրանց մի մասն էլ կարծում է, թե «Անկյուն+3»-ը դադարեցրել է գործունեությունը:

«Լսարանի մի մասը, դիտելով սոցիալական հոլովակն այն մասին, որ անալոգային հեռարձակումն անջատվել է, կարծել է, որ ընդհանրապես «Անկյուն+3» հեռուստաընկերությունը դադարեցնելու է գործունեությունը: Մի մասն էլ գնել է այնպիսի թվային դեկոդերներ, որոնց կիրառման ընթացքում հնարավոր չէ հեռակառավարման վահանակով ալիքը թվայինից փոխել անալոգայինի: Անհրաժեշտ է լինում մալուխը տեղափոխել։ Մարդիկ կենտրոնացել են թվային հեռարձակման վրա։ Մենք տնետուն այցեր ենք կատարել, հետաքրքրվել, թե հեռուստադիտողների որ մասն է մեզ դիտում, եւ ոմանք հարցնում են՝ ինչի, «Անկյուն+3»-ը չի փակվե՞լ»,- ասում է Սոս Սիրադեղյանը:

Հեռուստաընկերության գովազդները նվազել են, հատկապես Վանաձոր քաղաքի տնտեսվարողներից այլեւս գովազդ չեն ստանում: «Դեռ լավ է, որ Ալավերդու գովազդատուները Վանաձոր չեն հասնում»,-ասում է հեռուստաընկերության տնօրենը:

2016թ.-ի hոկտեմբերի 20-ից, հիշեցնենք, Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը, սակայն, մյուս կողմից, մարզային այն հեռուստատեսություններին, որոնք թվային հեռարձակման լիցենզիա չունեն, իրավունք է տրվել շարունակել աշխատել անալոգային հեռարձակման տիրույթում:

Գործունեությունը կա, սակայն անհնար է մրցակցել թվային տիրույթում հեռարձակվող հեռուստաընկերությունների հետ մի քանի պատճառով։ Նախ՝ թվային հեռարձակման որակն անհամեմատ բարձր է, եւ այդ ֆոնին անալոգային հեռարձակումը պակաս գրավիչ է, երկրորդը՝ բնակչությունն օգտվում է թվային սարքավորումներից, եւ նպատակահարմար չէ մալուխն ամեն անգամ տեղափոխել թվային սարքից հեռուստացույց եւ հակառակը։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է․ «Իշխանությունները բոլոր հարթակներում ներկայացնում են, թե թվայնացման գործընթացն անցել է հաջողությամբ։ Մենք կարծում ենք, որ գործընթաց վատ է իրականացվել եւ հանգեցրել է միայն տեխնիկական լուծումների: Առհասարակ, միջազգային թվայնացման գործընթացը նախատեսում է բազմազանություն, նախատեսում է անսահմանափակ տեխնիկական հնարավորությունների ստեղծում, եւ այդ պայմաններում որեւէ հեռուստաընկերության փակվելը կամ լսարան կորցնելն ուղղակի անընդունելի է: Որեւէ հեռուստադիտող այդ գործընթացի պատճառով չպետք է իր նախընտրած հաղորդումները նայելու, ազդանշանները ստանալու հնարավորությունից զրկվի»։

Աշոտ Մելիքյանն ասում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հնացած է, եւ փոփոխությունների անհրաժեշտություն կա․ «Օրենքում մասնավոր թվային մուլտիպլեքս ստեղծելու վերաբերյալ նշված է, որ այն պետք է ամբողջությամբ լինի որեւէ մեկի սեփականությունը։ Սա անընդունելի է։ Եթե պետությունն իրավունք տար, ապա Լոռու մարզի մի քանի հեռուստաընկերություններ կարող էին միասին ստեղծել մեկ մուլտիպլեքս: Մրցակցության արդյունքում միգուցե որեւէ մեկը փակվեր կամ միանար այլ հեռուստաընկերության: Բայց դա կլիներ ազատ մրցակցության արդյունքում»։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» եւ «Երեւանի մամուլի ակումբն» անհրաժեշտ են համարում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը: Իսկ մինչ այդ նրանք առաջարկում են, որպեսզի 10 մարզային հեռուստաընկերությունները, որոնք թվային հեռարձակման լիցենզիա չունեն, պայմանագրային հիմունքներով ժամանակավորապես ընդգրկվեն գործող հանրային թվային ցանց: Իշխանություններն ասում են, որ դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որը, պնդում են, հիմա հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել՝ խորհրդարանում քվորում չի լինի:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ խնդիրը լուծել խոստանում են նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Խոստացել են, որ ամեն ինչ կկարգավորվի մինչեւ Նոր տարի։ Դեռ ոչինչ չի արվել։

Ա․Մելիքյանը մտադիր է օրենքի որոշ դրույթներ վիճարկել՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան:

«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ասում է, որ թվային ցանց մուտք գործելու իրենց իրավունքի համար պայքարում են արդեն քանի տարի: Նրա խոսքով՝ «վերեւներում» այս խնդրով զբաղվում են ոչ կոմպետենտ մարդիկ:

Պետական կառույցների հետ պայմանավորվածության հասնել չկարողանալու խնդրին զուգահեռ՝ մեկ ուրիշ հոգս էլ կա: «Ֆորտունա» հեռուստաընկերությունը, որը, իրականում պատկանում է «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանին, եւ որին «Լոռու» տնօրենը համարում է իրենց հիմնական մրցակիցը, առավելություն է ստացել մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ:

«Այդ հեռուստաընկերությունը պատկանում է օլիգարխի, որին հովանավորում են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը եւ այլն: Տնտեսվարող սուբյեկտները ինչ որ չափով կապված են այս պաշտոնյաների հետ, եւ մեր գովազդը նվազել է, քանի որ տնտեսվարողները խուսափում են հետագայում խնդիր ունենալ մարզպետի կամ այլ բարձրաստիճան չինովնիկների հետ: Անգամ մեր եթերում հյուր լինելու համար մարդկանց սպառնում են՝ բա դու չես վախենու՞մ խնդիր ունենալ մարզպետի հետ:

«Լոռի» հեռուստաընկերությունը, եթե նույն պայմաններում շարունակի աշխատել, միգուցե մի օր փակվի: Բայց թույլ չպիտի տալ այդ օրվան հասնելու»,-ասում է Նարինե Ավետիսյանը:

Վանաձորում կաբելային հեռարձակում իրականացնող ընկերություններից ամենախոշորները՝ «Յուքոմ»-ը եւ «Ռոստելեկոմ»-ը, ինչպես Նարինե Ավետիսյանը պատմեց, Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորտունա» ՀԸ-ը ներառել են իրենց փաթեթում (Լոռվա մարզի տարածքում), իսկ ահա «Լոռի»-ին մերժել են՝ առանձնապես չպատճառաբանելով պատճառների մասին:

Եթե թվային ցանց տեղափոխվելու հարցը չլուծվի եւ հակամրցակցային ներկա պայմաններում շարունակեն գործունեություն ծավալել, ապա, ըստ Նարինե Ավետիսյանի, իրենք բողոքի ակցիաներ կանցկացնեն Երեւանում՝ նախագահական նստավայրի եւ կառավարության դիմաց:

լուսանկարները՝ Անահիտ Դանիելյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter