HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվող տարեցների 34 %-ը ժառանգներ ունի

75-ամյա Սոնյա Մարտիրոսյանը ու 73-ամյա Ռազմիկ Խաչատրյանը 2015 թվականին հանդիպել են ծերանոցում, մեկ շաբաթ անց ամուսնացել։ Հարսանիք են կազմակերպել, եկեղեցով պսակադրվել, տիկին Սիլվայի հարսնաքույրն էլ իրենց հոգեբանը՝ Լուսինեն է եղել։ Ծերանոցում իրենց առանձին սենյակը ունեն, միասին գնում են շուկա, գնումներ կատարում, այցելում բարեկամներին, զբոսնում, իրենց սենյակի ծաղիկները մշակում։

74 տարեկան Նվարդ Ոսկանյանն (բնակիչների շրջանում ավելի հայտնի է Սիլվա անունով) էլ ծերանոցում իր բանաստեղծություններով է հայտնի։ Իրենց այցելած յուրաքանչյուրին մի հայացք է «նետում» ու նրան մի քանի տող նվիրում։ Ծերանոցի բնակիչներից ոմանք կատակում են, թե տիկին Սիլվան ոտքի վրա ստեղծագործում է, տեսածի մասին բանաստեղծություն գրում։

67-ամյա Թերեզա Սարգսյանը 45 տարի աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 3 տարի առաջ վաճառել է բնակարանն աշխատավայրին՝ դպրոցին, մոտ տուն գնելու նպատակով, սակայն 28 հազար դոլար գումարը, ըստ Թերեզայի, տվել է ծանոթներից մեկին և այն հետ չի ստացել։ Բնակարան չի կարողացել գնել, իր աշխատավարձով ապրել է վարձակալած բնակարանում։ Երբ դարձել է թոշակառու, դասաժամերը կրճատվել են, չի կարողացել տան վարձը տալ, տեղափոխվել է տուն-ինտերնատ։ 25 տարեկանում Թերեզան իմացել է, որ իրեն ծնողները որդեգրել են մանկատնից։ Ծնողների եւ մորաքրոջ մահանալուց հետո նա մնացել է մենակ. «Ես վատ չեմ զգում ինձ էստեղ, բայց չեմ ընտելանում էդ վիճակին, որ ես ստեղ պիտի լինեի... Ոնց որ մանկատնից նորից մանկատուն եմ եկել։ Իրանք էլ մանուկներ, էս ծերերը...Վատ չի ստեղ, բայց իմը չի։ Սա իմը չէր»,- ասում է Թերեզան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի հարցերի նախարարության մեզ փոխանցած տեղեկանքի համաձայն՝ Հայաստանում տարեցների ու հաշմանդամների խնամքն ու սոցիալական սպասարկումը ավելի շատ կատարում են ոչ պետական կառույցները։ Ոչ պետական կազմակերպությունները այժմ 4040 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքով են զբաղվում։ Պետական կազմակեպությունների միջոցով այդպիսի խնամք է ստանում 2740 անձ։

Հայաստանում տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է 3 տեսակ ծրագրեր՝ շուրջօրյա խնամքի ծառայությունների, տնային պայմաններում տրամադրվող խնամքի, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրում։

Տարեցների հիմնահարցերի ոլորտում գործում է տարեց և հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) անձանց խնամքի ծառայություններ տրամադրող 6 պետական կազմակերպություններ, որոնցից 3-ը շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատություններ են, 2-ը՝ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոններ, իսկ մեկը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ն է։

Պետական բյուջեի միջոցների հաշվին, հանրապետությունում գործում է 5 տուն-ինտերնատ։ Այնտեղ խնամվում է 1210 մարդ՝ որից 640-ը ընդհանուր տուն-ինտերնատներում։ Այդ 640-ի 34 %-ը ունեն ժառանգներ, այսինքն՝ ընտանիք։ Նրանց 55 %-ը կանայք են, 45 %-ը՝ տղամարդիկ։

Շուրջօրյա խնամքի կազմակերպման 5 պետական և 4 ոչ պետական տուն-ինտերնատ կա։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին ընդհանուր տուն-ինտերնատներում բնակվում և խնամք են ստանում 780 տարեցներ, որոնցից 640-ի խնամքը կազմակերպվում է պետական, իսկ 140-ի ոչ պետական կազմակերպությունների բյուջեի միջոցներով։

Այդ 4 ոչ պետական շուրջօրյա խնամքի հաստատություններն են՝ Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամը եւ «Հույսի տուն»-ը, Աբովյանի «Նարեկ»-ը, Սյունիքի «Արծվաբույն»-ը։

Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների՝ տուն-ինտերնատների հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 65 տարին լրացած, չաշխատող կենսաթոշակառուների կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է։

Շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոններ

Շուրջօրյա խնամքի մասնագիտացված 2 կենտրոն է գործում՝ Վարդենիսի տուն-ինտերնատը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի «Ձորակ» կենտրոնը։

Ընդհանուր առմամբ այդ երկու ինտերնատներում խնամք է ստանում 570 անձ, մեծամասնությունը` Վարդենիսի տուն-ինտերնատում։ Այստեղ հաշվառված է 450, իսկ Երևանի «Ձորակ» կենտրոնում՝ 120 անձ։

Մասնագիտացված կենտրոններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ 18 տարին լրացած, քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկրելոզով անձանց։

Ցերեկային կենտրոններ

Այժմ հանրապետության 6 մարզերի և Երևանի ցերեկային 20 կենտրոններում խնամք է ստանում 1730 մարդ, որից 1700-ը «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության միջոցներով։ Այսինքն՝ այս տեսակ խնամքի 98 %-ը «բաժին է ընկել» ոչ պետական կառույցին։

Երևանի վեց վարչական շրջաններում մեկական ցերեկային կենտրոն է գործում, և՜ մայրաքաղաքում, և՜ մարզերում գործողներից ամենամեծը Ավանինն է, այնտեղ գրանցված է 145 այցելու։

Իսկ նման ցերեկային կենտրոններ աշխատում են հանրապետության միայն վեց մարզերում՝ Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և Սյունիքում։

Նշենք, որ տարեցների խնամքի ցերեկային կենտրոնների նպատակն է աջակցել միայնակ, անապահով տարեց կենսաթոշակառուներին` նրանց իրենց հարազատ միջավայրից չկտրելով, ցերեկվա ժամերին կենտրոններում տրամադրելով սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ, այդ թվում ՝ մեկանգամյա սնունդ, առաջնային բուժօգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչը պետք է նպաստի նրանց հասարակական ակտիվության և ինքնաարժեվորման բարձրացմանը։

«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ

Տնային պայմաններում խնամք է ստանում 3400 միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։ Տնային պայմաններում ավելի շատ տարեց խնամք է ստանում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով, իսկ պետակ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը սպասարկում է Երևանի 1500 միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվությամբ՝ ոչ պետական կազմակերպությունները ավելի շատ թվով տարեցների են տնային սպասարկում մատուցում, քան պետականները։

Այս ծառայության շահառուները միայնակ անժառանգ քաղաքացիներ են կամ միայնակ բնակվող անձիք, որոնց ժառանգները բացակայում են հանրապետությունից կամ գտնվում են հանրապետության հեռավոր մարզերում և հոգ չեն տանում իրենց ծնողների մասին։ Սպասարկման են ընդգրկվում նաև 18 տարին լրացած միայնակ հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաև տարեցներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված ընտանիքները։

Տարեցների խնամքի կազմակերպման միջոցները

Տարեցտարի ավելացել են պետական բյուջեից տուն-ինտերնատներին հատկացվող դրամական միջոցները։ 2015-2016 թվականներին պետությունը նաև սկսել է ֆինանսավորել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին։ Պետական բյուջեից ամենաշատ գումարը հատկացվում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ին, քանի որ այնտեղ են հաշվառված ամենաշատ խնամվողները։

Գծապատկերով կարող եք ծանոթանալ 2011-2016 թվականներին պետական բյուջեից տուն-ինտերնատներին հատկացված դրամական միջոցներին։

Տուն-ինտերնատներին պետական  բյուջեից հատկացված միջոցները: 2011-2016
Create column charts

Տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում ամենամեծ ծավալներով ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպությունը «Առաքելություն Հայաստան»-ն է։ Այն, պետական բյուջեի միջոցների հաշվին ստանալով մասնակի ֆինանսավորում, իրականացնում է «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագիր։ Պետական աջակցությամբ միայն փոխհատուցվում է հանրապետության 7 մարզերում միայնակ տարեց և հաշմանդամ կենսաթոշակառուի տնային պայմաններում և 20 ցերեկային կենտրոններում սպասարկող «Առաքելություն Հայաստան»-ի 182 աշխատողների աշխատավարձը։

Երևանի №1 տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մարկոսյանը մեր՝ ինտերնատ այցի ժամանակ, հավաստիացնում է, որ այնտեղ խնամվողները ամենից շատ շփման կարիք ունեն, քանի որ պետությունը նրանց համար անհրաժեշտ նյութական կարիքները, մասնավորապես` սննդի ու դեղորայքի ժամանակին տրամադրումը, կարողանում է բավարարել. «Իրենք ունեն շփման կարիք, հարազատի կարիք։ Իրենք խոսելու կարիք ունեն։ Հարազատների այցերը շատ չեն լինում։ Չենք հաշվարկել, բայց մոտ 20 տոկոսին են այցելում»։

Տնօրենի փոխանցմամբ՝ իրենց ինտերնատը նախատեսված է առավելագույնը 250 հոգու համար և այս պահին այն ողջ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, բայց սրանից 3-4 տարի առաջ ունեցել են 10-25 ազատ տեղ, իսկ հիմա ազատ տեղ չկա, ավելին՝ ինտերնատ տեղափոխվելու համար հերթագրված մարդիկ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter