HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը գուցե լուրջ ենք ընկալել

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2016 թ· հունիսի 15-ի և17-ի նիստում քաղաքացիական հասարակությունը 3 զեկույց ներկայացրեց: Հեղինակներից մեկը «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն էր· կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ներկայացրինք համայնքներում իրականացվող աճուրդների վերաբերյալ մեր  հետազոտությունները՝ «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» եւ «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում», hամապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկներով:

Վարչապետի հանձնարարությամբ՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հիշյալ զեկույցի հիման վրա երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեին օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ քննարկելու եւ Ազգային ժողով ներկայացնելու համար:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ քննարկումը տեղի ունեցավ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին: Մեր ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկներից նախարարությունը ծաղկաքաղ էր արել եւ քննարկման էր ներկայացրել մի նախագիծ, որում չէին ներառվել փոփոխության ենթակա ամենակարեւոր դրույթները:

Մասնավորապես, նախագծում չէր ներառվել համայնքային հողերն աճուրդի դնելուց առաջ շուկայական գնահատման ներկայացնելու պահանջը, ինչպես արվում է մյուս բոլոր շարժական եւ անշարժ գույքերի վաճառքի դեպքում: Ի դեպ, հողերն աճուրդի ներկայացնելուց առաջ գնահատման ներկայացնելը նույնպես «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պարտադիր պահանջ է, բացառությամբ պետական ու համայնքային հողերի: Սակայն, քննարկման ժամանակ այս հարցը չներառվեց նախագծում:

Նախկին վարչապետի հանձնարարականից անցել է ավելի քան 8 ամիս: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղղված գրավոր հարցումով ուզում էինք պարզել, թե, ի վերջո, ի՞նչ տեսք ստացավ նախարարությունում քննարկված օրենսդրական փոփոխության նախագիծը եւ ի՞նչ ընթացք ունեցավ այն: Նախարարությունը մեծ դժկամությամբ պատասխանեց մեր հարցմանը: Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մոտ մեկ ամիս հետո հայտնում է. «Նախարարությունը դեմ չէ հողամասերն աճուրդի դնելուց առաջ ներկայումս գործող ընթացակարգի (կադաստարայի արժեքի հիման վրա) փոխարեն կիրառել շուկայական գնով օտարելու ընթացակարգը»:

Նախարարությունից ակնկալվում էր ոչ թե պարզապես «դեմ չլինելու», այլ որպես տեղական ինքնակառավարման ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին` գործուն նախաձեռնություն հանդես բերել կոռուպցիոն ռիսկերը վերացնելու հարցում:

Քննարկման մասնակիցները կադաստրի կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի, Արմավիրի մարզպետարանի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներն էին, որոնց համար անընդունելի էր հողերի աճուրդ-վաճառքի դեպքում շուկայական գնահատման ներկայացնելու օրենքի պարտադիր պահանջ սահմանելը:  Միակ հակափաստարկն այս էր. «Ո՞վ է հող առնում հիմա, որ շուկայական գնահատում արվի»:

Խոսքն այն մասին չէր` հող շա՞տ են առնում, թե՞ քիչ: Խոսքը գրագետ աճուրդային կանոնակարգ հաստատելու մասին էր, որից ամեն կերպ խուսանավում էին քննարկման մասնակիցները: Նրանցից մի բացատրություն էր ակնկալվում ընդամենը. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով (8-րդ հոդված) ինչո՞ւ է աճուրդի դրվող բոլոր տեսակի շարժական ու անշարժ գույքերի համար պարտադիր համարվում շուկայական գնահատումը, բացառությամբ պետական ու համայնքային հողերի (պետական հողները նույնպես ներկայումս հանձնված են համայնքների տնօրինության): Ինչո՞ւ աճուրդի դրվող գույքի այլ տեսակները շուկայական արժեքով չվաճառելը հանցագործություն է համարվում, իսկ հողերը շուկայական արժեքով վաճառելը «կնվազեցնի համայնքի ֆինանսական եկամուտները», ինչպես նախարարությունում են պնդում:

Ընդդիմացողների վարքագծի բացատրությունն արդեն տվել ենք մեր հետազոտութան մեջ, ըստ այդմ էլ այն ներկայացրել ենք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աճուրդների անվան տակ համայնքային ունեցվածքի փոշիացումը կատարվում է քննարկմանը մասնակից կառույցների սերտ համագործակցությամբ:

Թե ինչու է օրենքը բացառություն անում համայնքային հողերի օտարման դեպքերում, այլ բացատրություն էլ ունի·

  • համայնքներում հիմնականում հող են վաճառում եւ վաճառում են կադաստրային արժեքի 50 կամ 100 տոկոսով, այն դեպքում, երբ հողի կադաստրային արժեքի գնահատում վերջին անգամ կատարվել է 1997 թ.-ին եւ ներկայումս 100%-ով վաճառքի դեպքում անգամ այն ծիծաղելի գումարներ է կազմում:

  • ՀՀ հողային օրենսգրքով հողերի աճուրդ-վաճառքի դեպքում (հոդված 67, 2-րդ մաս) մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից: Հողային օրենսգիրքն ընդունվել է 15.06.2001  թ·-ին: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 04·10·2005 թ·-ին եւ այն պարզապես համապատասխանեցվել է Հողային օրենսգրքին:

Աճուրդի դրվող հողի մեկնարկային գինը կադաստրային արժեքով չի կարող որոշվել, որովհետեւ կադաստրային արժեքն ընդամենը հողի հարկը հաշվարկելու բանաձեւն է: Աճուրդի ներկայացվող ցանկացած գույքի մեկնարկային գինը որոշվում է շուկայական գնահատումով, իսկ օրենսդրական ձեւակերպումով` «անշարժ գույքի շուկայական արժեքը անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է»:

Ինչո՞ւ չեն ցանկանում հողը «հավանական գնով» վաճառել, հարցի պատասխանը տվել ենք «կեղծ աճուրդների» օրինակներից մեկով http://hetq.am/arm/news/59431/, որի ժամանակ 1,552,000 դրամ գնահատված 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար համայնքի ղեկավարը պահանջել էր 5 մլն 500,000 դրամ: Հայտատուն չէր համաձայնել վճարել պահանջած գումարը, համայնքապետն էլ չեղյալ էր հայտարարել աճուրդը:

Ներկայիս աճուրդային բանաձեւը մշակված է միմիայն այսօրինակ աճուրդներ իրականացնելու համար, եւ քննարկման մասնակցիները միաբերան համոզում էին, որ համայնքների համար այն ամենաարդյունավետ լուծումն է:

Իսկ մենք կարծում ենք, որ քննարկմանը ներգրավված կառույցների ընտրությունը ճիշտ չէր կատարվել: Ոչ միայն այն պատճառով, որ աճուրդների անվան տակ համայնքային ունեցվածքի փոշիացումը կատարվում է նշված կառույցների գործուն մասնակցությամբ, այլ այն պատճառով, որ նրանք չեն կարող ներկայիս իրավական մտածողությանը համահունչ օրենսդրական կարգավորումներ ստեղծել: Դա ե՛ւ իմացության, ե՛ւ մտածողության խնդիր է: Ասածս հիմնավորեմ մեկ օրինակով· այն հարցին, թե ինչո՞ւ են Հողային օրենսգրքով փակ հայտարարել աճուրդը, կադաստրի ներկայացուցիչը պատասխանեց` որպեսզի չխանգարեն:  

Նախարարությունում չցանկացան անգամ հստակություն եւ որոշակիություն մտցնել աճուրդային գործընթացը կանոնակարգող ամենապարզագույն հարցերում, ինչպիսին աճուրդին մասնակցողներից գանձվող վարձավճարի չափը կանոնակարգելն է: Աճուրդի մասնակցից եւ ներկա գտնվողից գանձվում է մասնակցության վճար եւ մուտքի վճար: Երկուսի դեպքում էլ նպատակը նույնն է՝ աճուրդն անցկացնելու վայրում ներկա գտնվողից գումար է գանձվում մատուցած ծառայությունների դիմաց: Մուտքի վճարը սահմանված է օրենսդրորեն՝ 1000-5000 դրամի սահմանում: Մասնակցության վճարը սահմանում է ավագանին՝ իր հայեցողությամբ գանձելով 1000-40 000 դրամ, գուցեեւ չգիտակցելով, որ խախտվում է իրավական որոշակիության, կանխատեսելիության եւ համաչափության սկզբունքը:

Նախարարությունում բացատրում են, որ համայնքների շահագրգռվածությունը բյուջեի մուտքերն ավելացնելն է, ինչո՞ւ սահմանափակել: Նպատակը եթե այդ է, գուցե սկսեն իրական աճուրդներ անցկացնե՞լ:

Ի դեպ, նշված հետազոտությունները Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացնելուց մեկ տարի առաջ ներկայացվել էր տարածքային կառավարման նախարարություն եւ բացարձակապես ուշադրության չարժանացավ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քննարկելուց հետո էլ մեծ բան չփոխվեց. օրենսդրական փոփոխությունների նախագիծն ընդամենը կանոնակարգում է «կեղծ աճուրդների» հրապարակայնությունը`ընդունվելուց հետո հողերի աճուրդները բաց կհայտարարվեն (նշենք, որ միայն հողերի աճուրդն է օրենքով փակ հայտարարված) եւ  աճուրդների մասին հայտարարությունները կտեղադրվեն azdarar.am կայքում:

Սա չէր մեր նպատակը, որովհետեւ սրանով հնարավոր չէ կոռուպցիան նվազեցնել համայնքներում:

լուսանկարում` Դավիթ Լոքյանը և Վաչե Տերտերյանը (ձախից), աղբյուրը` նախարարության ֆեյսբուքյան էջը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter