HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախում մնջախաղի դասընթացներ են գործում լսողության խնդիրներ ունեցողների համար

Փոքրիկ, թույլ լուսավորված բեմում լռութան մեջ մնջախաղային մինիատյուրաները հաջորդում են իրար։ Խոսքերի փոխարեն` միայն մարմնի ճկուն շարժումներ, դեմքի` ամեն վայրկյան փոխվող միմիկաներ ու օդի մեջ ծաղիկ հավաքող կամ սիրտ փայփայող ձեռքի շարժումներ։

Լսողական խնդիրներ ունեցող 48-ամյա Նունե Իսախանյանն ավելի քան 25 տարվա դադարից հետո նորից բեմ բարձրացավ։ Նունեն, քանի որ լսողական խնդիրներ ուներ, հատուկ դպրոց է գնացել Բաքվում։ Այդ ժամանակ դպրոցի թատերախմբում է խաղացել։ Հետո ուսումնարանում կարի դասերի է հաճախել։ 1988թ. Բաքվում ծեծվել է, հազիվ փրկել են ու բերել Ստեփանակերտ՝ ծնողների մոտ։

Հատուկ դպրոցի թատերախմբում Նունեն տասնյակ դերեր է մարմնավորել՝ նապաստակից մինչև արքայադուստր։ «Մտքովս չէր էլ անցնում, որ մի օր նորից բեմ կբարձրանամ։ Այս պարապմունքները լուսավոր կետ են իմ առօրյա կյանքում, որ մինչ այս սահմանափակվում էր միայն աշխատանքով։ Այս ամենը իմ պատանեկությունն է հիշեցնում», - ասում է Նունեն։

Արդեն երեք ամիս է` ԼՂՀ խուլ ու համրերի միության նախագահ Բելլա Գրիգորյանի խնդրանքով` Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկել են մնջախաղի դասընթացներ լսողության խնդիրներ ունեցողների համար։

Ի տարբերություն Նունեի` դասընթացի մնացած մասնակիցների համար սա դերասանական առաջին փորձն է։

27-ամյա Լիլիթ Հակոբյանն ասում է, որ մտադիր է շարունակել պարապմունքները։

Մնջաղախի դասընթացի պիլոտային փուլը երկար ժամանակ հետաձգվում էր մասնագետի բացակայութան պատճառով։

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով՝ առիթի էին սպասում Արցախում մնջախաղի ստուդիա բացելու, որտեղ կուսուցանվեին մասնավորապես վերբալ խնդիրներ ունեցողները։

«Երբ մենք հարմար մասնագետ էինք փնտրում Արցախ ուղարկելու, ինձ դիմեց գերմանացի մի երիտասարդ, ով սիրով համաձայնեց գնալ Արցախ և պարապել տեղի դերասաանների ու լսողական խնդիրներ ունեցողների հետ», - ասաց Ժ. Դադասյանը։

Բեռլինից դերասան-մնջախաղաց Արթուր Բլոխը Հայաստան է եկել հայ ընկերոջ՝ Անուշի հրավերով։ Նա խոստովանում է, որ սիրով համաձայնեց Արցախում աշխատել, քանի որ Անուշն իրեն շատ է պատմել իր ծննդավայրի՝ Արցախի մասին։

«Ինձ համար մարտահրավեր էր աշխատել լսողական խնդիրներ ունեցողների հետ։ Շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է մարդն աչքիդ առաջ փոխվում ու նոր բաներ սովորում։ Եվ վերջում տեսնում ես բեմին, թե ոնց է նա ժայթքում»,-ասում է Արթուրը։

Երեք ամսվա ընթացքում Արթուրն ու իր թարգմանիչ Անուշը հասցրել են մի քիչ տիրապետել ժեստերի լեզվին։ Զրուցակցիս խոսքով՝միակ դժվարությունը ոչ պրոֆեսիանալ դերասանների հետ աշխատելիս այն է, որ ստիպված ես միևնույն բանը մի քանի անգամ բացատրել։

Մնջախաղի դասընթացների պիլոտային փուլը եզրափակվեց մասնակիցների ավարտական բեմադրություններով Ստեփանակերտում ու Շուշիում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter