HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարսանեկան վավերագրություն. ինքնության պատումի մաս ու եղելության փաստարկ

Սա համակուրսեցուս հարսանեկան հոլովակներից մեկն է` սիրողական նկարահանմամբ, որտեղ իր գրած բանաստեղծությունն է կարդում ամուսնու համար: Ես այն կարող էի չտեսնել, և այս մասին գրելու միտքն էլ չէր առաջանա, եթե տեսագրությունը տեղ չգտներ ֆեյսբուքում, և Աննան այն ներկաներին ցույց չտար դասի ժամանակ: Նա միակ ամուսնացած կուրսեցիս չէ, բայց առաջինն է, ով հարսանեկան արաողության լուսանկարների ու տեսագրության դիտմանն ու քննարկմանը ներգրավեց ոչ միայն ընկերներին, այլև դասախոսին, խմբեցիներին, ընդ որում` նաև նրանց, ում հետ առանձնապես մտերիմ չէ: Հարսանեկան արարողության օրինակով անձնական կյանքը սոցիալական կայքերի միջոցով հանրայնացնելու շուրջ զրույցին Աննայի առաջին ու հիմնական պատասխանը. «Չեմ ամաչում սիրուս մասին խոսելուց»-ն է: Ասում է, որ մինչ ամուսնանալն էր խոստացել զուգընկերոջը բանաստեղծություն նվիրել, իսկ հարսանիքի օրը նաև ամուսնու տարեդարձն էր: Բացի հոլովակից, նրա էջում կարելի է 80 հարսանեկան լուսանկարներից բաղկացած ալբոմ գտնել, որոնք չի պատրաստվում տպել, իսկ սոցհարթակներում տարածելու որոշումը կայացրել է «նկարներ ներբեռնելու հնարավորությունից օգտվելով»: Վստահեցնում է`բոլոր հարսանիքներն էլ նկարվում են:

23 տարվա ամուսիններ Հասմիկ Թադրոսյանն ու Հակոբ Հակոբյանը հարսանյաց հանդեսից ոչ մի լուսանկար, տեսագրություն չունեն: Իրենց գյուղում` Կոշում, զագսի արարողությունն էլ չեն նկարել:

«Էն ժամանակ հիմիկվա պես կյանքի ու մահու հարց չէր հարսանիքի վիդեո կամ ֆոտո տարբերակն ունենալը: Եթե հարսանիք էլ չլիներ, շատ բան չէր փոխվի, եթե հարսի շոր էլ չհագնեի, էլի կլիներ»,- ասում է տիկին Հասմիկը: Հարսանիքը վավերագրելն առանձնապես չեն կարևորել, իսկ ամուսնու մոր` տիկին Անահիտի գտած լուսանկարիչը պայմանավորվածությունը խախտել ու գնացել է այլ հարսանիք լուսանկարելու: Տիկին Թադևոսյանը չի ափսոսում, փոխարենը պարոն Հակոբյանը նշում է, որ թեև ժամանակին առանձնապես հետաքրքրված չի եղել, հիմա կարծում է, որ լավ կլիներ երեխաներին ցույց տալու համար գոնե մեկ լուսանկար ունենային: Նրանց դուստրը` Անահիտը, նկատել է, որ վերջին տարիներին ծնողներն անպայման միասին լուսանկարվում են այն հարսանիքների ժամանակ, որոնց հյուրընկալվում են:

Հարսանեկան լուսանկարչության զարգացումն ուղղակիորեն կապված է տեխնոլոգիաների զարգացման ճանապարհի հետ: Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսի գյուտից գրեթե երկու տասնամյակ անց` 1840-ականներին, Անգլիայի թագուհի Վիկտորիան և արքայազն Ալբերտը առաջիններից էին, որ փորձարկեցին դագերոտիպը, իսկ տարիներ անց վերաբեմադրեցին իրենց հարսանիքը լուսանկարչական խցիկի առաջ:

Մինչ 19-րդ դարի երկրորդ կեսը ամուսնական զույգերն այնքան էլ հաճախ չէին գնում լուսանկարչատներ: Ծանր ու ոչ մոբիլ սարքավորումների պատճառով լուսանկարներն արվում էին հարսանիքից առաջ կամ հետո, ստուդիայում: Բնորդները ստիպված էին լինում լուսանկարը ստանալու համար որոշ ժամանակ նույն դիրքով մնալ, չթարթել` հաճախ ձեռք բերելով լուսանկարի ընդամենը մեկ օրինակ: Իրավիճակը փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Առաջին պատճառը «հարսանեկան պայթյունն էր» (wedding boom), որ տեղի ունեցավ պատերազմից հետո, և լուսանկարչության այս տեսակը շահավետ դարձավ լուսանկարիչների համար: Երկրորդ պատճառը տեխնոլոգիական նվաճումներն էին`շարժական ֆոտոստուդիաներից, լուսային տեխնիկայից, նեգատիվի, գունավոր լուսանկարի ու ֆոտոժապավենի ստեղծումից, Kodak-ի անհատական ֆոտոխցիկներից մինչ թվանշային տեսախցիկների շրջափուլ: Հենց տեխնոլոգիաների ու լուսանկարչական արվեստի զարգացման հետևանքով հարսանեկան լուսանկարչության ավանդական/տաղավարային մոտեցմանը զուգահեռ առաջացավ դոկումենտալ (candid) տեսակը, որ վավերագրում է իրադարձությունները դեպքի վայրում` որսալով շարժումն ու ընթացքը:

Թե´ ժամանակագրական, թե´ բովանդակային փոփոխությունները նկատելի են տարբեր շրջանների լուսանկարների համադրությամբ: Սրանք, օրինակ, 20-րդ դարի առաջին կեսի հարսանեկան լուսանկարների նմուշներ են, որոնք մեզ տրամադրեց հայկական լուսանկարչական «Լուսադարան» հիմնադրամը:

Սուրեն Մանվելյանը լուսանկարիչ է, ով զբաղվում է նաև հարսանեկան լուսանկարչությամբ: Կարծում է, որ սոցիալական կայքերը լավ գործիք են իր աշխատանքները տարածելու, ցուցադրելու թե´ պոտենցիալ հաճախորդներին, թե´ մարդկանց, ում պարզապես դուր են գալիս իր լուսանկարները: Նրա պատվիրատուները հաճախ են տարածում իրենց հարսանեկան լուսանկարները, հազվադեպ պատահում են դեպքեր, երբ չեն համաձայնում, որ դրանք նաև տեղ գտնեն լուսանկարչի ֆեյսբուքյան էջում: Մեկ հարսանիքի ընթացքում անում է 200-300 նկար, որից, ի վերջո, ստացվում է 120-ը, որոնք փոխանցում է կրիչով: Լուսանկարները խմբագրել/մոնտաժել չի սիրում, բայց երբեմն անում է: Լուսանկարիչն ընդգծում է, որ իր ծառայությունները համեմատաբար թանկ արժեն, ինչի հետևանքով հաճախորդները մինչ իր մոտ գալը գիտակցում են, թե որքան ու ինչի համար պետք է վճարեն:

Թեև ավանդական/տաղավարային մոտեցում չունի, փաստում է, որ դեռևս կան հարսանեկան լուսանկարչությանը բնորոշ պրոտոկոլային կադրեր` նորապսակներն ու ծնողները, եկեղեցում գլուխ-գլխի տալն ու տաճարից դուրս գալը, կոշիկը հագցնելու պահը և այլն, որոնք ևս կարելի է այլ տեսանկյունից ներկայացնել: Լուսանկարիչը կարևորում է նախնական պայմանավորվածությունը հաճախորդի հետ և իր անձնական վերաբերմունքը նրանց նկատմամբ.

«Ես սիրում եմ իմ հարսներին ու փեսաներին, անձնական, ընկերական հարաբերությունների մեջ եմ մտնում նրանց հետ, որովհետև առանց սիրելու չես կարող նկարել` հատկապես հարսանիքը: Ես կարող է տեսախցիկը գցեմ մի կողմ, վեր կենամ, պարեմ: Ամեն լուսանկարում պետք է երևա իմ անձնական վերաբերմունքը զույգի նկատմամբ, պիտի տեսնեմ, որ սիրում են իրար»,- ասում է Սուրեն Մանվելյանը:

Լուսանկարիչը աշխատանքից դուրս հարսանիքներ չի սիրում, բայց հասցրել է փորձառության ընթացքում նկատել լուսանկարչական նրբություններ և ոչ միայն: Սուրենը կատակում է, թե կարող է հետագայում գիրք գրել, որտեղ խորհուրդներ կտա հարսներին` նախորդ գիշեր լավ քնել, հանգստանալ և առավոտյան նախաճաշել «խաշով և բորշով»` հոգնած տեսք չունենալու համար, ճիշտ, կոկիկ դիմահարվել... և ամենակարևորը` ընտրել պրակտիկ շոր, որը հնարավորություն կտա «քայլել» ու ստանալ ավելի հետաքրքիր կադրեր: Նա նաև ուշադրություն է դարձրել եկեղեցում հնչող երաժշտությանը, որ իր կարծիքով չափից դուրս տխուր է հարսանիքի համար, ռեստորաններում հնչող ռաբիսին և լուսային սխալ ձևավորմանը, կրկնվող ճաշացանկերին ու «խորովածի պաշտանմունքին», որ համընկնում է մայրամուտի հետ, որն ամենահարմարն է լուսանկարելու համար, և եկեղեցի-ռեստորան արանքում ընկած ժամանակահատվածին, որ ամենաանհարմարն ու ամենից հաճախ ընտրվածն է զույգերի կողմից, արարողության վայրին, տեղանքին, լուսանկարչի համար ընտրված սեղանին և այլն:

«Արտասահմանում շատ ընդունված է հարսանիքից մի օր հետո լուսանկարվելը: Ամերիկայում դա կոչվում է kill the dress, երբ լուսանկարվում են «էքստրեմալ» իրավիճակներում` ցեխերի, ջրի մեջ և այլն: Եվ դա լավ փորձառություն է: Մարդկանց մեծ մասը սիրում է ստանդարտ` «ո՞նց ա ձևը, ասեք` անենք», հիմնականում ոչ մի նախաձեռնություն չկա: «Այսինչը ո՞նց է արել, մենք էլ տենց անենք»: Ինձ ոգևորում է, երբ զույգը որոշակի պատկերացումներ է ունենում, երբ ֆոտոշարքը քաղաքից դուրս է լինում, բայց պարտադիր պայման չէ: Ամենազիլ հարսանիքը, որ նկարել եմ, իրենից ներկայացնում էր մի ժամ եկեղեցու արարողություն, իսկ հետո իրենք հյուրերին ցրեցին ու մենք երեքով ամբողջ Հայաստանի կեսը մեքենայով ճամփորդեցինք, ու լուսանկարեցի»:

Սուրենը նշում է, որ լուսանկարչի համար հարսանիքն ավարտվում է տորթը կտրելուց, տարոսիկները բաժանելուց կես ժամ հետո:

Հարսանեկան վիդեոպատմություններ պատրաստող Անդրանիկ Քեշիշյանը, ով Gallery AK (Andranik Keshishyan) ընկերության հիմնադիրն է, կարծում է, որ դրանք հատկապես սոցկայքերով տարածելու պատճառը ցույց տալու, քննարկվելու ցանկությունն է: Թիմն էլ արձագանքներին է ուշադրություն դարձնում` շեշտելով, որ աշխատում է հենց դրա համար:

«Ինչի՞ են հարսանիքներ նկարում: Որ մարդիկ խոսեն: Լինում են դեպքեր, երբ զույգը դեմ է, որ իրենց հոլովակները դնենք մեր էջում, բայց առավել հաճախ հարցնում են, թե ինչու՞ չենք դրել, որ ավելի շատ մարդիկ տեսնեն, խոսեն, տարածվի: Հաճախ ֆոտո/վիդեո նկարողը իր ամբողջ էներգիան, ժամանակը, ստեղծագործական միտքը փչացնում, վատնում է ֆեյսբուքի կամ այլ կայքի համար սիրուն ֆոտոսեսիա, կադր ստանալու համար: Էն երկու ժամը, որ մի քանի ամսից տալու ենք, ասում են` ինչ ուզում է թող լինի, էն երեք րոպեն շուտ ուղարկեք, որ դնենք ինտերնետ: Շատ լավը լինի, բայց ինտերնետում չլինի` իրենց պետք չի: Կարևորը լինի ինտերնետում ու բոլորը, բոլորը, բոլորը հիանան»:

Անդրանիկն աշխատում է երեք հոգանոց թիմով: Ասում է, որ չկա այնպիսի հարսանիք, որ չի նկարի, մյուս կողմից` հոգնել է նույնանման հարսանիքներից: Ըստ այդմ` հասկացել է, որ նորաձևության շրջաններ կան, որոնք միանգամից կարելի է հասկանալ կրկնվող հարսանիքներից: Վերջին տարիների համար առանձնացնում է վինտաժային հարսանիքներն ու գրեթե ամենուր հանդիպող կամարները:

«Հայկական հարսանիքների մեծ մասը ստանդարտ է ու միշտ չի, որ հաջողվում է հակառակը համոզել, որովհետև իրենք են վճարում և իրենց ուզածով պիտի լինի: Ինչ-որ շրջանում գեղեցիկ ֆոնով, սիրուն հարս-փեսայի լուսանկարի պակաս կար: Հիմա դա իրեն սպառել է: Երբեմն սիրողական նկարած հոլովակները, ֆոտոները ավելի հետաքրքիր են լինում, քան պրոֆեսիոնալները: Հիմա, անգամ մեր վիդեոները նայելիս, ես մտածում եմ` նույնն ա, նույնն ա, նույնն ա: Մենք էլ ենք դրանից հոգնում: Այդ նույն ստանդարտը, որից բողոքում ենք, մենք ենք ստեղծել: Ես չեմ մեղադրում մարդկանց, բայց մենք արդեն այնքան ենք տեսել, որ ձանձրալի է: Պատվիրատուներին կարող եմ բաժանել երկու խմբի` զրոյական ստեղծող ու եղածը կրկնօրինակող: Ինձ երբեմն թվում է, որ եթե վերջին շրջանում ամուսնացած մարդիկ մի քանի տարի հետո այդ լուսանկարները, վիդեոները նայեն, իրենց ոչինչ չի տա, որովհետև հիշողություն չի լինի, կամ շատ քիչ կլինի: Մեր գործն այդ օրվանից հիշողություն նկարելն է»:

Ռեժիսորը ևս հարսանիքներ չի սիրում, բայց ասում է, որ աշխատանքի բերումով երբեմն ներկա է գտնվում յուրահատուկ հարսանիքների, որոնցով հիանում է: Հատկապես հիշում է իրենց ամենադիտված աշխատանքը, որ կես միլիոն դիտում է ունեցել, որտեղ իրեն հատկապես դուր է գալիս զույգի ստեղծագործական մոտեցումը:

Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը մտաբերում է, որ ժամանակին մարդկանց հարսանեկան լուսանկարները կախվել են ննջարանի պատերին, հիմա` ոչ: Ընտանեկան ալբոմները, որ մատչելի էին միայն ընտանիքի համար, այժմ հասանելի են սոցիալական ցանցերի հանրույթներին, ընկերներին։ Փոխվել են ոչ միայն հարթակը, ձևն ու միջոցը, այլև հարազատության շրջանակը` ընտանիքից ընկերական շրջապատի:

«Պատմականորեն եղել է մի ժամանակ, երբ ներկա իմաստով պրիվատությունը (մասնավորությունը)՝ որպես զանգվածային երևույթ գոյություն չի ունեցել: Կապիտալիստական շրջանում աստիճանաբար ձևավորվել է ֆիզիկական, էմոցիոնալ և ինտելեկտուալ պրիվատությունը: Հիմա, հնարավոր է, որ մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ պրիվատության շրջանակն աստիճանաբար սեղմվում է, և մարդիկ ավելի ու ավելի հակված են իրենց ինտիմությունն ի ցույց դնել:

Սոցիալական ցանցերում կատարվող փոփոխությունը շատերին ստիպում է վերանայել իրենց պատկերացումը հարցի շուրջ, թե ինչն է անձնական, և ինչը կարելի է հանրայնացնել: Այդ սահմանն անընդհատ տեղաշարժվում է` ի վնաս անձնականի, ավելի ու ավելի շատ բան դարձվում է տարբեր համայնքների սեփականությունը»,- ասում է Հրաչ Բայադյանը:

Սյուզան Սոնթագի «Իրադարձությունը, որ չի լուսանկարվել, տեղի չի ունեցել» միտքը հիշելով` նա նշում է, որ լուսանկարները, վիդեոներն ու դրանց տարածումը իրադարձության եղելությունը հավաստող, հարսանեկան պատումը տեսողականացնող միջոցներ են:

«Նախ հարսանիքը ծես է, որն ունի սկիզբ, շարունակություն, ավարտ։ Ի վերջո, ցանկացած արարողություն ինքնին պատում է: Նկատենք, որ հարսանեկան լուսանկարները ինչ-որ տեսակի ինտիմություն ցույց չեն տալիս: Կարող է ցուցադրվել համբույրը, որ ևս արարողակարգի մաս է և էրոտիկ բան չի պարունակում: Վիդեոները էապես փոխում են սա: Լուսանկարը այս դեպքում դիտողի կողմից գուշակվող պատումի մաս է, վիդեոն` ինքնուրույն պատում: Հնարավոր է, որ վիդեոն, շնորհիվ փորձառու նկարահանողի ու մոնտաժի, կառուցում եւ տեսողականացնում է ամբողջական պատում»:

Այլևս ամուսնացած լինելը նոր իմաստներ է հաղորդում անձին, ապահովում նոր դեր, կարգավիճակ, իմիջ, որ թվում է, թե հնարավորինս ակնհայտ լինելու «կարիք» ունի:

«Հատկապես պատրիարխալ հասարակության մեջ դա կարող է նշանակել, որ դու այլևս մի բանի պետք ես, ինչ-որ բանի հասել ես: Այն քեզ որոշակի սոցիալական կարևորություն է հաղորդում: Եվ դա ինքնության պատումի մեջ կարևոր, հանգուցային կետ է»:

Մարիամ Եղիազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter