HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավստրալիային՝ 5-րդ ազատություն, Սիրիային՝ նախկինից ավելի շատ իրավունքներ

Հայաստանը օդային հաղորդակցության նոր համաձայնագրեր է կնքելու Սիրիայի ու Ավստրալիայի հետ: Եթե Ավստրալիայի հետ օդային հաղորդակցությունը մինչ օրս չի կարգավորվում երկկողմ փաստաթղթով, ապա Սիրիայի հետ մեր երկիրն ունի միջկառավարական համաձայնագիր, որը ստորագրվել է 1995-ին եւ ուժի մեջ է մտել 2001-ից:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին կառավարությունը համաձայնություն տվեց Կանադայի ու Սինգապուրի հետ «բաց երկնքի» պայմանագրերի նախագծերին:

Ավստրալիայի հետ կնքվելու է նմանատիպ փաստաթուղթ: Ըստ համաձայնագրի՝ ավիացիոն իշխանությունների կողմից չի լինելու թռիչքների հաճախականության ու տարողության սահմանափակում (ամեն դեպքում կլինեն որոշ բացառություններ): Ավիափոխադրողներն իրավունք կունենան օգտվել օդի 5-րդ ազատության իրավունքից, չեն լինի մեկնման ու ժամանման կետերի սահմանափակումներ, այսինքն՝ հնարավոր կլինի ՀՀ ցանկացած կետից թռչել Ավստրալիայի ցանկացած կետ եւ հակառակը: Դժվար է պատկերացնել, թե երբ կյանքի կկոչվի նման հնարավորությունը, պարզապես սրանով իրավական հիմք է ստեղծվում:

Իրավիճակը միանգամայն այլ է Սիրիայի պարագայում, որն այսօր պատերազմի մեջ է: Բնականաբար, հնարավոր չէ Մեծ քսանյակի (G20) անդամ զարգացած Ավստրալիան համեմատել պատերազմի արդյունքում քայքայված տնտեսություն ու ենթակառուցվածքներ ունեցող Սիրիայի հետ:

Նախ նշենք, որ, ըստ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի, Սիրիայի հետ նոր համաձայնագրի նախաձեռնողը սիրիական կողմն է: Նախնական նախագծում ՀՀ ՔԱԳՎ-ն կատարել է որոշ խմբագրումներ եւ լրամշակումներ:

Եթե 1995-ի համաձայնագրով իբրեւ կոնտակտային կետեր ամրագրվել էին 2-ական քաղաքներ (Հայաստանում՝ Երեւանն ու Գյումրին, Սիրիայում՝ Դամասկոսն ու Հալեպը), հիմա նման սահմանափակում չկա, չնայած կոնկրետ Հայաստանի պարագայում այլ օդանավակայան այս պահին չի էլ կարող լինել ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այս երկրի տարածքում կատարվում են քաղաքացիական թռիչքներ, սակայն մինչպատերազմյան տարիների համեմատ՝ բավականին քիչ: Ավիափոխադրողների գերակշիռ մասը, անվտանգությունից ելնելով, շրջանցում է Սիրիայի օդային տարածքը, հատկապես՝ հյուսիսային շրջանները:

Նոր համաձայնագրում նշվում է նաեւ, որ ամեն կողմից կարող են լինել մեկից ավելի ավիաընկերություններ: Օդի 5-րդ ազատության իրավունքի մասին կետ նախկինի պես չկա, նշվում է, որ այդ իրավունքը կարող է կյանքի կոչվել, երբ ավիացիոն իշխանությունների միջեւ համաձայնություն ձեռք կբերվի:

Ինչպես Կանադայի, Սինգապուրի ու Ավստրալիայի հետ համաձայնագրերում, այնպես էլ Սիրիայի պարագայում սահմանվել է, որ «եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների կամ հատուկ եւ անսովոր հանգամանքների պատճառով պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը չի կարող շահագործել հաղորդակցությունը սովորական երթուղով, մյուս պայմանավորվող կողմը պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը՝ ապահովելու համար այդպիսի հաղորդակցության շարունակական շահագործումը երթուղիների համապատասխան ժամանակավոր վերադասավորման միջոցով»: Բնականաբար, այս կետն առավել արդիական է Սիրիայի դեպքում: Չնայած չավարտված պատերազմի մեջ գտնվող, այսինքն՝ ռիսկի պոտենցիալ ունեցող Հայաստանի համար էլ պակաս կարեւոր չէ:    

Տնտեսական շահ եւ անվտանգություն

Եթե Ավստրալիայի հետ օդային կապի պարագայում ավիափոխադրողները նման հեռավոր չվերթներ սկսելու համար պիտի համապատասխան շահագրգռվածություն ունենան, այսինքն՝ պիտի լինի այնպիսի պահանջարկ, որի իրացումից ստացված եկամուտները կծածկեն սպասվելիք ծախսերը, ապա Սիրիայի պարագայում, թվում է, նման խնդիր չի կարող լինել: Այս դեպքում գլխավոր խոչընդոտն անվտանգությունն է:

2011-ին բռնկված պատերազմի հետեւանքով, ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 հազար հայ: Մինչեւ պատերազմը այդ երկրում հայկական համայնքի թիվը մոտ 70 հազար էր (1980-ականների կեսերին այս թիվը հասնում էր 110.000-ի): Հայաստան եկածներից մի մասը հետագայում տեղափոխվել է այլ երկրներ՝ հիմնականում Եվրոպա, ամերիկյան մայրցամաք: Սիրիայի ամենահայաշատ գաղութում՝ Հալեպում, տարբեր տվյալներով մնացել է 10-15 հազար հայ: Հեռացած սիրիահայերի մի մասն, ամեն դեպքում, վերջնականորեն չի կորցրել Սիրիա վերադառնալու հույսը:

Հայաստանի ու Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռ 1992-ին:  Մեր երկիրը դեսպանություն ունի Դամասկոսում, գլխավոր հյուպատոսություն՝ Հալեպում, որը, չնայած պատերազմական գործողություններին, գործում է մինչ օրս: 2010-ին Դեյր Զորում պատվո հյուպատոսություն էր բացվել: Քաղաքն այսօր ռազմական թատերաբեմ է կառավարական ուժերի ու իսլամիստ ահաբեկիչների միջեւ: Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունը գտնվում է Երեւանում:

Ավստրալիայի Միության հետ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նույն 1992-ին: ՀՀ-ում այդ երկրի դեսպանի նստավայրը Մոսկվայում է, Հայաստանն Ավստրալիայում դեսպան չունի:  Եթե 1970-ականներին Ավստրալիայում հայերի թիվն ընդամենը 15 հազար էր, վերջին մի քանի տասնամյակների ներգաղթի արդյունքում, ըստ սփյուռքի նախարարության, այն դարձել է 60 հազար:

Դեպի Սիրիա արտահանումների թռիչք՝ վերջին տարիներին

Չնայած Սիրիայի հետ Հայաստանի կապերն ավելի սերտ են՝ պայմանավորված հայկական ակտիվ գաղութի գործոնով ու ոչ մեծ հեռավորությամբ, 2010, 2012-2013 թթ. հայ-ավստրալական ապրանքաշրջանառությունն (դոլարով արտահայտված) ավելի մեծ էր: Այդուհանդերձ, 2014-2015 թթ. Հայաստանից Սիրիա արտահանումների հաշվին հայ-սիրիական տնտեսական կապերը թռիչք են գրանցել: Չնայած 2016 թ. դեռ չի ամփոփվել, սակայն այդ տարվա առաջին կիսամյակի տվյալները հուշում են, որ 2014-2015 թթ. պատկերը չի փոխվել:  

Export-Import $ (Syria & Australia)
Create column charts

2013-2015 թթ. Հայաստանից Ավստրալիա արտահանված ապրանքների մեջ առանձնանում են կոշկեղենը, ալկոհոլային խմիչքները, պահածոները, որոշ սարքավորումներ ու քարեր: Նշենք, որ ամեն տարվա համար առանձնացրել ենք առավել մեծ գին ունեցող երեք ապրանքատեսակները:

Ավստրալիայից ներկրումներում առավել մեծ արժեք ունեն շինարարական իրերն ու տարբեր սարքավորումները:

Սիրիայի հետ ապրանքաշրջանառության մեջ բումը գրանցվել է ծխախոտի արտահանման հաշվին, որի արժեքն անցել է 20 մլն դոլարը: Արտահանվել են նաեւ ժամացույցներ, ալկոհոլային խմիչքներ:

Սիրիայից վերջին տարիներին ներկրվել են կոշկեղեն, դեղամիջոցներ, պահածո, սարքավորումներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter