Սիրիահայերն իրենց գործարանները տեղափոխում են այլ երկիր` Հայաստանում պահանջվող մեծ մաքսավճարների պատճառով
Հարկային եւ մաքսային արտոնություններ ստանալու խնդրանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերը հանդիպել են վարչապետ Կարեն Կարպետյանին: «Մեր հիմնական առաջարկներն արդյունաբերության ոլորտին էին վերաբերում»,- հայտնեցին «Սիրիահայերի միություն» հ/կ խորհրդի անդամները երեկ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Սիրիահայ գործարարները ցանկանում են իրենց գործարանները տեղափոխել Հայաստան, որի համար մեծ չափերի մաքսատուրք են պահանջում: Նրանց ասելով` գործարարներից մի քանիսը երկար ժամանակ ուսումնասիրում էին արտադրությունն այստեղ տեղափոխելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը, սակայն հաշվարկները ցույց տվեցին, որ պահանջվող մաքսային եւ հարկային վճարների դեպքում դա անհնար է: Հայտնեցին, որ գործարարներից մի քանիսը դրա պատճառով արդեն տարբեր երկրներ են տեղափոխել իրենց արտադրությունը, օրինակ՝ Եգիպտոս: Մինչդեռ կնախընտրեին Հայաստան բերել, որովհետեւ չգիտեն, թե այլ երկրում քաղաքական ինչ իրավիճակներ կլինեն ապագայում:
«Եթե այստեղ 10 հոգի է եկել հետաքրքրվելու, պիտի նկատի ունենալ, որ նրանց տեսակետին Սիրիայում սպասում է եւս 50 հոգի, որոնք նրանց կարծիքը հիմք ընդունելով՝ այլեւս չեն էլ գալիս Հայաստան,- բարձրաձայնեցին նրանք: Դրանով Հայաստանի կառավարությունը մեծ թվով աշխատատեղերի հնարավորություն է կորցնում եւ արդեն շատ կորցրեց, բացի այդ, երկիրը զրկվում է ազգային հարստությունից»:
Նրանց խնդրանքն այն էր, որ սիրիահայերից մաքսատուրք չգանձեն իրենց բիզնեսը եւ անձնական օգտագործման գույքը Հայաստան տեղափոխելիս: Եթե նույնիսկ մաքսային արտոնություններ չեն ցանկանում տրամադրել, ապա գոնե «ազատ գոտի» ստեղծեն, որտեղ կպահեստավորեն իրենց արտադրամասը, հետո կորոշեն, թե ինչ անեն:
«Սիրիահայերի միության» խորհրդի անդամները հայտնեցին, որ վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ իրենցից պահանջել է գրավոր առաջարկներ ներկայացնել՝ քննարկելու համար: Առաջարկները, բնականաբար, հիմնավորված պետք է լինեին, որի համար ABA-ը քննարկմանը մասնակից էր դարձրել իրավաբանների եւ հարկային ոլորտի մասնագետների: Վերջիններիս հետաքրքրողն այն էր, թե ինչպես հիմնավորել՝ ներկրվող ապրանքը կամ գույքը Սիրիայից բռնագաղթած հայի անձնական ունեցվա՞ծքն է կամ արտադրությունը, թե՞ մեկ ուրիշն է նրանց անվան տակ գույք ներկրում:
Գործարարները նշեցին, որ Սիրիայում փաստաթղթային հարցերը խիստ չեն դրված, օրինակ՝ մի քանի տարի կարող ես բիզնես ունենալ եւ չհարկվել: Նրանց կարծիքով, փաստաթղթերի եւ գույքի պատկանելությունը ճշտելու հարցում կարող է օգտակար լինել Հալեպում գտնվող հայկական հյուպատոսությունը եւ պետք է նրանց ներգրավել այս գործում: Խոսքը նաեւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվողների մասին է: Սիրիահայերից շատերի զբաղմունքը ոսկեղենի վաճառքն է եղել: Նրանց ասելով` հնարավոր չէ, որ տեղացիները սիրիացիների անվան տակ ներկրեն, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, որտեղ յուրաքանչյուր ոսկերիչ ինքն է հարգադրոշմում իր արտադրանքը, Սիրիայում մեկ պետական հարգադրոշմող կա, եւ դա վերահսկելի է:
Նրանց հուզող մյուս հարցը սիրիացիներին տրամադրված բիզնես վարկերի վերադարձելիությունն է: Հայաստան տեղափոխված սիրիացիների առաջին խմբից 100 հոգու աջակցելու համար Կառավարությունը բիզնես գործունեության նպատակով արտոնյալ վարկ է տրամադրել՝ 5 մլն դրամ 5 տարի ժամանակով, տարեկան 4% տոկոսադրույքով: Նրանցից միայն 25-ն է կանոնավոր վճարում վարկը, որովհետեւ կարողացել է բիզնես գործունեություն իրականացնել: Նրանցից 25 հոգին չի կարողացել վարկը մարել եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը դիմել է դատարան, հիմա վճիռները հարկադիր կատարման փուլում են:
«Սիրիահայերի միության» անդամների ասելով` նրանք բիզնես ծրագրով իրենց պարտավորությունը կատարել են՝ գործն սկսել են ու ձախողվել: Վարկը նրանց տրամադրելիս երաշխավորներ են հանդիսացել եւ՛ սիրիացիները, եւ՛ հայաստանցիները: Վարկը գանձվում էր երաշխավորների աշխատավարձերից ու թոշակներից, եւ ստացվում է, որ մարդկանց աջակցությունը դժվարին վիճակի մեջ է դրել նրանց: Սփյուռքի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների միջամտությամբ հարկադիր կատարման փուլը 6 ամսով կասեցված է, որպեսզի հնարավորություն տան այդ ընթացքում վճարումներ կատարել:
Վարկառուներից 50-ը ընդհանրապես չի կարողանում վճարել եւ, նրանց կարծիքով, առողջացման ծրագիր է պետք, որպեսզի կարողանան վերադարձելիությունն ապահովել: Սիրիահայերն առաջարկում են անհատական ուսումնասիրել յուրաքանչյուրի գործը եւ անհատականացված լուծում գտնել: Գուցե վարկի մարման ժամկետը երկարաձգվի, որպեսզի կարողանան ավելի փոքր գումարներով մարել: Բայց, վարկը մարելու միակ իրական երաշխիքը նրանց աշխատանքով ապահովելն են համարում՝ մարդիկ կաշխատեն եւ կվերադարձնեն վարկը:
Կարծում էին, որ դա ոչ այնքան բիզնես վարկավորման ծրագիր է եղել, որքան սոցիալական աջակցություն: Վերցնողները Հայաստանի մասին պատկերացում չունենալով, հարկման օրենսդրությունը չիմանալով, շուկային անտեղյակ լինելով՝ բիզնես գործունեություն են սկսել ու ձախողվել: Ոմանք այս ընթացքում հեռացել են երկրից, բայց, ինչպես ասացին, շարունակում են իրենց հետ կապ պահել, չեն խուսափում վճարելուց, ուղղակի նրանց հնարավորություն պետք է տրվի:
Գործարարները դժգոհում էին նաեւ Հայաստանի մաքսային ծառայություններում «դանդաղ վարվող թղթաբանությունից, որը վնասում է իրենց՝ արտերկրի գործարարների մոտ անվստահելի դարձնելով իրենց բիզնեսը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել