HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տրանսկովկասյան արահետը» հայաստանյան արահետները կներառի իր էկոտուրզմի քարտեզում

Մետաքսե Պետրոսյան

Մարդկությունը դարեր շարունակ գծագրել, բացել է արահետներ, որոնցով տեղաշարժվել է մի բնակավայրից մյուսը, բացահայտումներ ու նվաճումներ արել։ Այդ արահետները նպաստել են նաեւ տեղանքի ու բնակավայրերի ճանաչմանը, զարգացմանն ու տնտեսական աճին։ Այսօր արահետները նոր նշանակություն ու իմաստ են ձեռք բերել։ Նրանք դարձյալ մարդկանց մղում են բացահայտումների, բայց այս անգամ որպես զբոսաշրջիկ, քայլարշավային եւ էկոտուրերի  սիրահարների։

«Տրանսկովկասյան արահետ» միջազգային ասոցիացիան այսուհետ ներկայացված  կլինի նաեւ Հայաստանում: «Անդրկովկասի ու Հայկական լեռնաշխարհի տարածքում քայլարշավային արահետի ստեղծումն ու քարտեզագրումը նպատակ ունի  աշխարհին իրազեկել եւ առավել ճանաչելի դարձնել տարածաշրջանի բնաշխարհը, պատմական, մշակութային արժեքները եւ նպաստել բնաշխարհի պահպանմանն ու  տուրիզմի զարգացմանը,- ասում է «Տրանսկովկասյան արահետ» միջազգային ասոցիացիայի անդամ Վահագն Վարդումյանը:

«Տրանսկովկասյան արահետ»-ն ընդգրկում է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Այն սկիզբ է առնում Վրաստանի հյուսիսից ձգվելով մինչեւ Հայաստանի հարավային դարպասներ՝ Սյունիք: «Արցախը» չի կարող ընդգրկվել արահետում, որովհետեւ այն միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն»,- պարզաբանում է պրն Վարդումյանը, միաժամանակ, նշելով, որ չնայած այս հանգամանքին, տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների մի զգալի մասն այցելում է նաեւ Արցախ:

«Տրանսկովկասյան արահետ» միջազգային  ասոցիացիան հիմնադրվել է 2014 թ. ամերիկացի Թոմ Ալենի ու անգլիացի Փոլ Սթեֆընսի նախաձեռնությամբ, որին հետագայում անդամակցել են քայլարշավային արահետով հետաքրքրված ու նպատակասլաց անձինք: Հայաստանից թիմին անդամակցում է Վահագն Վարդումյանը, որն էկոտուրիզմի մասնագետ է եւ լուրջ  ջանքեր է գործադրել այս արահետի իրականացման գործում:

«Արահետը» մեր տարածաշրջանում աշխատանքներն սկսել է 2015 թ. վերջերից եւ արդեն հասցրել է ուրվագծել այն հիմնական ուղղություններով ու քարտեզագրել: Արահետն իրենից ներկայացնում է շուրջ 3000 կմ ձգվող արահետների ցանց, որը ներառում է Մեծ ու Փոքր Կովկասները՝ հյուսիս-հարավ ուղղությամբ եւ Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով՝ արեւելք-արեւմուտք ուղղությամբ։ Նորոգել վնասված ու հին արահետները, կամուրջներ կառուցել, տեղադրել ցուցանակներ, որոնցով կառաջնորդվեն քայլարշավորդները, ավելացնել նաեւ նոր ուղիներ. սրանք լուրջ ջանքեր են պահանջում, ինչն, ըստ  Վահագն Վարդումյանի, չի կարող ինքնանպատակ լինել:

«Մենք չենք պատկերացնում մեր արահետն առանց տեղական հետաքրքիր ծրագրերի: Իր մասշտաբներով այդքան մեծ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, նրա կենսունակությունը  կախված է նրանից, թե տեղերում մարդիկ որքանով կամ ինչպես մասնակից կդառնան դրան»,- ասում է նա։

Քայլարշավային արահետներն այն քայլարշավային ուղիներն են, որոնք անցնելու համար անհրաժեշտ է 1-2 օր: Աշխարհում կան վաղուց հայտնի քայլարշավային արահետներ, որոնք անցնելու համար անհրաժեշտ են ամիսներ, երբեմն` տարիներ: ԱՄՆ-ի հայտնի Ապալաչյան արահետն ունի 3500 կմ երկարություն, 150-210 օր տեւողությամբ, Նոր Զելանդիայի արահետը հնարավոր է անցնել 80-110 օրում, խաղաղօվկիանոսյան կատարը, որն սկիզբ է առնում Մեքսիկայից եւ հասնում մինչեւ Կանադայի սահմանները, ունի 4285 կմ եւ հաղթահարել այն հնարավոր է 100-180 օրում։

«Մեծ Հիմալայան» արահետը, որն ամենամեծ արահետն է աշխարհում, ձգվում է 4500 կմ։ Այն ունի երեք միմյանց զուգահեռ ձգվող ուղիներ, որոնցից ամենահինը  «Մեծ Հիմալայա» կոչվող ուղին է 6000 մ բարձրությամբ։ Արահետն ընդգրկում է Պակիստանը, Նեպալը, Չինաստանը, Հնդկաստանը։ Արահետն ամբողջությամբ հաղթահարել հաջողվում է քչերին, սակայն սա չի խանգարում, որ մարդիկ մշտապես ձգտեն դեպի այս հարուստ կենսաբազմազանությամբ տարածաշրջան։

Նրա տարբեր բարձություններում մշակվում են եւ՛ թեյ, եւ՛ բրինձ, հանդիպում են վայրի կենդանիներ, առկա են թանկարժեք մետաղների հարուստ պաշարներ, ինչը զբոսաշրջկին խոստանում է անակնկալներով ու բացահայտումներով ճամփորդություն։ Այս արահետը հաղթահարելու հստակ ժամանակացույցի տվյալներ դեռեւս գրանցված չեն: Տուրընկերություններն առաջարկում են քայլարշավներ «Մեծ Հիմալայա» արահետի տարբեր հատվածներով, իսկ  հաղթահարելը դառնում է ավելի դյուրին։

«Տրանսկովկասյան արահետ» ասոցիացիան այս նախաձեռնությամբ նպատակ ունի ստեղծել միջազգային մակարդակի մի արշավային ուղի, որն իրեն կձգի քայլարշավային ու էկոտուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկներին ողջ աշխարհից։ Այս ծրագրի իրականացմամբ կգրանցվի զբոսաշրջիկների կտրուկ աճ, քանի որ Անդրկովկասը եւս աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ, չնայած դեռեւս բավարար չափով հետազոտված ու ճանաչված չէ։ Արահետը գծագրվել է այնպես, որ նրանում ընդգրկվեն մոտ երկու տասնյակ ազգային պարկերն ու պուրակները, 3000 մ բարձրության վրա գտնվող կիրճերը, հեռավոր, բարձր լեռնային գյուղերը, նույնիսկ յայլաները եւ այլն։ Սրանք հնարավորություն կտան զբոսաշրջիկին ծանոթանալ թե՛տեղանքին, թե՛ կենդանական ու բուսական աշխարհին, եւ թե՛ վայելել տարբեր ազգերի ու ազգությունների մշակույթն ու ծանոթանալ կենցաղավարության յուրօրինակություններին։ Ակտիվ պահելով այս արահետները զբոսաշրջիկների համար, հնարավորություն է ընձեռնվում նաեւ հեռավոր գյուղերի մարդկանց զարգացնել իրենց տնտեսությունը, իրենց արտադրանքը վաճառել զբոսաշրջիկին կամ հյուրընկալել նրան։

Արահետի ստեղծմանը զուգընթաց կատարվում է նաեւ քարտեզագրում, որը ասոցիացիայի անդամները համարում են իրենց աշխատանքի գլխավոր նախադրյալներից մեկը: Ըստ նրանց՝ չափազանց կարեւոր է ճշգրիտ քարտեզը, որպեսզի զբոսաշրջիկը մանրամասն իրազեկվի արահետի տեղանքի մասին, որոնք նշված չեն որեւէ այլ տեղ: «Իհարկե, կան Խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված ճշգրիտ ու լավ քարտեզներ, որոնք այսօր էլ օգտագործվում են: Սակայն դա բավարար չէ: Կարեւոր է հները նորոգել ու դրանք զբոսաշրջիկին հասցնել, իսկ զբոսաշրջային քարտեզ՝ որպես այդպիսին, մեր շուկայում չկա, եղածն էլ շատ թանկ է»,-մեկնաբանում է պրն Վարդումյանը:

Արահետի քարտեզագրողը Ալեսանդրո Մամբրելին է:  Ըստ նրա՝ քարտեզագրումն ունի երկու կարեւոր կողմ. առաջինն այն է, որ իրենք այդ կերպ տեղեկատվությունը կարող են տարածել, հանրայնացնել: «Եթե ճանապարհին կա մի բնակավայր, կամ որեւէ այլ կարեւոր օբյեկտ, որը չկա եղած քարտեզներում, մենք կգրանցենք, որպեսզի Google mapps-ով իմանան դրա մասին: Երկրորդը՝ Guide books-ն է, որը եւս մանրամասն տեղեկատվություն կապահովի զբոսաշրջիկի համար»,- պարզաբանում է Ալեսանդրոն։

Արահետների ստեղծման սկզբունքներից մեկն էլ այն է, որ դրանք գծագրվում են  ճանապարհներից զատ: Այսինքն` ճանապարհը չի կարող դառնալ արահետ կամ ուղի ու կարեւոր է, որ ընդգրկվեն էկոտուրիզմի համար կարեւորություն ներկայացնող բոլոր վայրերը:

Նոր արահետի ստեղծումը կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջիկիների զգալի աճին, քանի որ աշխարհում գնալով աճում է հետաքրքրությունը քայլարշավային արահետների ու էկոտուրիզմի նկատմամբ։ Հայաստանն այս առումով ցուցադրելու շատ բան ունի: Մյուսը` հեռավոր գյուղերը կկապվեն աշխարհին, ավանդույթներով հարուստ գյուղական կենցաղով ու մշակույթով ներկայանալ զբոսաշրջիկին, իրենց արտադրանքն իրացնել այս շուկայում, որը կապահովի կայուն եկամուտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter