HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Բռնիր քեզ մեկնած ձեռքը»

Երանուհի Սողոյան

Վրեժի խոշոր, որեւէ կետի չկենտրոնացող հայացքն ուղղված է խաղընկերուհու ծոծրակին: Ձեռքերով անվարժ փորձում է գրկել ուսերը՝ դերն է պահանջում: Բեմադրիչն ընդհատում է խաղը. «Վրե՛ժ, մի փոքր ավելի շատ սեր ու քնքշություն դիր շարժումներիդ ու ձայնիդ մեջ՝ շատ ես անտարբեր»,-Նառա Սանթոյանի հանգիստ ձայնով արած դիտողությունը սթափեցնում է պատանուն: Վրեժի դեմքին ժպիտ ու գորովանք է հայտնվում:

«Դու՛, երկու տա՜ռ, եւ ահա ես երջանկության համն եմ զգում իմ բերանում…»՝ սեւակյան սիրո խոստովանությունն է թեւածում օդում: Փոքրամարմին Լաուրան փորձում է հայացքով օգնել խաղընկերոջը: «Լա՜վ, լավ…հաջորդ կտորն ենք փորձում»,-Նառան թերթում է սցենարը:

«Երջանկության համը» ներկայացումից մի հատված

Պարույր Սեւակի սիրային բանաստեղծությունների հիման վրա գրված «Երջանկության համը»  երաժշտական փոքրիկ ներկայացման փորձերը «Պլատոն» հոգեբանների միություն հասարակական կազմակերպությանը պատկանող փոքրիկ տարածքում են ընթանում: Թատերական խմբակի ղեկավար, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանն ասում է.«Ուզում ենք այս տարի մասնակցենք «Արտֆեստ-2017» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնին: Տեսնենք ինչպես կստացվի, ինչ գործ կներկայացնենք, գուցե հենց սրանով էլ ներկայանանք, եթե չհասցնենք նոր պիես գրել»: Վրեժի առանց այդ էլ սեւ ու փայլուն աչքերն ուրախությունից սկսում են վառվել:

«Սիրողական մակարդակի, ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների համար փառատոնները կարեւորվում են թեկուզ հենց նրանով, որ գուցե իրենց նկատեն,-Նառան ժպտում է,-Վրեժի համար էլ շատ լավ հարթակ կլինի էն իմաստով, որ որոշել է այս տարի դիմել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեժիսուրայի բաժին: Գուցե այս փառատոնն ինչ որ տեղ հեշտացնի իր գործը»:

Ներկայացման փորձ «Պլատոն» ՀԿ-ում

Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած թատերական խմբակի կենսագրությունը մեծ չէ՝ 2013թ-ին է ստեղծվել: Նախաձեռնության հեղինակը դերասանուհի Նառա Սանթոյանն է՝ շարժառիթը, որքան էլ որ տարօրինակ հնչի՝ ընկերուհու ծննդյան օրը: «Մեր դերասանուհիներից Հռիփսիմեն Աբաջյան իր ծննդյան օրը որոշեց, որ գնալու է մանկատուն: Դա մոտավորապես 4 տարի առաջ էր: Ասեց՝ էն գումարը, որ պիտի ծախսեմ ծնունդս նշելու վրա, ուզում եմ որեւէ մի բան անել նրանց համար: Ես համաձայնվեցի ուղեկցել նրան: Գնացինք Գյումրիում գտնվող բնածին արատներով երեխաների մանկատուն, որտեղ 0-ից մինչեւ 6 տարեկան երեխաներն են: Տնօրենը մեզ սիրով ցույց տվեց, պատմեց, եղանք բոլոր սենյակներում ու ճիշտն ասած շատ ճնշված էինք: Մեզ ասացին, որ եթե ուզում ենք օգնել, ապա կարող ենք տակդիր գնել: Այդպես էլ արեցինք: Բայց այդ այցից հետո ես լուրջ ընկճախտի մեջ հայտնվեցի, որ տեւեց գրեթե մեկ ամիս՝ ուշքի չէի գալիս տեսածիցս, զգացածիցս, երբ հասկանում ես, որ շատ դեպքերում անզոր ես ինչ որ բան անել, շտկել ու էմոցիաներդ խեղդում են քեզ»,-Նառայի աչքերում հուզմունք է հայտնվում հիշողություններից:

Զրուցակիցս ասում է, որ մինչեւ այդ այցն էլ կյանքը գնահատողների բանակից է եղել եւ մշտապես ներսում ծառս է եղել անարդարության զգացումը: Ըստ զրուցակցիս, մարդիկ ապրում են, քայլում, ուտում ու շատ հաճախ չեն գնահատում ի ծնե լիարժեք լինելու պարգեւը: «Իսկ այս փոքրիկ էակները, որ լույս աշխարհ են եկել ոչ իրենց կամքով հաշմված՝ անարդարացիորնե լքված ու մերժված են սեփական ծնողների կողմից,-նկատում է Նառան,-ես միշտ էլ համոզված եմ եղել, որ հաշմանդամությունը մարդու քթի տակ է՝ այսօր դու առողջ ես, վաղը չգիտես ինչ կպատահի քեզ հետ»:

Տեղեկանալով, որ Գյումրիում գործում է հաշմանդամների մարզամշակութային հասարակական կազմակերպություն, Նառան հանդիպում է հկ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանին եւ հետաքրքրվում, թե ինչպես կարող է օգտակար լինել: «Բնականաբար իմ մասնագիտականով պիտի լիներ օգնությունը, քանի որ հակված էի թատերական խմբակ բացելու,-բացատրում է զրուցակիցս,-ուզում էի հաշմանդամություն ունեցող անձի մեջ բացահայտել դրամատուրգին, դերասանին, ռեժիսորին, ինչպես որ ժամանակին անում էր մեր կուրսի ղեկավար Ալբերտ Մկրտչյանը»:

Թատերական խումբ ստեղծելու Նառայի առաջարկն ընդունվում է ուրախությամբ: Ներկայացման համար պիես գրելու առաջարկ ստանում է Իզաբելա Սուլթանյանը: Գրվածքը շտկելու եւ լիարժեք պիեսի վերածելու համար Նառային օգնության են գալիս կրթությունն ու դրամատիկ թատրոնի բեմում ունեցած 18 տարվա փորձառությունը: Այդպես ծնվում է «Բռնիր քեզ մեկնած ձեռքը» վերնագրով ներկայացումը:

«Աշխատանք տարվեց զուտ հարմարեցնելով խնդիրներ ունեցող դերասանական կազմին,-ասում է Նառան,-ներկայացման մեջ մոտ 13 հոգի ուներ զբաղվածություն: Երկու անգամ խաղացինք՝ առաջնախաղը տեղի ունեցավ Գյումրու թիվ 37 դպրոցում, երկրորդ անգամ խաղացինք ՏՏ կենտրոնի դահլիճում: Մեր ծրագիրն անգամ ֆինանսավորվեց մշակույթի նախարարության կողմից, եւ մենք կարողացանք նախապատրաստական այդ երկու ամիսների ընթացքում լուծել ներկայացման մասնակիցների տրանսպորտի եւ սնվելու հարցերը, որ անչափ կարեւոր էր: «Բռնիր քեզ մեկնած ձեռքը» ներկայացումը փոխաբերական իմաստով օգնության ձեռք մեկնեց նաեւ մեր նորաստեղծ թատերական խմբին»:

Ներկայացման գլխավոր հերոսի՝ Արամի դերակատարումն այդ ժամանակ վստահվեց Վրեժ Սարգսյանին: «Ընկերս ասաց, որ դերակատար են փնտրում եւ ինձ ծանոթացրեց ընկեր Նառայի հետ, փորձեցի ու ինձ հաստատեցին Արամի դերում: Բավականին հետաքրքիր, հուզումնառատ, ապտակներով, էմոցիաներով լի, բաժանումներով, ամուսնություններով, ժողովներով ներկայացում էր»,-Վրեժը ծիծաղում է՝ նայելով խաղընկերոջը՝ Լաուրային, ումից էլ, ըստ պիեսի, ստացել էր ապտակները:

20-ամյա Վրեժը 3-րդ կարգի հաշմանդամ է՝ ծնվելուց հետո նրա մոտ հայտնաբերել են աչքի հորիզոնական նիստա: Շփումը թատրոնի կախարդական աշխարհի հետ սկսվել է 16 տարեկանից: «Ես երգի էի գնում ու ստացվեց էնպես, որ վոկալիս ուսուցչուհին խնդրեց մի օր ասմունքեմ: Հետո ինձ ծանոթացրեց մի մասնագետի հետ, նա էլ ընդունեց իր թատերական խմբակ: Մինչ այդ երբեւէ չէի մտածել, թե բեմ դուրս կգամ, ներկայացման մեջ կխաղամ»: Վրեժը թվարկում է խաղացած կերպարները՝ Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում»` Ռայֆեսթինգսի դերը, Վիգեն Ստեփանյանի «Տերն ու ծառան» պիեսում` Համոյի դերը, «Բռնիր քեզ մեկնած ձեռքը» ներկայացման մեջ՝ Արամ, Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Սողոմոն Թեhլերյանի դատավարությունը» ներկայացման մեջ՝ Սողոմոն Թեհլերյան:

Վրեժն ասում է, որ հատկապես Նառա Սանթոյանի հետ հանդիպումն է իր համար ճակատագրական եղել, քանի որ դրանից հետո որոշել է ռեժիսոր դառնալ: Ցանկանում է բարձրագույն ընդունվել՝ միակ մտավախությունը ուսման վարձն է: Վրեժի ծնողները չեն աշխատում, ինքն էլ ամսական ընդամենը ստանում է հաշմանդամության բազային 16 հազար դրամը: Ընտանիքում միայն ավագ եղբայրն է աշխատում: Վրեժի երազանքը մայրաքաղաքում ուսանելն է: Ասում է, որ մեծ, աղմկոտ քաղաքներն ավելի մոտ են իր խառնվածքին:

Վրեժ Սարգսյանն երազում է ռեժիսոր դառնալ ու ներկայացումներ բեմադրել

«Պիեսներ գրելու շնորհ ունի»,-Նառան ակնարկում է Վրեժին՝ նշելով, որ աշխատում է իր հետ, ուղղություն ցույց տալիս, փոխանցում տղային սեփական գիտելիքներն ու փորձը: Հետո ծիծաղում է. «Իրենք էլ ինձ են օգնում՝ Վրեժը խոհանոցին վերաբերող հետաքրքիր խորհուրդներ է տալիս, Լաուրան հոգեբան է, լինում է դեպքեր, որ իրենից եմ խորհուրդներ հարցնում: Մեկս մյուսիս ձեռք մեկնելով ապրում ենք»:

Լաուրա Գրիգորյանը «Պլատոն» հկ-ում գործավարուհու պարտականություններ է կատարում կամավորական հիմունքներով: 39-ամյա Լաուրայի մոտ երկրաշարժի ժամանակ տարած սթրեսի հետեւանքով ախտորոշվել է շաքարախտ: Այն ժամանակ 11 տարեկան էր ու շատ բան չէր հասկանում՝ հատկապես ինսուլինակախյալ բառը: Տարիների ընթացքում սովորել է ապրել իր պորբլեմի հետ՝ ձեռք ձեռքի: Հասցրել է երեք մասնագիտություն ձեռք բերել՝ խոհարարի, հաշվապահի, համակարգչային ծրագրավորողի: Ներկայում սովորում է Մոսկվայի Ժամանակակից հումանիտար ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, հոգեբանության ֆակուլտետում, այս տարի կավարտի եւ հույս ունի աշխատել մասնագիտությամբ:

«Նախորդ մասնագիտություններով աշխատել չի ստացվել՝ միայն կես տարի հաշվապահ եմ աշխատել, հետո որ համակարգչային հաշվապահությունը մտավ՝ ինձ կրճատեցին, դրանից հետո որոշեցի տիրապետել ծրագրավորողի մասնագիտությանը,-Լաուրան ժպտում է,-անընդհատ ձգտում եմ նոր բան սովորել, փորձում եմ ընդունվել բոլոր այն հնարավոր բաժինները, որոնք անվճար տեղեր ունեն: Հիմա «Պլատոն»-ում կամավորական աշխատանք եմ անում, բայց հույս ունեմ հետագայում հոգեբանի վարձատրվող աշխատանք գտնել»:

Չէ՛, դերասանուհի չի ուզում դառնալ, սակայն պատրաստ է մասնակցել թատերական խմբակի բոլոր ներկայացումներին: Նախկինում խաղալու փորձ չի ունեցել, բայց դպրոցական տարիներին սիրել է ասմունքել: «Թատրոնն իմ մեջ շատ բաներ բացահայտեց, ես ինքս իմ մեջ շատ բան բացահայտեցի: Մարդիկ, ովքեր ինձ ճանաչում էին տարիներ ի վեր՝ զարմացել էին տեսնելով ինձ բեմում ու ասում էին, որ ես ինձ նման չէի՝ մի տեսակ ուրիշ էի, իհարկե` լավ իմաստով: Պարզվեց կարող եմ եւ կոկետություն անել, որ անգամ ինքս ինձնից չէի սպասում»,-Լաուրան ծիծաղում է:

Վրեժն եւս խոստովանում է, որ շատ է փոխվել թատերական խմբակի փորձերին հաճախելուց հետո: «Ես մի ուրիշ Վրեժ հայտնաբերեցի իմ մեջ,-անմիջականորեն խոստովանում է զրուցակիցս,-նախկինը Վրեժը մի փոքր վախկոտ էր, քչախոս, համեստ ու բավականին ծույլ՝ հատկապես դպրոցում ուսանելիս, ով ֆուտբոլը գերադասում էր դասերից: Հիմա կարող եմ ասել, որ բավականին համարձակ եմ դարձել: Նախկինում, երբ փողոցում իմ հետեւից որեւէ վատ բան էին ասում կամ սադրում էին՝ վախենում էի, իսկ հիմա չէ՝ հիմա պատասխանում եմ: Հետո հիմնականում փոխվեցի, դարձա առավել զգացմունքային, անգամ կարող եմ ասել չափից դուրս»:

«Պլատոն» հկ-ի տնօրեն Ալինա Կոշտոյանը գրեթե չի մասնակցում զրույցին: Համաձայնվում է խոսել միայն, երբ անդրադառնում եմ կազմակերպության խնդիրներին: «Մենք 2001թ-ից ենք գործում, հիմնականում հոգեբանական խորհրդատվություն ենք տալիս, ծրագրեր ենք անում՝ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ: Թատերական խմբակ ունենալու միտք չենք ունեցել իրականում, բայց երբ մեր կամավորներից Ավոյան Անահիտը ներկայացրեց Նառային Սանթոյան, որ մեկ այլ կազմակերպությունում ստեղծել է խմբակ, ճիշտ ասած ես էլ ցանկություն հայտնեցի համագործակցել իր հետ,-պատմում է Ալինան,-ուղղակի մեր ունեցած տարածքն է փոքր եւ գումարների հարց կա, երբ խոսքը վերաբերում է բեմադրություններին»:

Ասում է, որ աջակցության համար անցած դեկտեմբերին դիմել են քաղաքապետարան, խնդրել են տրամադրել 30 հազար դրամ, սակայն մերժում են ստացել՝ համայնքում կատարվող այլ ծախսերի պատճառաբանությամբ: «Մենք ընդամենը տրանսպորտային գումար էինք ուզել մեր կամավորների համար, ովքեր դժվարանում են գալ կենտրոն, սակայն մեզ ասացին որ գումար չունեն հկ-ներին տրամադրելու: Դե պատկերացրեք, եթե հարկ լիներ դեկորացիայի համար գումար ուզել: Այդ պատճառով էլ Նառան էնպիսի պիեսներ է ընտրում, որ շատ ծախսատար չլինեն»,-ժպտալով նկատում է Ալինան:

Վրեժը «ծախսատար» բառի վրա սկսում է ծիծաղել՝ հիշելով, թե ինչ ոգեւորվածությամբ էր լծվել Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» ստեղծագործության սցենարական աշխատանքներին, հետո երբ հաշվարկել են բոլոր ծախսերը՝ 2 մլն դրամը գերազանցել է: Սա այն դեպքն է, երբ անգամ հնամյա թատրոններից շատերը չեն կարող իրենց թույլ տալ նման բան: Սա է պատճառը, որ երբ պիես են ընտրում, ձգտում են, թե դերակտարների թվով, թե ծախսերի առումով անել նվազագույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter