HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներմուծում. որտեղից և ինչ է գնել Հայաստանը 2016-ին

2016 թվականին Հայաստանը  3,292 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել։ Ի տարբերություն արտահանմանը, որին անդրադարձել ենք նախորդ հոդվածում, Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին ավելի լայն է։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների 2015 թվականի համեմատ ներմուծումն աճել է  1,6%-ով, ինչը շատ ավելի փոքր է, քան արտահանման աճը (20%)։  

Վերջին հինգ տարում ՀՀ ներմուծման ծավալների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին։  2015-ին այն զգալի անկում է ապրել, որը տնտեսագետների ու վերլուծաբանների մի մասը բացատրում էր բնակչության գնողունակության անկմամբ, մինչդեռ տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաները՝ համաշխարհային շուկայում մի քանի ապրանքատեսակների գնակմամբ։

Իսկ 2016-ին, թեև որոշակի աճ է գրանցվել, սակայն բավականին հեռու է 2014-ի մակարդակից։ Սա կարող է նշանակել, որ բնակչության գնողունակության մակարդակը ևս դեռևս չի հասել 2014-ին։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների բազայի

Ինչպես միշտ, պաշտոնական վիճակագրության նկատմամբ Հայաստանում թերհավատություն կա։ Տեսակետ կա, որ Հայաստանից արտահանման աճը մասամբ կամ մեծամասամբ պայմանավորված է ներմուծվածը նորից արտահանելու հանգամանքով։ Այլ խոսքով՝ վերաարտահանմամբ, կամ որ ավելի տարածված ասել՝ ռեէքսպորտով։ Օրինակ՝ լոլիկի հայտնի պատմությունը, երբ լուրեր տարածվեցին, որ թուրքական լոլիկն է հայկականի անվան տակ արտահանվում Ռուսաստան։ Պաշտոնական կառույցներն, իհարկե, հերքում են նման տեղեկությունները։ Խոսվում է նաև ոսկերչական իրերի մասին։ Այս ցանկն, ի դեպ, հետաքրքիր ապրանքների անուններ է պարունակում, սակայն առայժմ չշտապենք։

Թե տնտեագետները և թե երկրի տնտեսական բլոկի պատասխանատուները հաճախ են խոսում ներմուծման ծավալները կրճատելու մասին։ Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ։ Սա ներմուծման ծավալները կրճատելու տարբերակներից մեկն է, որին ինչպես երևում է, հակված է ՀՀ կառավարությունը։   Այս գաղափարի կողմնակիցները նշում են, որ դա երկրում տնտեսությունը զարգացնելու, արտադրությանը զարկ տալու, նոր աշխատատեղեր բացելու և էլի այլ դրական տեղաշարժեր գրանցելու հնարավորություն կտա։ Սրա մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է Հայաստանում։ Ժամանակին էլ փորձեր են արվել։ Սակայն կա նաև համոզմունք, որ Հայաստանի մասով այն իրատեական չէ։ Բանն այն է, որ հայաստանյան սպառողական շուկան փոքրածավալ է, իսկ այդ պայմաններում արտադրված ապրանքների ծավալները ևս փոքր են լինելու։ Հետևաբար՝ այդ ապրանքների ինքնարժեքն ավելի բարձր է լինելու և այն մրցունակ չի լինելու ներմուծվող ապրանքների կողքին, քանի որ ներմուծվողի ինքնարժեքը, որպես կանոն, ավելի ցածր է՝ կապված մեծածավալ արտադրության հետ։

Որ երկրից որքան ենք ներմուծել

Ռուսաստան, Գերմանիա, Չինաստան, Իրան և Թուրքիա. սա այն  երկրների առաջին հնգյակն է,  որտեղից Հայաստանն առավել մեծ ծավալի ապրանքներ է ներմուծել 2016 թվականին։ Այս ցանկի տասնյակում են նաև Իտալիան, Ուկրաինան, Վրաստանը, ԱՄՆ-ն ու Բելգիան։

ՀՀ ներմուծման կազմում Ռուսաստանի կշիռը կազմել է  30,3%, Չինաստանինը՝ 10,9%, Գերմանիայինը՝ 5,7%, Իրանինը և Թուրքիայինը՝ յուրքանչյուրը 5%։ Այսինքն՝ այս հինգ երկրներին բաժին է հասել ՀՀ ներմուծման կեսից ավելին։

Ինչպես նշեցինք, 2016 թվականին Հայաստանը 1,6%-ով ավելի շատ ապրանք է ներմուծել, քան նախորդող տարում։ Թվային արտահայտությամբ այն կազմել է 53,2 մլն դոլար։  Եվ դա հիմնականում գրանցվել է Ռուսաստանից կատարված ներմուծման աճի հաշվին, որը կազմել է 53,6 մլն դոլար և Չինաստանից ներմուծման հաշվին (41.6 մլն դոլարով)։ Զգալի ազդեցություն է ունեցել նաև Վրաստանից ներմուծման աճը (31,5 մլն դոլարով), Թուրքիայից (26,8 մլն դոլարով) և ԱՄԷ-ից (աճը՝11,9  մլն դոլար): Մնացած երկրների պարագայում աճը մեծ չէ։

ՀՀ ներմուծումն ըստ երկրների (հազ. դոլար)
Create your own infographics

Իսկ տոկոսային արտահայտությամբ՝  2016 թվականին Հայաստանը 5,7%-ով ավելի շատ ապրանք է ներմուծել Ռուսաստանից, քան 2015-ին։  Թուրքիայից ներմուծումն աճել է 19,6%-ով,  Չինաստանից՝ 13,2%-ով, Վրաստանից՝ 47,2%-ով։   

Ուշագրավ է հատկապես Թուրքիայից ներմուծման ծավալների աճը։ Հայաստանում վերջին տարիներին թուրքական ապրանքները բոյկոտելու կոչեր հաճախ են արվում։ Նախորդ տարի այդ թեման բավականին լայն քննարկվեց։ Սոցցանցերում ստեղծվեցին խմբեր, որոնք առաջարկում էին այս կամ այն թուրքական ապրանքը գնելու փոխարեն ընտրել հայկականը։ Սակայն այդ պարզ կոչերի տակ բարդ հարցեր կան։ Տարեկան տվյալները, փաստորեն, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ թուրքական ապրանքների պահանջարկ կա Հայաստանում։ Ու չնայած բոյկոտի կոչերին՝ դրանց ներմուծումն ավելացել է։

Իսկ մի քանի երկրներից ՀՀ ներմուծումը կրճատվել է։ Առավել զգալի է Գերմանիայից ներմուծման անկումը (18,6%-ով), ինչպես նաև՝ Ուկրաինայից (18,3%-ով), Իտալիայից (13,2%-ով), ԱՄՆ-ից (18,2%-ով) և Իրանից (17,3%-ով)։

Ընդհանուր առմամբ,  նախորդ տարի ՀՀ ներմուծման կազմում ԱՊՀ երկրների մասնաբաժինը 34,4% է կազմել, որը հիմնականում Ռուսաստանի հաշվին է, իսկ ԵՄ երկրների մասնաբաժինը՝ 22,5%։ Մնացած 43,1%-ն էլ այլ երկրներից է։ 2015-ի համեմատ ԵՄ-ի մասնաբաժինը կրճատվել է 1,6 տոկոսային կետով, իսկ ԱՊՀ-ինը՝ ավելացել 0,5 տոկոսային կետով։

Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման պարագայում դեռևս չունենք տարեկան տվյալները, թե որ երկրից ինչ է ներմուծել Հայաստանը և որ ապրանքների հաշվին են ծավալներն աճել կամ նվազել։

 Փոխարենը ԱՎԾ-ն տրամադրում է ներմուծման ընդհանուր ցանկն ըստ ապրանքախմբերի։ Դրանից պարզ է դառնում, որ  հակառակ արտահանման՝ ներմուծվող ապրանքատեսականին  շատ ավելի լայն է։

 Ինչ է գնել Հայաստանն աշխարհից

 Ներմուծված ապրանքների կազմում առաջին եռյակում են հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները և պատրաստի սնունդը։ Համեմատաբար մեծ ծավալի են նաև  քիմիական արդյունաբերության ապրանքները, մանածագործական իրերը, ինչպես նաև՝ ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։  

 

Ներմուծվող ապրանքների շարքում առավել զգալի աճ են գրանցել մանածագործական իրերը 37,1%-ով (կամ 61 մլն դոլարով), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախումը, որի ներքո պետք է հիմնականում հասկանալ ադամանդն ու ոսկերչական իրերը՝ 36,8%-ով կամ 43,4 մլն դոլարով, ինչպես նաև մեքենաներն ու սարքավորումները՝ 13,9%-ով կամ 57,6 մլն դոլարով։

Իսկ առավել մեծ անկում գրանցվել է հանքահումքի մասով ՝ 7,5%-ով (կամ 48 մլն դոլարով), ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի՝12,5%-ով (կամ 31,5 մլն դոլարով), ինչպես նաև՝ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ ապրանքախմբի՝ 16,2%-ով կամ (30,9 մլն դոլարով)։ 

Այսպիսով, արտաքին առևտրում Հայաստանը առավելապես գնորդի դերում է, քան վաճառողի։ Եվ միայն սահմանափակ երկրների հետ առևտրում է, որ ավելի շատ արտահանել է 2016-ին, քան ներմուծել։ Այսինքն՝ նրանց հետ Հայաստանի առևտրի հաշվեկշիռը դրական է։ Նրանց շարքում են Բուլղարիան, Շվեյցարիան, Իրաքը, Կանադան, Վրաստանը և ևս մի քանի երկրներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter