HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Արեթա Ֆրանկլին. «Գնալու եմ հանգստի, բայց չեմ պատրաստվում անգործ մնալ»

Անցած շաբաթ սոուլի լեգենդար թագուհին՝ Արեթա Ֆրանկլինը, հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել էր բեմից հեռանալու իր որոշման մասին: Երաժշտական աշխարհում այսպես են ասում թոշակի գնալը՝ բեմին հրաժեշտ տալ: Իսկ դա նշանակում է, որ 74-ամյա երգչուհին, ով հինգ ու կես տասնամյակից ավել շռայլորեն փայլել է բեմում, խոստովանում է իր հանդիսատեսին, որ այլևս հանգստի գնալու անհրաժեշտություն է զգում: Նման հայտարարությունները սովորաբար համերգային մեծ շրջագայություններին են վերաբերում և մեծ, անհատական նախագծերին: Մինչ այդ, իհարկե, Ֆրանկլինը ավարտին կհասցնի կիսատ ծրագրերը, որոնցից մեկը երգչուհու ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Սթիվի Ուոնդերի հետ համագործակցությամբ նոր ալբոմն է: Այն լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերին:

«Ձեզ պետք է ասեմ, որ այս տարվանից գնալու եմ հանգստի,- նշել էր նա Detroit TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում, ապա ավելացրել, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի և, հատկապես, թոռնիկերի հետ: - Ես ինձ շատ, շատ հարուստ եմ զգացել այդ ողջ տարիների ընթացքում և շատ լիացած այն ամենով, ինչից սկսվել է իմ ստեղծագործական կյանքն ու որտեղ հասել է մինչ այսօր»:

Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքում կարևոր տեղ ունեցած համերգային գործունեությանը, որին պատրաստվում է հրաժեշտ տալ, երգչուհին ասել է, որ ծանր զգացողությամբ է համակված, քանի որ « Դա այն էր, ինչ ես արել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»:

Արեթա Ֆրանկլին. նրան անվանում են սոուլի թագուհի, լեդի սոուլ, երկնային ուժով օժտված երգչուհի, Աստծո պարգև և այլն: Նա 20-րդ դարի մեծագույն ձայներից մեկն է, հարյուրավոր երգիչ-երաժիշտների ուղենիշն ու երաժշտական կուռքը: Նրան մեծարում ու նրանից սովորում են սոուլ, գոսպել, փոփ, R&B, ռոք երաժշտության հին ու նոր աստղերը: Նրա մեծության առջև խոնարհվել են իր ժամանակի լեգենդները ևս՝ Օտիս Ռեդինգը, ում հանրահայտ «Respect»-ը Արեթան պայթեցրեց ողջ աշխարհում, իսկ այդ կատարման մասին ինքը՝ հեղինակը, խոստովանեց՝ «Նա ինձնից տարավ իմ երգը»: Բոբ Դիլընը, ով Ֆրանքլինին ձոնված բանաստեղծություն է գրել, դե իսկ նախագահական անձնակազմը, հանձին Ջիմի Քարթերի, Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի, նախընտրել են նախագահական երդումը բարձրյալին հասցնել նրա աստվածային ձայնի միջոցով:

Եթե հետադարձ ակնթարթային մի հայացք նետենք այս երգչուհու անցած կյանքին, ապա այնտեղ միանգամից կհայտնաբերենք 18 «Գրեմմի», 75 միլիոնի հասնող ձայնագրություն, բազմաթիվ փայլուն հիթեր, որոնց ամենաբեղուն շրջանը, այսպես ասած, «Ոսկե դարը» համարվում է 1960-ականների կեսից 70-ականներն ընկած ժամանակահատվածը: Նրա 20 սինգլ ԱՄՆ-ում լավագույն 100-յակի առաջին հորիզոնականում են եղել, և մի քանի տասնյակից ավել երգեր շարունակաբար զբաղեցրել են փոփ, R&B, սոուլ երաժշտության լավագույն հորիզոնականները: Ֆրանկլինն առաջին կինն էր, ում անունը ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահում՝ 1987թ.: Ճիշտ է, Արեթա Ֆրանքլինի երաժշտական կյանքում էլ փոթորկուն հաղթանակներից հետո եղել են համեմատաբար հանդարտ կանգառներ, սակայն մինչ օրս նա եղել և մնում է ոչ թե դարի, այլ պատմության մեծագույն երգչուհիներից մեկը:

Աշխարհի ամենակոլորիտային երգչուհուն և նրա ստեղծագործական կյանքի հետաքրքիր պատմություններին դեռ կանդրադառնանք, առանձին խորագրով, իսկ այսօր «Ռետրո Ակումբ»-ում կվերհիշենք կամ, ոմանց համար, կներկայացնենք Արեթա Ֆրանկլինի լավագույն կատարումներից մի քանիսը:

«I Never Loved a Man (The Way I Love You)». սա Ա. Ֆրանկլինի՝ 1967թ. մարտին լույս տեսած ալբոմի խորագիրն էր, որը թվով 9-րդն էր երգչուհու ստեղծագործական կյանքում: Նույն թվականին այն «Ոսկե» տիտղոսին արժանացավ «Ամերիկյան ձայնագրող ընկերությունների ասոցիացիայի» (RIAA) կողմից: Այս ալբոմը ամերիկյան «Բիլբըրդի» շարքում նվաճեց 1-ին հորիզոնականը: «Rolling Stone» ամսագրի հարցումների համաձայն՝ դասակարգվել է աշխարհի լավագույն ալբոմների շարքում:

«I Never Loved a Man (The Way I Love You)» ալբոմում ընդգրկված էին երգեր, որոնք հիթային բարձրագույն նվաճումներ ունեցան՝ պայմանավորելով երգչուհու համաշխարհային ճանաչումն ու կոմերցիոն հաջողության սկիզբը: Դրանք էին՝ համանուն՝ «I Never Loved a Man (The Way I Love You)» և «Respect» սինգլները:

«I Never Loved a Man (The Way I Love You)»-ն «Բիլբըրդի» թեժ հարյուրյակում հասավ 9-րդ հորիզոնականին, իսկ «Rhythm and Blues» չարթերում գրավեց առաջին տեղը: Այս երգը Արեթայի՝ արդեն սկիզբ դրված մեծագույն ճանապարհի առաջին ամենափայլուն հաջողությունն էր: Այն իր մեջ խտացրել էր ոչ միայն հզոր վոկալի անգերազանցելիությունը, այլև պայքարող, սիրող, խրատող ու պահանջող կնոջ խառնվածքը: Վերջինս նույնպես նորություն և անհրաժեշտություն պիտի դառնար դասակարգային խտրականության մեջ ստեղծագործող սևամորթ արտիստների համար:

«Նա ինձնից տարավ իմ երգը». այս փոքրիկ, բայց խոսուն նախադասությամբ ամերիկյան երաժշտության մեծագույն ներկայացուցիներից մեկը՝ սոուլի լեգենդ Օտիս Ռեդինգը խոստովանել էր նորահայտ աստղի մեծությունը: Ռեդինգի «Respect»-ը ճանաչման առումով անսպասելի սահմաններ նվաճեց: Արեթային հաջողվել էր ոչ միայն վոկալ կարողությամբ ընդգծել կատարման ուժգնությունը, այլև անհատական մոտեցմամբ, որն, իսկապես, հեղափոխություն էր նախանշում:

Օտիս Ռեդդինգի «Respect» երգի ֆրանկլինյան մեկնաբանությունը դարձավ ֆեմինիստական  շարժման հիմնը: Այն երգչուհուն միանգամից երկու «Գրեմմի» մրցանակ նվիրեց` 1968թ –ի «Լավագույն Ռիթմ ընդ Բլյուզ ձայնագրություն» և «Կանացի լավագույն ռիթմ ընդ բլուզ սոլո վոկալ կատարում» անվանակարգերում:

Ա. Ֆրանկլինի 1967թ. լավագույն կատարումներից են նաև «Baby I Love You», «Chain of Fools», «(You Make Me Feel Like) A Natural Woman», «I Say a Little Prayer» սինգլները: Դրանցից ամեն մեկը հերթական կարևոր էջ է ոչ միայ երգչուհու կյանքում, այլև երաժշտության մեջ:

«Think».  այս երգը Ֆրանկլինի «հիմներից» ևս մեկն է, դարձյալ ֆեմինիստական ոգով, բայց այս անգամ՝ գոսպելի էությանը բնորոշ հոգևոր արտահայտությամբ: Արեթան այստեղ ևս ըմբոստ է, խելացի, ինքնավստահ: Նա կարող է ոչ միայն հավասարվել, այլև դառնալ լավագույններից մեկն ու ապացուցել իր արժանի տեղն այս՝ կեղծ սահմաններով լի կյանքում: Նա ֆեմինիզմի խորհրդանիշ էր այլևս և այս երգի միջոցով նոր լսարաններ նվաճեց հատկապես կանանց շրջանում:

Երգը ներկայացվեց երաժշտական տաղանդավոր թիմի մասնակցությամբ: Այստեղ արդեն ոչ թե միայն գերակայում է ինչպես միշտ փայլող և մնացած ամեն ինչ ստվերող վոկալը, այլև դաշնամուրը, երկու էլեկտրական կիթառ, ստեղնաշարային գործիքներ, տենոր սաքսոֆոն, հարվածայիններ, բեք վոկալ և այլն: Մի խոսքով` ամեն ինչ՝ հավասար իրավունքներ պահանջող պայքարի դուրս գալու համար: Ի դեպ, այս երգում դաշնամուրի առջև նստած է հենց ինքը՝  անփոխարինելի Արեթա Ֆրանկլինը: «Think»-ը հետագայում՝ 1980թ., փոփոխված և առավել հարստացած տարբերակով ընդգրկվեց ամերիկյան «The Blues Brothers» երաժշտական կատակերգությունում: Ֆրանկլինից բացի, ֆիլմի դերասանական և երաժշտական կազմը ամբողջացվել էր մի իսկական աստղաբույլով՝ Ռեյ Չարլզ, Ջեյմս Բրաուն, Ջոն Լի Հուկեր և այլք:

Ա. Ֆրանկլինի ստեղծագործական կյանքի ոսկե շրջանը ներառում է նաև 70-ական թվականները: Բավական է միայն հիշատակել «Spanish Harlem» (1971թ.) և «Rock Stead» (1971թ.), «Day Dreaming» (1972թ.), «Angel» (1973թ.) և «Until You Come Back to Me» (1973թ.), «I՚m in Love» (1974թ.) սինգլներն ու երգերը, ինչպես նաև «Spirit in the Dark», «Young, Gifted & Black and her gospel album», «Amazing Grace» ալբոմները, փառահեռ համերգներն ու շրջագայությունները: Այս շրջանի նրա ամենահաջողված կատարումներից մեկն է համարվում նաև ամերիկյան հայտնի դուոյի՝ «Simon & Garfankel»-ի «Bridge over Troubled Water» երգի քավըրը: Մինչ ֆրանկլինյան մեկնաբանությունը՝ հեղինակային կատարումը խմբին 1971թ. միանգամից 5 «Գրեմմի» մրցանակ նվիրեց: Երգի առաջին ձայնագրությունից 2 տարի անց մրցանակային այս շարքը հավելվեց ևս մեկով: Ֆրանկլինը նուրբ ու հանդարտ երկխոսությամբ փոփ հիթին ավելացրել էր նոր՝ քնքուշ, առավել հոգևոր, տեղ-տեղ փխրուն բնավորության գծեր, և, ինչպես միշտ, հաղթել էր նաև այս մեկնաբանությամբ:

80-ականների Ֆրանկլինն արդեն փոքր-ինչ զիջել է առաջատարի ու մշտապես փայլող ամենահաղթի իր դիրքերը: Բայց կոմերցիոն առումով միայն, այն էլ՝ որոշ փուլերում: Այս շրջանից մեր ռետրո շարքում անդրադարձել ենք երգչուհու և այն ժամանակ նոր փայլող աստղ, Ֆրանկլինի երաժշտության նվիրյալ, երկրպագու Ջորջ Մայքլի  դուետին:

«I Knew You Were Waiting (For Me)». այսպես էր կոչվում աստղային այս զուգերգը, որը, որպես երաժշտական գործ, թեև հրավառություն չդարձավ, այնուամենայնիվ, շրջադարձային եղավ երգչի ստեղծագործական կյանքում:

«Ես չեմ պատրաստվում ինչ-որ տեղ հեռանալ,- ասել է երգչուհին ստեղծագործական հանգստի գնալու մասին իր որոշման վերաբերյալ,- ոչ էլ տանը նստել ու անգործ մնալ: Դա այնքան էլ լավ միտք չէ»:

Դե իհարկե, քանի որ այս տարբերակը, երգչուհու երկրպագուների համար ամենախիստ պատիժը կլիներ: Դա առավել դառը կհնչեր հատկապես նրանց համար, ովքեր ներկա են եղել Ֆրանկլինի համերգներին ու իրենց մաշկի վրա զգացել նրա կատարման ազդեցությունը, որին մեկ արտահայտություն կարող է շատ դիպուկ բնորոշել՝ տակն ու վրա անող: Երգչուհին խոստացել է անպայման հանդիպել նրանց, բայց՝ «հատուկ նախագծերում» և, հավանաբար, «ամիսը մեկ անգամ» հաճախականությամբ: Այնպես որ նոր ու զգացմունքային ազդեցիկ հանդիպումներ դեռ կարող ենք ակնկալել թոռնիկներին երաժշտական հեքիաթներ պատմող տատիկից, իսկ մինչ այդ շարունակենք վայելել նրա անգերազանցելի կատարումները, որոնք դեռ երկար կփայլեն երաժշտության բարձունքից:

Լուսանկարները՝ www.theguardian.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter