HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիսային պողոտայում ապօրինի գործող սրճարանը սպասում է գարնանը

Հյուսիսային պողոտայում 2016թ. ամռանն առանց թույլտվությունների գործած «France» սրճարանի երկաթյա կոնստրուկցիաները դեռևս չեն ապամոնտաժվել, ինչը ենթադրում է, որ այն նորից կգործի եղանակները տաքանալուն պես:

Հիշեցնենք՝ 2016թ. օգոստոսի 29-ին Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ իր սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով: Այդ հասցեում 2009 թվականից գործում է «Cinnabon» սրճարանը, որը տարածքը վարձակալել է Նիկոլայ Դանիելյանից: 2016թ. հունիսից հարակից ընդհանուր օգտագործման տարածքում` 10 և 8 շենքերի արանքում, մետաղական և փայտե կոնստրուկցիաներով կառուցապատման աշխատանքներ են իրականացվել: Շուտով այդ տարածքում սկսել է գործել «France» սրճարանը:

Նիկոլայ Դանիելյանն ասում է, որ կառուցապատման պատճառով նեղացել է իր տարածքի մուտքի ճանապարհը, և «Cinnabon» սրճարանի բազմաթիվ լավագույն հաճախորդներ դադարել են այցելել նշված սրճարան։ Իսկ որ ամենակարևորն է, «France» սրճարանը, որպես այդպիսին գործելու համար, համապատասխան թույլտվություններ չի ունեցել: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ հիմունքներով է Հյուսիսային պողոտայի 8 և 10 հասցեների հարակից տարածքում 2016թ. հունիսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գործել «France» սրճարանը: Խնդրել էինք տրամադրել նաև այդ սրճարանի վերաբերյալ քաղաքապետարանի տված և սրճարանի գործունեության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:

«Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից 27.09.2016թ. «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Ադամյանին տրվել են Հյուսիսային պողոտա հ.10 շենք թիվ 9 տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման հ.16/123 և հանրային սննդի կազմակերպման և իրացման հ. 16/1228-6 թույլտվությունները, ինչպես նաև Հյուսիսային պողոտա հ.10 շենքի հարակից տարածքում ոգելից խմիչքների իրացման հ. 16/1231-4 և հանրային սննդի  կազմակերպման և իրացման հ. 16/1228-5 թույլտվությունները»,- հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Դիմեցինք նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին և ստացանք այդ թույլտվությունների պատճենները: Դրանցից երկուսը տրված են Հյուսիսային պողոտա 10 շենքի 9-րդ տարածքի համար: Այդ տարածքը որևէ առնչություն չունի «France» սրճարանի տարածքի հետ և գտնվում է շենքի հակառակ կողմում, այնտեղ, որտեղ գործում է «Tiziano» սրճարանը: Նշենք, որ «Tiziano» սրճարանի սեփականատերը ևս «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ն է, մասնավորապես՝ Գևորգ Ադամյանը: Եվ որ պակաս կարևոր չէ՝ «Սիմփլ Դիլ»-ը թաղապետարանից թույլտվությունները ձեռք է բերել դատարան Նիկոլայ Դանիելյանի հայցադիմում ներկայացնելուց մեկ ամիս հետո:

Հյուսիսային պողոտա 10 շենքի՝ «Սիթի պլազա» համատիրության կառավարիչ Մուշեղ Փաշայանը ևս հաստատեց, որ շենքի 9, 10 և 11-րդ տարածքները «Tiziano» սրճարանի տարածքներն են:

«Tiziano» սրճարանը

Մյուս երկու թույլտվությունները Կենտրոն թաղապետարանը տվել է 2016թ. սեպտեմբերի 27-ին՝ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հյուսիսային պողոտայի 10 շենքի հարակից տարածք սրճարանի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանք իրացնելու նպատակով: Այսինքն՝ այս ամենից պարզ է դառնում, որ անցյալ տարվա ամռանը «France» սրճարանը գործել է առանց թույլտվությունների, և միայն սեպտեմբերի 27-ին ստացել է հաջորդ երեք ամիսներին հիմնական և ոչ հիմնական շինության ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ոգելից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն հիմնական և ոչ հիմնական շինության ներսում:  

«Tiziano» սրճարանի համար տրված թույլտվությունները
«France» սրճարանի համար տրված թույլտվությունները

Համատիրության կառավարիչը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «France» սրճարանի տարածքը համայնքային սեփականություն է, և համատիրությունը դրա հետ որևէ առնչություն չունի: 

Երևանի քաղաքապետարանն իր պատասխանով հաստատել է, որ տարածքը համայնքի կողմից որևէ ձևով չի տրամադրվել «Սիմփլ դիլ»-ին:

Մինչդեռ Հողային օրենսգիրքը սահմանում է.

Հոդված 76.

Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելը

3. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:

 Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է.

Հոդված 205.

Հողամասի օգտագործման իրավունք ձեռք բերելու հիմքերը

2. Պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասի օգտագործման իրավունքը տրվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` հողամասերն օգտագործման տրամադրելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

  

Հոդված 2041 .

Հողամասի կառուցապատման իրավունքը

  1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: 

Այս ամենից հետևում է, որ ոչ վարձակալության պայմանագիր, ոչ էլ կառուցապատման իրավունք «Սիմփլ դիլ» ՍՊԸ-ն չի ունեցել: Մինչդեռ սրճարանի երկաթյա կոնստրուկցիաները դեռևս ամրացված են երկու շենքերի արանքում: 

«Սիմփլ դիլ» ՍՊԸ-ի և «Tiziano» սրճարանի սեփականատեր Գևորգ Ադամյանը մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրել էր, որ ունեն տարածքի վարձակալության պայմանագիր:

«Իրականում մենք ապամոնտաժելու խնդիր չունենք, որովհետև դա թեթև կոնստրուկցիա է, որը վերցնում ու տանում ենք: Չենք տարել, բայց ընթացիկ տանելու ենք»,- ասել էր Գևորգ Ադամյանը:

Այս վեճով դատական նիստը կայանալու է ապրիլին: 

Մեկնաբանություններ (1)

Aram
Այ քեզ ԲԱՐԴԱԿ, ՏԱ՛ՐՈՆ ՋԱՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter