HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Բազալտի հանքը մեզ վնաս չի տալիս՝ մեր ամենամեծ պրոբլեմը ՓՀԷԿ-երն են ու Ամուլսարի ոսկու հանքը»

Անաստաս Արսենյանին պատկանող «Արսքար» ՍՊԸ-ն մեկ ամիս առաջ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն հայտ էր ներկայացրել Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա գտնվող բազալտի հանքի բաց շահագործման վերաբերալ: «Արսքար» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Միրզոյանի փոխանցմամբ՝ հանքը նոր չէ, այն մոտ 60 տարի շահագործվել է խորհրդային տարիներին, իսկ վերջին 10 տարին շահագործել է իրենց կազմակերպությունը:

«Անցած տարի հունիսին վերջացել էր հանքի շահագործման թույլտվությունն ու ճիշտն ասած չուզեցինք պայմանագիրն երկարացնել՝ կապված տարածաշրջանում շինարարության տեմպերի նվազման հետ,-բացատրեց Նորիկ Միրզոյանը,-եթե իմանայինք, որ կառավարությունը Ջերմուկի զարգացման ծրագրի համար 10 մլն եվրո է տալու, որ շինարարություն արվի՝ չէինք դադարեցնի, 8 ամիս էլ պարապուրդի մեջ չէինք լինի: Ուղղակի, որ տարեցտարի շինարարությունն անկում էր ապրում, մտածեցինք որ իմաստ չունի շահագործելը»:

Հանքավայրը զբաղեցնում է 25 հա տարածք: Ներկայում շահագործվում է տարածքի 15 տոկոսը: Հանքավայրի պաշարները հաշվարկված են 1304,5հազ.մ 3, բացահանքի տարեկան արտադրողականություն ընդունված է 3000 մ3: Բացահանքի օտարման տարածքը շուրջ 1 հա է: Նորիկ Միրզոյանն հավաստիացմամբ, նշված 1 հա տարածքն իրենք կարող են շահագործել 50 տարի: Ըստ ներկայացված հայտի, հանքավայրը «Ջերմուկ» ջրաբանական և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերի տարածքներից դուրս է գտնվում եւ հանքավայրում իրականացվելիք արդյունահանման աշխատանքները բացասաբար չեն անդրադառնալու բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական հավասարակշռության վրա:

«Տարածքը անտառապատ չէ, աղբյուրներ չկան, հանքը պայթեցումով չենք շահագործում, այլ կտրելու միջոցով, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը զրոյական է»,-նշեց Նորիկ Միրզոյանը: Հանքի վերաբացումը աշխատանքով կապահովի 20-25 մարդու: Տնօրենի հաշվարկներով 10-12 հոգի կաշխատեն հանքում եւ նույնքան մարդ էլ՝ վերամշակման արտադրամասում՝ միջինը 150-ից 250 հազար դրամ աշխատավարձով: Մտադիր են երիտասարդ կադրեր ներգրավել, որոնց համար կկազմակերպվեն դասընթացներ:

Փետրվարի 21-ին Ջերմուկի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանքի շահագործման հայտի 2-րդ հանրային լսումը, որին մասնակցում էին համայնքի բնակիչներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ներկայացուցիչ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Նորիկ Միզոյանը ներկայացրեց հանքի վերաշահագործման «Արսքար» ՍՊԸ-ի հայտը: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Արսեն Գառնիկյանը կարեւորեց հանքի շահագործումը՝ նշելով, որ ամեն տարածաշրջան պետք է օգտագործի իր տարածքին բնորոշ քարը:

«Նոր գլխավոր հատակագծով հանքավայրի ուղղությամբ 2,5 կմ հեռավորության վրա նախատեսված է օդանավակայն, սակայն դրանք մեկը մյուսի գործունեությանը չեն խանգարելու: Հանքավայրից 7 կմ դեպի հյուսիի գազամուղ է անցնում, բայց էլի խնդիր չի առաջացնում: Ամեն դեպքում ոսկու հանք չի, որ վնաս տա, փոքր հանք է, պայթեցումներ չեն լինելու՝ կտրելու եղանակով են արդյունահանում: Բազալտի հանքը մեզ վնաս չի տալիս՝ մեր ամենամեծ պրոբլեմը ՓՀԷԿ-երն են ու Ամուլսարի ոսկու հանքը»,-նշեց ճարտարապետը:

Ջերմուկի բնակիչ Մաքսիմ Պապոյանն, ով 25 տարի աշխատել է բազալտի հանքում, քննարկման ժամանակ հարկ համարեց ներկայացնել արդյունահանվող հումքի որակական առավելությունները. «Շատ դիմացկուն է եւ լավ է դիմանում մեր կլիմայական պայմաններին: Ծակոտկեն, թեթեւ, բայց կարծր ու երկարակյաց քար է: Հիմա, որ հանքը չեն շահագործում, բազալտը Սիսիանից են բերում, բայց էն չէ: Թող չնեղանան սիսիանցիք, բայց մեր բազալտն իր որակական հատկանիշներով գերազանցում է իրենց ունեցածին: Որ քարն էստեղ արտադրեն, էլ Սիսիանից չենք բերի, ծախսն էլ կքչանա, բացի դրանից մի 25 ընտանիք աշխատող կունենա՝ աչքը դրսի վրա չի պահի՝ կմնա քաղաքում»:

Քննարկման ընթացքում մասնակիցներից որեւէ մեկը դեմ չարտահայտվեց բազալտի հանքի վերաշահագործման ծրագրին: Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Զարուհի Զուռնաչյանն առաջարկեց 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկման արդյունքները ներկայացնել, որից հետո կազմակերպությունը կստանա տեխնիկական առաջադրանք:

«Դրանից հետո ՇՄԱԳ-ը պիտի մշակեն, կդիմեն արդեն լիազոր մարմնին, որպեսզի գան ու ստանան պետական փորձաքննական եզրակացություն՝ սպասվում է եւս 2 հանրային քննարկում, նոր դրանից հետո կթույլատրվի կամ չի թույլատրվի հանքի շահագործումը»,-նկատեց Զարուհի Զուռնաչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter