HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արդյունաբերությունը մարզերում. թույլ զարգացած կամ զրոյական վիճակ

Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը օրեր առաջ կառավարությանը ներկայացրեց ներդրումային ծրագրերի ցանկ, որը դրական եզրակացության արժանացավ: 

Ներկայացված 44  ծրագրերը  5  մարզերի համար են՝ Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի։ Այդ ծրագրերն առայժմ միայն թղթի վրա են։ Երբ կարող են դրանք կյանքի կոչվել, ինչպես ու կոնկրետ ինչ աղբյուրներից ֆինանսավորվել,  առայժմ հայտնի չէ։ 

Այս ծրագրերի նպատակներից մեկն էլ հանրապետությունում արդյունաբերության աշխուժացումն է։ Կրկին դժվար է ասել` որքանով դրանք կնպաստեն այդ նպատակին, սակայն հստակ է, որ այսօր մարզերում արդյունաբերության վիճակն ավելի քան մտահոգիչ է։ Ավելին՝ արդյունաբերություն ասվածը, նույնիսկ, չափազանցություն է հատկապես մի քանի մարզերի համար, որտեղ այն գրեթե զրոյի է հավասար։ Բանն այն է, որ Հայաստանի ամբողջ արդյունաբերական ծավալի 40%-ից ավելին ապահովում է Երևանը, մնացած մոտ 60%-ը՝ 10 մարզերը միասին։ Մարզերից միայն Սյունիքը, Արարատը, Կոտայքն ու Լոռին են քիչ թե շատ արդյունաբերական ծավալ ապահովում, այն էլ՝ առավելագույնը չորս ճյուղի հաշվին։ Մնացածում արդյունաբերությունը բավականին ցածր մակարդակի վրա է։ Սա ցույց է տալիս Հայաստանի արդյունաբերության ներկա, մեղմ ասած, տխուր պատկերը։   

2016 թվականին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), Հայաստանի արդյունաբերության ծավալները համադրելի գներով ընդհանուր կազմել են 1.433 տրլն դրամ։ 2015 թվականի համեմատ այն աճել է 6.7%-ով։    

Ընդհանուր արդյունաբերության 239 մլրդ դրամն ապահովել է հանքարդյունաբերությունը   (աճը՝ 8.3%), իսկ 902 մլրդ դրամը՝ մշակող արդյունաբերությունը (աճը՝ 7.7%)։  Մշակող արդյունաբերության գերակշիռ մասը սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի ու հիմնային մետաղների արտադրությունն է։ 269 մլրդ դրամն էլ բաժին է հասել էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտին (աճը՝ 2%), 22 մլրդ դրամն էլ՝ ջրամատակարարմանը (աճը՝ 7%): 

Իսկ ըստ աշխարհագրական բաժանման` արդյունաբերության պատկերը հետևյալն է՝ նախորդ տարի Երևանն ապահովել է արտադրանքի 41%-ից ավելին, իսկ մարզերից Արագածոտնին բաժին է հասել մոտ 3%, Արարատին՝ 13%, Արմավիրին՝ 4%, Լոռուն՝ 9%, Կոտայքին՝ 9.5%, Սյունիքին՝ 14%, Գեղարքունիքին՝ 2%, Շիրակին՝ 3%, Վայոց ձորին՝ 1%, իսկ Տավուշի կշիռը 1%-ի էլ չի հասնում՝ 0.8%։

Ինչպես տեսնում եք, արդյունաբերության ծավալներով առաջին տեղում Երևանն է, հաջորդում են Սյունիքը, Արարատը, Կոտայքն ու Լոռին։ Այս հնգկյակով էլ եզրափակվում է հանրապետության ամբողջ արդյունաբերության կազմում համեմատաբար զգալի ծավալ ապահոված մարզերի ցանկը։

Երևանում արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի արտադրությունները։ Երեքը միասին նախորդ տարի զբաղեցրել են մայրաքաղաքի  ամբողջ արդյունաբերական ծավալի կեսից մի փոքր ավելի։ 2015 թվականի համեմատ Երևանի արդյունաբերության ծավալներն աճել են 7.7%-ով՝ հիմնականում ի հաշիվ նշված երեք ճյուղերի արտադրության ընդլայնման։

Արդյունաբերության ծավալներով Երևանից հետո  Սյունիքն է։ Այստեղ, սակայն,  արդյունաբերություն ասելով պետք է հասկանալ մեծապես հանքարդյունաբերությունը, որի կշիռը մարզի արդյունաբերական ծավալում մոտ 80% է։ Իսկ փայտի մշակումն, օրինակ, զրոյական վիճակում է։ Մեկ տարում Սյունիքում գրանցվել է արդյունաբերության ծավալների 9.2% աճ` կրկին ի հաշիվ հանքարդյունաբերության։

Հաջորդում է Արարատը։ Մարզում արտադրվող հիմնական ապրանքներն են սնունդը, ծխախոտն ու խմիչքը, ինչպես նաև՝ հիմնային մետաղները։ Այս չորս ապրանքախմբերը կազմում են մարզի արդյունաբերության ծավալի մոտ 80%-ը։  Արարատում մեկ տարում արդյունաբերության ծավալներն աճել են 5.1%-ով։

Լոռին ևս հանքարդյունաբերության «հույսին» է, մասամբ էլ՝ սննդի արտադրության։ Այստեղ արդյունաբերության ոլորտում, 2015 թվականի համեմատ, 9.4% աճ է գրանցվել։

Կոտայքն էլ արտադրում է հիմնականում էլեկտրաէներգիա (կշիռը ընդհանուրում՝ մոտ 40%), ինչպես նաև՝ սնունդ (կշիռը՝ մոտ 20%): Մարզում արդյունաբերության ծավալների անկում է գրանցվել նախորդ տարի, որը կազմել է 2.5%: Դա պայմանավորված է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատմամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում նվազել է։ Իսկ Կոտայքը այս ոլորտում ուրույն տեղ ունի՝ ի դեմս Հրազդանի ՋԷԿ-ի։

Մյուս մարզերից Արագածոտնի արդյունաբերությունը հիմնված է սննդի, խմչքի ու մի քանի այլ ճյուղերի փոքրածավալ արտադրության վրա։ Նախորդ տարի մարզում որոշակի աճ է գրանցվել խմիչքների արտադրության ոլորտում։ Մարզի ապահոված արդյունաբերության ծավալների տարեկան աճը կազմել է 51.9%: Թեև սա տպավորիչ աճ է թվում, սակայն չմոռանանք, որ թե այս, թե մյուս մարզերի դեպքում, որոնք ներառված չեն վերը նշված հնգյակում, խոսում ենք շատ ցածր ծավալների մասին։ Այնպես որ, այս 51.9% աճն, իրականում, կազմել է  13.4 մլրդ դրամ։ 

Արմավիրում ևս արդյունաբերության հիմքը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն ապահովում է Մեծամորի ատոմակայանը։ Իսկ մշակող արդյունաբերությունը բավականին ցածր մակարդակի վրա է։ Արդյունաբերության ծավալները մեկ տարում 5.2%-ով նվազել են։ 

Գեղարքունիքում ևս քիչ թե շատ գործում է հանքարդյունաբերությունն ու սննդի արտադրությունը։ Ընդհանուր ծավալների տարեկան աճ է գրանցվել՝ 4.6%: 

Շիրակում արտադրվում է հիմնակում  ոչ մեծ ծավալի խմիչք ու հագուստ, Վայոց ձորում ու Տավուշում՝ սնունդ ու խմիչք։ Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ,  Շիրակում գրանցվել է արդյունաբերության ծավալների 0.4% անկում, Վայոց ձորում՝ 3.4% աճ, Տավուշում էլ՝ 18.4% աճ։ 

Այսպիսով, Երևանի արդյունաբերությունն այսօր հիմնված է մշակող արդյունաբերության վրա՝ մեծամասամբ խմիչք, սնունդ, ծխախոտ։ Իսկ մարզերից հանքարդյունաբերության «հույսին» են Սյունիքը, Լոռին, մասամբ էլ՝ Գեղարքունիքը։ Հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրությամբ են պայմանավորված Կոտայքի ու Արմավիրի արդյունաբերության ծավալները։ Արարատում էլ ծխախոտի արտադրությունն է առաջին տեղում։  Իսկ մնացած մարզերում մեծամասամբ փոքր ծավալի սնունդ ու խմիչք է արտադրվում։ 

Երևանի բաժինը արտահանման կազմում նույնքան մեծ է 

Տրամաբանական է, որ արտադրության ծավալներով պայմանավորված՝ արտահանումը ևս խիստ անհավասարաչափ է բաշխված Երևանի և մարզերի միջեւ։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 1.783 մլրդ դոլարի ապրանք։ Մեկ տարում այն աճել է 20%-ով։

Կրկին ըստ պաշտոնական տվյալների՝ արտահանման 50%-ը բաժին է ընկել Երևանին (Երևանում գործող ընկերություններին): Իսկ մնացած կեսն ապահովել են մարզերը, որից 18%-ը` միայն Սյունիքը, որտեղից արտահանվում է հիմնականում հանքահումք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter