HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վահան Քերոբյան. «Հայաստանում դեռ կա մտածելակերպը, թե ամոթ է առաքիչ աշխատելը»

Հայկական «Մենյու» (menu.am) ընկերությունը  վերջերս մուտք գործեց նաև բելառուսական շուկա։ Իսկ մինչ այդ՝ արդեն 2,5 տարի է, ինչ գործում է նաև Վրաստանում։ Ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը համեմատում է հայկական, վրացական և բելառուսական շուկաներն ու սպառողների առանձնահատկությունները։ 

Ըստ նրա՝ էլեկտրոնային բիզնեսն այսօր շատ թերագնահատված է Հայաստանում։ «Հարկավոր է ավելի վստահ լինել և էլեկտրոնային բիզնես հիմնել։ Հիմնողները չեն փոշմանի հաստատ։ Էլեկտրոնային առևտուրը կարող է շատ արագ ապահովել մանրածախ առևտրի աճ երկրում։ Մանրածախ առևտրի անկումը Հայաստանում ունի երկու պատճառ։ Այսօր այդ բիզնեսը չի կարողանում մարդկանց մատուցել այն, ինչ նրանց հարկավոր է. օն-լայն հնարավորությունները մեծ չեն։ Եվ երկրորդը տնտեսական իրավիճակն է»,- «Հետք»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վ. Քերոբյանը։ 

Իսկ Բելառուսում, ինչպես նկատել է գործարարը, էլեկտրոնային կոմերցիան բավականին զարգացած է, ինչով էլ պայմանավորված՝ մարդկանց համար  հեշտ ու հասկանալի է օն-լայն պատվերներ կատարելը։ «Մոտ չորս ամիս է, ինչ աշխատում ենք Բելառուսում և վաճառքի մասով շատ արագ առաջ ենք ընթանում։ Ըստ երևույթին, պատճառն այն է, որ շուկան ավելի մեծ է, և բնակչությունն՝ ավելի գնողունակ։ Բելառուսը հայտնի է իր մեծ թիվ կազմող միջին խավով, որը մեր հաճախորդների հիմնական շերտն է։ Դրան էլ գումարած այն, որ էլեկտրոնային կոմերցիան այնտեղ զարգացած է»,- նշում է նա։ 

«Մենյու»-ն այժմ Բելառուսում գործում է միայն մայրաքաղաք Մինսկում (menu.by), բայց ընկերությունը ծրագրել է առաջիկա ամիսներին մարզկենտրոններում էլ գրանսենյակներ բացել։ Գործարարը գոհ է նաև Վրաստանում  իրենց աշխատանքներից։ «Ընթանում են բարեհաջող»,- ասում  է նա՝ հավելելով, որ մեր հարևան երկրում ևս էլեկտրոնային բիզնեսն ավելի զարգացած է, քան Հայաստանում։ 

«Հայաստանում ու Վրաստանում գնողունակությունը հավասար է» 

Հայաստանում ու Վրաստանում բնակչության գնողունակությունը մոտավորապես նույն մակարդակում է, կարծում է Վ. Քերոբյանը։ Բայց Վրաստանում մի կարևոր առավելության կա Հայաստանի նկատմամբ՝ արտագաղթի բացակայությունը կամ փոքր ծավալները։

«Չկա, որովհետև մարդիկ չունեն այն ծանր, ճնշող անարդարության զգացումը. գիտեն, որ երկիրը ծանր վիճակում է, բայց համակարգերն աշխատում են, կոռուպցիա չկա, դատարաններն աշխատում են, դատական համակարգն արդար է։  Մարդիկ պատրաստ են այսօր գոտիները սեղմել լավ ապագայի համար։ Իսկ Հայաստանում, բացի ծանր վիճակից, նաև կա այդ անարդարության ճնշող զգացումը, որը ստիպում է մարդկանց գտնել այլ ուղիներ։ Ես, իհարկե, շատ ավելի լավատես եմ»,- նշում է Վ. Քերոբյանը։ 

Իսկ Բելառուսը, նրա դիտարկմամբ,  ավելի կարգավորվող տնտեսություն ունի։ Այնտեղ պետության դերն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանում ու Վրաստանում։

«Բելառուսը նաև հայտնի է որպես Ջինիի ամենալավ գործակից (բնակչության կենսամակարդակը բնութագրող ցուցանիշ-հեղ.) ունեցող երկրներից մեկը։ Ահռելի մեծ միջին խավ կա։ Մարդկանց սոցիալական մինիմումը, մեծամասամբ, ապահովված է։ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը Բելառուսում շուրջ կիկնակի ավելին է, քան Հայաստանում։ Բելառուսում  մեր գործունեության համար դա շատ լավ է»,- ասում է Վ. Քերոբյանը։ 

«Բիզնես վարելու առումով ամենաազատ երկիրը Վրաստանն է» 

Երեք երկրների շարքում բիզնես վարելու առումով ամենաազատ երկիրը, գործարարի կարծիքով, Վրաստանն է։ Այնտեղ menu.ge-ի  բացվելուց մինչև այսօր տեղի հարկային մարմինների հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպում եղել։ «Իհարկե, բոլոր հարկերը վճարել ենք ժամանակին։ Դա էլ կապ ունի»,- նշում է նա։ 

Բելառուսի վերաբերյալ «Մենյու»-ի հիմնադիրը դեռևս չի շտապում դատողություններ անել։ Սակայն,  հասցրել է տեղեկանալ, որ պետության դերն ու վերահսկողությունը շատ մեծ է կարգավորումների հարցում։ 

«Իսկ Հայաստանում շատ են լինում շփումներ պետական տարբեր մարմինների հետ։ Բայց, քանի որ մենք թափանցիկ աշխատող ընկերություն ենք, մեզ խոցելն այդքան էլ հեշտ չէ։ Հիմա ավելի շատ կառուցողական ոճի մեջ են մեր հարաբերությունները»,- ասում է նա։ 

«Բելառուսում հաճախորդները խիստ են» 

Վ. Քերոբյանի խոսքով՝ Բելառուսում սպառողները շատ ավելի պահանջկոտ են, քան Հայաստանում ու Վրաստանում, քանի որ այնտեղ մարդիկ ավելի կիրթ են օրենքների իմացության տեսակետից։ Օրենքներն էլ՝ խիստ։ «Լավ երևույթներ կան, որոնք մենք փորձելու ենք ներմուծել Հայաստան ու Վրաստան։ Փոքր օրինակ՝ Բելառուսում գտնվող ռեստորանի մենյուի մեջ պետք է լինի ուտելիքի քաշը։ Եվ ոչ միայն  ընդհանուր քաշը, այլև՝ բաղադրիչների քաշը։ Դա օրենքով է սահմանված իրենց մոտ։ Հայաստանում և Վրաստանում չկան նման պահանջներ, որը կարող է թույլ տալ ռեստորաններին խաբել հաճախորդներին։ Լավ ռեստորանն, իհարկե, նման բան չի անի»,- կարծում է գործարարը։ 

«Մենյու»-ի աշխատակիցներին Բելառուսում զարմացրել է այն, որ գործունեության սկզբում առաջին հաճախորդներից մեկը պատվիրած շաուրման անմիջապե կշռել է տանն  ու հայտնել, որ այն ավելի քիչ քաշ ունի, քան  ռեստորանի մենյուի մեջ է գրված։ 

«Նման բան չէինք տեսել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Վրաստանում։ Դա շատ լավ է մեզ համար։ Երբ հաճախորդները վերահսկում են ռեստորանին, դա ստիպում է ռեստորաններին տալ այն պրոդուկտը, որը հաճախորդների դժգոհությունը չի առաջացնի թե մեր, թե ռեստորանի նկատմամբ»,- ասում է գործարարը։ 

«Մենյու»-ն Վրաստանում և Բելառուսում նաև խոչընդոտների է հանդիպել։ Դրանցից մեկն էլ այդ երկրների ազգային արժույթի տատանումներն են։ Բայց դիվերսիֆիկացիան ըստ երկրների, հիմնադրի խոսքով, թույլ է  տալիս, ընդհանուր առմամբ, մեղմել այդ հարվածները։ 

Ավանդական տեխնոլոգիաներն, ըստ Վ. Քերոբյանի, բիզնեսում արդեն չեն աշխատում։ Կյանքն ու  մարդիկ շատ արագ են զարգանում։ Մեծանում է սմարթֆոններից օգտվողների թիվը։ 

«Մարդիկ փորձում են իրենց կյանքը սմարթֆոնով կարգավորել։ 21-րդ դարը ցպահանջ տնտեսության դար է. հիմա ոչ թե մարդիկ են գնում ապրանքների մոտ, այլ ապրանքները՝ մարդկանց»,- նկատում է նա։ 

«Հայերն ամենաաշխատասերն են, բայց որակյալ կադրերի պակաս կա» 

«Հայաստանում որակյալ աշխատակից գտնելը շատ ավելի դժվար է, քան Վրաստանում և Բելառուսում»,- կարծում է Վ. Քերոբյանը։ Ըստ նրա՝ կրթական համակարգը պետք է խիստ մոդեռնիզացվի։ 

«Հայաստանում դեռ կա մտածելակերպը, թե ամոթ է առաքիչ աշխատելը։ Բայց, իրականում, ամոթ է սոված մնալը։ Իմ տպավորոթյամբ՝ հայերն ավելի աշխատասեր են, քան վրացիներն ու բելառուսցիները։ Հայաստանում որակյալ կադրերի պակասը, բնականաբար, գալիս է կրթությունից։ Կապ ունի նաև այն, որ Հայաստանը մոնոէթնիկ է, իսկ Բելառուսում, օրինակ, շատ ազգեր կան, նույն էլ՝ Վրաստանում։ Այնտեղ մարդիկ, միանշանակ, ավելի լայն  մտահորիզոն ունեն»,- կարծում է գործարարը։ Նա հավելում է, որ վրացիներն ավելի շատ են սիրում հանգստանալ։ Ի տարբերություն նրանց, հայերն ու բելառուսցիներն ավելի շատ հակված են աշխատել։ 

Շրջանառության 60% աճ՝ 2016 թվականին 

«Մենյու»-ի գործունեության վրա Հայաստանի տնտեսական ներկա ոչ բարվոք իրավիճակի ազդեցությունը մեծ չէ։ Ըստ Վ. Քերոբյանի, անկախ տնտեսության դրությունից, հատկապես միջին խավը շարունակում է օգտվել իրենց ծառայությունից։ «Մենյու»-ն, նրա խոսքով, արագ աճող ընկերություն է։ «menu.am-ի շրջանառության ծավալների տարեկան աճը` 2016 թվականի աճը 2015 թվականի նկատմամբ, մոտավորապես 60% է։ Շատ արագացել են հաճախորդների ներգրավման տեմպերը։ Դա վկայում է այն մասին, որ մարդիկ այսօր պատրաստ են օն-լայն հարթակում իրենց փողերը ծախսելու։ Ցավոք սրտի, մեզ և մյուսների համար իրավիճակը շատ ավելի լավը կլիներ, եթե կոմերցիայի մեջ, բացի երկու-երեք լուրջ խաղացողից, այլ ընկերություններ էլ լինեին Հայաստանում»,- կարծում է Վ. Քերոբյանը։ 

Երեք երկրներում միասին «Մենյու»-ն այսօր աշխատում է 1000 ռեստորանների  հետ՝ մոտ 500-ը Հայաստանում, մոտ 370-ը՝ Վրաստանում, մոտ 130-ն էլ՝ Բելառուսում։ Հիմա էլ ընկերությունը մտածում է Իրանի և Ուկրաինայի շուկաներ մուտք գործելու մասին։ 

Վերադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ Վ. Քերոբյանը նշում է, որ այսօր ուրվագծվում են մեր տնտեսության այն ուղղությունները, որոնք կարող են թռիչք ապահովել։ Դա առաջին  հերթին ՏՏ ոլորտն է: «Պետությունը պետք է խիստ ներգրավված լինի ՏՏ նախագծերի զարգացման մեջ։ Դա պետք է լինի նաև դատական համակարգի միջոցով։ Օրինակ՝ Իսրայելում ՏՏ ոլորտը կտրուկ աճեց, երբ անգլիական իրավունքը դարձավ կիրառելի այդ երկրում։ Այսինքն՝ Իսրայելի դատարաններն ինչ-որ գործեր քննելիս օգտագործում և առաջնորդվում էին անգլիական օրենքներով։ Եվ դա շատ ավելի հասկանալի է ներդրողների ու շուկայի բոլոր խաղացողների համար։ Այդ առումով ՀՀ օրենսդրական համակարգը շատ մեծ խոչընդոտ է ներդրումների համար։ Գումարած՝ մեր երկրում կրթության խնդիրն ու  լավ մասնագետների խրոնիկ պակասը»,- ասում է գործարարը։ 

Խոսելով Բելառուսում և Վրաստանում ներդրողների իրավունքների պաշտպանվածության մասին՝ նա նշում է, որ մինչև այս պահը խնդիրներ չեն ունեցել. «Բելառուսը շատ ներդրումներ չի կարողանում ներգրավել, հիմնական ներդրումներն էլ գալիս են Ռուսաստանից։ Բայց Վրաստանում հիմա լայնածավալ ներդրումներ են կատարվում, որը ցույց է տալիս, որ իրենք վստահություն ունեն օրենքների կիրառման առումով»։ 

«Վերջին մղոնի ծառայություն» 

Երեք երկրներում իրենց գրանցած հաջողությունները Վ. Քերոբյանը պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ «Մենյու»-ի մոդելը որոշակի տարբերություններ ունի սննդի առաքմամբ զբաղվող ընկերությունների՝ աշխարհում ընդունված մոդելի նկատմամբ։ 

«Այն կայքերն ու հավելվածները, որոնք կան, ընդունում են պատվերներն ու փոխանցում ռեստորաններին։ Իսկ մենք նաև առաքումն ենք կազմակերպում՝ ինքներս ենք առաքում։ Դա, ինչպես ասում են անգլերեն, «վերջին մղոնի ծառայություն» է՝ մեր ծառայությունը մինչև վերջին կետ հասցնում ենք։ Մի կողմից դա լրացուցիչ մեծ աշխատանք է և ծախս, բայց մյուս կողմից մեզ տալիս է մի քանի շատ կարևոր առավելություններ՝ մենք կարողանում ենք հաճախորդներին առաջարկել ռեստորանների շատ ավելի լայն ընտրություն։ Երկրորդն էլ հաճախորդների վերաբերյալ  տեղեկությունների փոխանցումն է ռեստորաններին՝ հեռախոսահամար, հասցե և այլն։ Մենք ստացած տեղեկությունները չենք փոխանցում։ Իսկ ռեստորաններին փոխանցելը մեծ ռիսկ է հաճախորդների արտահոսքի, որովհետև լինում են դեպքեր, երբ ռեստորանները «գողանում են» քո հաճախորդներին»,- ասում է գործարարը։ 

«Մենյու»-ում այսօր մտածում են նոր լուծումների մասին՝ դրոններից մինչև արհեստական ինտելեկտի օգտագործում ու վստահ են, որ ոչ հեռու ապագայում այդ ամենն իրականություն է դառնալու Հայաստանում։ 

Եվ վերջում՝ Վրաստանում և Բելառուսում ՀՀ դեսպանատների «տնավարի» վիճակի մասին

Մեր զրուցակիցը պատմում է, որ մեկական անգամ եղել է Վրաստանում ու Բելառուսում ՀՀ դեսպանատներում։ «Ու աշխատում եմ էլ չմտնել, որովհետև երկու տեղում էլ իմ սպասումները, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դեսպանատունը որևէ երկրում, շատ խիստ տարբեր էին իրականությունից։  Մտնում ես, տեսնում ինչ-որ շենք, ինչ-որ առանձնատներ, խիստ տնավարի վիճակ։ Որևէ բան քեզ չի հուշում, որ գործ ունես լուրջ երկրի, լուրջ ներկայացուցչության հետ։ Իհարկե, երկու երկրում էլ հայ համայնքների հետ լավ հարաբերություններ ունեմ, փորձում եմ կապեր ստեղծել, եղածները՝ զարգացնել։ Շատ լավ է ստացվում, բայց այդ ամենի հետ դեսպանատները որևէ կապ չունեն»,- եզրափակում է «Մենյու»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել «Մենյու» ընկերությունը

Մեկնաբանություններ (1)

Պետրոս
Ինձ թվումա, մեր ամենակարևոր թերություններից ուրիշին բարձրացնելը ու մերը քցելնա։ Ինչնել երևումա մասնավորպես էս հարցազրույցում։ Իբր թե Վրաստանում կրթական մակարդակը ավելի բարձրա քան Հայաստանում՞ ՏՏ ոլորտը համեմատով հեչ չէի ասի։ Հայաստանում որակյալ մասնագետը գնումա ՏՏ ոլորտ, ինչի պիտի առաքիչ աշխատի, Վրաստանում առաքիչա աշխատում, կարողա դրանիցա որ ընդեղ որակյալ առաքիչների ընտրությունը ավելի մեծա՞ Արտագաղթի առումովել Վահանը սխալ ինֆորմացիա ունի, Վրաստանից ոչ պակաս արտագաղթ կա քան Հայաստանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter